Ալֆա-ռիթմ
Ալֆա ռիթմը (α-ռիթմ) կազմված է 50-100 տատանասահմանով 8-13 Հց հաճախականությամբ, գրեթե սինուսոիդային տեսակի կանոնավոր ալիքներից։ Այն դիտվում է հանգիստ արթնության, մեդիտացիայի վիճակում։ Առաջին հերթին այն ի հայտ է գալիս ծոծրակային շրջաններում, ուր ավելի արտահայտված է և կարող է պարբերաբար տարածվել ուղեղի մյուս շրջաններով։ Հաճախ տատանումների տատանասահմանը աստիճանաբար մեծանում է, հետո փոքրանում։ Այս երևութը կոչվում է α-ռիթմի իլիկ։ Իլիկների տևողությունը մի քանի միլիվայրկյանից մինչև մի քանի վայրկյան է։ Ըստ մի շարք գիտնականների բնածին կույրերի կամ երկար ժամանակ կուրությամբ տառապող անձանց մոտ, ինչպես նաև միայն լուսազգայունության պահպանման դեպքում այս ռիթմը բացակայում է։ Տեսողական նյարդի ապաճման դեպքում դիտվում է α-ռիթմի անհետացում։ Համարվում է, որ կեղևի ռիթմիկ ակտիվությունը, մասնավորապես α-ռիթմը, պայմանավորված է առավելապես ենթակեղևային գոյացությունների, այդ թվում նաև տեսաթմբի ազդեցությամբ։ Տեսաթմբի միակողմանի հեռացումը հանգեցնում է համակողմյան մասում α-ռիթմի լրիվ անհետացմանը։ Կեղևի հեռացման ժամանակ տեսաթմբի ռիթմիկ ակտիվությունը գործնականորեն չի փոխվում։ Տեսաթմբերի խորքային կառույցների ակտիվությունը գրանցելիս բացայատվել է, որ այդտեղ առկա են տարբեր, այսպես կոչված տեսաթմբային ռիթմավարներ (պեյսմեքերներ)։ Սրանք դրդող և արգելակող կապերով ընդունակ են ստեղծել և պահպանել ռիթմիկ ակտիվություն։ Դրանց վրա ազդում են նաև տեսաթումբ եկող ազդակները։
Գլխուղեղի մյուս ռիթմերը
խմբագրելՌիթմի անվանումը | Հաճախականությունը (Հց) | Տատանասահմանը (մկՎ) |
---|---|---|
դելտա-ռիթմ | 0,5-4 | 20-200 |
թետա-ռիթմ | 4-8 | 20-100 |
ալֆա-ռիթմ | 8-13 | 50-100 |
մյու-ռիթմ | 7-11 | 30-50 |
կապա-ռիթմ | 8-13 | 5-40 |
սիգմա-ռիթմ | 12-14 | մինչև 50 |
լյամբդա-ռիթմ | 12-14 | 20-50 |
բետա-ռիթմ | 13-30 | 5-30 |
գամա-ռիթմ | 30-ից-120-170 | մինչև 15 |
Գրականություն
խմբագրել- Brazier, M. A. B. (1970), The Electrical Activity of the Nervous System, London: Pitman