Մրրիկ զինատար խումբ

հայ ֆիդայինների հեծելազորային զինատար խումբ

Մրրիկ, հեծելազորային մարտական խումբ, հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ ֆիդայիներից կազմված մարտախումբ, որը միակն էր, որ 1903 թվականի մայիսին կարողացել է Կարսի մարզից (Ռուսական կայսրություն) անվնաս անցնել Սասուն (Օսմանյան կայսրություն)։ Խմբի հրամանատարն էր ազգային ազատագրական պայքարի հայտնի գործիչ Թուման Թումյանը, որի մարտական անունը Թորգոմ էր։ Խումբն իր հետ տեղափոխել է զինամթերք և մասնակցել է Արևմտյան Հայաստանի ինքնապաշտպանական մարտերին։

Մրրիկ մարտախմբի ղեկավարները Սասնո ապստամբության օրերին

Ստեղծման նպատակ խմբագրել

Հայ ազգային-ազատագրական պայքարում առանձնահատուկ տեղ ու դեր են ունեցել մարտական-հայդուկային և զինատար խմբերը։ Երկիր (Արևմտյան Հայաստան) մեկնող մարտական և զինատար խմբերի շարքերը համալրում էին ազատագրական պայքարին զինվորագրված ամենանվիրյալներներն ու ամենախիզախները։ Մարտական խմբեր կազմելուց հետո դրանք նախատեսված վայրն ապահով հասցնելը մեծ դժվարություններով և վտանգներով լեցուն էր, քանի որ Կովկասից և Պարսկաստանից մինչև Սասուն ձգվող հսկայական տարածքը թուրքական կանոնավոր բանակի զորամասերի և քրդական բազմահազար զինված ուժերի խիստ հսկողության տակ էր գտնվում։ Հայ մարտական խմբերի տեղաշարժի համար բազմաթիվ խոչընդոտներ էին ստեղծում նաև Ռուսական սահմանապահ զորքերը։

Ազատագրական պայքարին սատարելու նպատակով Կովկաս էին գալիս բազմաթիվ հայրենասեր հայորդիներ՝ Երկիր մեկնելու համար այնտեղ կազմավորվող մարտական խմբերին զինվորագրվելու, Սասունի պաշտպաններին օգնելու։ Որևէ մարտախմբի ներկայությունը կարող էր ավելի ոգևորել սասունցիներին և օգնել դիմակայել երկարատև պայքարում։ ՀՅԴ ղեկավարները հուսով էին, որ թուրքական զորքերի ու քուրդ աշիրեթների (տոհմացեղերի) հետ հայ մարտախմբերի բախումները, ինչպես նաև Սասունի երկարատև դիմադրությունը մեծ աղմուկ կառաջացներ, եվրոպական տերությունների ուշադրությունը կսևեռեր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող իրադարձությունների և Հայկական հարցի վրա, և համապատասխան արձագանքի կարժանանար։

  Մարտական խմբերը…կազմակերպում են կռւող ուժերը, ժողովրդականցնում են բողոքի ճանապարհը, կրթում են ժամանակակից սերունդը, հարւածում են թշնամու հեղինակութեանը…վնասում են կառաւարչական շահերին, զբաղեցնում են եւրօպական հասարակական կարծիքը եւ կաբինէտները, այսինքն առաջ են մղում միջամտութեան գործը…»[1]  
 
Մրրիկ մարտախմբի հրամանատար Թորգոմը(Թուման Թումյան,1879-1904)

Կազմավորում խմբագրել

«Մրիիկ» մարտական խումբը կազմավորել է խմբի հրամանատար Թորգոմը՝ ՀՅԴ «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեի համաձայնությամբ։ Խմբի կազմավորումը հնարավոր էր, քանի որ «Ջրաբերդի» բազմաթիվ հին և փորձառու զինվորներ ձգտում էին մեկնել Արևմտյան Հայաստան։ Հետագայում Արամ Մանուկյանը գրել է, որ «կոմիտեին դիմում էին Երկիր անցնելու պատրաստակամությամբ»։ Նրանց անվանում էին «Սվազցիների խումբ»։ Թորգոմը նրանց համախմբել է ու «քիչ յետոյ «Մրրիկ» ձիաւոր խումբը արդէն կազմ եւ պատրաստ էր»։ Թորգոմը ղեկավարել է հեծելազորային խմբի գործունեությունը[2]։

