Պալար (լատ.՝ tuber), բույսերի հաստացած (ձևափոխված) ընձյուղը, ենթաշաքիլային ծունկը կամ հավելյալ արմատը։ Ըստ ձևավորման տեղի տարբերում են ցողունային և արմատային պալարներ։ Ցողունային պալար՝ ցողունի հաստացած մսալի մասը, բաղկացած է մեկ կամ մի քանի միջհանգույցներից։ Պալարները կարող են լինել վերգետնյա և ստորգետնյա։ Վերգետնյա պալար գլխավոր ցողունի առանցքային (կաղամբագոնգեղ) կամ կողմնային ընձյուղների (խոլորձ) հաստացումն է։ Դրանք կանաչ են և ունեն բնականոն տերևներ։ Ստորգետնյա պալար՝ ենթաշաքիլային ծնկի (արջտակ) կամ ստորգետնյա ընձյուղների (կարտոֆիլ, գետնախնձոր) հաստացումն է։

Peru Oca y mashua.jpg

Որոշ բույսերի ստորգետնյա պալարները ձևափոխված տերևանութի բողբոջներն են սաղմնային տերևներով (դիոսկորեաներ)։ Արմատային պալար կողմնային կամ հավելյալ արմատների հաստացումն է։ Ի տարբերություն ցողունայիններից արմատային պալարը չունի ապաճած թեփուկավոր տերևներ։ Գագաթին առաջանում են հավելյալ աչքեր։ Արմատային պալարներ ունեն գեորգինան, այգածաղիկը, հացարմատը ևն։ Պալարներով բույսերը կարող են ձմեռել և վեգետատիվ ճանապարհով բազմանալ։ Բացի այդ պալարները օգտագործվում են սննդի մեջ և կենդանիներին կերակրելու համար, քանի որ դրանց մեջ կուտակվում են սննդանյութերի՝ գլխավորապես ածխաջրերի (օսլա, ինուլին և այլն), ավելի քիչ յուղերի (գետնանուշ) պաշարներ։ Օրինակ, կարտոֆիլի պալար պարունակում է օսլա՝ մինչև 19, հում պրոտեին՝ 0,7—4,5, շաքար՝ մինչև 1%, ինչպես նաև С, В, B2, РР վիտամիններ և А պրովիտամին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png