Հայաստանի Սահմանադրությունը Հայաստանի իրավական համակարգի հիմքն է՝ երկրի հիմնական օրենքը, որին պետք է համապատասխանեն մյուս բոլոր օրենքներն ու իրավական ակտերը։ Սահմանադրությունը նաև արժեքաբանական-գաղափարական փաստաթուղթ է, որը սահմանում է հասարակության կազմակերպման ամենահիմնական սկզբունքները, որոնց գործնական կիրառմանը և ամրապնդմանը պետք է ձգտի պետությունը։

Քաղաքականություն
Հայաստան
Coat of arms of Armenia.svg
Այս հոդվածը
«Հայաստանի
պետական համակարգը»

շարքի մաս է կազմում

Գործադիր իշխանություն


Օրենսդիր իշխանություն


Իրավական համակարգ


Վարչական համակարգ


Ընտրություններ և քաղաքական համակարգ

Պատմական ակնարկԽմբագրել

Ժամանակակից իմաստով սահմանադրությունները՝ որպես պետության գրված հիմնական օրենք, նոր ժամանակաշրջանի երևույթ են։ Այդպիսի առաջին սահմանադրությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների 1787 թ. Սահմանադրությունն է, որը գործում է մինչ օրս՝ իհարկե, ավելի քան 200 տարվա ընթացքում կատարված էական փոփոխություններով։

Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791 թ.՝ նախ՝ այդ տարվա մայիսի 3-ին, Լեհաստանում, այնուհետև՝ նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայում։

Սակայն «սահմանադրություն» տերմինը շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։ Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը։

Հայկական իրականությունում առանձնանում է 5-րդ դարում Վաչագան թագավորի նախաձեռնությամբ ընդունված «Կանոնական սահմանադրությունը»։ Վաչագանը Նվարսակի 484 թ. պայմանագրից հետո Արցախ-Ուտիք իշխանությունը հռչակել էր որպես թագավորություն, որը ճանաչվել էր Պարսկաստանի կողմից։ Կանոնական սահմանադրությունը հատկանշական է այն առումով, որ մշակվել և ընդունվել է ժամանակի աշխարհիկ և հոգևոր իշխանության ներկայացուցիչների լայն ընդգրկմամբ։ Այդուհանդերձ, Վաչագան թագավորի Աղվեն ամառանոցում ընդունված Կանոնական սահմանադրությունը հիմնականում կարգավորում էր հոգևոր կյանքի հարաբերությունները։

Հայոց պատմության մեջ Սահմանադրության նախագծման ամենահամարձակ փորձերից է 18-րդ դարում Հայաստանի ազատագրության Մադրասի խմբակի, մասնավորապես՝ Շահամիր Շահամիրյանի կողմից շարադրված «Որոգայթ փառացը», որը միաժամանակ և՛ Հայաստանի ազատագրության ծրագիր էր, և՛ ապագա անկախ Հայաստանի սահմանադրության նախագիծը։ «Որոգայթ փառացը» ամբողջությամբ հիմնված էր ժամանակի արևմտաեվրոպական լուսավորական գաղափարների վրա։ Հրատարակվել է Մադրասում, Շահամիր Շահամիրյանի որդի Հակոբի անունով, 1788-89-ին (թեև տիտղոսաթերթին նշված է 1773 թ.)։

Գրքի առաջաբանում դատապարտվում են ֆեոդալական-միապետական կարգերը, շարադրվում թուրք-պարսկական տիրապետությունից Հայաստանի ազատագրման ուղիները և այնտեղ բուրժուադեմոկրատական կարգերի հաստատման սկզբունքները։ Գրքի երկրորդ՝ հիմնական մասը սահմանադրության նախագիծն է (521 հոդված), որը ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման կարգը, պետական մարմինների իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության, կրթության, զինված ուժերի կազմակերպման հարցերը։

Նախագծով նախատեսվում էր հռչակել բոլոր քաղաքացիների հավասարությունը օրենքի առջև, նրանց անձի, խոսքի, դավանանքի և գործունեության լիակատար ազատությունը։ Նախատեսվում էր գերագույն և օրենսդիր իշխանությունը վերապահել ընտրովի մարմնին (պառլամենտին)՝ Հայոց տանը, որն էլ պետք է կազմավորեր գործադիր իշխանությունը՝ Նախարարությունը։ Վերջինս պետք է բաղկացած լիներ նախարարից (նախագահ) և 12 տեղակալներից։ Նախարարը պետք է համարվեր նաև երկրի արտաքին գործերի պատասխանատուն և զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Կառավարությունը լինելու էր Հայոց տան վերահսկողության ներքո, որն էլ իրավունք պետք է ունենար փոխելու կառավարությունը։

Քաղաքական նկատառումներից ելնելով՝ նախագծում առաջարկվում էր նախարար ընտրելու մեկ այլ՝ բացառիկ տարբերակ. հին հայկական արքայատների, մասնավորապես՝ Բագրատունիների շառավիղներից մեկն իր ցանկությամբ կարող էր ընտրվել ցմահ նախարար, եթե հավատարիմ ու հնազանդ մնար Հայոց տան սահմանած օրենքներին։ Այս առաջարկի նպատակն էր շահագրգռել վրաց Բագրատունի թագավոր Հերակլ 2-րդին, որին Մադրասի խմբակը կարևոր դեր էր վերագրում Հայաստանի ազատագրման գործում։

Նախագծով առաջարկվում էր նաև դատական համակարգի կառուցվածքը և իրավասությունը, նախատեսվում էր եկեղեցու առանձնացումը պետությունից, դպրոցի առանձնացումը եկեղեցուց։ Նախատեսվում էր պարտադիր կրթություն՝ առանց սեռի տարբերության։

Նախատեսվում էին նաև հանրապետության զինված ուժերի մասին դրույթներ, համաձայն որոնց՝ մշտական 90 հազարանոց բանակը պետք է համալրվեր վիճակահանությամբ (100 տղամարդուց 5-ը, ռազմական ուսուցումն ու ծառայությունը՝ 7 տարի)։

