Ռամիրո դե Մաեստու

իսպանացի լրագրող, գրող, փիլիսոփա

Ռամիրո դե Մաեստու ի Ուիթնի (իսպ.՝ Ramiro de Maeztu-y-Whitney, մայիսի 4, 1874(1874-05-04)[1][2][3][…], Վիտորիա, Իսպանիա[1][2][3][…] - հոկտեմբերի 29, 1936(1936-10-29)[1][4], Aravaca, Մադրիդ նահանգ, Կաստիլիա լա Նուևա, Իսպանիա[1][4]), իսպանացի լրագրող, գրող, փիլիսոփա։ Ֆրանցիսկո Ֆրանկոյի ռեժիմի գաղափարական հիմքը կազմող մտածողներից է, «Իսպանիդադի» դրույթի հիմնական հեղինակը։

Ռամիրո դե Մաեստու
իսպ.՝ Ramiro de Maeztu
Ծննդյան անունիսպ.՝ Ramiro de Maeztu y Whitney
Ծնվել էմայիսի 4, 1874(1874-05-04)[1][2][3][…]
ԾննդավայրՎիտորիա, Իսպանիա[1][2][3][…]
Վախճանվել էհոկտեմբերի 29, 1936(1936-10-29)[1][4] (62 տարեկան)
Վախճանի վայրAravaca, Մադրիդ նահանգ, Կաստիլիա լա Նուևա, Իսպանիա[1][4]
Գրական անունRotuney[5], Cualquiera[6] և Van Poel Krupp
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, դիվանագետ, գրական քննադատ, լրագրող և քաղաքական գործիչ
Քաղաքացիություն Իսպանիա[7][4]
Գրական ուղղություններ98 թվականի սերունդ
Ուշագրավ աշխատանքներHacia otra España?[8]
ԱնդամակցությունԻսպանիայի արքայական ակադեմիա[1], Բարոյական և քաղաքական գիտությունների թագավորական ակադեմիա[1][9], Acción Española?[10] և Պորտուգալիայի բարեկամների միություն[11]
ԿուսակցությունRenovación Española?, Spanish Patriotic Union? և Unión Monárquica Nacional?
ԶավակներJuan Manuel de Maeztu y Hill?[12]
 Ramiro de Maeztu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1874 թվականի մայիսի 4-ին Բասկերի Երկրում` Վիտորիայում։ Հայրը` Մանուել դե Մաեստուն, ունեցել է բասկյան արմատներ, եղել է կուբացի պլանտատոր։ Մայրը եղել է անգլիացի, Փարիզում Անգլիայի դեսպանի դուստրը։ Կյանքի առաջին տարիները Ռամիրո ընտանիքը հարուստ է ապրել, նրան կարելի էր դասել իսպանական ազնվականության շարքերը։ Նախական կրթությունը Ռամիրոն ստացել է Վերգին Բլանկո անունով քահանայի մոտ[13]։ Ընտանիքում մեծացել է հինգ երեխա, Ռամիրոն եղել է նրանցից ավագը։ Երեխաներից երեքը հետագայում դարձել են հայտնի մարդիկ. Ռամիրոն դարձել է գրող, նրա քույր Մարիա դե Մաեստուն` ուսուցիչ ու փիլիսոփա, եղբայր Գուստավոն` նկարիչ։

