Մարդու իրավունքները բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս

Պացիենտների իրավունքների պաշտպանության համակարգը ձևավորվել է 20-րդ դարի 2-րդ կեսից։ Դրանից առաջ բժշկական ծառայողների և պացիենտների հարաբերությունները կարգավորվում էին բժշկական էթիկայի նորմերով։ 1948 թվականին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1950 թվականին ընդունված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան հիմքեր ստեղծեցին այնպիսի արժեքների միջազգային իրավական ճանաչման և պաշտպանության համար, ինչպիսիք են մարդու արժանապատվությունը, նրա կյանքն ու առողջությունը։ Բժշկության զարգացման և դրա վերաբերյալ առավել տեղեկացված լինելու պայմաններում պացիենտների իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական ակտերի ընդունումը աստիճանաբար անհրաժեշտություն ձեռք բերեց։ 1970-ականներից առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ընդունվում են մի շարք ակտեր, որոնք վերաբերում են նաև պացիենտների իրավունքներին, 1979 թվականին ընդունվում է Հիվանդանոցի պացիենտների իրավունքների մասին խարտիան:Հատկանշական է, որ 1992 թվականին ընդունված այդ օրենքով առաջին անգամ նախատեսվեց բժշկական օմբուդսմենի ինստիտուտը և բոլոր բժշկական հաստատությունները պարտավոր էին նշանակել բժշկական օմբուդսմեններ։ Նման օրենքներ ընդունվեցին նաև Նիդերլանդներում (1994 թ.), Իսրայելում (1996 թ.), Լիտվա (1996 թ.), Իսլանդիա (1997 թ.), Դանիա (1998 թ.), Նորվեգիա (1999 թ.), Վրաստան (2000թ.), Ֆրանսիա (2002 թ.), Մոլդովա (2005 թ.), և այլն։ Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեի 11.08.2000 թվականի «Առողջության ամենաբարձր ստանդարտներին հասանելիություն» իրավունքի մասին թիվ 14 մեկնաբանությամբ ամրագրվեցին պացիենտների իրավունքները և դրանց համապատասխան պետության գործողությունները։ Նույն մեկնաբանության 59-րդ կետի համաձայն՝ ցանկացած անձ, ում առողջության իրավունքը խախտվել է, պետք է հնարավորություն ունենա այն պաշտպանելու դատական կամ այլ միջոցներով թե՛ ազգային, թե՛ միջազգային մակարդակներում։ Ազգային օմբուդսմենը, մարդու իրավունքների հանձնաժողովները, պացիենտների իրավունքների պաշտպանության միավորումները կամ նմանատիպ այլ միավորումները պետք է պացիենտների իրավունքների խախտման վերաբերյալ բողոքները քննարկման առարկա դարձնեն[1]։

Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիա խմբագրել

Պացիենտների իրավունքներն առաջին անգամ ամբողջ ծավալով ամրագրվեցին Պացիենտների իրավունքների մասին եվրոպական խարտիայում:Այն սահմանեց պացիենտի իրավունքների հստակ, համապարփակ շրջանակ, այն մշակել է քաղաքացիների, սպառողների և պացիենտների կազմակերպությունների եվրոպական ցանցը` ակտիվ քաղաքացիության ցանցը 2002 թվականին։ Նպատակն էր, որ պացիենտներն ավելի ակտիվ դեր խաղան առողջապահական ծառայությունների մատուցման ձևավորման հարցում, ինչպես նաև փորձ էր բուժօգնության իրավունքի վերաբերյալ տարածաշրջանային փաստաթղթերը վերածել կոնկրետ դրույթների։

Խարտիան սահմանում է պացիենտների 14 կոնկրետ իրավունքներ՝

  • կանխարգելիչ միջոցառումների,
  • մատչելիության,
  • տեղեկատվության,
  • համաձայնության,
  • ազատ ընտրության,
  • անձնական կյանքի և գաղտնիության,
  • պացիենտի ժամանակը հարգելու,
  • որակյալ չափանիշների պահպանման,
  • անվտանգության,
  • նորարարության,
  • ոչ անհրաժեշտ տառապանքներից և ցավից զերծ մնալու,
  • բուժման անձնավորման,
  • բողոքների ներկայացման
  • փոխհատուցման իրավունքներ։

