Շուշիի հայկական տպագրություն

Շուշիի հայկական տպագրությունը սկզբնավորվել է 1818-1820-ական թվականների երկրորդ կեսից։

Պատմություն խմբագրել

1818-1820-ական թվականների երկրորդ կեսին Բազելի (Շվեյցարիա) Ավետարանական ընկերության մի խումբ միսիոներներ, իրենց հետ բերելով տպագրական սարքեր, նորաձույլ տառեր և տպագրիչ, 1827 թվականին Շուշիում հիմնադրել են դպրոց և տպարան[1]։

Տպազրվել են հիմնականում կրոնաքարոզչական գրքեր, որոնցից առաջինը՝ «Պատմութիւն Սուրբ Գրոց» (1828) գրքույկը, ինչպես նաև Պողոս Ղարադաղցի Ներսիսյանի «Համառօտութիւն հայկական քերականութեան» (1829), Հովսեփ Արցախեցու «Համառօտ բառգիրք ի գրաբառէ յաշխարհաբառ» (1830), Միքայել Չամչյանի «Քերականութիւն հայկազեան լեզուի» (1833) աշխատությունները, ուսումնական ձեռնարկներ և այլն (22 անուն գիրք)։ Թարգմանական հրատարակությունները («Ժամանակի վերջն», 1832, «Շատ հարկաւոր հարցմունքներ ամէն մարդոյ համար», 1832, և այլն) արևելահայերեն էին՝ նոր գրական լեզվի առաջին տպագիր նմուշները, և նպաստել են աշխարհաբարի հաստատմանը։ Այդ տպարանում հրատարակվել են նաև պարսկերեն, թուրքերեն և եբրայերեն գրքեր[1]։

1836 թվականին ցարական կառավարությունն արգելել է միսիոներների գործունեությունը, իսկ տպարանը դարձել է Արցախի հոգևոր թեմի սեփականությունը՝ «Հայոց հոգևոր տեսչության տպարան» անունով։ Այստեղ հրատարակվել են գրաբարի քերականության ձեռնարկներ, Եփրեմ Խուրի Ասորու «Գիրք աղօթից» (1838), Եսայի Հասան Ջալալյանի «Պատմութիւն կամ Յիշատակ ինչ-ինչ անցից` դիպելոց յաշխարհին Աղուանից» (1839), «Առաջին մասն փիլիսոփայութեան, որ ասի Տրամաբանութիւն» (1840), Մաշտոց (1840), Կարապետ Եզյանի «Ներքին կեանք հին Հայաստանի» (1864) և այլ երկեր (36 անուն), նաև «Հայկական աշխարհ» հանդեսի 1874 թվականի ապրիլ-օգոստոս ամիսների համարները։ Որոշ ժամանակ անց տպարանը փակվել է և վերաբացվել 1890-ական թվականների կեսից և գործել է մինչև 1900 թվականը[1]։

1854 թվականին Շուշիում գործել է Մինաս Տարղլիջյանի (2 անուն գիրք), իսկ 1853-1863 թվականներին` Սուրբ Էջմիածնի (3 անուն գիրք) տպարանը[1]։

1881 թվականին քաղաքում բացվել է Միրզաջան Մահտեսի Հակոբյանի տպարանը։ Նույն թվականին այստեղ առաջին անգամ հրատարակվել է Րաֆֆու «Խենթը» վեպը։ Լույս են տեսել նաև Լեոյի, Մանուկ Աբեղյանի և այլ գրողների ու գիտնականների գործեր, թարգմանություններ Ֆիրդուսու, Նիկոլայ Գոգոլի ստեղծագործություններից, տպագրվել են պարբերականներ։ 1901 թվականից տնօրինությունը ստանձնել է Հակոբյանի դուստրը` Եղիսաբեթը։ Տպարանն այրվել է 1905 թվականի Շուշիի հրդեհի ժամանակ[1]։

20-րդ դարի առաջին երկու տասնամյակներում հայտնի էին Մելքում Բաբաջանյանի (13 անուն գիրք) և Բագրատ Տեր-Սահակյանի (20 անուն գիրք) տպարանները, որոնցում տպագրվել են նաև պարբերականներ («Ղարաբաղ» (1911-1912), «Փայլակ» (1915–1917), «Ծիածան» (1916), «Նեցուկ» (1917), «Ապառաժ» (1917-1919), «Արցախ» (1919), «Նոր կեանք» (1919) և ռուսերեն մի քանի թերթեր)[1]։

1891 թվականին քաղաքում եղել է երեք գրախանութ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Այվազյան, Հովհաննես, ed. (2015). Հայ գրատպություն և գրքարվեստ. հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 850. ISBN 978-5-89700-042-5.
  2. ԿԳՄՍՆ, ՀՀ. «Արցախի գանձերը. տպարաններ». ՀՀ ԿԳՄՍՆ (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել