Շեհերազադե (սյուիտ)

Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի սիմֆոնիկ սյուիտ

«Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը (ռուս.՝ Шехераза́да), ռուս հռչակավոր երգահան, մանկավարժ, դիրիժոր, հասարակական գործիչ և երաժշտական քննադատ, «Հզոր խմբակ» երաժշտական խմբակի անդամ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործություններից է։ Այն ոչ միայն Ռիմսկի-Կորսակովի, այլև համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության լավագույն գործերից է։ Կոմպոզիտորն այն գրել է 1888 թվականին, ըստ «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթների[1]։

Շեհերազադե
Տեսակերաժշտական գործ/ստեղծագործություն
ԿոմպոզիտորՆիկոլայ Ռիմսկի-Կորսակով
 Rimsky-Korsakov - Scheherazade Վիքիպահեստում

Այստեղ, կոմպոզիտորի նպատակը չի եղել հետևողական կերպով բացահայտել այդ հեքիաթների բովանդակությունն ամբողջությամբ, այլ տվել է նրանցից վերցրած առանձին հեքիաթային կերպարների և էպիզոդների ազատ վերարտադրությունը։ Նրա երաժշտության արևելյան երանգները պայմանվորված են սյուիտի հիմքում ընկած ծրագրով[2]։

Պատմություն խմբագրել

1887 թվականի ձմռանը, երբ Ռիմսկի-Կորսակովն աշխատում էր Ալեսքանդր Բորոդինի «Իշխան Իգոր» օպերայի վրա, որը Բորոդինի մահվանից հետո ավարտեցին և գործիքավորեցին Ալեքսանդր Գլազունովի հետ միասին, որոշում է սիմֆոնիկ մի սյուիտ գրել «Հազար ու մի գիշեր» արաբական հեքիաթների մոտիվներով[3]։

1888 թվականի ամռանը կոմպոզիտորն ավարտեց «Շեհերազադե» սիմֆոնիկ սյուիտը[4]։ Սյուիտը մի քանի մասից բաղկացած պիեսների շարք է և սովորաբար, սյուիտում առանձին մասերի միջև եղած կապը բավականին թույլ է։ Սակայն «Շեհերազադեն» իրենից ներկայացնում է չորս մասերից կազմված մի ամբողջական գործ, որտեղ մասերը միացած են ծրագրային մտահաղացմամբ և ընդհանուր թեմատիկ նյութով։

«Շեհերազադե», Op. 35 - 01, «Ծովը և Սինդիբադի նավը»
«Շեհերազադե», Op. 35 - 02, «Արքայորդի Կալենդերի պատմությունը»
«Շեհերազադե», Op. 35 - 03, «Արքայորդին և արքայադուստրը»
«Շեհերազադե», Op. 35 - 04, «Բաղդադի տոնակատարությունը և նավը»

Ստեղծագործության մոնումենտալ մասշտաբներն ու առանձի մասերում կիրառված սոնատային ձևը մոտեցնում է սյուիտը սիմֆոնիայի[5]։ Ստեղծագործությունը կոմպոզիտորը նկարագրում է այսպես․ Սուլթան Շահրիարը մտածում է, որ կանայք անհավատարիմ են, և նրանց անհավատարմությունը պատժելու համար որոշում է ամեն օր ամուսնանալ մի նոր կնոջ հետ, իսկ հաջորդ օրը նրան գլխատել[6]։ Շեհերազադեն փրկում է իր կյանքը՝ ամեն օր մի նոր և հետաքրքիր հեքիաթ պատմելով, և այդ պատմությունները դիտմամբ կիսատ թողնելով։ Նա մի հեքիաթն ավարտեուց հետո սկսում է նորը, և այսպես հազար ու մի գիշեր, իսկ սուլթանը հետաձգում է մահապատիժը, հեքիաթների վերջաբանն իմանալու համար։ Նա սիրահարվում է Շեհերազադեին և հրաժարվում իր դաժան որոշումից։

«Շեհերազադե» սյուիտը բաղկացած է չորս մասից։ Սկզբում կոմպոզիտորը յուրաքանչյուր մասին ենթավերնագրեր է տվել[4][7]

1-ին - «Ծովը և Սինդբադի նավը»

2-րդ - «Արքայորդի Կալենդերի պատմությունը»

3-րդ - «Արքայորդին և արքայադուստրը»

4-րդ - «Բաղդադի տոնակատարությունը և նավը, որը փշրվում է, խփվելով ժայռին»։

Հետագայում կոմպոզիտորը հրաժարվում է այս ենթավերնագրերից և տալիս է «Շեհերազադե» վերնագիրը[3]։

Կառուցվածք խմբագրել

Առաջին մաս խմբագրել

 
Սուլթանի և Շեհերազադեի թեման

Largo e maestoso – Lento – Allegro non troppo – Tranquillo - Մի մինոր-մի մաժոր (E minor – E major)

