Անդրեաս Արզումանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Արզումանյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Անդրեաս Հոսեփի Արզումանյան (հուլիսի 18, 1876, Թաղավարդ - ապրիլի 24, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն), հայ բժիշկ, նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1914), պրոֆեսոր (1925)։
Ծնվել է | հուլիսի 18, 1876 |
---|---|
Ծննդավայր | Թաղավարդ |
Մահացել է | ապրիլի 24, 1931 (54 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն |
Կրթություն | Լազարյան ճեմարան և Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան |
ԿենսագրությունԽմբագրել
Սկզբնական կրթությունն ստացել է Շուշիի ծխական դպրոցում։ 1898 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, իսկ 1903 թվականին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մինչև 1904 թվականը աշխատել է նույն համալսարանի թերապևտիկ կլինիկայում, ապա նշանակվել Կոստրոմայի մարզի երկու տեղամասերի և հիվանդանոցների վարիչ, սակայն շուտով զորակոչվել է և մինչև 1906 թվականը ծառայել որպես գնդի բժիշկ։ Զորացրվելուց հետո աշխատանքի է անցել Մոսկվայի Վ. Ռոտի նյարդային հիվանդությունների կլինիկայում։ 1914 թվականին զորակոչվել և Սիբիրյան գնդի կազմում մասնակցել է ավստրո-գերմանական ճակատի ռազմական գործողություններին։ Պատերազմում աչքի ընկած ծառայությունների համար 1915 թվականին պարգևատրվել է մի շարք մարտական շքանշաններով։
1926-1931 թվականներին ղեկավարել է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետի նյարդախտաբանության և հոգեբուժության ամբիոնը։
Գիտական գործունեությունԽմբագրել
Մոսկվայում նա կատարել է իր գիտական առաջին ուսումնասիրությունները, որոնցից առավել արժեքավորները հրատարակվել են Ս. Կորսակովի անվան նյարդախտաբանության և հոգեբուժության հարցերին նվիրված գիտական հանդեսում։ Ուսումնասիրել է գիգանտիզմին, սուր բազմակի նևրիտին, ուղեղի հավելումներին ու գանգի հիմի ուռուցքներին, ցրված սկլերոզին վերաբերող հարցեր։ «Գլխուղեղի և ողնուղեղի բազմակի սկրելոզ» աշխատությունը նա 1914 թվականին պաշտպանել է որպես դոկտորական ատենախոսություն[1]։
Անդրեաս Արզումանյանի գիտական աշխատությունները նվիրված են բազմանյարդաբորբի, հիպոֆիզի և գանգի հիմքի ուռուցքների ուսումնասիրություններին։ Հայաստանում աշխատելու տարիներին մեծ ուշադրություն է նվիրել մալարիայի հետևանքով առաջացած նյարդաբորբերի, ընդհանուր և սուր ատաքսիայի, վիրաբուժական տուբերկուլոզի բուժման ընթացքում նյարդահոգեկան ոլորտի բարդությունների հարցերին։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 126։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 48)։ |