«Լեոպոլդ ֆոն Զախեր Մազոխ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխ''' ( գերմ.` Leopold Ritter von Sacher-Masoch, ծնվ. 1836թ. հունվարի 27, Լեմբե...»:
(Տարբերություն չկա)

16:02, 10 Հուլիսի 2016-ի տարբերակ

Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխ ( գերմ.` Leopold Ritter von Sacher-Masoch, ծնվ. 1836թ. հունվարի 27, Լեմբերգ (այժմ` Լվով) - մահ. 1895թ. մարտի 9, Լինդհեյմ), ավստրիացի գրող: 1886թ-ին հոգեբան և նյարդաբան Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը հոգեբանությունում և սեքսոպաթոլոգիայում մտցրեց նոր հասկացություն` մազոխիզմ, որը կապված էր գրողի ստեղծագործությունների հետ:

Կենսագրությունը

Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխը ծնվել է կաթոլիկ ընտանիքում: Հայրը` Լեոպոլդ ֆոն Զախերը, Գալիցիայի և Լոդոմերիայի թագավորության ոստիկանապետն էր: Հոր նախնիները բոհեմյան գերմանացիներ և իսպանացիներ էին, ովքեր 16-րդ դարում բնակություն էին հաստատել Պրահայում: Մայրը` Շառլոտա ֆոն Մազոխը, Լվովի համալսարանի ռեկտոր Ֆրանց ֆոն Մազոխի դուստրն էր: Այն տանը, որտեղ ծնվել էր ապագա գրողը, այժմ Լվովում հայտնի «Գրանդ Հոթել»-ն է:

Ընտանիքում Լեոպոլդը ավագ որդին էր և ծնվել է ծնողների ամուսնության իններորդ տարում: Նա հիվանդոտ և թուլակազմ երեխա էր: Առողջությունը վերականգնվել է, երբ կերակրվելու համար նրան ուղարկել են ուկրաինացի գեղջկուհու մոտ: Երբ Լեոպոլդը 12 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Պրահա, որտեղ նա սովորել է գերմաներեն լեզուն, որով և հետագայում սկսել է ստեղծագործել: Մանկության տարիներին նրա մոտ սկսեցին ի հայտ գալ հակումներ, որոնք հետագայում նրան հանրահայտ դարձրին: Նրան հրապուրում էին դաժան տեսարանները, սիրում էր նայել մահապատիժ պատկերող նկարներ և ընթերցել նահատակների կյանքի մասին պատմող գրքեր: Նրա կյանքում կարևոր դեր է խաղացել հայրական կողմից ազգականուհի` կոմսուհի Քսենոբիան: Վերջինս շատ գեղեցիկ, սակայն դաժան կին էր: Մի անգամ, քույրերի հետ պահմտոցի խաղալիս, Լեոպոլդը թաքնվել է կոմսուհու ննջարանում և ականատես եղել, թե ինչպես է կոմսուհին ննջասենյակ բերել սիրեկանին, որից մի քանի րոպե անց ննջասենյակ է ներխուժել նրա ամուսինը` իր երկու ընկերների հետ: Կոմսուհին ծեծել և դուրս է հանել անկոչ հյուրերին, իսկ սիրեկանը փախել է: Լեոպոլդը անզգուշորեն մատնել է իր ներկայությունը, որից հետո կոմսուհին ծեծել է և նրան: Սակայն նրա հարվածներից Լեոպոլդը իրեն անհասկանալի հաճույքի զգացում է ունեցել: Շուտով կոմսուհու ամուսինը վերադարձել է, իսկ Լեոպոլդը դռան ետևից լսել է մտրակի հարվածների և կոմսի տնքոցների ձայնը: Վիրավորանքները, մտրակն ու մորթիները, որոնք սիրում էր կրել կոմսուհին, հետագայում դարձան Լեոպոլդի ստեղծագործությունների մշտական թեմաները, իսկ կանանց, այդ ժամանակից սկսած, նա ընկալում էր որպես արարածների, որոնց կարելի է և սիրել, և ատել:

Զախեր-Մազոխը հաջողակ աշակերտ և ուսանող էր: Պրահայի և Գրացի համալսարաններում, ուր տեղափոխվել էր 1854թ-ին, նա ուսանել է իրավաբանություն, մաթեմատիկա և պատմություն, իսկ 19 տարեկանում դարձել է իրավունքի դոկտոր: Աշխատել է Գրացի համալսարանում պրիվատ-դոցենտ: 1858թ-ին անանուն հրապարակել է «Գալիցիական մի պատմություն. 1846 թիվ» վեպը: Այդ ժամանակվանից սկսած, ամեն տարի ստեղծում էր մեկ կամ մի քանի գիրք` իր ուժերը փորձելով տարբեր գրական ժանրերում: Նա գրել է նաև պատմական հետազոտություն, պիես, ֆելիետոններ, գրական-քննադատական աշխատություններ: Եղել է մի քանի ամսագրերի հիմնադիր և խմբագիր, որոնք սակայն լույս են տեսել կարճ ժամանակով: Համագործակցել է «Միջազգային ռևյու» ամսագրի հետ: Ինչպես հաստատում են Գերմանիայի և Ավստրիայի գրական հանրագիտարանները, 1860թ-ին Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխին հրավիրել են Լվովի համալսարան, պատմության վերաբերյալ դասախոսություններ կարդալու: Սակայն ընդունել է արդյոք նա այդ առաջարկը, թե ոչ, հավաստի փաստեր չկան:

1872թ-ին ֆրանսերեն լեզվով գրված և Փարիզում տպագրված «Դոն Ժուանը Կոլոմիից» վեպի հաջողությունից հետո, նա որոշեց իրեն ամբողջովին նվիրել գրականությանը, չնայած որոշ ժամանակ համատեղում էր ակադեմիական կարիերան` գրական ստեղծագործական կյանքի հետ, քանի որ գրական և հրատարակչական գործունեությունը նրան բավարար եկամուտ չէր բերում: Այդ տարիներին Լեոպոլդ ֆոն Զախեր-Մազոխը ամուսնացել է իր բռնկուն երկրպագուհու` Ավրորա ֆոն Ռյումսլինի հետ: Լինելով ինքնահավան, եսասեր, դրամի և հագուստի նկատմամբ ագահ, ինչպես նաև բարձրաշխարհիկ կյանքին ձգտող, Ավրորան նույնպես սկսեց գրել` վերցնելով Վանդա ֆոն Դունաևա գրական կեղծանունը («Վեներան մորթիներով» վեպի հերոսուհու անունն է): Արդյունքում նրանք միասին Զախեր-Մազոխ ազգանունով ստորագրում էին ցածրորակ նովելների տակ` չնշելով որևէ անուն:

Կնոջ չափից դուրս պահանջները Լեոպոլդին հասցրին աղքատության դուռը և ստիպեցին վաստակել հասարակ աշխատանքով: Նա սկսեց գրել պահանջարկ չունեցող նովելներ և իր մակարդակն իջեցրեց` հասցնելով այն պոռնոգրաֆիայի մակարդակին: Հասցնելով գրողին այդ վիճակի, Ավրորան լքեց նրան` արդյունքում գրելով ընթերցողների շրջանում հայտնի նոթերը` «Իմ կյանքի պատմվածքը»: Հետագայում Լեոպոլդն ամուսնացավ իր երեխաների դաստիարակչուհու հետ, ով 20 տարով փոքր էր իրենից, սակայն այդ ամուսնությունը նույնպես հաջողակ չէր: 1881թ-ին Զախեր-Մազոխը բնակություն հաստատեց Լայպցիգում և իր հետագա կյանքն անցկացրեց Գերմանիայում:

Զախեր-Մազոխի ստեղծագործությունը պատկանում է այն ժամանակաշրջանին, երբ արդյունաբերության ծաղկման ֆոնի վրա, նոր բուրժուազիայի կյանքի ճոխության և գյուղի անկման պայմաններում մտավորականությունը ապրում էր խաղաղ կյանքով, որտեղ համատեղվում էին գյուղական կյանքի իդեալականացումը` նյութական և էպիկուրյան գաղափարամտության հետ, իսկ զգացմունքայնությունն ու սերը դարձել էին մարդկության կյանքի նպատակ: Զախեր-Մազոխի անձնական կյանքի ապրումները, ով ստանում էր աննորմալ սեքսուալ հաճույք` կնոջ կողմից ֆիզիկական ենթարկվածությունից և զգացմունքային բռնությունից, իրենց արտացոլումն էին գտել նրա ստեղծագործություններում: Համարյա կենսագրական բնույթ ունեին «Ամուսնալուծված կինը» և «Վեներան մորթիներով» վեպերը: «Ամուսնալուծված կինը» վեպի հիմքում ընկած էին Աննա ֆոն Կոտվիցի հետ սիրավեպում ունեցած ապրումներն ու տառապանքները, իսկ «Վեներան մորթիներով» վեպում` գրողը ներշնչվել էր Ֆաննի ֆոն Պիստորի հետ ունեցած խարդավանքներից:

Բռնակալ կնոջ կողմից թուլակամ տղամարդուն ծաղրելու թեման մշտապես առաջ է քաշվում նաև Զախեր-Մազոխի պատմական ստեղծագործություններում, որը ժամանակի ընթացքում այնքան արտահայտիչ բնույթ է ընդունել, որ 1886թ-ին վիեննացի հոգեբան Ռիխարդ ֆոն Կրաֆտ-Էբինգը, այն սեքսուալ շեղումը, որը բնութագրվում է ցավից և ենթարկվածությունից սեռական հաճույք ստանալով, անվանեց մազոխիզմ:

Զախեր-Մազոխի ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով և լույս են տեսել մեծ տպաքանակներով: Նրա աշխատանքները բարձր են գնահատել Էմիլ Զոլան, Գյուստավ Ֆլոբերը, Ալֆոնս Դոդեն, Ալեքսանդր Դյումա-Հայրը և Ալեքսանդր Դյումա-Որդին: 1886թ-ին, Ֆրանսիայի նախագահի ձեռքից Զախեր-Մազոխը ընդունել է Պատվավոր լեգեոնի շքանշանը:

Իր կյանքի վերջին տարիները Զախեր-Մազոխը անց է կացրել Հեսսենի մոտ գտնվող Լինդհեյմ գյուղում, որտեղ և մահացել է 1895թ-ի մարտի 9-ին: Նրա աճյունասափորը ոչնչացվել է 1929թ-ին` հրդեհից: Գրողի որդին` Ռոմանը, զորակոչվել է 1914թ-ին և նույն թվականի նոյեմբերին գերևարվել է ռուսների կողմից, իսկ 1915թ-ին, Կիևի զինվորական հոսպիտալում մահացել է տիֆից:

Ստեղծագործությունները

  • «Գալիցիական մի պատմություն. 1846 թիվ» (1858)
  • «Մաջարների վերջին թագավորը» (1867)
  • «Կայենի ժառանգությունը» (1870-1877)
  • «Վեներան մորթիներով» (1870)
  • «Ամուսնալուծված կինը» (1870)
  • «Դոն Ժուանը Կոլոմիից» (1872)
  • «Մեսալուհիները» (1874)
  • «Գալիցիական պատմվածքներ» (1876)
  • «Մեր ժամանակի իդեալները» (1876)
  • «Հրեական պատմություններ» (1878)
  • «Հայդամակ» (1882)
  • «Դրախտ Դնեստրի վրա» (1882)
  • «Նոր հրեական պատմություններ» (1882)
  • «Վիեննական պալատական պատմություններ» (1885)
  • «Արյունոտ հարսանիք Կիևում» (1886)
  • «Ռուսական պալատական նովելներ» (1886)
  • «Լեհական հրեական պատմվածքներ» (1886)
  • «Հոգիներ կործանողը» (1886)
  • «Հավերժ երիտասարդություն» (1886)
  • «Օձը դրախտում» (1890)
  • «Բեմի կախարդանքները» (1893)
  • «Սատանայական կանայք» (1907)