Եգիպտական դիմակներ (նկար)

Մարտիրոս Սարյանի նկար

«Եգիպտական դիմակներ», հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանի 1911 թվականին ստեղծած նկարը։ Կտավը գտնվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[1]։

Եգիպտական դիմակներ
տեսակգեղանկար
նկարիչՄարտիրոս Սարյան
տարի1911
բարձրություն70 սանտիմետր
լայնություն82 սանտիմետր
նյութստվարաթուղթ և տեմպերա
գտնվում էՀայաստանի ազգային պատկերասրահ
հավաքածուՀայաստանի ազգային պատկերասրահ
սեփականատերՀայաստանի ազգային պատկերասրահ
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

«Եգիպտական դիմակներ» կտավում նկարիչը ձգտում է հասնել վառ գույների հակադիր ներդաշնակումների զուգորդման։ Սարյանի համար դիմակը լոկ հուշանվեր չի եղել։ Ըստ Սարյանի՝ եգիպտական արվեստն ունի ինքնատիպ պայմանականություններ, իր յուրահատուկ գեղագիտությունը։ 1911 թվականին Եգիպտոս (Կահիրե, Գիզա, Մեմֆիս, Լուքսոր) կատարած ուղևորությունը Սարյանի արվեստը հարստացրել է նոր աշխատանքներով, որոնք նրա ինքնատիպ ոճի վառ արտահայտումներն են։ «Եգիպտական դիմակներ» կտավում Սարյանը պատկերել է սևեռուն, կենդանի հայացքներով դիմակներ։ Իբրև արվեստի գործ՝ դիմակը Սարյանի համար անմահության խորհրդանիշ է, երբ խավարն ու մահը հաղթահարելի են դառնում լույսի ու անմահության հակադրությամբ։ Սարյանի աշխարհայացքին համահունչ է եգիպտական արվեստում մարմնավորված հոգու հավերժության և անմահության գաղափարը։ Սարյանը խորապես հավատում էր, որ մարդը չի մահանում, քանի որ նա բնությունն է։

1911 թվականի աշնանը, Հռոմի ժամանակակից արվեստի միջազգային գեղարվեստական ցուցահանդեսում, ներկայացվել են Սարյանի նոր աշխատանքները՝ «Եգիպտական դիմակներ», «Քայլող կինը», «Գիշերային բնանկար։ Եգիպտոս», որոնք մեծ հետաքրքրություն են առաջ բերել գեղարվեստի աշխարհում։

  Ահա, օրինակ, 1911 թվականին նկարած «Եգիպտական դիմակներ» կտավը, որ կարող է շարժել արտասահմանյան բոլոր թանգարանների նախանձը։ Դա ոչ միայն գեղեցիկ, գունային հակադրությամբ ու կոմպոզիցիայով, դեղին, կանաչ, շագանակագույն և թրծակավագույն բուրգերի միջից հանված հաջող մի գործ է՝ դիտողին կախարդող, այլև հնագույն մշակույթի կենդանի մի բեկոր, բնավորության արտահայտություն՝ արարված նրբազգաց ու շրջահայաց նկարչի վրձնով։
- Վասիլի Օսոկին[Նշում 1]
 

Հետագայում Սարյանը եգիպտական դիմակներին անդրադարձել է «Արևելյան մեծ նատյուրմորտ։ Եգիտական դիմակներ» (1915), «Եղիշե Չարենցի դիմանկար» (1923) կտավներում։

Տվյալներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Վասիլի Օսոկինի «Կենդանացած արձան» գրքի (1984) լավագույն պատումներից մեկը՝ «Մոլեգին նկարիչը» էսսեն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Սարյան Մարտիրոս Սերգեյի | Եգիպտական դիմակներ - Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ». www.gallery.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  2. «Արևելյան մեծ նատյուրմորտ։ Եգիպտական դիմակներ - Հայկական գանձարան». Հայկական գանձարան. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
  3. «Մարտիրոս Սարյանը Մատենադարանում / Սոֆյա ՍԱՐՅԱՆ | Գրական Թերթ». www.grakantert.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Շահեն Խաչատրյան «Մարդը բնություն է, բնությունը` մարդ», «Հայաստան», 1970, Երևան։