Պոլիկլինիկա (պոլի (հին հունարեն՝ πόλι - բազմաթիվ) և կլինիկա (κλινική, բուժել) բառարմատներից), բուժական կանխարգելիչ հիմնարկություն, որը արտահիվանդանոցային բժշկական մասնագիտական օգնություն է ցույց տալիս բնակչությանը։ Ամբուլատոր-պոլիկլինիկային հիմնարկները միավորված են հիվանդանոցների հետ, սակայն կան նաև ինքնուրույն պոլիկլինիկաներ։ Բոլոր պոլիկլինիկաներն ունեն կաբինետներ, ուր հիվանդներին ընդունում են մասնագետ բժիշկները՝ հիմնական բժշկական մասնագիտությունների գծով, ռենտգենաբանության և ֆիզիոթերապևտիկ բաժանմունքներ, կլինիկա-ախտորոշիչ լաբորատորիա և այլն։

Պոլիկլինիկա Սլովակիայի Կոշիցե քաղաքում

Պոլիկլինիկան կատարում է նաև կանխարգելիչ աշխատանքներ, արդյունաբերական ձեռնարկություններում աշխատողների պարբերաբար զննումներ, նպատակային զննումներ հիվանդությունների (քաղցկեղ, տուբերկուլոզ, շաքարախտ), նախնական ձևերի հայտնաբերման նպատակով, կանխարգելիչ պատվաստումներ, բնակչության տարբեր խմբերի դիսպանսերացում են։ Ծառայությունն իրականացվում է ըստ բնակավայրի և աշխատավայրի։ Կան երեխաների համար, ինչպես նաև հատուկ բժշկական հիմնարկություններին կից առանձին Պոլիկլինիկաներ։ Մանկական պոլիկլինիկան ազմակերպում է երեխաների արտահիվանդանոցային բուժօգնությունը (նորածիններից մինչև 14 տարեկանը ներառյալ), ապահովում երեխաների առողջության, ֆիզիկական, նյարդա-հոգեկան զարգացման դիսպանսերային հսկողությունը, երեխաների և ծնողների սան-հիգիենային դաստիարակությունը։ Ինքնուրույն մանկական պոլիկլինիկաներն ունեն մանկաբուժական հիմնական բաժանմունքներ, մասնագիտացված (մանկական վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջի, աչքի, երիկամային հիվանդությունների), ախտորոշիչ, բուժական ֆիզկուլտուրայի և մերսումների սենյակներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 354 CC-BY-SA-icon-80x15.png