Յոհան Պախելբել (գերմ.՝ Johann Pachelbel, սեպտեմբերի 1, 1653(1653-09-01)[1][2][3][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2] - մարտի 3, 1706(1706-03-03)[5][6][7][…], Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2]), գերմանացի կոմպոզիտոր և երգեհոնահար։ Պախելբելի ստեղծագործական ժառանգությունը բարոկկոյի ժամանակաշրջանի հարավ-գերմանական երգեհոնային երաժշտության գագաթներից մեկն է։ Հատկապես մեծ է նրա նպաստը բողոքական եկեղեցական երաժշտության զարգացման գործում։ Հանրությանը Յոհան Պախելբելն առավելապես հայտնի է իր «Կանոն ռե մաժոր» ստեղծագործությամբ, որով, սակայն, դժվար է կարծիք կազմել նրա ոճի մասին։

Յոհան Պախելբել
Յոհան Պախելբել.gif
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունգերմ.՝ Johann Pachelbel
Ծնվել էսեպտեմբերի 1, 1653(1653-09-01)[1][2][3][…]
Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2]
ԵրկիրԳերմանիա[4]
Մահացել էմարտի 3, 1706(1706-03-03)[5][6][7][…] (52 տարեկան)
Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա[2]
ԺանրերՖուգա, կանոն, Չակոնա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգեհոնահար և ուսուցիչ
Գործիքներերգեհոն
ԿրթությունԱլտդորֆի համալսարան
Ստորագրություն
Ստորագրություն
Johann Pachelbel Վիքիպահեստում

Կյանքի վաղ շրջանըԽմբագրել

Յոհան Պախելբելը ծնվել է Նյուրնբերգում և մկրտվել է 1653 թվականի սեպտեմբերի 1-ին։ Նրա ծննդյան ստույգ ամսաթիվը հայտնի չէ, բայց, ինչպես ենթադրվում է, ծնվել է օգոստոսին։ Երաժշտական նախնական կրթությունը ստացել է Սուրբ Սեբալդի եկեղեցու երգիչ Հենրիխ Շվեմերի և նույն եկեղեցու երգեհոնահար Գէորգ Կասպար Վեկերի մոտ։ 15 տարեկանում Յոհանն ընդունվեց Ալտդորֆի համալսարան, որտեղ ուսանելու տարիներին միաժամանակ տեղի եկեղեցիներից մեկում աշխատում էր որպես երգեհոնահար։ Սակայն չքավորության պատճառով նա ստիպված եղավ կիսատ թողնել ուսումը համալսարանում, որտեղ դեռ մեկ լրիվ տարի էլ չէր հաճախել։ Ավելի ուշ Պախելբելն ընդունվեց Բանաստեղծների գիմնազիա (Gymnasium poeticum), որը գտնվում էր Ռեգենսբուրգ քաղաքում։ Այս դպրոցի տնօրինությունը, տպավորվելով Պախելբելի ունակություններով, նրան թույլ տվեց երաժշտական կրթություն ստանալ գիմնազիայից դուրս՝ Կասպար Պրենցի մոտ, ով եղել էր Յոհան Կասպար Կերլի աշակերտը։ 1673 թվականին Պախելբելը դարձավ Վիեննայի Սուրբ Ստեփանոսի մայր տաճարի երկրորդ երգեհոնահարը։ Վիեննայում անցկացնելով մի քանի տարի, 1677 թվականին նա տեղափոխվեց Այզենախ, որտեղ ստանձնեց Սաքսենյան դքսության պալատական երգեհոնահարի պաշտոնը՝ Յոհան Գէորգի փոխարեն։ Այզենախում նա մտերմացավ Բախերի ընտանիքի հետ, դարձավ Յոհան Ամբրոսիոս Բախի լավագույն ընկերը (կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախի հոր) և սկսեց դասավանդել նրա երեխաներին։ Բախերի և Պախելբելի միջև բարեկամությունը պահպանվեց նաև վերջինիս Էրֆուրտ տեղափոխվելուց հետո։ Պախելբելը դարձավ Յոհան Ամբրոզիայի դստեր՝ Յոհաննա Յուդիթի կնքահայրը և սկսեց դասավանդել նրա որդուն՝ Յոհան Քրիստոֆին։ Այզենախում Պախելբելն անցկացրեց միայն մեկ տարի. վախճանվել էր իրեն աշխատանքի ընդունողի եղբայրը, և նրանց ընտանիքում հաստատված սգո ժամանակահատվածում պալատական երաժիշտների թիվը կրճատվեց, ինչի արդյունքում Պախելբելը մնաց առանց աշխատանքի։ Կապելմայստեր Էբերնիլից ստանալով աշխատանքային բնութագիր իր մասին (որում Պախելբելը կոչված էր «կատարյալ և հազվագյուտ վիրտուոզ»), նա հեռացավ Այզենախից 1678 թվականի մայիսի 18-ին։ Մեկ ամիս անց Յոհանն Էրֆուրտում ստացավ Պրեդիգերկիրխեի տաճարի երգեհոնահարի պաշտոնը, որը վարեց տասներկու տարի։ Վաստակելով հիանալի երգեհոնահարի և կոմպոզիտորի համբավ, Պախելբելն Էրֆուրտում աշխատած տարիներին դարձավ գերմանացի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը (հավանաբար դրան նպաստեց այն հանգամանքը, որ նա, գործի բերումով, գրում էր երգչախմբային պրելյուդներ և այլ ստեղծագործություններ)։

