Ոսկե դարպասներ (Վլադիմիր)

XII դարի հուշարձան Վլադիմիրում

Ոսկե դարպասներ (ռուս.՝ Золотые ворота), Վլադիմիր քաղաքում գտնվող հին ռուսական ճարտարապետական հուշարձան։ Հանդիսանոմ է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության մաս։ Կառուցվել է 1164 թվականին իշխան Վլադիմիր Բոգոլյուբսկու օրոք, որը Սուզդալից իշխանության մայրաքաղաքը տեղափոխեց Վլադիմիր։ Հուշարձանը հանդիսացել է պաշտպանական կառույց և հաղթական կամար։ Այն զարդարել է քաղաքի ամենահարուստ իշխանական-բոյարական մասի շքամուտքը (Նոր քաղաք)։

Ոսկե դարպասներ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհաղթակամար, gate tower? և ճարտարապետական հուշարձան
Ստեղծում1164
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՎլադիմիր
Գտնվելու վայրՍոխուկանման գմբեթ
Ոճռուսական ճարտարապետություն
 Golden Gate in Vladimir Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Ամենայն հավանականությամբ կառուցվել է իշխանական շինարարների կողմից։ Դրա մասին վկայում է սպիտակաքար աղյուսներից մեկի վրա շինարարի թողած իշխանական նշանը։ Շինությունը կառուցվել է որմնադրությանը վերաբերող տեխնիկայի միջոցով, որը լայն տարածում ուներ Վլադիմիրի և Սուզդալի ճարտարապետության մեջ։ Անցակետային կամարների խիստ համամասնությունները՝ շրջափակված հզոր կիսաշրջանաձև կամարակապով, և վերևում գտնվող փոքր եկեղեցին շինությանը տալիս էին վեհաշուք տեսք՝ հատուկ իր նպատակին ծառայող։ Դարպասները տեղադրվել են 1158 թվականին, շինարարությունն ավարտվել է 1164 թվականի ապրիլի 26-ին՝ եկեղեցու օծման ժամանակ։

Անդրեյ Բոգոլյուբսկու օրոք քաղաքը շրջապատված էր ընդարձակ պատնեշով և ուներ մուտքի յոթ դարպաս, սակայն մինչ օրս գոյատևել է միայն Ոսկե դարպասը:.

XII-XIII դարերում դա քաղաքի ամենահանդիսավոր դարպասն էր։ Ռուսական հին տարեգրություններից մեկը հայտնում է, որ դարպասները ոսկի են անվանվել, քանի որ ծածկված էին ոսկեջրած պղնձի թերթերով, որոնք փայլում էին արևի տակ՝ զարմացնելով ժամանակակիցների երևակայությունը։ Հյուսիսից և հարավից դարպասների մոտ կային պատնեշներ՝ խորը փորվածքով, որոնց միջով դեպի քաղաք տանող կամուրջ էր անցնում։ Կամարն ուներ 14 մետր բարձրություն։

Հրապարակ մուտք էին գործում հարավային պատի դռնախորշով, որի միջով անցնում էր քարե սանդուղք՝ կիսաշրջանաձև կամարով։ Սանդուղքի հակառակ կողմում ելք կար դեպի հողապատնեշների հարավային հատվածը։ Հարավային պատի սանդուղքը տանում էր դեպի վերին մարտական հարթակ, որն ուներ ատամնաձև պատեր՝ հրակնատի տեսքով։ Հրապարակի կենտրոնում կանգնեցվել է համեստ զարդարանքով սպիտակաքար եկեղեցի՝ քառակուսի հատակագծով, երեք աբսիդով, գեղեցիկ որմնասյուներով, երեք կամարակապ պորտալներով։

