Արագածի պեռլիտի հանքավայր, հանքավայր Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Արագածի հարավ-արևմուտքում՝ Արագած գյուղի մոտ։ Հարում է Մեծ Արտենիից սկսվող շերտավոր կառուցվածքով պեռլիտային հզոր հոսքին (երկարությունը՝ 8․5 կմ, լայնությունը՝ մինչև 4,5 կմ, հաստությունը՝ 50-200 մետր), որի վերին շերտերը կազմված են վանակատից, վանակատպեռլիտային փշրաքարից, բեկորային պեռլիտից ու պեմզայից։ Հետախուզվել և շահագործվում է 1950-ական թվականների վերջերից՝ բաց եղանակով։ Պեռլիտը բարձրորակ է՝ 5-20 անգամ փքվելու ունակությամբ։ Հետախուզված պաշարները 76, 6 միլիոն մ³ են։ Օգտագործվում է որպես շինանյութ, ջերմամեկուսիչ և զտիչ։ Արագածի պեռլիտի հանքավայրի հիմքի վրա գործում էր Արագածի երկաթբետոնե իրերի գործարանը (2001 թվականից՝ «Լևադան» ընկերություն) և «ՀԱՅԱՐԴՇԻՆԱՆՅՈՒԹԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ «ԱՐԱԳԱԾԻ ՊԵՌԼԻՏ» ԳՈՐԾԱՐԱՆԸ (1998 թվականից՝ Արագած-Պեռլիտ[1])։