Ադրբեջանական դիվերսիոն գործողություն Արցախում (2014)

Ադրբեջանական դիվերսիոն գործողություն Արցախում, 2014 թվականին տեղի ունեցած դիվերսիոն գործողություն, երբ ազգությամբ ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը (ադրբ.՝ Dilqəm Əsgərov, Şahbaz Quliyev) 2014 թվականի հունիսի 29-ին զինված վիճակում ապօրինաբար հատել են Արցախի Հանրապետության պետական սահմանը, այնուհետև առևանգել և սպանել են 17-ամյա քարվաճառցի Սմբատ Ցականյանին։ Ասկերովին ու Գուլիևին ուղեկցել է երրորդ անձ՝ Հասան Հասանովը, որը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վրա սպանել է ՀՀ բանակի մայոր Սարգիս Աբրահամյանին և լրջորեն վիրավորել է նրա ուղեկից Կարինե Դավթյանին։ Ասկերովն ու Գուլիևը ձերբակալվել են Արցախի ոստիկանության և զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում, իսկ Հասանովը սպանվել է Պաշտպանության բանակի դիրքապահների հետ փոխհրաձգության հետևանքով։

Հայաստանի և Արցախի իշխանություններն ադրբեջանցիներին որակել էին որպես հանցավոր խմբի անդամներ, որն օգտագործվում էր դիվերսիոն նպատակներով ադրբեջանական իշխանությունների կողմից[1]։ Ադրբեջանի իշխանությունները հերքում էին այդ մեղադրանքները և Ասերովին և Գուլիևին համարում էին պատանդներ[2]։ Ասկերովն ու Գուլիևը դատվել են Արցախի Հանրապետությունում։ Ասկերովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման[3]։

Դեկտեմբերի 14-ին, 2020 թ. Արցախյան պատերազմն ավարտող եռակողմ հայտարարության պայմաններով, հայկական կողմն արտահանձնել է Ասկերովին և Գուլիևին` գերիների փոխանակման ընթացքում[4]։

Նախապատմություն խմբագրել

Դիլհամ Ասկերովը ծնվել է 1960 թ. Հայաստանի ԽՍՀ Վարդենիսի շրջանի Ազիզլու (այժմ՝ Նորաբակ) գյուղում։ Նա Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ծառայել է նախկին Քելբաջարի շրջանում որպես հետախույզ։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ 2014-ի հուլիսյան դեպքերից առաջ Ասկերովը բնակվում էր Ռուսաստանում[5]։

Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Գուլիևը ծնվել է 1968 թվականին Ադրբեջանի ԽՍՀ Թարթառի շրջանի Գապանլի գյուղում[5]։

Դիլհամ Ասկերովի մոր գերեզմանը գտնվում է Շահումյանի (նախկին Քելբաջարի) շրջանի Շապլար գյուղում։ Ասկերովն առաջին անգամ հատել է Արցախյան շփման գիծը 1999-ին՝ ենթադրաբար իր մոր գերեզմանը այցելելու համար։ Դրանից մի քանի տարի անց նա պատմել է ադրբեջանական լրատվամիջոցներին այդ մասին և մի քանի անգամ ևս հատել է Արցախի Հանրապետության սահմանը Շահումյանի շրջանի հատվածում։ Ասկերովը բազմատիվ տեսանյութեր ու լուսանկարներ է նկարահանել դեռ հայկական վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանում։ Առնվազն մեկ անգամ 2007 թվականին Ասկերովին ուղեկցել է Շահբազ Գուլիևը։ Ինչպես և 2014-ին, նույնպես էլ 2007 թվականին Ասկերովն ու Գուլիևը Արցախի պետական սահմանը հատել են զինված վիճակում՝ կրելով խլացուցիչներով հագեցված ԱԿ ինքնաձիգներ[5]։

