Սոխուկանման գմբեթ (ռուս.՝ луковичная глава), գմբեթի տարատեսակ, որ սոխուկի տեսք ունի։ Առանձնանում է գլխի մեծ տրամագծով, որ գերազանցում է թմբուկի տրամագիծը, իսկ բարձրությունը գերազանցում է երկարությանը։ Մեծ տարածում ունի ռուսական եկեղեցական ճարտարապետության մեջ։ Սոխուկանման գմբեթը կիրառվել է նաև Բավարիայի կաթոլիկ եկեղեցիներում, հաճախ հանդիպում է Միջին Արևելքում և Հնդկաստանում։

Կոստրոմայի տաճարի սոխուկանման ոսկե գմբեթները

Սոխուկանման առաջին գմբեթների ի հայտ գալու ժամանակաշրջանի շուրջ գիտնականները համակարծիք չեն։ Հին ռուսական ճարտարապետության մեջ, ժամանակի սրբապատկերներից դատելով, վաղ շրջանում չեն եղել նման գմբեթներ։ Ենթադրվում է, որ սկզբում լայն տարածում ունեին այսպես կոչված սաղավարտանման գմբեթները, որոնք իրենց ձևով հիշեցնում էին ռուս հսկաների սաղավարտներ։ Նման գմբեթ ունի Վլադիմիրի Ուսպենսկի տաճարը։ Սոխուկանման գմբեթները լայնորեն կիրառվել են Իվան IV Ահեղի կառավարման շրջանում, երբ Կազանի գրավման առիթով կառուցվեց Վասիլի Երանելու տաճարը, որն անփոփոխ պահպանվել է 16-րդ դարից։ Որոշ հետազոտողներ կարծում են, որ գմբեթի այս ձևը փոխառված է մուսուլմանական ազգերից, որոշ մասնագետների կարծիքով էլ այն առաջացել է ռուսական «շատյոր» գմբեթի ձևից, որ իրենից ներկայացրել է բամանկյուն, հաճախ` ութանկյուն։ Վերջին տեսակետի համաձայն` այսպիսի գմբեթներն ունեին ոչ թե կրոնական, այլ պրակտիկ գործառություն. դրանք նպաստում էին, որ տանիքին ձյան կուտակումներ չառաջանան։

Այս խնդրի ուսումնասիրմամբ զբաղվել են շատ գիտնականներ։ Պատմական արժեք ունեն ակադեմիկոս Բորիս Ռիբակովի աշխատությունները, ով 1946 թվականին, վերլուծելով ռուսական հին ձեռագրերը, եկավ այն եզրահանգման, որ սոխուկանման գմբեթները Ռուսաստանում կիրառվել են 13-րդ դարից։ Հնագետ Նիկոլայ Վորոնինը, համաձայնելով նրա կարծիքին, նշել է, որ գմբեթի նման ձևը կիրառվել է սաղավարտանմանից ավելի շատ։

Հնարավոր է, որ ուղղափառ եկեղեցում լայն տարածում ունենալը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդպիսի գմբեթները նման են վառված մոմերի, ինչը հաճախ է օգտագործվում եկեղեցական արարողություններում։ Գմբեթների քանակը կարող է հասնել երեքի` խորհրդանշելով Սուրբ երրորդությունը, կամ հինգի` ի պատիվ Հիսուս Քրիստոսի և 4 ավետարանիչների։ Առավել տարածված են գմբեթների գլուխների կապույտ ու կանաչ գույները, հաճախ այդ մասը պատվել է ոսկու շերտով։

Արտաքին հղումներ խմբագրել