Մանկական տարիները Ռամիրոն անցկացրել է հոր պլանտացիաներում, սակայն շուտով իսպանական գաղութներում ճգնաժամ է առաջանում. Կուբայում իսպանական գաղութներն անկախանում են, և Մաեստու ընտանիքը սնանկանում է։ Ընտանիքի սնանկացումից հետո Ռամիրոն ընտանիքին օգնելու նպատակով ուղևորվում է Փարիզ, որտեղ փորձում է աշխատել առևտրի ոլորտում, սակայն այդ բնագավառը իրենը չհամարելով` ութ ամիս անց վերադառնում է հայրենիք։ Նա հաստատվում է Բիլբաոյում, փորձում շատ մասնագիտություններ, մինչև որ ընտրում է լրագրությունը։ Քսան տաերկան հասակում հրատարակում է իր սեփական ամսագիրը` «Բասկոնիայի ապագան»[14]։ 1997 թվականին տեղափոխվում է Մադրիդ։ Այստեղ 1898 թվականին պատուհասում է իսպանա-ամերիկյան պատերազմը, որում Իսպանիան ջախջախիչ պարտություն է կրում` կորցնելով իր մնացած գաղութները։ Այս իրադարձությունը ցնցում է Իսպանիայի մտավոր հասարակությանը. երկրի զարգացման ուղիների փնտրտուքը դառնում է փիլիսոփայության ու հրապարակախոսության հիմնական թեմաներից մեկը։ Այս շրջանում Ռամիրո դե Մաեստուն հարում է «1898-ի սերունդ» խմբին, ինչպես պայմանականորեն իրենց անվանում էին իսպանացի գրողներն ու փիլիսոփաները, ովքեր խորապես ազդված էին Իսպանիայի խնդրով։ Դեռևս գտնվելով հանրապետական Ֆրանսիայի ազդեցության տակ` Ռամիրո դե Մաեստուն այս շրջանում պաշտպանում է լիբերալ գաղափարներ և երազում Իսպանիայի եվրոպականացման մասին։ Իսպանացի գրողներ Բարոխա ի Նեսիի և Ասորինի հետ նա հիմնում է «Երեքի խումբը»։ Այս նույն շրջանում Մաեստուն գրում է իր առաջին գիրքը` «Մեկ այլ Իսպանիա», որում բարձրացնում է երկրի պատմական ճակատագրի և ժամանակակից իսպանական հասարակության թերությունների հարցերը։

«98-ի սերունդի» լուծարումից հետո Ռամիրո դե Մաեստուն շարունակում է ակտիվորեն զբաղվել լրագրությամբ և մտորել Իսպանիայի խնդիրների մասին։ Դե Մաեստուի ստեղծագործությունն այդ շրջանում լավ բնութագրվում է 1904 թվականի նրա մի հոդվածից մեջբերումը, որտեղ հեղինակն իր մասին գրում է երրորդ դեմքով. «Մաեստուի մասին տպագիր հրատարակություններում ասվել է ամեն ինչ, ինչ կարելի է ասել գրողի մասին. նրան անվանում են տխուր գրող, մտածող։ Միևնույն ժամանակ նրա մասին խոսում են նաև որպես հումորիստի, փիլիսոփայի, անվանել են նույնիսկ ծաղրածու, որին իշխում է լեզվի հանճարը։ Ասում են, որ նա չի կարողանում գրել, նշել են նրա որակները` հեռատեսություն և պարզություն, մատնանշել են թերությունները` խառնաշփոթություն, անվարժություն։ Գրել են, որ նա էներգիայով է, նուրբ, միշտ անկեղծ, որ նա ունի մի գիրք կարդալու համառություն (ակնհայտ է, որ նկատի ունի Աստվածաշունչը - ծան. խմբ.), բարեկիրթ է, բայց ոչ հետևողական ու հակասական։ Եվ հետաքրքիր է, որ նման գնահատականների տակ մեր գրական աշխարհի մարդկանց ստորագրությունն է»[15]։ Մաեստուն աստիճանաբար սկսում է հեռանալ լիբերալ հայացքներից, սկսվում է ստեղծագործական որոնումների շրջանը։

1905 թվականին նա տեղափոխվել է Լոնդոն, որտեղ ապրել է մինչև 1919 թվականը։ Անգլիայում նա տարվում է Գիլդեյի սոցիալիզմով, բայց պահում կապը հայրենիքի հետ` շփվելով հայրենակիցների, մասնավորապես Խոսե Օրտեգա ի Գասետի հետ, հրատարկվում է թերթերում։ Լոնդոնում Դե Մաեստուն շփվում է անգլիական մշակույթին և հնարավորություն ստանում վերաիմաստավորելու այն։ Հենց այդ ժամանակ էլ սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմը, որի թեժ ժամանակահատվածում Մաեստուն գրում է իր գլխավոր գրքերից մեկը, որը սկզբում գրել էր անգլերեն` «Իշխանություն, ազատություն. հասարակությունը պատերազմի պրիզմայով»[16]։ 1919 թվականին գիրքը գրում է մայրենի լեզվով` իսպաներենով, և հրատարակում «Հումանիզմի ճգնաժամ» վերնագրով։ Այս գրքում Մաեստուն արդեն հանդես է գալիս պահպանողական տեսանկյունից։ Այս գիրքը ճգնաժամի իմաստավորումն է ժամանակակից մարդու տեսնկյունից համաեվրոպական մասշտաբով։ Հենց այս գրքի հրատակումն են շատ մասնագետներ համարում Ռամիրո դե Մաեստուի աշխարհայացքի բեկումնային պահը[17]։