Պախելբելի ամուսնությունները և զավակներըԽմբագրել

Էրֆուրտում ապրած տարիներին Պախելբելը երկու անգամ ամուսնացավ։ Նրա առաջին կինն էր Բարբարա Գաբլերը (ամուսնացել էին 1681 թվականի հոկտեմբերի 25-ին)։ Բայց Բարբարան, որդու հետ, մահացավ 1683 թվականին բռնկված ժանտախտի համաճարակի ժամանակ։ Երկրորդ անգամ Յոհանն ամուսնացավ Յուդիթ Դրոմերի հետ (1684 թվականի օգոստոսի 24-ին)։ Նրանք ունեցան հինգ որդի և երկու դուստր։ Պախելբելի որդիներից երկուսը՝ Վիլհելմ Հիերոնիմն ու Կարլ Թեոդորը, նույնպես դարձան կոմպոզիտորներ՝ հեղինակելով երգեհոնային ստեղծագործություններ։ Իսկ մյուս որդիներից Յոհան Միքայելը դարձավ երաժշտական գործիքներ պատրաստող վարպետ։ Դուստրերից Ամալյան էլ ճանաչվեց որպես գեղանկարիչ ու փորագրիչ։

Կյանքի վերջին տարիներըԽմբագրել

Չնայած որ Պախելբելը մեծ հաջողություն էր գտել իբրև երգեհոնահար, կոմպոզիտոր և մանկավարժ, նա աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց, հավանաբար ավելի լավ աշխատանք գտնելու հույսով։ Նա աշխատանքից ազատվեց 1690 թվականի օգոստոսի 15-ին, որից երեք շաբաթ էլ չանցած նա դարձավ Շտուտգարտի վյուրթեմբերգյան պալատի երաժիշտն ու երգեհոնահարը՝ դքսուհի Մագդալենա Սիբիլլայի հովանու ներքո։ Այս աշխատանքը նախորդից լավն էր, սակայն Պախելբելը ստիպված եղավ շուտով փախչել՝ ֆրանսիացիների ներխուժման սպառնալիքի պատճառով։ Նա վերադարձավ Նյուրնբերգ, որտեղից էլ անցավ Գոթ և այնտեղ, նոյեմբերի 8-ին, դարձավ քաղաքային երգեհոնահարը։ Պախելբելի նախկին ուսուցիչ և Սուրբ Սեբալդի եկեղեցու երգեհոնահար Գէորգ Կասպար Վեկերը մահացավ 1695 թվականի ապրիլի 20-ին։ Քաղաքային իշխանություններ այնքան էին ուզում, որ թափուր մնացած պաշտոնը ստանձնի Պախելբելը, որ նույնիսկ մրցույթ չէին հայտարարել, ինչպես ավանդույթն էր, այլ միանգամից նրան ուղարկել էին պաշտոնական հրավեր։ Պախելբելը համաձայնեց և Նյուրնբերգ վերադարձավ 1695 թվականի ամռանը։ Այստեղ նա ապրեց կյանքի մնացած տարիները և մահից հետո թաղվեց հայրենի քաղաքի Ռոխուսֆրիդհոֆ գերեզմանատանը։