Դարպասը պահպանվել է խոշոր վերակառուցման միջոցով։ Այս կառույցի հնագույն մասեր են հանդիսանում լայն կամարը՝ հզոր կողային հենասյուներով, և դրանց վերևում գտնվող մարտական հարթակը, որը մասամբ է գոյատևել մինչ օրս:Հաճախակի ավերիչ հրդեհներն ու թշնամիների արշավանքները զգալիորեն աղավաղել են Ոսկե դարպասների տեսքը։ Գրավոր աղբյուրների համաձայն՝ դարպասի եկեղեցու նորոգումն իրականացվել է 1469 թվականին ճարտարապետ և քանդակագործ Վ.Դ.Երմոլինի ղեկավարությամբ։ 1641 թվականին Միխայիլ Ֆեդորովիչ Ռոմանով ցարի հրամանով ռուս ճարտարապետ Անտիպա Կոնստանտինովը նախահաշիվ կազմեց դարպասների նորոգման համար, բայց վերանորոգման աշխատանքները սկսվեցին միայն 17-րդ դարի վերջին։

1778 թվականին դարպասները այրվեցին քաղաքային խոշոր հրդեհի ժամանակ։ Կառուցվածքային հենասյուները թուլացան, և որոշվեց վերանորոգել հին կառույցը։ Արդյունքում կառուցվեց նաև նոր եկեղեցի աղյուսից՝ սրբագործված 1810 թվականին։

1983 թվականի օգոստոսի 20-ին Քաղաքի օրվա տոնակատարությունների առթիվ անկյունային աշտարակներից մեկի խորշում տեղադրվեց XXI դարի Վլադիմիրի բնակիչներին ուղղված ուղերձով պարկուճ։ 1991 թվականի ամռանը Վլադիմիրի բնակիչները Ոսկե դարպասների մոտ դիմավորեցին սուրբ Սերաֆիմ Սարովսկու մասունքը՝ հանդիսավոր կերպով Սանկտ Պետերբուրգից Նիժնի Նովգորոդի Դիվեևո գյուղ տեղափոխված։ 1990-ական թվականների կեսերին դարպասների կամարի վերևում սրբապատկերներ տեղադրվեցին՝ Տիրամայրը արևելքից, Քրիստոս Փրկիչը՝ արևմուտքից։

1992 թվականին հուշարձանը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Թանգարան խմբագրել

 
Ոսկե դարպասներ (առաջին պլանում) որպես Վլադիմիրի Նոր քաղաքի գլխավոր մուտք

Ոսկե դարպասները ղեկավարում է Վլադիմիր-Սուզդալ թանգարան-արգելոցը։ Եկեղեցում կա ռազմապատմական էքսպոզիցիա։ Էքսպոզիցիայի կենտրոնական տեղը զբաղեցնում է 1238 թվականի փետրվարյան դրամատիկ իրադարձությունները ներկայացնող տրամապատկերը (դիորամա)՝ Վլադիմիրի պաշտպանությունը Բաթու խանի զորքերի հարձակման ժամանակ (հեղինակ՝ ՌՍՖՍՀ ժողովրդական նկարիչ Եֆիմ Դեշալիտ, 1972):

Ցուցահանդեսում ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների զենք և զինտեխնիկա՝ նետող մեքենաների մարտական պտուտակներ, 13-րդ դարի նետեր և տեգեր, օղազրահ, տապար, սակր, 17-րդ դարի սկզբի լեհական արբալետ, կայծաքարի հրացան, պողպատե համազգեստ, լանջապանակ և հրացան 1812 թվականի Հայրենական պատերազմի ժամանակաշրջանից, 19-րդ դարի շքանշաններ և պարգևներ, ինչպես նաև ռազմաավարային թուրքական զենքեր։

Էքսպոզիցիան շարունակվում է նախկին մարտական հարթակում, որը XIX դարի սկզբին վերածվել է փակ գավիթ-պատկերասրահի։ Այստեղ գտնվում է «Վլադիմիրի հերոսների պատկերասրահը»՝ դիմանկարներ, հիշատակի իրեր, փաստաթղթեր, Խորհրդային Միության 160 հերոսների նկարներ` Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և խաղաղ ժամանակների հերոսներ։ Ցուցահանդեսում ներկայացված են փոքր զենքի նմուշներ՝ ստեղծված Կովրովի դիզայներ-զինագործների կողմից՝ Վասիլի Դեգտյարյով, Սերգեյ Սիմոնով, Գեորգի Շպագին և այլք։

