Շնորհք Գալուստյան

հայ քահանա, գրող

Շնորհք արք. Գալուստյան (Շնորհք Պատրիարք, սեպտեմբերի 27, 1913(1913-09-27), Յոզգաթ, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 7, 1990(1990-03-07), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), Պոլսո Հայոց 83-րդ պատրիարք, հասարակական և հոգևոր-մշակութային գործիչ, մտավորական ու գրող։

Շնորհք Գալուստյան
Շնորհք Գալուստյան
Կառավարում
Տիտղոս Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք (82-րդ)
Ժամանակամիջոց Հոկտեմբերի 11, 1961 թ-Մարտի 7, 1990
Եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Անձնական տվյալներ
 
Կրթություն Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան
Գործունեություն Հոգևոր-մշակութային գործիչ
Մտավորական
Գրող
Անունը ծնվելիս Արշակ Գալուստյան
Ծնվել է 1913 թ.
Մահացել է Մարտի 7, 1990
Մահվան վայր Էջմիածին, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Թաղված է Կոստանդնուպոլիս, Թուրքիա Թուրքիա
Հայր Միհրան Գալուստյան
Մայր Շուշան-Կյուլթանե Գալուստյան
Ձեռնադրում 1935 թ.
← Գարեգին Խաչատուրյան        Գարեգին Բ Գազանճյան →

Կենսագրություն

խմբագրել

Վաղ տարիները

խմբագրել

Շնորհք արք. Գալուստյանը ծնվել է 1913 թ. Թուրքիայի Յոզգատի շրջանի Իյտելի գյուղում (Ավազանի անունով Արշակ Գալուստյան)։ Հայրը՝ Միհրան Գալուստյանը գյուղի ամենահարուստ ու ազդեցիկ մարդկանցից էր։ Ուներ մեկ եղբայր՝ Արմեն, և երկու քույր՝ Շնորհիկ և Անույշ։ Հայրը, եղբայրը և Անույշը տարբեր պատճառներով մահացան 1915-1923 թթ.։ 1922 թ.-ին Արշակը տեղափոխվում է նախ Նահր Իբրահիմի «Լիբանան», ապա Նազարեթի «Պաղեստին» ամերիկյան որբանոցները, ապա նաև Կեսարիայի Թալաս գյուղի Ամերիկյան քոլեջը, որը այդ տարիներին վերածվել էր որբանոցի։ Այս տարիներից սկսած Արշակը 33 տարի բաժանված է մնում իր ընտանիքից։

 
Շնորհք արք. Գալուստյանը Բեյրութի որբանոցում

Երուսաղեմում ապրելու տարիները

խմբագրել

1927 թ.-ի հուլիսի 27-ին ընդունվում է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան։ 1932 թ.-ին ձեռնադրվում է սարկավագ։ 1935 թ.-ին ձեռամբ Թորգոմ արք. Գուշակյանի ձեռնադրվում է աբեղա՝ ստանալով Շնորհք անունը։ 1936 թ.-ին նշանակվում է Ժառանգավորաց վարժարանի տեսուչ։ 1937 թ.-ին նշանակվում է Սրբոց Հակոբյանց տպարանի տեսուչ և պատրիարքարանի «Սիոն» պաշտոնաթերթի փոխ-խմբագիր։ Զբաղվել է ուսուցչությամբ Սրբոց Թարգմանչաց վարժարանում։ Նույն թվականին ձեռամբ Թորգոմ պատրիարք Գուշակյանի ստանում է վարդապետական գավազանի մասնավոր իշխանության չորս աստիճանները։

Հովվություն

խմբագրել

Եղել է Հայֆայի և շրջակայքի հոգևոր հովիվ։ 1941 թ.-ին ուղևորվում է Անթիլիասի Դպրեվանք։ 1945 թ.-ին նշանակվում է Լոնդոնի հայոց հոգևոր հովիվ։ 1948 թ.-ին հրավիրվում է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգ՝ հովվելու այնտեղի երեք քաղաքները։ 1952 թ.-ին ձեռամբ Կալիֆորնիայի առաջնորդ Տիրան արք. Ներսոյանի ստանում է Ծայրագույն վարդապետի աստիճան։

