Ռազմական հանցագործություն

Ռազմական հանցագործություն, ռազմական (մարտական) գործողությունների վարման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի առանձնապես ծանր խախտումներ մատնանշող հավաքական եզրույթ[1]

Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ երեխաների դիակներ (1915)
Ժակ Կալլոյի օֆորտը «Պատերազմի սարսափներ» շարքից (1633)
Զինվորների վայրագությունները Երեսնամյա պատերազմի ժամանակ։ Սեբաստյան Վրանկսի նկար (1630-ական թվականներ)
Ֆրանցիսկո Գոյա՝ «1808 թվականի մայիսի 3-ը Մադրիդում» (1814)
Օրաս Վերնե՝ «Տեսարան 1814 թվականի ֆրանսիական արշավից» (1826)
  • ռազմագերիների, ինչպես նաև մարտական գործողությունների գոտում հայտնված քաղաքացիական անձանց սպանությունները, խոշտանգումները և նրանց ստրկացնելը
  • պատանդներ վերցնելը և նրանց սպանությունները
  • քաղաքացիական ենթակառուցվածքների չարդարացված ոչնչացումը
  • առանց ռազմական անհրաժեշտության բնակավայրերի ավերումը
  • և այլն (ամբողջական ցանկը տես ստորև)[2]։

Զանգվածային բնույթ կրող ռազմական հանցագործությունները՝ մեծ թվով զոհերով, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ են համարվում, և դրանք ոչ թե ազգային ռազմական դատարանների իրավասության ենթակա են, այլ միջազգային ռազմական տրիբունալների։ Մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ բացառիկ լրջության պատճառով վաղեմության ժամկետ չի կիրառվում[3]։ Պետք է տարբերել ռազմական հանցագործությունները զինվորականներից, այսինքն՝ զինծառայողների կողմից զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործություններից (հրամանի չկատարում, դասալքություն և այլն)[4]։

Հայոց ցեղասպանությունը հաճախ համարվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին և ընդհանրապես 20-րդ դարում կատարված ամենախոշոր ռազմական հանցագործություններից մեկը[5]։

Իրավաբանական նշանակությունԽմբագրել

«Ռազմական հանցագործություն» եզրույթի սահմանումը տրված է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի (կանոնադրության) 8-րդ հոդվածի 2-րդ մասում, որի համաձայն ռազմական հանցագործություններ են[6]

ա) 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևյան կոնվենցիաների խախտումները, այն է՝ Ժնևյան համապատասխան կոնվենցիայի դրույթների համաձայն պահպանվող անձանց կամ գույքի դեմ հետագա գործողություններից յուրաքանչյուրը․
1) դիտավորյալ սպանությունը
2) խոշտանգումներ կամ անմարդկային վերաբերմունքը, ներառյալ կենսաբանական փորձարկումները
3) դիտավորությամբ ուժեղ տառապանքներ, լուրջ մարմնական վնասվածքներ կամ առողջության վնաս պատճառելը
4) գույքի ապօրինի, անիմաստ և լայնածավալ ոչնչացումը և յուրացումը, որը պայմանավորված չէ ռազմական անհրաժեշտությամբ
5) ռազմագերուն կամ պահպանվող այլ անձին թշնամի պետության զինված ուժերում ծառայության հարկադրելը
6) ռազմագերուն կամ պահպանվող այլ անձին դիտավորությամբ արդար և նորմալ դատավարության իրավունքից զրկելը
7) ապօրինի տեղահանումը կամ տեղափոխումը կամ ազատությունից ապօրինի զրկելը
8) պատանդ վերցնելը
բ) միջազգային զինված հակամարտություններում միջազգային իրավունքի սահմանված շրջանակներում կիրառվող օրենքների և սովորույթների այլ լուրջ խախտումներ, մասնավորապես հետևյալ արարքներից որևէ մեկը․
1) ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չունեցող քաղաքացիական բնակչության՝ որպես այդպիսին կամ առանձին քաղաքացիական անձանց վրա դիտավորյալ հարձակումները
2) քաղաքացիական օբյեկտների վրա դիտավորյալ հարձակումներ, այսինքն՝ այն օբյեկտների, որոնք ռազմական թիրախներ չեն
3) մարդասիրական օգնություն ցուցաբերելու կամ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն խաղաղության պահպանման առաքելությանը ներգրավված անձնակազմին, օբյեկտներին, նյութերին, ստորաբաժանումներին կամ տրանսպորտային միջոցներին դիտավորյալ հարվածներ հասցնելը, քանի դեռ նրանք ունեն պաշտպանության իրավունք, որից օգտվում են քաղաքացիական անձինք կամ քաղաքացիական օբյեկտները՝ զինված հակամարտությունների միջազգային իրավունքի համաձայն;
4) դիտավորյալ հարձակում կատարելը, երբ հայտնի է, որ նման հարձակումը քաղաքացիական անձանց պատահական մահվան կամ խեղման կամ քաղաքացիական օբյեկտներին վնասելու կամ շրջակա միջավայրին հարատև, երկարաժամկետ և լուրջ վնաս հասցնելու պատճառ կդառնա, որը ակնհայտորեն անհամաչափ կլինի կոնկրետ և ուղղակիորեն ակնկալվող ընդհանուր ռազմական գերազանցության հետ;
5) հարձակում չպաշտպանված և ռազմական թիրախներ չհանդիսացող քաղաքի, գյուղի, բնակարանի կամ շենքի վրա կամ դրանց գնդակոծումը որևէ միջոցի կիրառմամբ[7]։