Այլ տեղեկություններ խմբագրել

 
Ոսկե դարպասներ, 19-րդ դար
  • Ըստ լեգենդի՝ 1767 թվականի հունիսին Եկատերինա II կայսրուհու սայլը Վլադիմիրով Նիժնի Նովգորոդ անցնելիս թաղվեց մեծ ջրափոսի մեջ՝ դարպասների կամարի տակ։ Կայսրուհու պատվերով՝ պատնեշները մասամբ քանդվեցին Ոսկե դարպասների երկու կողմերով հեշտ շրջանցելու նպատակով։ Ձախ պատնեշն ամբողջովին քանդվեց։ Դրա մնացորդները կարելի է տեսնել Ոսկե դարպասների մոտ գտնվող մանկավարժական ինստիտուտի շենքի ետևում։
  • Ոսկե դարպասի շինարարության ժամանակ կամարի մասնակի փլուզում է տեղի ունեցել, բարեբախտաբար, զոհեր չեն եղել։ Արքայազն Անդրեյ Բոգոլյուբսկին այս առիթով պատվիրել է գոհունակության արարողություն՝ փոխելով շինարարական թիմին։ Լեգենդի համաձայն՝ նրանք իտալացի վարպետներ էին, որոնց ուղարկել էր Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ I Բարբարոսան, ում հետ իշխանը մտերմություն էր անում[1]։ Նրանք ավարտեցին դարպասների շինարարությունը։ Իշխանին այնքան դուր եկավ նրանց աշխատանքը, որ նրանց առաջարկեց մնալ ու նոր մայրաքաղաքում կառուցել այլ քարե կառույցներ՝ սպիտակաքար տաճարներ և հուշարձաններ։
  • 1238 թվականին Վլադիմիրի վրա հարձակվելուց առաջ քաղաքաբնակները թաքցրել են բազմաթիվ արժեքավոր իրեր, այդ թվում՝ Ոսկե դարպասների ոսկեզօծ փեղկերը, որոնք, ըստ լեգենդի, նետվել էին Կլյազմա գետը։ Դրանք մինչ այժմ չեն հայտնաբերվել և ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրանցամատյաններում որպես կորած գլուխգործոցներ։ 20-րդ դարի 70-ական թվականներին Ճապոնիայի մի ընկերություն առաջարկեց մաքրել Կլյազմա գետի հատակը՝ ընդլայնելով նրա հունը։ Ճապոնացիները պատրաստ էին աշխատել մեկ պայմանով. նրանց կպատկաներ այն ամենը, ինչ կգտնվեր գետի հատակում։ Առաջարկը չընդունվեց։ Համաձայն այլ վարկածների՝ ոսկեզօծ փեղկերը գտնվում են քաղաքի հուսալի թաքստոցում[2]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Իշխան Յուրի Դոլգորուկի, Վլադիմիր։». lubovbezusl.ucoz.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  2. Վլադիմիրի Ոսկե դարպասները՝ հին Ռուսիայի մեծության և զորության խորհրդանիշը // putidorogi-nn.ru.

Գրականություն խմբագրել

  • Ոսկե դարպասները Վլադիմիրում՝ Կլյազմայի վրա։ // Հայրենական նշումներ, 1824, № 51:
  • Ս. Վ. Զագրաևսկի, Վլադիմիրում Ոսկե դարպասների վերակառուցման ճշգրտում // Վլադիմիր-Սուզդալ թանգարան-արգելոցի ճարտարապետական հուշարձանների նոր հետազոտություն, 2008։
  • Տ. Պ. Տիմոֆեևա, Ոսկե դարպասները XVIII-XX դարերում // Հետազոտության նյութեր, 2002, էջ 86-93։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ոսկե դարպասներ (Վլադիմիր)» հոդվածին։