Այդուհանդերձ, ինչպես 17-18-րդ դարում նախաձեռնված՝ Հայաստանի ազատագրության մի շարք փորձերը, այնպես էլ Մադրասի խմբակի ծրագիրը, ցավոք, մնաց անկատար, իսկ «Որոգայթ փառացը»՝ թղթի վրա։

Սեփական իրավական համակարգ, և առաջին հերթին՝ սահմանադրություն ունենալու իրական նախադրյալներ ստեղծվեցին 1918 թ. Արևելյան Հայաստանի անկախացմամբ, սակայն անկախության երկուսուկես տարին բավարար չէր արտաքին և ներքին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում ծանրագույն իրավիճակում գտնվող պետության համար սեփական սահմանադրություն մշակելու և ընդունելու համար։

1920 թ. Հայաստանի խորհրդայնացումից, ապա նաև՝ 1922 թ. Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության ստեղծումից հետո հայկական իրավական համակարգն ամբողջությամբ դարձավ Խորհրդային Միության իրավական համակարգի անբաժան մասը։ Խորհրդային շուրջ 70-ամյա պատմության ընթացքում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն ունեցավ երեք սահմանադրություն։ Առաջինն ընդունվեց 1922 թ. փետրվարի 3-ին ՀԽՍՀ բանվորների, գյուղացիների և կարմիրբանակայանինների դեպուտատների խորհուրդների առաջին համագումարում։ ԽՍՀՄ-ի և Անդրֆեդերացիայի կազմավորումից հետո ՀԽՍՀ սահմանադրությունը փոփոխվեց և լրացվեց, և 1925 թ.-ին ՀԽՍՀ խորհուրդների 4-րդ համագումարը վավերացրեց այդ փոփոխություններն ու լրացումները։ ՀԽՍՀ երկրորդ սահմանադրությունն ընդունվեց 1937 թ. մարտի 23-ին ՀԽՍՀ խորհուրդների 9-րդ արտակարգ համագումարում, իսկ երրորդը՝ 1978 թ. ՀԽՍՀ 9-րդ գումարման Գերագույն խորհուրդի արտահերթ նստաշրջանում։ Այնուամենայնիվ, ՀԽՍՀ սահմանադրությունները դժվար է գնահատել որպես Հայաստանի իրավական համակարգը բնորոշող երևույթներ, քանի որ դրանք ընդունվել էին համապատասխանաբար՝ Ռուսաստանի ԽՖՍՀ 1918 թ. սահմանադրության, ԽՍՀՄ 1924 թ., 1936 թ. և 1977 թ. սահմանադրությունների հիման վրա։ Հաշվի առնելով, որ խորհրդային Հայաստանը իր գոյության ամբողջ յոթանասունամյա ժամանակաընթացքում՝ եղել է խորհրդային Ռուսաստանին կամ վերջինիս գլխավորած Խորհրդային Միությանը ենթակա վարչաքաղաքական կազմավորում, ապա խորհրդային Հայաստանի սահմանադրությունը իրականում իրենից ներկայացնում էր խորհրդային կամ ռուսական կենտրոնական իշխանություններին ենթակա վարչատարածքային միավորի սոսկ ներքին վարչաքաղաքական կանոնադրություն։ Դա ակնհայտ է թեկուզ նրանից, որ այդ այսպես կոչված սահմանադրության մեջ չկար Հայաստանի սեփական արտաքին քաղաքականության, պաշտպանության, կամ ֆինանսակական համակարգի մասին որևէ դրույթ։

ՀՀ Սահմանադրության ընդունումը և կատարված փոփոխություններըԽմբագրել

1991 թ. Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը։ Սահմանդրությունն ընդունվեց 1995 թ. հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով։ Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր։

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա։ Սահմանադրությամբ ձևավորվեց կիսանախագահական կառավարման ձև՝ պետության գլխին՝ Հանրապետության Նախագահին վերապահված լայն լիազորություններով։

Սահմանադրության փոփոխություններԽմբագրել

ՀՀ Սահմանադրությունը, որը ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով[1], երկու անգամ ենթարկվել է սահմանադրական փոփոխություններ, որոնցից առաջինը կատարվել է սահմաանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց՝ 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով[1], իսկ երկրորդը՝ վերջինը կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով[1]: Ներկայումս գործող սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և տասնվեց գլուխներից։[1]

Սահմանադրության առաջին փոփոխություններԽմբագրել

ՀՀ Սահմանադրության փոփոխություններից առաջինը կատարվել է սահմաանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց՝ 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով[1]

2001 թ. Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրոպայի խորհրդին անհրաժեշտություն առաջացրեց որոշակի փոփոխություններ մտցնելու Սահմանադրությունում։ Սակայն 2003 թ. հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չընդունվեց։ Փոփոխությունների հաջորդ նախագիծը հանրաքվեի դրվեց 2005 թ. նոյեմբերի 27-ին և ընդունվեց։

Փոփոխությունները նշանակալի էին հատկապես հանրապետության կառավարման կարգի, իշխանությունների բաժանման, զսպումների և հակակշիռների մեխանիզմների ապահովման տեսանկյունից։ Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին Նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։ Այսպես, փոփոխություններով վերացվեց Հանրապետության Նախագահի՝ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. Ներկայումս Հանրապետության Նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։

Կառավարման կարգի հետ կապված հաջորդ կարևոր փոփոխությունը Ազգային ժողովն արձակելու՝ Հանրապետության նախագահի՝ կրկին, ըստ էության անսահմանափակ լիազորության վերացումն էր։ Փոփոխություններով սահմանվեցին այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն Հանրապետության Նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը։ Այդ բոլոր դեպքերն ըստ էության վերաբերում են Ազգային ժողովի կողմից անգործություն դրսևորելու իրավիճակներին։

Կարևոր փոփոխություններ տեղի ունեցան նաև դատական համակարգի կազմակերպման ոլորտում։ Էապես փոխվեց արդարադատության խորհրդի կազմավորման կարգը, որն իր հերթին դատական համակարգի կազմավորման գործում վճռորոշ նշանակություն ունի. հենց արդարադատության խորհրդի ներկայացման հիման վրա է Հանրապետության Նախագահը կատարում դատավորների նշանակումները։

Այսպես, մինչև 2005 թ. սահմանադրական փոփոխությունները ՀՀ Նախագահը գլխավորում էր արդարադատության խորհուրդը, իսկ խորհրդի փոխնախագահներն էին գործադիր իշխանության ներկայացուցիչներ՝ արդարադատության նախարարը և գլխավոր դատախազը։ Խորհրդի կազմի մեջ մտնում էին նաև Հանրապետության Նախագահի կողմից հինգ տարի ժամկետով նշանակվող տասնչորս անդամ, որոնցից երկուսը՝ իրավաբան գիտնական, ինը՝ դատավոր, երեքը՝ դատախազ։

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հանրապետության Նախագահի ազդեցությունն արդարադատության խորհրդի վրա կտրուկ նվազեցվեց։ Ներկայումս Արդարադատության խորհրդի կազմի մեջ մտնում են Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ հինգ տարի ժամկետով ընտրված ինը դատավորներ, Հանրապետության Նախագահի և Ազգային ժողովի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ։ Արդարադատության խորհրդի նիստերը վարում է վճռաբեկ դատարանի նախագահը՝ առանց քվեարկության իրավունքի։
Սահմանադրությունում կատարված կարևոր փոփոխություններից էր նաև Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնումը։ Մասնավորապես, ներկայումս օրենքների և այլ իրավական ակտերի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում կարող են վիճարկել (ստուգել) մարդու իրավունքների պաշտպանը, դատարանները և դատախազները՝ իրենց վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է բարձրագույն դատական ատյանի (բացի սահմանադրական արդարադատության հարցերից)՝ ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակին։ Սահմանադրական փոփոխություններով ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահվեց դատարանների կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթ։ Այդ գործառույթի իրագործումը Հայաստանում սկիզբ դրեց դատական նախադեպի՝ որպես իրավունքի աղբյուրի կիրառությանը։ Իհարկե, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների՝ որպես դատական նախադեպի էությունը էականորեն տարբերվում է անգլոամերիկյան իրավունքում դատական նախադեպի էությունից, քանի որ Հայաստանի իրավական համակարգում դատական նախադեպը ոչ թե իրավաստեղծ, այլ առավելապես իրավունքը մեկնաբանող աղբյուր է։

Սահմանադրական մի շարք այլ փոփոխություններով Սահմանադրությունում ամրագրված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների շրջանակը և դրանց ձևակերպումն առավել համապատասխանեցվեցին ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին, սահմանադրաիրավական կարգավիճակ ստացան (Սահմանադրությամբ նախատեսվեցին) մի շարք պետական մարմիններ, մասնավորապես՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ կենտրոնական բանկը, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, վերահսկիչ պալատը։

Սահմանադրական այս փոփոխությունների արդյունքում Հայաստանը դարձավ կիսանախագահական հանրապետություն։

ՀՀ Սահմանադրության երկրորդ փոփոխություններԽմբագրել

ՀՀ Սահմանադրությունը, որը ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ի ՀՀ հանրաքվեով[2], երկու անգամ ենթարկվել է սահմանադրական փոփոխությունների։ Դրանցից երկրորդը՝ վերջինը կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով[1]: Ներկայումս գործող սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և տասնվեց գլուխներից։[1]

Այս սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն։ Հաշվի առնելով սահմանադրական նոր փոփոխությունների արդյունքում՝ երկրում վարչապետի ձեռքին իշխանության հսկայական կենտրոնացումը, Երբեմն նորացված սահմանադրությունն անվանում են «սուպերվարչապետական սահմանադրություն», իսկ երկրում հաստատված քաղաքական համակարգը՝ «սուպերվարչապետական համակարգ»։ Սակայն նոր փոփոխությունների արդյքունում ստեղծված սահմանադրության և երկրում հաստատված քաղաքական կարգի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրականում գործ ունենք «գենսեկական» կամ «պոլիտբյուրոյական» սահմանադրության հետ, որի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում հաստատվել է կուսակցապետություն, այսինքն՝ պարտոկրատիա, ինչի մասին ժամանակին նախապես զգուշացրել էին որոշ քաղաքական ուժեր և նրանց ղեկավար գործիչներ ու քաղաքագետներ։[3][4][5][6][7] Նրանք նույնիսկ կազմել էին միացյալ քաղաքական ճակատ և հանդես եկել համապատասխան հայտարարությամբ, որի տեքստը ստորև ներկայացված է․

«Մեր առջև նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը». «ՈՉ»-ի ճակատի հայտարարությունը։ «Մենք՝ Հայաստանի քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները և քաղաքացիական նախաձեռնությունները, հաշվի առնելով, որ սահմանադրական փոփոխություն նախաձեռնող իշխանությունները ձևավորվել են կեղծված ընտրությունների միջոցով և չկա հանրային վստահություն ոչ իշխանության, ոչ էլ նրա որևէ նախաձեռնության նկատմամբ, արձանագրելով, որ Հայաստանում առկա խնդիրները պայմանավորված են ոչ թե սահմանադրության անկատարությամբ, այլ սահմանադրական նորմերի ոտնահարմամբ, գիտակցելով, որ Սերժ Սարգսյանը և իր վարչախումբը խորհրդարանական համակարգին անցնելու քողի տակ ձեռնարկել են սահմանադրության փոփոխություն, որի հիմնական նպատակն է շրջանցել նախագահական պաշտոնավարման երրորդ ժամկետի սահմանադրական արգելքը և հավերժացնել իրենց իշխանությունը, համարելով, որ քաղաքական մենաշնորհի հաստատման միջոցով երկրում սահմանադրության ուժով ստեղծվում է պարտոկրատիա և փորձ է արվում ոչնչացնել քաղաքական և հասարակական որևէ հակակշիռ, նկատի ունենալով, որ նման հեռանկարը սպառնում է երկրի անվտանգությանն ու կայունությանը և վտանգում է Հայաստանի Հանրապետության՝ իբրև ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության կայացումը,