Եպիսկոպոսության և պատրիարքության տարիները

խմբագրել

1956 թ-ին ձեռամբ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի ձեռնադրվում է եպիսկոպոս։ ԱՄՆ վերադառնալիս լինում է Կոստանդնուպոլսում ու 33 տարվա բաժանումից հետո առաջին անգամ հանդիպում մորը։ Նույն թվականին մասնակցում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսական ընտրություններին։ 1956-ին մեկնում է Երուսաղեմ, ուր մեկ տարի անց ընտրվում է Սուրբ Աթոռի Լուսարարապետ։ 1961 թ.-ին մեկնում է Կ. Պոլսի և Գարեգին պատրիարք Խաչատուրյանի խնդրանքով երկարաձգում է իր կեցաւոյթւոնը այնտեղ մինչև 1961 թ.-ը։ 1961 թ.-ի հոկտեմբերի 11-ին, Գարեգին Խաչատուրյան պատրիարքի մահվանից հետո, պոլսահայ համայնքի միահամուռ փափագով Շնորհք արք. Գալուստյանը ընտրվում է Պոլսո Հայոց 82—րդ պատրիարք։ Շնորհք Գալուստյանի պատրիարքության տարիներին սերտանում են Մայր Աթոռի և Պոլսո Հայոց պատրիարքության հարաբերությունները։ 1979 թ.-ին Շնորհք պատրիարքը հանդիպում է Ստամբուլ այցելած Հռոմի Հովհաննես Պողոս II պապի հետ։ Շնորհք արք. Գալուստյանը վախճանվում է 1990 թ.-ի մարտի 7-ին Մայր Աթոռ Սբ Էջմիածնում, ուր գտնվում էր երկրաշարժի աղետյալներին օգնություն, սփոփանք և մխիթարություն բաշխելու համար։ Շնորհք պատրիարքի մարմինը Կ. Պոլիս է տեղափոխվում 1990 թ.-ի մարտի 14-ին։ Վերջին օծումը կատարվում է մարտի 18-ին։ Շնորհք արք. Գալուստյանի մարմինը ամփոփված է Շիշլիի հայկական գերեզմանատանը։

1965 թվականին, երբ ամբողջ աշխարհում ակտիվացել էր Հայ Դատի լուծման համար պայքարը ու նշվում էր Հայոց ցեղասպանության 50-ամյակը, մի ասուլիսի ժամանակ թուրք լրագրողները հարցնում են Շնորհք պատրիարքին. -Արդյո՞ք եղել է ցեղասպանություն։ Պատրիարքը խուսափողական պատասխան է տալիս ու ասում, որ ինքը պատմաբան չէ, ու այդ հարցին թող նրանք պատասխանեն։ Սակայն թուրք լրագրողները շարունակում են պնդել հարցը ու պատրիարքը պատասխանում է. -1915-ին ես 7 տարեկան էի, մեր 70 հոգանոց գերդաստանից միայն ես ու մայրս ողջ մնացինք։ Աքսորի ժամանակ մորս էլ կորցրի, քանի որ նա ստիպված ամուսնացավ մուսուլման մի թուրքի հետ։ Հիմա դուք ինձ պատասխան տվեք, թե ո՞ւր են իմ ազգականները։ Եթե դուք գտնեք այս հարցի պատասխանը, դրանով նաև պատասխանած կլինեք «ցեղասպանությունը եղե՞լ է, թե՞ ոչ» հարցին[2]։

