Հունաստանի դրոշը
Հունաստանի դրոշը
Հունաստանի զինանշանը
Հունաստանի զինանշանը

Հունաստան (հուն․՝ Ελλάδα), պաշտոնապես Հունաստանի Հանրապետություն (Ελληνική Δημοκρατία, Ellīnikî Dīmokratía), երկիր Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Աթենքն է (վերջինիս վարչական տարածքի մեջ է մտնում նաև Պիրեոս համայնքը)։ Հունաստանի բնակչության թիվը ըստ 2011 թ. մարդահամարի՝ 11 միլիոն է։ Հյուսիսից սահմանակից է Ալբանիային, Մակեդոնիային և Բուլղարիային, իսկ արևելքից՝ Թուրքիային։ Հունաստանն արևելքից ողողվում է Էգեյան ծովով, արևմուտքից՝ Հոնիական ծովով, իսկ հարավից՝ Միջերկրական ծովով։

Հունաստանը ըստ ջրափնյա գծի երկարության (13.676 կմ) 11-րդն է աշխարհում։ Ունի հսկայական թվով կղզիներ (մոտ 1․400, որոնցից 227-ը բնակեցված են), որոնցից են՝ Կրետեն, Դոդեկանեսը, Կիկլադեսը և Հոնիական կղզիները։ Հունաստանի տարածքի 80%-ը լեռնոտ է։ Լեռներից ամենաբարձրը Օլիմպոսն է (2917 մ)։

Ժամանակակից Հունաստանը իր արմատներով սկիզբ է առնում Հին Հունաստանի քաղաքակրթությունից, որն ընդհանուր առմամբ համարվում է արևմտյան քաղաքակրթության օրրանը։ Այն ժողովրդավարության, արևմտյան փիլիսոփայության,Օլիմպիական խաղերի, արևմտյան գրականության և պատմագրության, քաղաքագիտության, հիմնական գիտական և մաթեմատիկական սկզբունքների, և արևմտյան դրամայի, ներառյալ ողբերգության և կատակերգության, բնօրրանն է։

Այս ժառանգությունը մասամբ արտահայտված է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային Ժառանգության ցանկում 17 հուշարձաններով․ այդ քանակով Հունաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում 13-րդն է աշխարհում և 7-րդը Եվրոպայում։

Ժամանակակից Հունաստանը հիմնադրվել է 1830 թ., Հունական անկախության պատերազմից հետո։ 1981 թվականից Հունաստանը Եվրամիության, իսկ 2001-ից Եվրոգոտու անդամ է։ ՆԱՏՕ-ի անդամ է և ՄԱԿ-ի հիմնադիր անդամ։ Հունաստանը զարգացած երկիր է, բարձր շահութաբեր տնտեսությամբ, բարձր կենսամակարդակով։ Համաշխարհային բանկի 2010 թ. տվյալներով, ըստ կյանքի որակի աշխարհում 21-րդն է։ (մանրամասն...)