Յան Յասկևիչ
Յան Յասկևիչ (լեհ.՝ Jan Jaśkiewicz, գրվել է նաև՝ Յան (Հովհաննես) Դոմինիկ Պյոտր Յաշկևիչ, հուլիսի 6, 1749, Լվով, Ռուսական վոեվոդություն, Ռեչ Պոսպոլիտա - նոյեմբերի 14, 1809, Կրակով, Վարշավայի դքսություն), ծագումով հայ լեհական բժիշկ, դեղաբան, ֆիզիկոս, քիմիկոս, հանքաբան, երկրաբան, մետաղագետ, ճարտարագետ, բնագետ, գյուտարար։ Կրակով Յագելոնյան կայսերական համալսարանի հանքաբանության և ֆիզիկայի պրոֆեսոր, Փարիզի Արքունի համալսարանի, Արքունի բժշկական ընկերության, Ֆրանսիայի թագավորական և Վիեննայի կայսերական գիտությունների ակադեմիաների թղթակից անդամ, Լեհաստանի արդյունաբերության և օգտակար հանածոների գծով լեհական արքունիքին առընթեր հանձնախմբի գլխավոր խորհրդական, Կրակովի համալսարանի ֆիզիկայի գիտական խորհրդի նախագահ։
Յան Յասկևիչ Jan Jaśkiewicz | |
---|---|
Ծնվել է | 1749, հուլիսի 6 Լվով |
Մահացել է | 1809, նոյեմբերի 14 Կրակով |
Քաղաքացիություն | Ռեչ Պոսպոլիտա |
Մասնագիտություն | բժիշկ, դեղաբան, ֆիզիկոս, քիմիկոս, հանքաբան, երկրաբան, մետաղագետ, ճարտարագետ, բնագետ |
Հաստատություն(ներ) | Կրակովի համալսարան |
Անդամակցություն | Warsaw Scientific Society? |
Ալմա մատեր | Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր |
Jan Dominik Jaśkiewicz Վիքիպահեստում |
Ծնվել է հարուստ վաճառական հայ ազնվականի ընտանիքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1775 թ.-ին ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը և, պաշտպանելով ատենախոսություն. «Բույսերի օգտագործումը դեղագործության մեջ կամ Նախածին բանք բժշկության» թեմայով (տպագրվել է 1775 թ.-ին, 264 էջ, ձոնված է Ավստրիայի կայսրուհի Մարիա Թերեզային), ստացել բժշկական դոկտորի աստիճան։ Կատարելագործվել է Փարիզի թագավորական համալսարանում բնական գիտությունների գծով։ Վերադառնալով Կրակով, հիմնել է իր կլինիկական հիվանդանոցը և զբաղվել բժշկությամբ։ Շուտով ամբողջ Լեհաստանում և Եվրոպայում հռչակվել է որպես փորձառու և բարեխիղճ բժիշկ։ Եղել է Լեհաստանի վերջին թագավոր Ստանիսլավ Պոնիատովսկու արքունական բժշկապետը։ Մեծահարուստ ծնողներից ստացած ժառանգությունը առատորեն օգտագործել է չունևորների բուժման կարիքների համար։
Գիտամանկավարժական գործունեություն
խմբագրելԳիտամանկավարժական գործունեությունը սկսել է Լվովի համալսարանում։ 1780 թ.-ին հրավիրվել է Կրակովի կայսերական բարձրագույն դպրոց (հետագայում՝ Յագելոնյան համալսարան), աշխատելու որպես քիմիայի և բնության պատմության պրոֆեսոր։ Այստեղ նա 1780-1786 թթ.-ին հիմնադրել ու ղեկավարել է բնագիտության, հանքաբանության, քիմիայի ամբիոնները, քիմիայի լաբորատորիան, վիրաբուժության, անատոմիայի և մանկաբարձության ամբիոնները, կլինիկական հիվանդանոցը, Կրակովի բուսաբանական-տնկաբանական այգին, որը լավագույններից մեկն էր Եվրոպայում։ 1789 թ.-ից եղել է նույն համալսարանի բնագիտական խորհրդի նախագահը։
Լինելով Յագելոնյան համալսարանի բժշկական բաժանմունքի նախագահը՝ Անտուան Լավուազյեի տեսության առաջին հետևորդն ու տարածողն է Լեհաստանում։ Լեհաստանի քիմիայի առաջին պրոֆեսորն է, ինչպես նաև հանքաբանության ու քիմիայի տերմինաբանության հիմնադիրը։
Կյանքի ընթացքում նախասիրած գիտությունների մեջ խորանալու նպատակով եղել է Ֆրանսիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Իտալիայում։
Ներդրում օդագնացության ոլորտում
խմբագրել1784 թ.-ի ապրիլի 19-ին Լեհաստանում օդ բարձրացած առաջին օդապարիկի չորս հեղինակներից է։ Օդապարիկը օդ բարձրացավ բուսաբանական այգուց, և կես ժամ թռչելով Կրակովի և նրա շրջակայքի վրայով, ռեկորդ սահմանեց երկրից ունեցած առավելագույն բարձրության և օդում մնալու տևողությամբ՝ առաջ անցնելով ֆրանսիացիներից։
Ներդրում հանքաբանության ոլորտում
խմբագրելԻր գիտական աշխատություններում նկարագրել է երկրում առկա բոլոր օգտակար հանածոները, հիմնել հանածոների առաջին թանգարանը Լեհաստանում, մեծապես նպաստել երկրի հանքարդյունաբերության և քարածխի արդյունահանման գործին։ 1878 թ.-ի հուլիսի 25-ին Յագելոնյան համալսարանի գլխավոր նիստում, որին ներկա էր նաև թագավորը, կարդացել է իր գիտական զեկույցը, որում խոսել է լեռների առաջացման և երկրի մակերևույթի փոփոխությունների, ինչպես նաև Լեհաստանի ընդերքի բոլոր հանքանյութերի մասին։ 1789 թ.-ից եղել է Լեռնագործության և մետաղագործության հարցերի հանձնաժողովի գլխավոր խորհրդականը, ղեկավարել Սիերկիևիչեյումկատարվող հանքային հանածոների արդյունահանման աշխատանքները։ 1789-1790 թթ.-ին ղեկավարել է Լեհաստանի ածխի հանքավայրերի հետազոտությունը, կազմել հանքաբանական քարտեզներ։
Մեծ ծառայություն ունի Լեհաստանի հանքային ջրերի բուժական հատկությունների ուսումնասիրման ասպարեզում։ Նա առաջինն է կատարել Կշեչովիցեի հանքային ջրերի քիմիական վերլուծությունները։
Աշխատություններ
խմբագրելԳրել է «Դրվագներ մետաղագիտության մասին» (ԼԺՀ ԳԱ հրատարակչություն, 1969 թ.), «Կշեշովիցեյի ծծմբաջրերի մասին» (1783 թ.), «Կրակի նոր թեորեմը» (1784 թ.), «Դրվագներ քիմիայի մասին», բժշկագիտական մենագրություններ ու թարգմանություններ։
Աղբյուրներ
խմբագրել- Հարություն Մինասյան, 16-19-րդ դարերի լեհահայ բժիշկներ, Ե., «Զանգակ-97», 2001, էջ 32-33։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յան Յասկևիչ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 118)։ |