  Այդ խումբը մտած մարտիկները առանձին-առանձին խմբերի ղեկավար կարող էին լինել։ Բոլորն էլ հիանալի նշանառուներ էին, քանի-քանի անգամ չափուած թուրք, քուրդ խուժանների ու զորքերի հետ։ Վճռական կամքի ու արտակարգ զոհաբերությունների տեր մարտիկներ էին, որոնք իրերի բերումով ահա մնացել էին Թումանի ղեկավարության տակ` Սասնայ արծիւներին օգնութեան հասնելու համար։ Այդ խմբի մեջ էին Քաֆթառ Արշակը, որ հետո Քեռի կոչվեցավ և Պարսկաստանի մեջ պսակ ստացավ, քեոսա Արշակը, որ հետո Սեպուհ կնքվեցավ և Հայաստանի զորավար եղավ,Կարսեցի Տուրբախը, որ Թումանի դրոշակակիրը եղավ, Մոկացի Գրիգորը, Մեշեդի Ավետիսը, Գյումուշխանեցի Ավոն, Առաքելը, Սվազցի Մուրատը, որոնք ամենքն ալ մեկ մեկ պատմության դեմքեր դարձան և ուրիշներ, որոնք աննշմար չանցան
- Ա.Ազնավուրյանը
 

Խմբի անդամներից Եգոր Առուստամյանը (Մենակ), 1902 թվականի վերջին խմբի անվտանգ անցումը նախապատրաստելու և ուղին ճշտելու նպատակով ծպտվելով որպես գյուղացի՝ բնակություն է հաստատել թուրքական Բասեն գավառի գյուղերից մեկում։ Նա բազմիցս արժեքավոր տեղեկություններ է հաղորդել «Ջրաբերդի» կենտրոնական կոմիտեին ԿարսԲասենՍասուն ուղղությամբ թուրքական ուժերի տեղաշարժերի և Սասուն տանող առավել անվտանգ ուղիների մասին։ Այս ընթացքում Թորգոմը Կարսի մարզում ձևավորել է քսաներեք հեծյալներից բաղկացած մի նոր մարտախումբ։ Սակայն թուրք իշխանությունները՝ Կարսի շրջանում հայերի ծավալած գործողություններից ելնելով, սահմանի հսկողությունն ուժեղացրել էին։ «Ջրաբերդ» կենտրոնական կոմիտեին հասցեագրած իր նամակում՝ սահմանամերձ շրջաններում թուրքական զորքերի այդ կուտակումների մասին հայտնում է Մենակը և խորհուրդ տալիս չանցնել ռուս-թուրքական սահմանը[3]։

Գործունեություն խմբագրել

Ռուս-թուրքական սահմանը չանցնելու՝ Մենակի զգուշացումներն անտեսելով, «Մրրիկ» խմբի հրամանատար Թորգոմն իր զինակից ընկերների՝Կայծակ Առաքելի, Ավոյի և Մուրադի հետ որոշում է անհապաղ անցնել սահմանը։ Մարտական խմբի զինման համար նախատեսված զենքերը հաջողությամբ տեղափոխում և կենտրոնացնում են Բայբուրդ գյուղում։ Արամայիս Ազնավուրյանն իր հուշերում պատմում է, որ մարտախմբի զենքերի տեղափոխությունը կատարել է ինքը՝ ՀՅԴ «Ջրաբերդ» կոմիտեի հանձնարարությամբ, կոմիտեի Բայբուրդի անդամներ Վարդանի ու գլավնի Փիլոսի հետ միասին[4]։

Զենքերը տեղափոխելուց մի քանի օր անց մարտախմբի անդամները նույնպես անցնում են Բայբուրդ և այնտեղ մնում մեկ շաբաթ։ Մեկնելու նախօրեին Արևմտյան Հայաստան ուղևորվող մարտիկներին ճանապարհելու նպատակով Բայբուրդ էին եկել «Ջրաբերդ» կոմիտեի Կարսի անդամներ Նորհատյանն ու Վահան Ջալլաթյանը։ Խմբին ճանապարհելու համար հավաքվել էր գյուղի ողջ բնակչությունը։ Մարտախմբի խմբապետ Թորգոմն իր շնորհակալական խոսքն է ուղղել գյուղացիներին․

  Դուք թէեւ անմիջականօրեն մասնակցութիւն չպիտի ունենաք մեր խմբի արշաւանքներին՝ կռիւներին, սակայն մենք ձեր կատարած գործը պակաս չենք համարում մերինից։ Առանց ձեր այս սրտաբաց հիւրընկալութեան ու յայտնաբերած գաղտնապահութեան, մանավանդ վտանգներն ու կառաւարական հետամտութիւններն արհամարհելուն՝ ոչ մի խումբ չպիտի կարողանար Երկիր անցնել՝ մեր թշւառ արիւնակիցներին օգնելու համար։ Ձեր այս ընթացքով դուք ձեր վրայ էք վերցրել մեր ազատագրութեան դժուարին գործի մի խոշոր մասը...[5]։  