Այս մասը սկսվում է նախանվագով, որտեղ հնչում են սուլթանին և Շեհերազադեին բնութագրող թեմաները։ Առաջին թեմայում նկարագրվում է գոռոզ և հրամայող սուլթանի կերպարը՝ լարային և փողային գործիքների միաձայն շարադրանքով, երկու օկտավա հեռավորությամբ[4]։

Շեհերազադեի թեման մեղմ է, երազկոտ։ Այն պատկերում է երիտասարդ, բայց միևնույն ժամանակ հնարամիտ սուլթանուհու կերպարը։ Այստեղ ջութակի նուրբ մենանվագի մեղեդին հնչում է արֆայի նվագակցությամբ։

Ձևափոխվելով և նոր, բազմազան կերպարների հիմք հանդիսանալով, այս երկու թեմաները հետագայում լայն զարգացում են ստանում սյուիտի չորս մասերում։

Առաջին մասում ծովի նկարագիրն է։ Այն գրված է սոնատային ձևով, առանց մշակման։

Գլխավոր թեման հնչում է հանդարտ ու վեհ, գրեթե ամբողջ մասում պահպանված, ծովի ալիքները պատկերող նվագակցության ներքո։

Երկու օժանդակ թեմաները, թեև տարբերվում են թեմատիկ նյութով, խիստ հակադրություն չեն մտցնում երաժշտության մեջ։ Առաջինը՝ հանդարտ և սահուն բնույթով նկարագրում է Սինդբադի նավը, որը սահում է ալիքների վրայով, իսկ երկրորդն ընդգծում է ծովի ալիքների անհանգստությունը, և հիմնված է Շեհերազադեի թեմայի վրա։ Աստիճանաբար այդ անհանգստությունն ուժեղանում է և ռեպրիզայի սկզբում վերածվում փոթորկի տեսարանի նկարագրության։ Վերջում ծովը խաղաղվում է և առաջին մասն ավարտում է մեղմ ու հանդարտ ակորդներով։

Երկրորդ մաս խմբագրել

Lento – Andantino – Allegro molto – Vivace scherzando – Moderato assai – Allegro molto ed animato - Սի մինոր (B minor)

Այս մասը սկսվում է Շեհերազադեի թեմայի շարադրանքով, այնուհետև հնչում է հիմնական թեման՝ Կալենդերի պատմության թեման։ Սա մի պատմություն է արևելյան հրաշալիքների մասին։

Երկրորդ մասը գրված է եռամասանի ձևով, որտեղ առաջին և վերջին մասերում հիմնական թեման ենթարկվում է վարիացիոն փոփոխությունների։ Միջին մասի երաժշտությունը մարտի տեսարան է հիշեցնում։ Այն ավելի լարված է, հագեցած սուր ռիթմիկ դարձվածքներով[3]։

Երրորդ մաս խմբագրել

Andantino quasi allegretto – Pochissimo più mosso – Come prima – Pochissimo più animato - Սոլ մաժոր (G major)

Այս մասն ավելի հանդարտ է, քնարական, հիմնված երկու թեմաների վրա, որոնցից առաջինը երգային է և մարմնավորում է արքայազնին, իսկ երկրորդը՝ արքայադստերը։ Երրորդ մասն առաջինի նման գրված է սոնատային ձևով, առանց մշակման։ Երկրորդ թեման հանդես է գալիս իբրև օժանդակ թեմա, մոտ է առաջին թեմային, սակայն ավելի շարժուն է, նազանի, նման է արևելյան պարեղանակի[5]։

Ռեպրիզայում երկու թեմաները հնչում են նոր գործիքային երանգներով։ Այստեղ կրկին հանդես է գալիս Շեհերազադեի թեման (ջութակի մենանվագը), որը միահյուսվում է արքայազնի թեմայի հետ։ Այսպես կոմպոզիտորը մեկ անգամ ևս ընդգծում է, որ պատմությունների հեղինակը Շեհերազադեն է[4]։

Չորրորդ մաս խմբագրել

Allegro molto – Lento – Vivo – Allegro non troppo e maestoso – Tempo come I - Մի մինոր-մի մաժոր (E minor – E major)

Այս մասի հիմնական թեման սրընթաց և կրակոտ է, բնորոշ ռիթմը պահպանված է գրեթե ամբողջ մաասի ընթացքում։ Նախորդ մասերի գրեթե բոլոր թեմաներն այստեղ անցնում են մրրիկի նման, հիշեցնելով ծանոթ հեքիաթների կերպարները։

Սյուիտի ավարտը նկարագրում է տոնակատարության տեսարանը Բաղդադում։ Սուլթանի թեման այստեղ հնչում է աշխույժ, նախապատրաստելով սյուիտի այս մասում արտահայտված տոնակատարական տրամադրությունը։ Իր ձևով սյուիտի այս մասը բավականին բարդ է։ Այն ունի յուրահատուկ կառուցվածք, իր մեջ կրում է և սոնատային ձևի և ռոնդոյի գծեր։