հայտարարում ենք, որ մեր առջև նպատակ ենք դնում կասեցնել սահմանադրական փոփոխության գործընթացը և իշխող վարչախմբի վերարտադրությունը: Այդ նպատակին հասնելու համար համախմբվում ենք որպես «ՈՉ»-ի ճակատ, նախաձեռնում ենք համաժողովրդական դիմադրություն և Հայաստանի քաղաքացիներին ու հասարակական-քաղաքական բոլոր միավորներին կոչ ենք անում միանալ երկրում ծավալվող պայքարին:

Հայ Ազգային Կոնգրես, «Ժառանգություն» կուսակցություն, Հայաստանի Ժողովրդական կուսակցություն, Հիմնադիր խորհրդարան, «Հայազն» կուսակցություն, Ազգային համաձայնություն կուսակցություն, Ազգային ինքնորոշում միավորում, «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ, «ՀՀ քաղաքագետների միություն» ՀԿ, «Մարտի 1» ՀԿ, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» ՀԿ, «Ազատականություն և ժողովրդավարություն» ՀԿ, «Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» ՀԿ, «Էկոլոգիական իրավունք» ՀԿ, «Մենք հանուն ժողովրդավարության» ՀԿ, «Ռեֆորմ» հանուն ժողովրդավարության զարգացման ՀԿ, Շիրակի մարզի «Բարեփոխում և զարգացում» իրավապաշտպան ՀԿ, «Հանուն արդարության» ՀԿ, «Դեպի բացարձակ ժողովրդավարություն» ՀԿ, «Փաստաբաններ մարդու իրավունքների համար» ՀԿ, «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն, «Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնություն, «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնություն

ՀՀ Սահմանադրության երրորդ փոփոխություններԽմբագրել

2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ Ազգային ժողովը կայացրեց «Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվե դնելու մասին» որոշումը։ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն պետք է տեղի ունենար 2020-ի ապրիլի 5-ին, սակայն, երկրում արտակարգ դրությունը հիմք ընդունելով, ՀՀ Սահմանադրության  208-րդ հոդվածի համաձայն, ըստ որի ռազմական կամ արտակարգ դրության պայմաններում հանրաքվե չի անցկացվում, Ազգային ժողովը որոշում  կայացրեց ուժը կորցրած ճանաչել Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն։[6]

«Իմ քայլը» խմբակցությունը շրջանառության մեջ դրեց  և ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվում էին Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորությունները, ովքեր պաշտոնավարել են 12 տարուց ավել։ Նախագծով դադարեցվում էին նաև բարձր դատարանի նախագահի լիազորությունները, իսկ նոր նախագահ կընտրվի միայն այն դեպքում, երբ կհամալրվեն Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերը։[7]

2020 թվականի փետրվար 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  որոշում կայացրեց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին։ Հանձնաժողովի ստեղծման նպատակն է մշակել և վարչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Փաթեթի նեկայացումից հետո 2021 թվականին նախատեսվում են ՀՀ Սահմանադրության 4-րդ փոփոխություների գործընթացը։ [8]

Հայաստանի Սահմանադրության կառուցվածքըԽմբագրել

Ինչպես վերը նշված է՝ Հայաստանի Սահմանադրությունը, որը ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ի Հայաստանի հանրաքվեով[8], երկու անգամ ենթարկվել է սահմանադրական փոփոխությունների, որոնցից առաջինը կատարվել է սահմաանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց՝ 2005 թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով[9], իսկ երկրորդը՝ վերջինը կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015 թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով[9]: Ներկայումս գործող սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և տասնվեց գլուխներից։[1] Պրեամբուլան սահմանում է սահմանադրության ընդունման ընդհանուր սկզբունքները և նպատակները (Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում[10] հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը)։ Պրեամբուլան իրավական տեսանկյունից կարևորվում է նաև այն առումով, որ հղում է կատարում 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի վրա՝ այդպիսով հռչակագրում ամրագրված սկզբունքներն ու հայոց պետականության նպատակները բարձրացնելով սահմանադրաիրավական մակարդակի։ Հայաստանի սահմանադրության և սահմանադրական կարգի լրջագույն թերություններից մեկը պետք է համարել այն, որ ներկայիս Հանրապետությունը փաստացի հռչակվել է խորհրդային Հայաստանի իրավահաջորդը, այլ ոչ թե 1918 թուականի մայիսի 28-ին ստեղծուած անկախ Հայաստանի Հանրապետութեան։ Դա հռչակված է Հայաստանի անկախության մասին հռչակագրում[10] և մաս է կազմում Հայաստանի հիմնական օրենքի ու հանդիսանում է Հայաստանի ներկայիս հանրապետության իրավաքաղաքական համակարգի իրավական հիմքը։ Ահա Հռչակագրի համապատասխան կետը․ «1. Հայկական ԽՍՀ-ն վերանուանւում է Հայաստանի Հանրապետութիւն՝ կրճատ՝ Հայաստան:»[10]

Ներկայումս գործող սահմանադրությունը ունի հետևյալ կառուցվածքը։

ԳԼՈՒԽ 1․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸԽմբագրել

ԳԼՈՒԽ 1։ Այն կոչվում է «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ» և բաղկացած է քսաներկու հոդվածներից, որնցից առաջին երեքը փոփոխության ենթակա չեն։ Դրանցից երկրորդում հռչակված է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սահմանադրության առաջին գլխով սահմանվում է պետության բնույթը (ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն), իշխանության պատկանելը ժողովրդին, պետության սահմանափակվածությունը մարդու իրավունքներով և ազատություններով, Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժը մնացած բոլոր իրավական ակտերի նկատմամբ, նրա անմիջական գործողությունը, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը, քաղաքական, տնտեսական և սոցիալական համակարգերի հիմունքները, եկեղեցու անջատ լինելը պետությունից, զինված ուժերի կարգավիճակը, պետության վարչատարածքային կազմակերպումը, պետական լեզուն, պետության խորհրդանիշները և մայրաքաղաքը։

Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հոդված 3. Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները։ Հոդված 4. Իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը։ Հոդված 5. Իրավական նորմերի աստիճանակարգությունը։ Հոդված 6. Օրինականության սկզբունքը։ Հոդված 7. Ընտրական իրավունքի սկզբունքները։ Հոդված 8. Գաղափարախոսական բազմակարծությունը և բազմակուսակցական համակարգը։ Հոդված 9. Տեղական ինքնակառավարման երաշխավորումը։ Հոդված 10. Սեփականության երաշխավորումը։ Հոդված 11. Տնտեսական կարգը։ Հոդված 12. Շրջակա միջավայրի պահպանությունը և կայուն զարգացումը։ Հոդված 13. Արտաքին քաղաքականությունը։ Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը։ Հոդված 15. Մշակույթի, կրթության, գիտության խթանումը, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պաշտպանությունը։ Հոդված 16. Ընտանիքի պաշտպանությունը։ Հոդված 17. Պետությունը և կրոնական կազմակերպությունները։ Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին։ Հոդված 19. Հայկական սփյուռքի հետ կապերը։ Հոդված 20. Հայաստանի Հանրապետության պետական լեզուն։ Հոդված 21. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշերը։ Հոդված 22. Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը։

ԳԼՈՒԽ 2․ ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԽմբագրել

ԳԼՈՒԽ 2։ Այն սահմանում է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները և հենց այդպես էլ կոչվում է՝ «ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»։ Սույն գլխում ամրագրվում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները՝ միջազգայնորեն ընդունված հանրաճանաչ նորմերին համապատասխան։ Մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները բաժանվում են անձնական, քաղաքական, քաղաքացիական և սոցիալ-տնտեսական իրավունքների։ Այս գլխով են սահմանվում նաև մարդու և քաղաքացու կոնկրետ պարտականությունները, այն է՝ յուրաքանչյուր մարդու պարտականությունը օրենքով սահմանված կարգով և չափով մուծելու հարկեր, տուրքեր, կատարելու պարտադիր այլ վճարումներ, Սահմանադրությունը և օրենքները պահպանելու, այլոց իրավունքները, ազատությունները և արժանապատվությունը հարգելու պարտականությունը, ինչպես նաև յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունը՝ օրենքով սահմանված կարգով մասնակցելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Գլուխը բաղկացած է հետևյալ հիսունինը հոդվածներից․

Հոդված 23. Մարդու արժանապատվությունը։ Հոդված 24. Կյանքի իրավունքը։ Հոդված 25. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը։ Հոդված 26. Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը։ Հոդված 27. Անձնական ազատությունը։ Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը։ Հոդված 29. Խտրականության արգելքը։ Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը։ Հոդված 31. Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը։ Հոդված 32. Բնակարանի անձեռնմխելիությունը։ Հոդված 33. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը։ Հոդված 34. Անձնական տվյալների պաշտպանությունը։ Հոդված 35. Ամուսնանալու ազատությունը։ Հոդված 36. Ծնողների իրավունքները և պարտականությունները։ Հոդված 37. Երեխայի իրավունքները։ Հոդված 38. Կրթության իրավունքը։ Հոդված 39. Մարդու ազատ գործելու իրավունքը։ Հոդված 40. Ազատ տեղաշարժվելու իրավունքը։ Հոդված 41. Մտքի, խղճի և կրոնի ազատությունը։ Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը։ Հոդված 43. Ստեղծագործության ազատությունը։ Հոդված 44. Հավաքների ազատությունը։ Հոդված 45. Միավորումների ազատությունը։ Հոդված 46. Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքը։ Հոդված 47. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը։ Հոդված 48. Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը։ Հոդված 49. Հանրային ծառայության անցնելու իրավունքը։ Հոդված 50. Պատշաճ վարչարարության իրավունքը։ Հոդված 51. Տեղեկություններ ստանալու իրավունքը։ Հոդված 52. Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքը։ Հոդված 53. Հանրագիր ներկայացնելու իրավունքը։ Հոդված 54. Քաղաքական ապաստանի իրավունքը։ Հոդված 55. Արտաքսման կամ հանձնման արգելքը։ Հոդված 56. Ազգային և էթնիկ ինքնությունը պահպանելու իրավունքը։ Հոդված 57. Աշխատանքի ընտրության ազատությունը և աշխատանքային իրավունքները։ Հոդված 58. Գործադուլի իրավունքը։ Հոդված 59. Տնտեսական գործունեության ազատությունը և տնտեսական մրցակցության երաշխավորումը։ Հոդված 60. Սեփականության իրավունքը։ Հոդված 61. Դատական պաշտպանության իրավունքը և մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններ դիմելու իրավունքը։ Հոդված 62. Վնասի հատուցման իրավունքը։ Հոդված 63. Արդար դատաքննության իրավունքը։ Հոդված 64. Իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։ Հոդված 65. Ցուցմունք տալու պարտականությունից ազատվելու իրավունքը։ Հոդված 66. Անմեղության կանխավարկածը։ Հոդված 67. Մեղադրանքից պաշտպանվելու իրավունքը։ Հոդված 68. Կրկին դատվելու արգելքը։ Հոդված 69. Դատապարտվածի բողոքարկման իրավունքը։ Հոդված 70. Ներման խնդրանքի իրավունքը։ Հոդված 71. Մեղքի սկզբունքը և պատժի համաչափության սկզբունքը։ Հոդված 72. Հանցագործություններ սահմանելիս և պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը։ Հոդված 73. Օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժը։ Հոդված 74. Հիմնական իրավունքների և ազատությունների կիրառելիությունն իրավաբանական անձանց նկատմամբ։ Հոդված 75. Հիմնական իրավունքների և ազատությունների իրականացման կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը։ Հոդված 76. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ։ Հոդված 77. Հիմնական իրավունքների և ազատությունների չարաշահման արգելքը։ Հոդված 78. Համաչափության սկզբունքը։ Հոդված 79. Որոշակիության սկզբունքը։ Հոդված 80. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ դրույթների էության անխախտելիությունը։ Հոդված 81. Հիմնական իրավունքներն ու ազատությունները և միջազգային իրավական պրակտիկան։