«Մրրիկը» Սասունում խմբագրել

1903 թվականի մայիսի 17-ին 27 մարտիկներից բաղկացած «Մրրիկ» հեծելախումբը հատել է սահմանը՝ հունիսի 2-ին հասնելով Սասուն։ Դեպի Սասուն երթուղին հետևյալն է եղել․

ԲասենԳոմաձորՅաղան գյուղԽոզլու (Խնուս) → Բյուրակն լեռԽորոնք գյուղ (Մշո դաշտ) → Կուրտիկ լեռ → Շենիկ գյուղ

«Թորգոմի խումբը Դաշտից բարձրանում է Կուրտիկ, իսկ այնտեղից իջնում է Շենիկ, ինչն աներևակայելի խանդավառություն է ստեղծում Սասունում»[6]։

Խմբի ուղեցույցն (վալադ) էր Սաֆոն։ «Սիրելի ընկերներ» վերնագրած նամակներից մեկում (մայիս 25, 1903 ) Թորգոմը ներկայացնում է մարտախմբի տեղաշարժման դասավորությունը, «Առջևից գնում էին ուղեկցողները, նրանց հետ երեք ուշիմ ու քաջարի զինվորներ՝ Որսորդը, Քղեցի Սարգիսը և Խաստուրցի Յակոն։ Առաջապահներին հետևում էր խումբը, որի առջևից գնում էի ես, աջիցս դրոշակակիր Տուրբախը, ձախ կողմից՝ իմ օգնական Ֆահրադը։ Ետևից կարգ-կարգ, յուրաքանչյուր կարգում երեք հոգի, գալիս էին 12 զինվորներ։ Խմբի ետևից 20 քայլի վրա գալիս էին ետնապահները՝ քաջարի կռվողներ Սեբաստացի Մուրատը, Սեպուհը, Առաքելն ու Ավետիսը…»[5]:

Հեծելախումբn անցել է Բասենի, Խնուսի, ապա նաև Տարոնի տարածքներն ու ճանապարհին չհանդիպելով հակառակորդի կողմից արգելքների՝ հասել Սասուն։ Փոքրաթիվ հեծելախմբի մարտիկներին Սասունում մեծ ոգևորությամբ են ընդունել։ Նրանց դիմավորելու նպատակով Սեմալ է եկել Անդրանիկը։ «Լուր եկավ ինծի,- վերհիշում է Անդրանիկը,- թէ 20 հոգիէ բաղկացեալ ձիաւոր խումբ մը եկավ Սէմալ։ Ելանք գացինք Սէմալ, տեսնուեցանք Թումանի հետ։ Խումբը բերինք Կիլիկուզան։ Նրանց մէջ կային իմ նախկին ընկերներէն 95-էն Քեաւթառ Արշակ, Դուրբախը, Մուրատը։ Ուրախութիւննիս շատ էր, ամբողջ ժողովուրդը ոգեւորուեցաւ...»[7]:

ՀՅԴ «Ջրաբերդ»-ի ընկերներին ուղղված 1903 թվականի սեպտեմբերի 15-ին և դեկտեմբերի 21-ին թվագրած նամակներում, Թորգոմը ներկայացնում է «Դուրան-Բարձրավանդակ»-ի՝ կենտրոնական կոմիտեին ուղղված պահանջները։ Այդ օրերին գրեթե չէր գործում կապը կենտրոնի հետ, որի պատճառով նրանք շատ քիչ տեղեկություններ էին ստանում արտաքին աշխարհում կատարվող իրադարձությունների մասին։ Սակայն Սասունը թուրքական կանոնավոր զորքերի ու քուրդ աշիրեթների սպասվելիք հարձակմանը դիմագրավելու պատրաստություններ էր տեսնում, և չափազանց կարևոր էր «Ջրաբերդ»-ի հետ մշտապես գործող հաղորդակցություն ունենալ, որտեղից Դուրան-Բարձրավանդակը պիտի ստանար մարտական ուժեր ու ֆինանսական միջոցներ։

  Տառապյալ ժողովուրդը կառավարության անողորմ բռնություններից ազատվելու միակ միջոցը համարում է հեղափոխական զինված պայքարը[8]։  