Ֆինալի վերջին մասը ունկնդրին կրկին վերադարձնում է առաջին մասի ծովի նկարագրին՝ փոթորկոտ ծովը, ծովագնացների պայքարը, որն ավարտվում է հանդարտ, խաղաղ ծովի ալիքների ծփանքը նկարագրող երաժշտությամբ[5][8]։ Նախաբանի երկու թեմաները հնչում են հակառակ հաջորդականությամբ, սկզբում՝ Շեհերազադեի թեման, աայնուհետև գոռոզ սուլթանի։ Վերջինիս թեման հնչում է մեղմացած՝ կարծես հաստատելով, որ Շեհերազադեի պատմությունները ստիպեցին իրեն հրաժարվել իր մտադրությունից[5]։

Այլ կիրառություններ խմբագրել

 
Ֆյոդոր Կազլով, «Շեհերազադե», 1913

1910 թվականի հունիսի 4-ին Փարիզի Գրանդ օպերայում տեղի է ունեցել «Շեհերազադեի» բալետային ադապտացված պրեմիերան՝ Դյագիլևայի ռուսական բալետի կողմից։ Բալետի խորեոգրաֆիան արել է Միխայիլ Ֆոկինը, լիբրետոն գրել են Լեոն Բակստը և Ֆոկինը, իսկ հագուստներն ու դիզայնը արվել է Բակստի կողմից։ Ռիմսկի-Կորսակովի այս ստեղծագործությունը հնչել է ոչ միայն ակադեմիական երաժիշտների, այլև բազմաթիվ էստրադային արտիստների կատարմամբ՝ բազմաթիվ վերամշակումներով։

  • Բրիտանական Դիփ Փարփլ ռոք-խումբը (Deep Purple) վերամշակել է «Շեհերազադեի» առաջին մասը «Prelude: Happiness/I’m So Glad», Ջոն Լորդի կատարմամբ։ 1968 թվականին ստեղծագործությունը մտել է «Shades of Deep Purple» ալբոմի ցանկը։
  • «Կովկասի գերուհին» ֆիլմի մեջ հնչում է հատված «Շեհերազադեից»
  • «Ջրահարսը» մուլտֆիլմում հնչում է երաժշտություն «Շեհերազադեից»
  • Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղեր 2014ի փակման արարողության ժամանակ հնչել է երաժշտություն «Շեհերազադեից»
  • «Հազար ու մի գիշեր» հեռուստասերիալի սաունդթրեքն է։

Երաժշտական գործիքներ, գործիքավորում խմբագրել

Այս ստեղծագործությունը գրված է նվագախմբի համար[9]

Փայտյա փողային երաժշտական գործիքներ

2 ֆլեյտա և պիկոլո

2 հոբոյ

2 կլառնետ

2 կլառնետ A և B♭

2 ֆագոտ

Պղնձյա փողային գործիքներ

4 գալարափող F

2 շեփոր A և B♭

3 տրոմբոն

1 տուբա

Հարվածային գործիքներ

Լիտավր

Մեծ թմբուկ

Փոքր թմբուկ

Ծնծղաներ

Եռանկյունի

Դափ

Գոնգ

Լարային գործիքներ

Տավիղ

Ջութակներ

Ալտեր

Թավջութակներ

Կոնտրաբասեր

Տես նաև խմբագրել

  • List of compositions by Nikolai Rimsky-Korsakov

Գրականություն խմբագրել

  • Երաժշտական գրականություն, Սուսաննա Ամատունի, «Սովետական գրող»հրատ․, Երևան-1981

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jacobson, Julius H.; Kevin Kline (2002). The classical music experience: discover the music of the world's greatest composers. New York: Sourcebooks. էջ 181. ISBN 978-1-57071-950-9.
  2. Minderovic, Zoran. «Nikolay Andreyevich Rimsky-Korsakov, Scheherazade, Symphonic Suite for Orchestra, op. 35». Dayton Philharmonic. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 Rimsky-Korsakov, Nikolay Andreyevich (1942). My Musical Life. translated by Judah A. Joffe (3rd edition). Alfred A. Knopf.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Rimsky-Korsakov (1942:291–94).
  5. 5,0 5,1 5,2 5,3 Griffiths, Steven. (1989) A Critical Study of the Music of Rimsky-Korsakov, 1844–1890. New York: Garland, 1989.
  6. «Scheherazade, Op. 35». The Kennedy Center. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 28-ին.
  7. Lieberson, Goddard (1947). Goddard Lieberson, ed. The Columbia Book of Musical Masterworks. New York: Allen, Towne & Heath. p. 377.
  8. "Scheherazade, Op. 35". The Kennedy Center. Retrieved 2008-10-28.
  9. Schiavo, Paul. «Program Notes». Saint Louis Symphony Orchestra. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեհերազադե (սյուիտ)» հոդվածին։