Խարտիան սահմանեց մի շարք կարևոր կետեր, օրինակ՝ խարտիայի 4-րդ մասը նախատեսեց պացիենտների իրավունքների պաշտպանությունը օմբուդսմենների, էթիկական կոմիտեների կամ վեճերի այլընտրանքային լուծման հանձնաժողովների միջոցով:Ինչպես նաև 13-րդ հոդվածով սահմանվեց, որ ցանկացած անձ վնասներ կրելու դեպքում բողոք ներկայացնելու և բողոքի վերաբերյալ պատասխան ստանալու իրավունք ունի։ Խարտիայով սահմանված մյուս կարևոր կետը մատչելիության իրավունքի սահմանումն է։ Ըստ դրա՝ «Առողջապահական ծառայությունները պետք է երաշխավորեն բոլորի համար հավասար մատչելիությունը` առանց ֆինանսական ռեսուրսների, բնակության վայրի, հիվանդության տեսակի կամ ծառայություններից օգտվելու ժամանակահատվածի առումով խտրականություն դնելու»։ Սակայն Խարտիայի` խտրականության արգելման հիմքերը ակնհայտորեն սահմանափակ են, Հայաստանում, օրինակ, դրանք ընդլայնվել են Հայաստանի սահմանադրական և օրենսդրական դրույթներով։ Թեև Պացիենտների իրավունքների մասին եվրոպական խարտիան ունի խորհրդատվական բնույթ՝ դրանով ամրագրված իրավունքները լայն ճանաչում ստացան և ամրագրվեցին շատ երկրների օրենսդրությամբ։ Այս փաստաթղթի իրացումը առողջապահության համակարգի գնահատման կողմնորոշիչ է համարվում եվրոպական երկրներում։ Խարտիան նաև օգտագործվել է որպես ելակետ՝ Եվրոպայի առողջապահական համակարգերի մոնիթորինգի և գնահատման համար[2]։

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիր խմբագրել

1966 թվականի մարտի 7-ին ընդունվեց «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրը։ Դաշնագրի 12-րդ հոդվածի համաձայն՝ մասնակից պետությունները ճանաչում են յուրաքանչյուրի՝ ֆիզիկական և հոգեկան առողջության առավելագույնս հասանելի մակարդակից օգտվելու իրավունքը և այդ պետությունների կողմից այս իրավունքի լիարժեք իրականացումն ապահովելու նպատակով ձեռնարկվող միջոցներն ընդգրկում են միջոցառումներ, որոնք անհրաժեշտ են. մեռելածնության ու մանկական մահացության կրճատման ապահովման և երեխայի առողջ զարգացման համար, շրջակա միջավայրի և արդյունաբերության մեջ աշխատանքի հիգիենայի բոլոր կողմերի բարելավման համար, համաճարակային, տեղաճարակային, մասնագիտական և այլ հիվանդությունների կանխարգելման, բուժման և վերահսկման համար, այնպիսի պայմանների ստեղծման համար, որոնք հիվանդության դեպքում բոլորի համար կապահովեն բժշկական օգնություն և բժշկական խնամք։ Դաշնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի դեկտեմբերի 13-ից։ [3]:

Բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքը Հայաստանում (ներպետական կարգավորումներ) խմբագրել

Հայաստանի Սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք, ունի առողջության պահպանման իրավունք։ Նույն հոդվածի երկրորդ կետով նշվում է,որ օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը։ 1994 թվականի մարտի 4-ին Հայաստանի Ազգային ժողովը ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի օրենքը, որով սահմանվում են մարդու առողջության պահպանման սահմանադրական իրավունքի իրականացումն ապահովող բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, ֆինանսական, տնտեսական և իրավական հիմունքները։ Օրենքի 2-րդ հոդվածով «բժշկական օգնություն և սպասարկում» հասկացությունը բնորոշվում է որպես բնակչությանը կանխարգելիչ բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերում, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացում, հարբժշկական և ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում։ Օրենքի 3-րդ հոդվածն առանձնացնում է բժշկական օգնության և սպասարկման հետևյալ հիմնական տեսակները`

ա) առաջնային բժշկական օգնությունը՝ որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը երաշխավորվում է պետության կողմից.

բ) մասնագիտացված բժշկական օգնությունը` որպես ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ։

Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը և կառուցվածքը սահմանում է Հայաստանի կառավարությունը («Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդված)։ Բացի այդ, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածին՝ համապատասխան յուրաքանչյուր ոք իրավունք ունի բժշկական օգնություն ստանալ բժշկական ապահովագրական հատկացումների, անձնական վճարումների, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ աղբյուրների հաշվին[4]։

Հայաստանի Օրենքը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» խմբագրել

Հայաստանում բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքի 13-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամությունից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Սահմանադրությամբ, սույն օրենքով և այլ օրենքներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք։

Օրենքը նաև սահմանում է, որ՝

  • Յուրաքանչյուր ոք, իրավունք ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու անվճար կամ արտոնյալ պայմաններով՝ առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում։
  • Յուրաքանչյուր ոք իրավունք ունի առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն և սպասարկում ստանալու բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին։
  • Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն։

Բժշկական օգնության դիմելիս և բժշկական օգնություն, սպասարկում ստանալիս պացիենտի իրավունքները. խմբագրել

14-րդ հոդվածի համաձայն՝ բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք (պացիենտ) իրավունք ունի՝

1) ընտրելու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին և բուժաշխատողին։

2) բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս արժանանալու հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունքի․