ՍտեղծագործություններըԽմբագրել

 
Յոհան Պախելբելի շիրմաքարը՝ Նյուրնբերգի Ռոխուսֆրիդհոֆ գերեզմանատանը:

Յոհան Պախելբելին իր կյանքի օրոք առավելապես համբավ բերեցին նրա ավելի քան 200 երգեհոնային մեղեդիները։ Բացի դրանցից, Պախելբելը թողել է երաժշտական տարբեր տեսակների հոգևոր և աշխարհիկ ստեղծագործությունների մեծ ժառանգություն՝ սյուիտներ ու վարիացիաներ` կլավեսինի համար, վոկալ արիաներ, մագնիֆիկատներ, մոտետներ, կոնցերտներ։ Իսկ կամերային երաժշտությունների զգալի մասը գրված են պարտիտ տեսակին առանձնահատուկ ձևով։ Պախելբելի երաժշտության մեջ նկատելի է իտալական և հարավ-գերմանական կոմպոզիտորների ազդեցությունը։ Իտալական ազդեցությունը կարելի է նկատել նրա վաղ շրջանի ստեղծագործությունների մեջ, հատկապես 1869 թվականին գրված երկու արիաներում («So ist denn dies der Tag» և «So ist denn nur die Treu»): Ամենայն հավանականությամբ Յոհան Պախելբելն ուսումնասիրել է իր ուսուցչի՝ Յոհան Կասպար Կերլի ստեղծագործությունները, քանզի իր մեղեդիների մեջ ցայտուն կերպով նկատվում են դրանց ազդեցությունը։ Պախելբելի ստեղծագործությունների մեջ նկատելի են նաև իրեն ժամանակակից գերմանացի մեկ այլ կոմպոզիտորի՝ Յոհան Յակոբ Ֆրոբերգերի և մի քանի ֆրանսիացի կոմպոզիտորների ազդեցությունը։ Որպես կոմպոզիտոր՝ Յոհան Պախելբելին առավելապես հրապուրում էին վարիացիան և նմանատիպ երաժշտական մյուս տեսակները։ Նրա առաջին հրապարակված աշխատանքը եղավ երգչախմբային վարիացիաների ժողովածուն։ Դրանց կառուցվածքն օգտագործված է նաև Պախելբելի երգեհոնային ստեղծագործությունների մեջ։ Հանրաճանաչ «Կանոն ռե մաժոր»-ը նույնպես գրված է վարիացիայի ձևով։ Պախելբելի եկեղեցական երգեհոնային ստեղծագործությունների մեծ մասը, հատկապես երգչախմբային պրելյուդները, համեմատաբար պարզ են և գրված են միայն մեկ ստեղնաշարի համար, և երգեհոնի ոտնակներն օգտագործված չեն։ Դա մասամբ պայմանավորված է խմբերգերի լյութերական ավանդույթների հետ, որի համաձայն երգերն ուղեկցվում էին ժողովրդական գործիքների նվագակցությամբ (վյորջինելներ և կլավիկորդներ)։ Պախելբելի երգեհոնային այդ ստեղծագործությունները հաճախ փոխադրվում էին այդ նվագարանների համար, որոնք չունեին ոտնակներ, ուստի կոմպոզիտորը պարզեցնում էր իր մեղեդիները՝ հեշտացնելու համար գործիքավորողների գործը։ Բացի դրանից, այդ ստեղծագործությունների պարզությունը պայմանավորված էր նաև նրանով, որ երգեհոնները թանկ արժեին և դրանց թիվը խիստ սահմանափակ էր։ Ցավոք, այդ երգեհոններից ոչ մեկը չի պահպանվել մինչև մեր օրերը, բայց հայտնի է, որ էրֆուրտյան գործիքներն ունեին 27 ռեգիստր և 2 ստեղնաշար։ Համեմատության համար նշենք, որ 17-18-րդ դարերում ապրած երգեհոն պատրաստող վարպետ Յոհան Գոթֆրիդ Զիլբերմանի նվագարաններն ունեին 50 ռեգիստր և երեք ստեղնաշար։