Հուշեր Շնորհք Պատրիարքի մասին

խմբագրել

Պատրիարք Հայրը, իր պատրիարքության առաջին տասնամյակի ընթացքին, երբ Ամերիկա էր գնացել, ամերիկահայերը ցանկացել են «Քադիլաք» մակնիշի մի մեքենա նվիրել Պատրիարքարանին։ Այդ շրջանին Պատրիարքարանը ուներ խղճալի ու խարխուլ մի մեքենա և Շնորհք Պատրիարքը դրանով էր երթևեկում այստեղ ու այնտեղ։ Պատրիարք Հայրը մերժում է, ավելորդ շռայություն նկատելով այդպիսի մեքենայի ընդունումը մինչև իսկ նվերի կարգավիճակով; Իմ հերթին ես էլ փորձեցի համոզել իրեն, հայտնելով, որ Պատրիարքարանի պատիվը մեր բոլորիս պատիվն է և պատշաճ է, որ Պատրիարքը իր տրամադրության տակ ունենա ներկայանալի մի մեքենա։ Չհամոզվեց։ Ի վերջո ամերիկահայերին թելադրեց, որ նրանք հրաժարվեին «Քադիլաք» մեքենա գնելուց և գումարը հատկացնեին գավառից եկած չքավոր ընտանիքներին ու գաղթականներին։ Այդպես էլ եղավ։ Եվ պատրիարք հայրը դեռևս երկար ժամանակ շարունակեց երթևեկել այդ խարխուլ մեքենայով…[3]։

1989 թվին Պոլսում տպագրվել է Շնորհք պատրիարքի հուշատետրից մի հատված։ Սակայն հուշատետրի մնացյալ մասի ճակատագրին վերաբերյալ ոչ մի տեղեկություն գոյություն չունի։ Կամ այն մնում է հրատարակիչների մոտ, կամ էլ վերադարձվել է պատրիարքարան[4]։

Երկերը

խմբագրել
  • Քննական մոտեցում Երուսաղեմի Պատրիարքական Աթոռի Տագնապին. Տերտերյանի Անօրենությունները (Փարիզ, 1961)։
  • Ավետարան Ըստ Մատթեոսի «վերածում» -(Ստամբուլ, 1966)
  • Ավետարան Ըստ Մարկոսի «վերածում»- (Ստամբուլ, 1966)
  • Ավետարան Ըստ Ղուկասի «վերածում»- (Ստամբուլ, 1966)
  • Ավետարան Ըստ Հովհաննեսի «վերածում»- (Ստամբուլ, 1966)
  • Ձեռագրերի Գողության Գայթակղությունը- (Ստամբուլ, 1969)
  • Նկատողություններ Երուսաղեմի Հանձնաժողովի Տեղեկագրի Մասին- (Ստամբուլ, 1967)
  • Մեծ Պահքի Կիրակիների Ոսկի Շղթան- (Ստամբուլ, 1971)
  • Գունագեղ Կիրակիներ և Հոգեգալուստ- (Ստամբուլ, 1972)
  • Միությունը և Միասնությունը Կը կազմեն Եկեղեցիի Էութիւնը-(Ստամբուլ, 1973)
  • Ներսես Շնորհալիու Ընդհանրական Թուղթ «վերածում»- (1973)
  • Ներսես Շնորհալիու Գիրք Որ Կը Կոչուի Յիսուս Որդի «վերածում»- (Ստամբուլ, 1974)
  • Ավագ Շաբաթ – (Բեյրութ, 1974)
  • Տաղավար Տոներ – (Երուսաղեմ, 1976)
  • Յոթը Պատգամներ՝ Յոթը Եկեղեցիների – (Ստամբուլ, 1977)
  • Աստվածաշնչական Սուրբեր – (1977)
  • Համաքրիստոնեական Սուրբեր – (1978)
  • Հայազգի Սուրբեր – (Ստամբուլ, 1982), (Բ. Տպ. Երևան 1997, Գ, Տպ. Ստամբուլ 1998)
  • Ավետարան Հիսուսի Քրիստոսի «վերածում»- (Անթիլիաս, 1979)
  • Ա. Ճ. Ռասըլի «խմբ.» Աստուծո Կանչը «Թարգմանություն» (Ստամբուլ, 1980)
  • Սաղիմական Ձեռագրերի Գողության Հարցը Նոր Տվյալների Լոյսի Ներքո- (Ստամբուլ, 1985)
  • Ուխտագնացություն և Հովվպետական Այցելություն Գավառի Մեր Եկեղեցիներ և Համայնքներ- (Ստամբուլ, 1989)

Արտաքին հղումներ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131993305 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Ռ. Մելքոնյան, «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության»,
  3. Ռ. Հատտեճյան, «Հիշելով մեր սիրեցյալ Շնորհք Պատրիարքը»,(Պոլիս, 1990 թ.)
  4. Սեւան Տէյիրմենճեան, Ո՞ւր է Շնորհք պատրիարքին յուշատետրը