Բացի այդ, Ժնևյան կոնվենցիայի 3-րդ մասով նախատեսվում է, որ դրա գործողությունը տարածվում է նաև այն հակամարտությունների վրա, որոնք միջազգային բնույթ չեն կրում։ Կոնվենցիան ստորագրած պետությունները պարտավորվել են, որ իրենց տարածքում ծագած և միջազգային բնույթ չունեցող զինված հակամարտության դեպքում, հակամարտության մեջ գտնվող կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի կիրառել առնվազն հետևյալ դրույթները․

1. Անձինք, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, ներառյալ այն անձինք, որոնք վայր են դրել զենքը, ինչպես նաև նրանք, ովքեր դադարել են մասնակցել ռազմական գործողություններին հիվանդության, վիրավորանքի, ձերբակալության կամ ցանկացած այլ պատճառով, պետք է բոլոր հանգամանքներում օգտվեն մարդասիրական վերաբերմունքից առանց խտրականության ռասայի, մաշկի գույնի, կրոնի կամ հավատքի, սեռի, ծագման կամ գույքային դրության կամ նմանատիպ այլ չափանիշների պատճառով։
Այդ նպատակով արգելվում և մշտապես և ամենուր արգելվելու են վերոնշյալ անձանց նկատմամբ հետևյալ գործողությունները.
a) կյանքի և ֆիզիկական անձեռնմխելիության դեմ ոտնձգությունները, մասնավորապես սպանություն, խեղում, դաժան վերաբերմունք և խոշտանգումներ
b) պատանդներ վերցնելը
с) մարդկային արժանապատվության նկատմամբ ոտնձգություն, մասնավորապես վիրավորական և ստորացնող վերաբերմունք
d) պատժի որոշումը և կիրառումը առանց քաղաքակիրթ ազգերի կողմից անհրաժեշտ ճանաչված դատական երաշխիքների առկայության դեպքում դատարանի կողմից պատշաճ սահմանված նախնական դատական որոշման։
2. Վիրավորներին և հիվանդներին կվերցնեն, և նրանց օգնություն կցուցաբերվի[8]։

2017 թվականի դեկտեմբերին ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի ստատուտում մտցվել են հետևյալ գործողությունները, որոնք դասակարգվելու են որպես ռազմական հանցագործություններ[9]

1. Կենսաբանական կամ թունավոր զենքի օգտագործումը
2. Զենքերի օգտագործումը, որոնց ախտահարող տարրերը հնարավոր չէ բացահայտել ռենտգենային ճառագայթման միջոցով
3. Կուրացնող լազերային զենքի օգտագործում

1-ին կետում արգելված արարքներից որևէ մեկի կատարելը ռազմական հանցագործություն է, իսկ դրանք կատարած անձինք ռազմական հանցագործներ են։

Պատասխանատվություն ռազմական հանցագործությունների համարԽմբագրել

 
Ուկրաինա, քաղաք Զբորով: Սպանված ուկրաինական ընտանիք՝ իր հարազատների դիակների վրա կանգնած որդին լուսանկարից հետո սպանվել է գերմանացի սպայի կողմից։ Գերմանիայի դաշնային արխիվ (1941)

Միջազգային իրավունքով սահմանված է ռազմական հանցագործությունների համար ոչ միայն անձնական, այլև հրամանատարական պատասխանատվությունը։ 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաների 1-ին արձանագրության 86-րդ հոդվածը պնդում է, որ հրամանատարը պատասխանատու է ենթակաների կոնվենցիաների խախտման համար այն դեպքում, եթե նա տեղյակ է եղել նրանց կողմից հանցագործությունների կատարման հնարավորության մասին, սակայն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել դրանք կանխելու համար։

Միջազգային քրեական դատարանԽմբագրել

Յուրաքանչյուր հակամարտության համար առանձին տրիբունալ չստեղծելու համար 1998 թվականին որոշվել է ստեղծել Միջազգային քրեական դատարան, որի իրավասության տակ են գտնվում ռազմական հանցագործությունները, որոնց համար սահմանված է ունիվերսալ իրավազորություն[10]։ 2002 թվականին այն ստեղծելու մասին պայմանագիրն ուժի մեջ է մտել։ Սակայն մի շարք երկրներ (ներառյալ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը) չեն ստորագրել կամ չեն վավերացրել այն։

Պատժի անխուսափելիություն՝ անկախ կոնվենցիաներիցԽմբագրել

Ինչպես նշում է Նյուրնբերգյան տրիբունալի դատավճիռը, միջազգային կոնվենցիաները չեն կարող սողանցք լինել հանցագործներին պատասխանատվությունից խուսափելու համար։ 18-րդ դարից սկսած զարգացել են սկզբունքները՝ հիմնված այն տեսակետի վրա, որ «անպաշտպան մարդկանց սպանելը կամ նրանց վնասելը հակասում է ռազմական ավանդույթին»։ Թեև խոսքը ռազմագերիների մասին է, մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը տարածվում է զինված հակամարտություններում ցանկացած բնույթի ցանկացած խաղաղ բնակչության վրա (դատավճռում հիշատակված տեսակետների էությունը)[11]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Cassese Antonio (2013)։ Cassese's International Criminal Law (3rd ed.)։ Oxford University Press։ էջեր 63–66։ ISBN 978-0-19-969492-1։ Արխիվացված է օրիգինալից April 29, 2016-ին։ Վերցված է October 5, 2015 
  2. Военные преступления // Энциклопедический словарь экономики и права. — 2005.
  3. «DocumentView»։ www.arlis.am։ Վերցված է 2020-10-11 
  4. «Customary IHL - Норма 156. Определение военных преступлений»։ ihl-databases.icrc.org։ Վերցված է 2020-10-11 
  5. Welle (www.dw.com) Deutsche։ «Барак Обама назвал геноцид армян ужасным военным преступлением | DW | 24.04.2010»։ DW.COM (ru-RU)։ Վերցված է 2020-10-11 
  6. «Римский статут Международного уголовного суда» 
  7. Текст Римского статута Международного уголовного суда на сайте ООН (см. ст. 8).
  8. Текст Женевской конвенции на сайте ООН
  9. ООН признала использование лазерного оружия военным преступлением
  10. См. определение универсальной юрисдикции на сайте Международного комитета Красного Креста.
  11. Приговор Международного военного трибунала в Нюрнберге (1 октября 1946 г.): «Женевская конвенция об обращении с военнопленными не распространяется на отношения между Германией и СССР. Поэтому применимы лишь принципы общего международного права об обращении с военнопленными. Начиная с XVIII века, они устанавливались постепенно на той основе, что пребывание в военном плену не является ни местью, ни наказанием, но исключительно превентивным заключением, единственной целью которого является воспрепятствовать данному военнопленному принимать дальнейшее участие в военных действиях. Этот принцип развивался в соответствии с точкой зрения, разделявшейся всеми армиями, о том, что убивать беззащитных людей или наносить им вред противоречит военной традиции…..»

Արտաքին հղումներԽմբագրել