Յոհան Պախելբելի երգեհոնային ստեղծագործությունների զգալի մասը կազմում են Պատարագի համար գրվածները, որոնք մոտ 70 խմբերգեր են և երգչախմբային պրելյուդներ։ Խմբերգերը Պախելբելը հիմնականում գրել է երեք կամ չորս ձայնի համար։ Կյանքի վերջին տարիներին Պախելբելը գրել է 95 ոչ մեծ ֆուգաներ՝ մագնիֆիկատների համար։ Դրանք Սուրբ Կույսին նվիրված փառաբանական երգեր են, որոնց խոսքերը վերցված են Ղուկասի ավետարանի (Ղուկ. 1, 46-55) լատիներեն թարգմանությունից։ Սովորաբար մագնիֆիկատների երգեցողությունը կամ ուղեկցվում էր երգեհոնահարի նվագով, կամ նախորդում էր երգեհոնային փոքրիկ պրելյուդին, ինչը որպես տոնայնության հուշում էր ծառայում երգչախմբի համար։ Բացի մագնիֆիկատների համար գրված այս 95 ֆուգաներից, Պախելբելը գրել է ևս 30 ֆուգա, որոնց զգալի մասը եռաձայն կամ քառաձայն երգչախմբերի համար են։ Դրանցից մի քանիսն ունի երկու մասից կազմված պարզ կառուցվածք։ Պախելբելի ապրած ժամանակաշրջանում ֆուգան դեռ չէր հասել իր զարգացման բարձր աստիճանին, և նա եղավ առաջին կոմպոզիտորներից մեկը, որ մեծ ներդրում ունեցավ դրա կատարելագործման գործում։ Պախելբելը նաև առաջիններից էր, որ ֆուգան միացրեց նախորդող կարճ պիեսին։ Պախելբելի այս նորարարությունը շուտով տեղ գտավ եվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններում (ինչպես օրինակ Բախի «Լավ տեմպերացված կլավիր» ստեղծագործությունը, որ բաղկացած է 48 պրելյուդից ու ֆուգայից

Պախելբելի ստեղծագործությունների մեծ մասը գրված են երգեհոնի համար, ուստի զարմանալի չէ, որ վարիացիայի ձևն առավելապես հանդիպում է այդ ստեղծագործություններում, հատկապես երգեհոնի համար գրված վեց չակոնաներում։ Դրանք առավել բարդ են և ունեն առավել հստակ կառուցվածք, քան այդ ժանրի ավելի վաղ շրջանի ստեղծագործությունները։ Պախելբելի բոլոր ստեղծագործությունների մեջ առավել հայտնի են հենց երգեհոնի համար գրված չակոնաները։ Լավագույններից մեկը համարվում է «Չակոնա ֆա մինոր» ստեղծագործությունը։ 1699 թվականին Պախելբելը հրապարակեց «Ապոլոնի մոգական ակորդները» («Hexachordum Apollinis») վերնագրով ժողովածուն, որը դասվում է նրա գլուխգործոցների շարքին։ Նրանում ընդգրկված է վեց վարիացիա՝ վեց տարբեր տոնայնությամբ, որոնք կարելի է նվագել ինչպես կլավեսինով, այնպես էլ երգեհոնով։ Ժողովածուն Պախելբելը նվիրել է Ֆերդինանտ Թոբիաս Ռիխտերին և Դիտրիխ Բուկստեխուդին։ Թեմաները վերնագրեր չունեն, այլ պարզապես համարակալված են («Արիա 1», ... «Արիա 6»)։ Իսկ վերջինն ունի նաև ենթավերնագիր՝ «Սեբալդի Արիա» (այն եկեղեցու անունից, որտեղ ինքը ստացել էր առաջին երաժշտական կրթությունը և ապա աշխատում էր որպես երգեհոնահար)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Риман Г. Пахельбель (ռուս.) // Музыкальный словарь: Перевод с 5-го немецкого издания / под ред. Ю. Д. ЭнгельМ.: Музыкальное издательство П. И. Юргенсона, 1901. — Т. 3. — С. 999—1000.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  5. 5,0 5,1 5,2 Пахельбель Иоганн // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. 7,0 7,1 7,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia Catalana, 1968.