Հասան Հասանովը ծնվել է 1978 թվականին նախկին Ջեբրայիլի շրջանի Մեհդիլի գյուղում, որը նախկինում գտնվում էր շփման գծի վրա։ Ըստ Հասանի եղբայր Նայիլ Հասանովի, նա աշխատել է որպես խանութպան և տաքսու վարորդ Բաքվում[6]։ Ըստ Հասանովի սոցցանցերում հաշիվների, նա ավարտել է Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական ճեմարանը և Ադրբեջանի բարձրագույն ռազմական ակադեմիան, ինչը ենթադրում է, որ նա Ադրբեջանի զինված ուժերի սպա էր[5]։

2014-ի հուլիսի դեպքերը խմբագրել

2014-ի հունիսի 29-ին Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը հատել են Արցախի Հանրապետության պետական սահմանը։ Ասկերովի հուլիսի 2-ին նկարահանած տեսանյութում երևում է, որ երեք ադրբեջանցիները միասին ուտելիք են պատրաստում Շահումյանի շրջանում։ Ասկերովը տեսանյութում նշում է, որ եկել են իրենց ընկեր Հասանովին ծանոթացնելու տարածքին։ Տեսանյութում Ասկերովը կոչ է անում ադրբեջանցի զինծառայողներին գալ Շահումյանի շրջան (նրա խոսքով՝ Քելբաջար)։ Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են զինված դիվերսանտները անցնում հայատառ ցուցանակի մոտով[5]։

Հուլիսի 3-4-ի գիշերը 17-ամյա Սմբատ Մեխակի Ցականյանը անհետացել է Նոր Էրքեջ գյուղից, որը գտնվում էր Քարվաճառից 20-25 կիլոմետր հեռավորության վրա։ Նրա ընտանիքը սկսել էր որոնել նրան, բայց դեռ չէին կասկածում, թե առևանգվել է[5]։ Ասկերովի և Գուլիևի դատավարության ժամանակ ներկայացված տեսանյութում երևում են ադրբեջանցի դիվերսանտներն ու առևանգված Սմբատ Ցականյանն անտառապատ տարածքում։ Թեսանյութում Ասկերովը ասում է, որ իրենք 20-տարեկան «խոզուկ» են բռնել, ավելացնելով, որ չեն կարող ազատել նրան, քանի որ նա կդատապարտեր նրանց։ Դատավարության ընթացքում Ասկերովը մեկնաբանել էր տեսանյութը, պնդելով, թե Ցականյանին չէին բռնել, այլ խնդրել էին նրանից ցույց տալ ճանապարհը դեպի Քարվաճառ[7]։

Հուլիսի 8-ին Քարվաճառի կանանցից մեկը նկատել է երկու ադրբեջանցու և զանգահարել Ստեփանակերտի ոստիկանությունը։ Նույն օրը Գուլիևը բերման է ենթարկվել, իսկ Ասկերովը դիմել է փախուստի։ Ինչ-որ պահի Հասան Հասանովը բաժանվել է մյուս դիվերսանտներից և հուլիսի 11-ին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին հարձակվել է մեքենայում գտնվող մայոր Սարգիս Աբրահամյանի և Կարինե Դավթյանի վրա՝ սպանելով Աբրահամյանին և վիրավորելով Դավթյանին։ Հասանովը փորձել է նույն մեքենայով փախուստի դիմել։ Նա քշել է մոտ 7 կիլոմետր, կանգնեցվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից և զինված դիմադրություն է ցուցաբերել ձերբակալման ժամանակ, որի ընթացքում ծագած փոխհրաձգության հետևանքով սպանվել է։ Սմբատ Ցականյանի դին հայտնաբերվել է բազմաթիվ հրազենային վնասվածքներով հուլիսի 15-ին՝ Քարվաճառ և Նոր Մանաշիդ բնակավայրերի միջև գտնվող անտառապատ տարածքում[5]։

Դիվերսանտ Հասան Հասանովի դին Ադրբեջանին է հանձնվել 2014-ի հոկտեմբերին և հուղարկավորվել Բաքվում։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ երեք ադրբեջանցիները այդ տարածքում հետախուզական գործողություններ էին իրականացնում Ադրբեջանի հատուկ ծառայությունների պատվերով[8]։ Դեպքը կարող է լինել այդ տարվա հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների մեկ պատճառ[5]։