Լեռնաշխարհում հանգրվանելու առաջին իսկ օրից մարտախմբի անդամները հաճախակի լինում էին ինչպես Բարձրավանդակի, այնպես էլ Դուրանի հայկական գյուղերում և կազմակերպչական աշխատանքներ իրականացնում՝ բնակչությանը պատրաստելով ինքնապաշտպանության։ 1903-1904 թվականներին ՀՅԴ կուսակցության Սասուն առաքած խմբերից «Մրրիկը» միակն էր, որ հաջողությամբ կարողացել էր այնտեղ հասնել՝ իր հետ տանելով «30 հատ հրացան ու 13000 փամփուշտ»[9]։

Հիշատակում խմբագրել

«Մրրիկ» ջոկատի մասին պահպանվել ու մեզ է հասել հետևյալ երգը․

Ղարսից դուրս եկան

Ղարսից դուրս եկան, Թաղբուր ժողըվեցան,
Նույն գյուղի մեջ կարգով շարվեցան,
Գիշերվա ժամի զանգերը ղողանջեցին,
Քաջերը սուրբ հաղորդություն ստացան։
Քաջ Թումանը խնդրեց թշնամյաց –
Չլսեցին հերոսին, զոհվեցան միասին։
Քաջերը կանգնեցին սուրբ սեղանի առաջ,
Երդվեցին միասին սուրբ դրոշը բռնած,
Քաջ խմբապետ Թումանը առաջն էր կանգնած,
Ձայն տվեց, եղբայրք, գնանք դեպ առաջ։
Շտապով գիշերը գյուղից դուրս եկան,
Արշալույսը բացվեց Բուրիկ աղբյուր հասան,
Անպիտան թշնամիները շուտով տեսան,
Երկու կողմից օգնության հասան։
Ղալա-Բողազից անշուշտ նկատեցին,
Թշնամիքը քաջերին պաշարեցին,
Օգնող չեղավ, անօգնական մնացին,
Հույսները կտրեցին ու այնպես զոհվեցին։
Քաջ Որսորդ Գևորգը չկտրեց հույսը,
Սուրբ դրոշակը պարզեց տասնապետ Պետրոսը,
Գնդակով թաղում էին թշնամյաց հույսը,
Անվեհեր կռվում էր Քյոսա հերոսը։
Ծերունի քահանան բռնել է խաչը,
Թումանից խնդրեց այսպես Գուրգեն քաջը,
Կրակ բանանք դեպի թշնամու շարքը,
Չի կարելի, ասաց խորամիտ քաջը։
Թումանյանցը մտածում էր մեր վիճակը,
Ասաց. մի բանաք սոխի վրա կրակ
Սոսկալի կը լինի մեր վիճակ,
Թող մեր եղբայրներ քններ մեր վիճակ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Դրօշակ», 1900, թիւ 2, էջ 17
  2. «Հայրենիք» ամսագիր, 1944, թիվ 3, էջ 79
  3. «Հայրենիք» ամսագիր, 1944, թիվ 3, էջ 79
  4. Արամայիս Ազնավուրեանի հուշերը, գրի առավ Ե. Հայրապետեան, «Հայրենիք» ամսագիր, 1938, թիվ 7, էջ 140
  5. 5,0 5,1 ՀՅԴ ԿԱ, թծ. 689, գ. 47, էջ 1
  6. Սասունի Կ․, Պատմութիւն Տարօնի աշխարհի, Պէյրութ, 1957
  7. «Անդրանիկի յուշերը», էջ 313
  8. ՀՅԴ ԿԱ, Թորգոմի սեպտեմբերի 15-ի նամակ, թծ. 687, գ. 57, էջ 1
  9. Ներսիսյան Ա.,Զորավար Սեպուհ,Երևան,2006, էջ 55
  10. Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր, աշխատասիրությամբ` Ա. Ս. Ղազիյանի, Երևան, 1989, էջ 131-132

Գրականություն խմբագրել

  • Գևորգյան Հ., Ազատագրական պայքարի հերոսապատումից, Երևան, 2006։
  • Հ․Գևորգյան - Ազատագրական պայքարի ռազմավարությունը և էջեր նրա հերոսապատումից, Երևան,2011թ.:
  • Յուշապատում ՀՅ.Դաշնակցութեան 1890-1950,Բոստոն։

Արտաքին հղումներ խմբագրել

  • studio, 5165m. «Anunner.com - Էջեր Հայ Ազգային-Ազատագրական հերոսամարտից». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)