3) հրաժարվելու բժշկական օգնություն և սպասարկում ստանալուց, բացի մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում՝ Կառավարության սահմանած կարգով և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում՝ օրենքով սահմանված կարգով։

4) բժշկական օգնություն և սպասարկում ստանալու՝ օրենսդրությանը համապատասխան․

5) իմանալու իրեն բժշկական օգնություն և սպասարկում տրամադրող բուժաշխատողի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը․

6) հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս ունենալու այցելուներ՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի և լիազոր մարմնի սահմանած կարգերին համապատասխան։ Սույն իրավունքը կարող է սահմանափակվել պացիենտի կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներով՝ լիազոր մարմնի սահմանած դեպքերում․

7) բժշկական օգնություն և սպասարկում ստանալիս ցավի գնահատման և դրա համարժեք կառավարման․

8) սույն օրենքով սահմանված կարգով իրազեկ լինելու իր հիվանդությանը և համաձայնություն տալու բժշկական օգնության և սպասարկման տրամադրման համար․

9) ստանալու ամբողջական տեղեկատվություն բժշկական օգնության և սպասարկման ծավալների, դրանց համար սահմանված վճարների չափի, վճարման կարգի վերաբերյալ․

10) ծանոթանալու իր բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերին կամ ստանալու դրանց պատճենները «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով․

11) հրաժարվելու իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն ստանալուց․

12) օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված, բժշկական օգնության և սպասարկման որոշակի տեսակ կամ տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից, սեփականության ձևից, կամ պետական կամ համայնքային հիմնարկից օգտվելու դեպքում լիազորելու իր փոխարեն օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղեկատվություն ստանալու.

13) ստանալու իր առողջական վիճակի, ինչպես նաև բժշկական օգնության և սպասարկման մասին տեղեկություն․

14) իր առողջական վիճակի կամ տրամադրվող կամ առաջարկվող բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ իր միջոցների հաշվին ստանալու մասնագիտական երկրորդ կամ իր նախընտրած թվով այլ կարծիք․

15) դիմելու սույն օրենքով նախատեսված էթիկայի հանձնաժողով՝ իր կարծիքով բուժաշխատողի կողմից մասնագիտական էթիկայի կանոնների խախտման դեպքերում․

16) իր առողջությանը հասցված վնասի դիմաց ստանալու փոխհատուցում՝ օրենքով սահմանված կարգով․

17) օգտվելու օրենքով չսահմանափակված այլ իրավունքներից։

Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների իրավունքները խմբագրել

Հոդված 27.

1. Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն իրավունք ունեն ցուցաբերելու համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում լիցենզավորված տեսակների շրջանակներում համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։

2. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն՝

1) միավորվելու մասնագիտական միություններում և դրանց միջոցով մասնակցելու բնակչության առողջության պահպանման և բարելավման, ապահովագրական ծրագրերի մշակմանը, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորմանը, բժշկական շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը, իրենց իրավունքների պաշտպանությանը և միության կանոնադրությամբ նախատեսված այլ խնդիրների իրականացմանը, մասնակից լինելու ոլորտային քաղաքականության մշակմանը և իրականացմանը.

2) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց համբավը.

3) օրենքով սահմանված կարգով ապահովագրելու բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը։

Բուժաշխատողների իրավունքները խմբագրել

Համաձայն օրենքի 30-րդ հոդվածի բուժաշխատողներն իրավունք ունեն՝

1) ավագ և միջին բուժաշխատողները, օրենքով սահմանված կարգով իրենց կրթությանը, որակավորմանը և մասնագիտացմանը համապատասխան, իրենց իրավասության շրջանակներում իրականացնելու առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեություն, իսկ կրտսեր բուժաշխատողները՝ իրենց իրավասության շրջանակներում ոչ մասնագիտական՝ օժանդակող գործունեություն.

2) ապահովագրելու իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

3) ելնելով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի իրավիճակից՝ կայացնելու ապացուցողական բժշկությամբ հիմնավորված որոշումներ՝ լրացուցիչ միջամտություններ կատարելու համար, որոնք նախատեսված չեն համապատասխան կլինիկական ուղեցույցներով.

4) օրենքով սահմանված կարգով մասնակցելու շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.

5) օրենքով սահմանված կարգով պաշտպանելու իրենց մասնագիտական համբավը, պատիվը և արժանապատվությունը.

6) իրենց կրթությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում բժշկական գործունեություն ծավալելու վերաբերյալ լիազոր մարմնից պահանջելու և ստանալու տեղեկանք պատշաճ մասնագիտական գործունեություն իրականացնելու թույլտվություն ունենալու մասին (certificate of good standing)․

7) օրենքով սահմանված կարգով ստեղծելու միավորումներ կամ անդամակցելու դրանց.

8) օգտվելու օրենքով սահմանված այլ իրավունքներից[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Տես նաև խմբագրել