Գտնվելով Լոնդոնում համաշխարհային պատերազմի ամենաթեժ ժամանակ` Ռամիրո դե Մաեստուն ամուսնանում է. լինելով անգլուհու որդի` նա ընտրում է նույն ազգության հարսնացու` Էլիս Մեբիլ Հիլլին[18]։ Այս ամուսնությունից ծնվել է որդի Մանուել դե Մաեստուն, ով հետագայում վերդարձել է Իսպանիա և ռազմական կարիերա ունեցել։

1919 թվականին վերադառնալով հայրենիք` Դե Մաեստուն արդեն ամուր կանգնում է պահպանողական դիրքերում, անդրադառնում է Խուան Դոնոսո Կորտեսի և Մարսելինո Մենենդես ի Պելայոյի ստեղծագործություններին` հաճախ հղումներ անելով նրանց ու համարելով իր ուսուցիչները, զարգացնում է նրանց ստեղծագործությունների գաղափարները։ Դե Մաեստուն դառնում է դիկտատոր Պրիմո դե Ռիվերայի կողմնակիցը։

 
Ռամիրո դե Մաեստու

Դիկտատուրայի շրջանում Ռամիրո դե Մաեստուն դեսպանի դիվանագիտական առաքելություն է կատարում Արգենտինայում, որտեղ ծանոթանում է Սակարիաս դե Վիսկարայի հետ։ Հենց նրանից էլ Մաեստուն առաջին անգամ լսում է «Իսպանիդադ» եզրը, ինչի մասին խոստովանել է իր գլխավոր գրքում` ընկերոջն արտահայտելով իր երախտագիտությունը։ Վիսկարայի ու Մաեստայի ընկերությունը և նրանց գաղափարների փոխադարձ ազդեցությունը հետագա դրույթների հիմքն են դրել։

Դե Մաեստուի կյանքի հաջորդ կարևոր շրջանը սկսվում է Իսպանիայի հանրապետության շրջանից։ Նա չի ընդունել 1931 թվականի հեղափոխությունը` այն համարելով Իսպանիայի պատմության մեծ աղետ[19]։ Նա մտել է հանրապետական ռեժիմի աջ ընդդիմադիրների շարքերը և դարձել «Իսպանական գործողություն» կազմակերպության առաջնորդներից մեկը։ Հավատարիմ մնալով իր կյանքի գլխավոր գործին` շարունակում է խոսքերով պայքարել ռեժիմի դեմ։ Նա դառում է «Իսպանական գործողություն» ամսագրի հրատարակիչն ու գլխավոր հեղինակը, որը լույս է տեսել 1931-1937 թվականներին [1]: Ամսագիրը դարձել է իսպանական աջ ուժերի գլխավոր հրատարակությունը։ Նրա էջերում հրատարակվել են աջ պահպանողական ուժերի առաջնորդներ Լեդեմս Ռամոսի և Օ. Ռեդոնդոյի հոդվածները։ Ամսագրում տպագրվել է նաև «Իսպանական ֆալանգայի» հիմնադիր և առաջնորդ Խոսե Պրիմո դե Ռիվերայի ելույթը[20]։ Ամսագրում ամենից շատ տպագրվել են հենց Դե Մաեստուի հոդվածները։ Այդ հոդվածներում նա աստիճանաբար զարգացնում է «Իսպանիդադի» սկզբունքները, որը դարձել է նրա արվեստի գլխավոր մտահանգումը։ Ամսագրի էջերում հայտնված հոդվածները հետագայում մշակվել և հավաքվել են մի գրքում, որը հրատարակվել է 1934 թվականին՝ «Իսպանիդադի պաշտպանություն» վերնագրով։