ԳԼՈՒԽ 3։ ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸԽմբագրել

ԳԼՈՒԽ 3։ Նախկիննում ՀՀ սահմանադրությունում նման գլուխ չի եղել։ Այն մտցվել է վերջին սահմանադրական փոփոխություններով։ Սույն գլուխը սահմանում է երկրի զարգացման օրենսդրական երաշխիքներն ու պետական քաղաքականության հիմնական նպատակները և կոչվում է «ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ» բաղկացած է հետևյալ վեց հոդվածից․

Հոդված 82. Աշխատանքային պայմանները։ Հոդված 83. Սոցիալական ապահովությունը։ Հոդված 84. Արժանապատիվ գոյությունը և նվազագույն աշխատավարձը։ Հոդված 85. Առողջության պահպանությունը։ Հոդված 86. Պետության քաղաքականության հիմնական նպատակները։ Հոդված 87. Պետության քաղաքականության հիմնական նպատակների իրագործումը։

ԳԼՈՒԽ 4․ Ազգային ԺողովԽմբագրել

ԳԼՈՒԽ 4։ Այն վերաբերում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին և կոչվում է «ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ»։ Սույն գլուխը սահմանում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի կարգավիճակը, լիազորությունները, ընտրության կարգը, պատգամավորների կարգավիճակը և ընտրության կարգը, օրենսդրական գործընթացը։ Գլուխը բաղկացած է հետևյալ երեսունհինգ հոդվածներից․

Հոդված 88. Ազգային ժողովի կարգավիճակը և գործառույթները Հոդված 89. Ազգային ժողովի կազմը և ընտրության կարգը Հոդված 90. Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը Հոդված 91. Ազգային ժողովի հերթական ընտրությունը Հոդված 92. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը Հոդված 93. Ազգային ժողովի ընտրությունների նշանակումը Հոդված 94. Ներկայացուցչական մանդատը Հոդված 95. Պատգամավորական մանդատի անհամատեղելիությունը Հոդված 96. Պատգամավորի անձեռնմխելիությունը Հոդված 97. Պատգամավորի վարձատրության չափը և գործունեության այլ երաշխիքները Հոդված 98. Պատգամավորի լիազորությունների դադարումը և դադարեցումը Հոդված 99. Ազգային ժողովի հերթական նստաշրջանները Հոդված 100. Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը և նիստը Հոդված 101. Ազգային ժողովի նիստերի հրապարակայնությունը Հոդված 102. Ազգային ժողովի նիստերի իրավազորությունը Հոդված 103. Օրենքների, Ազգային ժողովի որոշումների, հայտարարությունների և ուղերձների ընդունումը Հոդված 104. Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները և Ազգային ժողովի խորհուրդը Հոդված 105. Ազգային ժողովի խմբակցությունները Հոդված 106. Ազգային ժողովի մշտական հանձնաժողովները Հոդված 107. Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովները Հոդված 108. Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովները Հոդված 109. Օրենսդրական նախաձեռնությունը Հոդված 110. Պետական բյուջեի ընդունումը Հոդված 111. Պետական բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողությունը Հոդված 112. Պատգամավորների բանավոր և գրավոր հարցերը Հոդված 113. Հարցապնդումները Հոդված 114. Հրատապ թեմայով քննարկումները Հոդված 115. Վարչապետին անվստահություն հայտնելը Հոդված 116. Միջազգային պայմանագրեր վավերացնելը, կասեցնելը և չեղյալ հայտարարելը Հոդված 117. Համաներումը Հոդված 118. Պատերազմի հայտարարումը և խաղաղության հաստատումը Հոդված 119. Ռազմական դրությունը Հոդված 120. Արտակարգ դրությունը Հոդված 121. Վարչատարածքային միավորները և բաժանումը Հոդված 122. Ինքնավար մարմինները

ԳԼՈՒԽ 5․ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸԽմբագրել

ԳԼՈՒԽ 5։ Այն վերաբերում է պետության գլխին և կոչվում է «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ»։ Սույն գլուխը սահմանում է Հանրապետության Նախագահի կարգավիճակը, նրա լիազորությունները, ընտրության կարգը և լիազորությունների ժամկետը, Նախագահի թեկնածուին ներկայացվող պահանջները։ Գլուխը բաղկացած է հետևյալ քսաներեք հոդվածից․

Հոդված 123. Հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները Հոդված 124. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը և նրան ներկայացվող պահանջները Հոդված 125. Հանրապետության նախագահի ընտրության կարգը Հոդված 126. Հանրապետության նախագահի արտահերթ ընտրությունը Հոդված 127. Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հոդված 128. Հանրապետության նախագահի ուղերձը Հոդված 129. Օրենքի ստորագրումը և հրապարակումը Հոդված 130. Կառավարության հրաժարականի ընդունումը Հոդված 131. Փոփոխություններ Կառավարության կազմում Հոդված 132. Հանրապետության նախագահի լիազորություններն արտաքին քաղաքականության բնագավառում Հոդված 133. Հանրապետության նախագահի լիազորությունները զինված ուժերի բնագավառում Հոդված 134. Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը Հոդված 135. Ներում շնորհելը Հոդված 136. Պարգևատրումը և պատվավոր կոչումների շնորհումը Հոդված 137. Բարձրագույն դասային աստիճանների շնորհումը Հոդված 138. Պաշտոնատար անձանց ժամանակավոր նշանակումը Հոդված 139. Հանրապետության նախագահի հրամանագրերը և կարգադրությունները Հոդված 140. Հանրապետության նախագահի անձեռնմխելիությունը Հոդված 141. Հանրապետության նախագահի պաշտոնանկությունը Հոդված 142. Հանրապետության նախագահի հրաժարականը Հոդված 143. Հանրապետության նախագահի լիազորությունների կատարման անհնարինությունը Հոդված 144. Հանրապետության նախագահի լիազորությունների ժամանակավոր կատարումը Հոդված 145. Հանրապետության նախագահի գործունեության ապահովումը