Դատ և արտահանձնում խմբագրել

Ասկերովն ու Գուլիևը դատվել են Ստեփանակերտում։ 2014-ի հոկտեմբերին դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, լրտեսության, և Սմբատ Ցականյանի առևանգման ու սպանության մեջ[9]։ Ասկերովն ու Գուլիևն իրենց մեղավոր չեն ճանաչել սպանության մեղադրանքում և դատավարության ընթացքում միմյանց են մեղադրել։ Դատավարության ընթացքում Ասկերովը պնդել է, թե անհաջող փորձել է համոզել իր ուղեկիցներին չսպանել Սմբատ Ցականյանին. Գուլիևը հերքում էր Ասկերովի պնդումները[7]։ Դատախազությունը պնդում էր, որ Ցականյանը սպանվել է Ասկերովի ինքնաձիգով։ 2020 թվականին բանտարկությունից ազատվելուց հետո տրված հարցազրույցներում Ասկերովը հայտարարել է, որ ինքը մեղք չուներ Ցականյանի մահվան մեջ և որ 2014 թվականի հուլիսին տեղի ունեցած դեպքերի ժամանակ սպանված հայերը սպանվել են հայկական ուժերի կողմից[10][11]։

2014 թվականի դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատապարտեց Ասկերովին ցմահ ազատազրկման, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման (Ցականյանի սպանության համար դատապարտվեց միայն Ասկերովը)։ Ասկերովը և Գուլիևը բողոքարկել են դատավճիռը 2015-ի հունվարին։ Նրանց բողոքարկումը մերժվել էր այդ տարվա մայիսին Արցախի Գերագույն Դատարանի կողմից։ Ադրբեջանի իշխանությունները դատապարտեցին դատավարությունը որպես անօրինական։

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմն ավարտող եռակողմ հայտարարությունից հետո միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ զորքերի միջնորդությամբ բանակցությունների արդյունքում, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին գերիների և պատանդների փոխանակման մասին։ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը Ադրբեջանին են արտահանձնվել դեկտեմբերի 14-ին։ Ըստ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ որոշումը կայացվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությամբ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ՊՆ. «Գործ ունենք հանցավոր խմբի հետ»». hetq.am. 2014 թ․ հուլիսի 14. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին. {{cite news}}: Text "group" ignored (օգնություն)
  2. «Əsirlikdə olan Dilqəm Əsgərovdan məktub: "Ürəyimdə, başımda və sağ ayağımda şiddətli ağrılar var"». Kanal13 (ադրբեջաներեն). 2017 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  3. «Դատարանը հրապարակեց ամբաստանյալներ Գուլիևի և Ասկերովի գործով դատավճիռը». artsakhpress.am. Ստեփանակերտ. 2014 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  4. 4,0 4,1 «Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի արտահանձնման որոշումն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությունը ստանալուց հետո. Արայիկ Հարությունյան». aravot.am. 2020 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Սանամյան, Էմիլ (2014 թ․ օգոստոսի 13). «Uncovering the Mystery of the Kelbajar Murders». civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  6. «Դիվերսանտի դիմագիծ. Հասան Հասանով-1». hetq.am. 2014 թ․ դեկտեմբերի 16. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  7. 7,0 7,1 Շողիկյան, Հովհաննես (2014 թ․ նոյեմբերի 20). «Azeri Detainees Accuse Each Other In Karabakh Trial». Azatutyun. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  8. https://a1plus.am/en/article/103255
  9. «Ադրբեջանցի դիվերսանտների գործն ուղարկվել է դատարան». aravot.am. 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2021 թ․ հունվարի 7-ին.
  10. Kazimov, Seymur (2021 թ․ հունվարի 5). «Azerbaijani prisoner released by Armenia alleges torture». Ալ-Ջազիրա (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 5-ին.
  11. «"Yerevan erməniləri tərəfindən mənə işgəncə verildi. Qarabağdan olanlar toxunmadı"». Virtual.az (ադրբեջաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 18-ին.