Ռամիրո դե Մաեստուն ձերբակալվել է հանրապետականների կողմից և փակվել Մադրիդի բանտերից մեկում։ Նրա կյանքն ընդհատվել է 1936 թվականի հոկտեմբերի 19-ին` քաղաքացիական պատերազմի հենց սկզբին։ Նա առանց դատավճռի գնդակահարվել է Մադրիդի Արավակա գերեզմանատանը։ Հայտնի են Դե Մաեստուի վերջին խոսքերը. «Դուք չգիտեք, թե ինչի համար եք ինձ գնդակահարում, սակայն ես գիտեմ, թե ինչի համար եմ մահանում. որ ձեր երեխաները ձեզնից լավը լինեն»[2] Արխիվացված 2016-03-14 Wayback Machine:

Ստեղծագործություն խմբագրել

 
«Իսպանիդադի պաշտպանություն» գրքի շապիկը

Ռամիրո դե Մաեստուի ստեղծագործության հիմնական թեման Իսպանիայի խնդիրներն են, այսինքն` հայրենիքի ճակատագրի, նրա պատմության, զարգացման ճանապարհի իմաստավորումը ընդհանուր եվրոպական ու համաշխարհային ենթատեքստում։ Նա մտքի էվոլյուցիա է ապրել ազգային ռոմանտիզմից մինչև կաթոլիկ ավանդապաշտություն։ Իր հիմնական մասնագիտությամբ լինելով լրագրող` Մաեստուն գրել է բազմաթիվ հոդվածներ` ամենատարբեր թեմաներով։ Դրանցից շատերը նվիրված են սեփական կյանքի վերաիմաստավորմանը և հեղինակի մահից հետո տպագրվել են «Ինքնակենսագրություն» ժողովածուում[21]։ Ռամիրո դե Մաեստուն գրել է մի քանի մեծածավալ աշխատություններ, որոնցից գլխավորները կարելի է համարել «Դեպի մեկ այլ Իսպանիա», «Հումանիզմի ճգնաժամ» և «Իսպանիդադի պաշտպանություն» աշխատությունները։ Մաեստուի ստեղծագործությունը, հատկապես վաղ փուլի գործերը, տարբերվում են քննադատական ուղղվածությամբ և սուր շարադրանքով։ Նրա առաջին գիրքը` «Դեպի մեկ այլ Իսպանիա», հոգու ճիչ է, ժամանակակից հասարակության քննադատություն։ Իր իսկ բառերով այս գիրքը ոչ թե քաղաքական ծրագիր է, այլ խնդիրների բացահայտում։ Ավելի ուշ շրջանի գործերն աչքի են ընկնում ավելի խորը պատմագրական բովանդակությամբ։ «Հումանիզմի ճգնաժամ» գրքում զգալի է համաշխարհային պատերազմի ազդեցությունը։ Դե Մաեստուն քննադատում է կապիտալիստական հասարակությունը` կարծելով, որ հենց Ռեֆորմացիան ու կապիտալիզմը հանգեցրին համաշխարհային ճգնաժամի։ Նա առաջին անգամ հանդես է գալիս որպես կաթոլիկ փիլիսոփա և ավանդապաշտ` վերլուծելով միջնադարյան պատմության փորձը։ Այս գրքում Դե Մաեստուն առաջարկում է «երրորդ ճանապարհ», որի էությունն ավտորիտարիզմի հաստատումն է։ Այս գրքում նա շարադրում է գաղափարներ, որոնք հետագայում պետք է դառնային տոտալիտար ու ավտորիտար ռեժիմների գաղափարախոսության հիմքը։

Նրա ստեղծագործության պսակը դարձել է «Իսպանիդադ» դրույթը, որի ակունքները գալիս են գաղութատիրական անցյալից և Իսպանիայի հոգևոր միասնականությունից։ Հենց այդ ընդհանուր հոգին է միավորում բոլոր ժողովուրդներին, որոնք խոսում են իսպաներենով, և այդ առանձնահատուկ հոգու հիմքը կաթոլիկ հավատն է։ Նա խոսում է իսպանական առանձնահատուկ բնավորության մասին, որի հիմքում ընկած են մեծ ծառայության իդեալը և հավատը բացարձակ արժեքների նկատմամբ։ «Իսպանացին հավատում է կամ բացարձակ արժեքների, կամ ընդհանրապես ոչնչի չի հավատում»,—գրել է նա[22]։