ԳԼՈՒԽ 6․ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸԽմբագրել

ԳԼՈՒԽ 6։ Այն վերաբերում է երկրի գործադիր իշխանությանը և կոչվում է «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»։ Սահմանում է գործադիր իշխանության՝ կառավարության լիազորությունները և գործունեության կարգը։ Սույն գլուխը բաղկացած է հետևյալ տասնվեց հոդվածից․

Հոդված 146. Կառավարության կարգավիճակը և գործառույթները։ Հոդված 147. Կառավարության կազմը և կառուցվածքը։ Հոդված 148. Կառավարության անդամին ներկայացվող պահանջները։ Հոդված 149. Վարչապետի ընտրությունը և նշանակումը։ Հոդված 150. Կառավարության կազմավորումը։ Հոդված 151. Կառավարության ծրագիրը։ Հոդված 152. Վարչապետի և Կառավարության մյուս անդամների իրավասությունները։ Հոդված 153. Կառավարության նիստերը և որոշումները։ Հոդված 154. Տնտեսական և ֆինանսական քաղաքականությունը։ Հոդված 155. Զինված ուժերը։ Հոդված 156. Կառավարության տարեկան զեկույցն Ազգային ժողովին։ Հոդված 157. Կառավարության վստահության հարցը։ Հոդված 158. Կառավարության հրաժարականը։ Հոդված 159. Պետական կառավարման համակարգի մարմինները։ Հոդված 160. Կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը։ Հոդված 161. Հանրային խորհուրդը։

ԳԼՈՒԽ 7․ ԴԱՏԱՐԱՆՆԵՐ ԵՎ ԲԴԽԽմբագրել

ԳԼՈՒԽ 7։ Այն վերաբերում է երկրի դատական համակարգին, այսինքն՝ դասական ժողովրդավարական համակարգի իշխանության երեք ՀԻՄՆԱԿԱՆ ճյուղերից մեկին և կոչվում է «ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ԵՎ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ»։ Սահմանում է դատական համակարգի կառուցվածքը, կազմավորման կարգը, Սահմանադրական դատարանի կազմավորման կարգն ու լիազորությունները։ Բաղկացած է հետևյալ տասնչորս գլուխներից․

Հոդված 162. Արդարադատության իրականացումը։ Հոդված 163. Դատարանները։ Հոդված 164. Դատավորի կարգավիճակը։ Հոդված 165. Դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջները։ Հոդված 166. Դատավորների ընտրության և նշանակման կարգը։ Հոդված 167. Սահմանադրական դատարանը։ Հոդված 168. Սահմանադրական դատարանի լիազորությունները։ Հոդված 169. Սահմանադրական դատարան դիմելը։ Հոդված 170. Սահմանադրական դատարանի որոշումները և եզրակացությունները։ Հոդված 171. Վճռաբեկ դատարանը։ Հոդված 172. Վերաքննիչ դատարանները։ Հոդված 173. Բարձրագույն դատական խորհուրդը։ Հոդված 174. Բարձրագույն դատական խորհրդի կազմը և կազմավորման կարգը։ Հոդված 175. Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները։

ԳԼՈՒԽ 8․ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԽմբագրել

ԳԼՈՒԽ 8։ Այս գլուխը մեկն է նրանցից, որոնք սահմանում են նոր սահմանադրական մարմիններ։ Դրանցից մեկը դատախազական և քննչական մարմինների համակարգն է։ Այս գլուխը կոչվում է «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ»։ Բաղկացած է հետևյալ երեք հոդվածից․

Հոդված 176. Դատախազությունը Հոդված 177. Գլխավոր դատախազը Հոդված 178. Քննչական մարմինները

ԳԼՈՒԽ 9․ ՏԻՄԽմբագրել

ԳԼՈՒԽ 9։ Այս գլուխը վերաբերվում է տեղական ինքնակառավարման մարմիններին։ Երաշխավորվում է համայնքներում տեղական ինքնակառավարումը, այն է՝ համայնքի իրավունքն ու կարողությունը՝ սեփական պատասխանատվությամբ բնակիչների բարօրության նպատակով Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան լուծելու տեղական նշանակության հարցերը։ Սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ համայնքի ղեկավար և ավագանի, նրանց լիազորությունները, համայնքների ֆինանսավորման կարգը, կառավարության կողմից հսկողությունը համայնքների նկատմամբ։ Գլուխը կոչվում է «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ»։ Բաղկացած է հետևյալ տասներկու հոդվածից․

Հոդված 179. Տեղական ինքնակառավարման իրավունքը։ Հոդված 180. Համայնքը։ Հոդված 181. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Հոդված 182. Համայնքի խնդիրները և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։ Հոդված 183. Համայնքի գործերի կառավարմանն անմիջական մասնակցությունը։ Հոդված 184. Համայնքի սեփականությունը։ Հոդված 185. Համայնքի բյուջեն, տեղական հարկերը, տուրքերը և վճարները։ Հոդված 186. Համայնքի ֆինանսավորումը։ Հոդված 187. Տեղական ինքնակառավարումը Երևանում։ Հոդված 188. Իրավական և մասնագիտական հսկողությունը։ Հոդված 189. Միջհամայնքային միավորումները։ Հոդված 190. Համայնքների միավորումը և բաժանումը։

ԳԼՈՒԽ 10․ ՄԻՊԽմբագրել

ԳԼՈՒԽ 10․ Այս գլուխը նույնպես այն գլուխների շարքին է պատկանում, որոնք սահմանում են նոր սահմանադրական մարմիններ։ Սույն գլուխը վերաբերում է օմբուդսմանին, այսինքն՝ Մարդու Իրավանց Պաշտպանին։ Գլուխը հենց այդպես էլ կոչվում է՝ «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ»։ Բաղկացած է հետևյալ երեք հոդվածից․

Հոդված 191. Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթները և լիազորությունները Հոդված 192. Մարդու իրավունքների պաշտպանի ընտրությունը Հոդված 193.Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխիքները

ԳԼՈՒԽ 11․ ԿԸՀԽմբագրել

ԳԼՈՒ Խ 11։ Այս գլուխը նույնպես այն գլուխների շարքին է պատկանում, որոնք սահմանում են նոր սահմանադրական մարմիններ։ Այն վերաբերում է պետության ընտրական համակարգին։ Գլուխը կոչվում է «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ» և բաղկացած է հետևյալ երկու հոդվածից․

Հոդված 194. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթները, լիազորությունները և ընտրական հանձնաժողովների համակարգը Հոդված 195. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը և կազմավորման կարգը

ԳԼՈՒԽ 12․ ՀՌՀԽմբագրել

ԳԼՈՒԽ 12։ Եվս մեկ գլուխ, որտեղ սահմանվում է նոր սահմանադրական մարմին։ Այս գլուխը կոչվում է «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ»։ Բաղկացած է հետևյալ երկու հոդվածից․

Հոդված 196. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները Հոդված 197. Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կազմը և կազմավորման կարգը

ԳԼՈՒԽ 13․ ՀՔՊԽմբագրել

ԳԼՈՒԽ 13։ Նոր սահմանադրական մարմին սահմանող գլուխներից մեկն է։ Գլուխը կոչվում է «ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԸ»։ Բաղկացած է հետևյալ երկու հոդվածից․

Հոդված 198. Հաշվեքննիչ պալատի գործառույթները և լիազորությունները Հոդված 199. Հաշվեքննիչ պալատի կազմը և կազմավորման կարգը

ԳԼՈՒԽ 14․ ԿԲԽմբագրել

ԳԼՈՒԽ 14։ Նույնպես սահմանում է նոր սահմանադրական մարմին։ Կոչվում է «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ»։ Բաղկացած է հետևյալ երկու հոդվածից․

Հոդված 200. Կենտրոնական բանկի հիմնական նպատակները և գործառույթները Հոդված 201. Կենտրոնական բանկի նախագահը և խորհուրդը

ԳԼՈՒԽ 15․ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆԽմբագրել

ԳԼՈՒԽ 15։ Սույն գլխով սահմանվում են սահմանադրության ընդունման, փոփոխությունների և հանրաքվեի անցկացման հիմնական դրույթները։ Գլուխը կոչվում է «ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ»։ Սահմանվում է, որ Սահմանադրությունը ընդունվում և փոփոխվում է բացառապես հանրաքվեով։ Հանրաքվեով կարող են ընդունվել նաև սովորական օրենքները, որոնք այդ դեպքում ենթակա են փոփոխման կրկին հանրաքվեով։ Սահմանվում են հանրաքվեի անցկացման հիմունքները։ Սույն գլուխը բաղկացած է հետևյալ յոթ հոդվածից․

Հոդված 202. Սահմանադրության ընդունումը և փոփոխությունը։ Հոդված 203. Սահմանադրության անփոփոխելի հոդվածները։ Հոդված 204. Քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ հանրաքվեն։ Հոդված 205. Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և տարածքի փոփոխության հարցերով հանրաքվեները։ Հոդված 206. Հանրաքվեի նշանակումը։ Հոդված 207. Հանրաքվեի դրված ակտի ընդունումը։ Հոդված 208. Հանրաքվե անցկացնելու արգելքը։

ԳԼՈՒԽ 16․ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԽմբագրել

ԳԼՈՒԽ 16։ Սույն գլխով սահմանվում են սահմանադրության եզրափակիչ և անցումային դրույթները։ Գլուխն այդպես էլ կոչվում է․ «ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ» և բաղկացած է հետևյալ տասներկու հոդվածից․

Հոդված 209. Սահմանադրության առանձին դրույթների ուժի մեջ մտնելը։ Հոդված 210. Օրենքների համապատասխանեցումը Սահմանադրության փոփոխություններին։ Հոդված 211. Հանրապետության նախագահի ընտրության ժամկետը։ Հոդված 212. Կառավարության հրաժարականը։ Հոդված 213. Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարումը։ Հոդված 214. Բարձրագույն դատական խորհրդի կազմավորումը։ Հոդված 215. Դատավորների, դատարանների նախագահների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների պաշտոնավարումը։ Հոդված 216. Գլխավոր դատախազի պաշտոնավարումը։ Հոդված 217. Համայնքի ավագանու անդամների և համայնքի ղեկավարի պաշտոնավարումը։ Հոդված 218. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարումը։ Հոդված 219. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորումը։ Հոդված 220. Սահմանադրության 12-14-րդ գլուխներով նախատեսված մարմինների անդամների պաշտոնավարումը։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի պաշտոնական կայք։
  2. Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարնի պաշտոնական կայք։
  3. Րաֆֆի Հովհաննիսյան․ Սերժ Սարգսյանը Հայաստանը տանում է դեպի կուսակցապետություն։ Սեպտեմբեր 02, 2015։ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ռադիոկայան։ [1]
  4. Կուսակցապետություն, որտեղ չի լինելու հավասարակշռման ու զսպման մեխանիզմ. Հրանտ Բագրատյան։ 2015-12-04 19:53:47։ Լրատվական ռադիո։ [2]
  5. Սահմանադրական բարեփոխումներն արվում են՝ կուսակցապետություն հաստատելու համար. Րաֆֆի Հովհաննիսյան։ 11:53, 04.09.2015։ Նյուզ․էյ էմ։ [3]
  6. Նոր սահմանադրության նպատակը կուսակցապետության ստեղծումն է. Ր. Հովհաննիսյան։ 4 սեպտեմբեր, 2015 12:53։ Սիվիլնեթ․ էյ էմ։ [4]
  7. «Այո» և «ոչ». Այս մեխանիզմով դեմոկրատիա չի լինելու, լինելու է պարտոկրատիա. Հրանտ Բագրատյան։ 15:38 • 21.11.15։ Թերթ․ էյ էմ։ [5]
  8. Տե՛ս Հայաստանի Սահմանադրական դատարնի պաշտոնական կայք։
  9. 9,0 9,1 Տե՛ս Հայաստանի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայք։
  10. 10,0 10,1 10,2 Հռչակագիր Հայաստանի անկախության մասին (1990 թ.)։

Արտաքին հղումներԽմբագրել

ԱղբյուրներԽմբագրել