Բյուրեղապակի
Բյուրեղապակի, հատուկ տեսակի ապակի, որի բաղադրության մեջ մտնում է կապարի կամ բարիումի օքսիդ։
Բյուրեղապակի է անվանվել լեռնաբյուրեղի (վանակի) հետ նմանություն ունենալու համար։ Բյուրեղապակյա իրերին հատուկ է պատերի հաստությունը, լույսի ճառագայթի բեկման բարձր գործակիցը, արտակարգ փայլը։ Դրանք զարդանախշելու ձևերն են փորագրությունը (ոչ խորը փայլատ նախշեր), նիստավորումը կամ կոդավորումը (լայն, հղկած, փայլեցրած նիստեր), փորվածքը (խորը ակոսներ, որոնց հաճախակի հատումից առաջանում է ցանց՝ այսպես կոչված «ալմաստե նիստ»), ողորկումը։
Պատմություն
խմբագրելԲյուրեղապակյա իրեր նախ պատրաստվել են Անգլիայում (17-րդ դարի կես)։ 1816 թվականին Ֆրանսիայի Բակկարա քաղաքում կազմակերպվել է բյուրեղապակու արտադրություն։ Ռուսաստանում բյուրեղապակու արտադրությունը զարգացել է (18-րդ դարի 2-րդ կես-19-րդ դարի 1-ին կես) Պետերբուրգի ապակու գործարանում։ 19-20-րդ դարերում ստեղծվել է նաև գունավոր բյուրեղապակի։ Սովետական շրջանում բյուրեղապակու արտադրություն է տեղի ունեցել նաև Լենինգրադի գեղարվեստական և տեսակավոր ապակու, Դյատկովոյի և Գուս-Խրուստալնիի գործարաններում։ Բարձրորակ գեղարվեստական իրեր են արտադրվում Չեխիայում (Ժելեզնի-Բրոդ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 482)։ |