Հիմնական ստեղծագործություններ խմբագրել

  • (1899). Hacia otra España
  • (1911). La Revolución y los Intelectuales
  • (1916). Inglaterra en Armas
  • (1919). La Crisis del Humanismo
  • (1920). Del Espíritu de los Vascos
  • (1926). Don Quijote, Don Juan y La Celestina
  • (1934). Defensa de la Hispanidad
  • (1935). La Brevedad de la Vida en la Poesía Lírica Española

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Díaz G. D. MAEZTU WHITNEY, Ramiro // Hombres y documentos de la filosofía española: volumen 5 (իսպ.)Madrid: CSIC, 1995. — Vol. 5. — P. 69–74. — 851 p. — (Hombres y documentos de la filosofía española) — ISBN 978-84-00-07504-0
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=2-2&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2865520%29.NDIP.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.congreso.es/portal/page/portal/Congreso/Congreso/Iniciativas?_piref73_2148295_73_1335437_1335437.next_page=/wc/servidorCGI&CMD=VERLST&BASE=DIPH&FMT=DIPHXD1S.fmt&DOCS=1-1&DOCORDER=FIFO&OPDEF=Y&NUM1=&DES1=&QUERY=%2865520%29.NDIP.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  5. http://riubu.ubu.es/bitstream/10259.4/1538/1/0211-8998_n183_p370-381.pdf — P. 372.
  6. Calleja E. G. Contrarrevolucionarios. Radicalización violenta de las derechas durante la Segunda República, 1931-1936 (իսպ.)Madrid: Alianza Editorial, 2011. — P. 57. — ISBN 978-84-206-6455-2
  7. https://datos.gob.es/es/catalogo/e00123904-autores-espanoles-en-dominio-publico-fallecidos-desde-1900
  8. https://revistas.ucm.es/index.php/RASO/article/viewFile/RASO9898110177A/10154
  9. http://www.racmyp.es/academicos/lista_historica.cfm
  10. http://hemeroteca.sevilla.abc.es/nav/Navigate.exe/hemeroteca/sevilla/abc.sevilla/1934/05/05/030.html
  11. Los amigos de Portugal (իսպ.) // ABCMadrid: 1922. — P. 27. — ISSN 1136-0143
  12. https://books.google.es/books?id=BdW5apG6MHAC&pg=PA955
  13. Aguierre Prado, L. Ramiro de Maeztu. — Madrid.:Publicaciones españolas, 1957 — p.6
  14. Кулешова, В. В. Проблема Испании в полемической публицистике Рамиро де Маэсту 1896—1936 годов // Проблемы испанской истории. — М, 1979 — с. 106—134|[3]
  15. Meztu, R, de. Juventud menguante. Autobiografías [Электронный ресурс ] //URL: http://www.filosofia.org/hem/190/alm/ae1214.htm
  16. Maeztu, R. de — La Crisis del Humanismo Buenos Aires: Ed. Sudamericana, 1951. — 457 p
  17. Tunion de Larra, M. La España del siglo XX, Paris 1973. — Р. 101.
  18. Sanchez, A. — Intoduccion//Maeztu,R. de — Don Quijote y el amor. — Salamanca, 1964 — P. 14.
  19. Maeztu, R, de. Frente a la Republica — Madrid: Rialp, 1956. — 310 p.
  20. Alsima Calves, J. Ultima Etapa de Ramiro de Maeztu: Accion Española y la conspiracion antirepublicana [Электронный ресурс] // URL: http://www.revistalarazonhistorica.com/17-3/
  21. Maeztu R, de. Autobiografia. — Madrid.: Editora national, 1962. — 358 p.
  22. 77. Тулаев, П. Стрелы Фаланги [Электронный ресурс] // Режим доступа: http://www.sensusnovus.ru/analytics/2013/10/19/17325.html Արխիվացված 2016-03-13 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռամիրո դե Մաեստու» հոդվածին։