Միավորումներ կազմելու իրավունք

Միավորումներ կազմելու իրավունք, քաղաքական իրավունքները և ազատությունները քաղաքացու իրավունքների և ազատությունների կարևորագույն խումբն է, որոնց ամբողջությունն ապահովում է պետության քաղաքական կյանքին քաղաքացիների ակտիվ մասնակցությունը, դրանով իսկ նախապայմաններ ստեղծելով մարդկանց անձնական իրավունքների և ազատությունների դրսևորման համար։ Հասարակական-քաղաքական գործունեությանն ակտիվորեն մասնակցելու և քաղաքական իրավունքներն ու ազատություններն իրականացնելու համար կարևոր է մարդկանց միավորումներ կազմելու իրավունքը, որը կոչվում է նաև միություններ և միավորումներ ստեղծելու ազատություն։ Այս իրավունքի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հասարակական-քաղաքական կյանքին մարդիկ մասնակցում են ոչ միայն անհատապես, այլ նաև կոլեկտիվ, և այդ իրավունքը կոչված է նպաստելու տարբեր տիպի կազմակերպություններ ստեղծելուն, համատեղ ուժերով նպատակաուղղված գործողություններ կատարելուն։ Որպես կանոն, մարդիկ միավորվում են որոշակի գաղափարների շուրջ և իրենց նպատակներն իրագործելու համար ստեղծում ինքնակառավարվող կազմակերպություններ[1]։

Միավորումներ կազմելու իրավունք խմբագրել

Միավորումներ կազմելու իրավունքը ամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, որն ընդունվել է 1948 թվականին։ Հռչակակագրի 20-րդ հոդվածում  նշված է

  1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ ժողովների ու միախմբությունների ազատության իրավունք
  2. Ոչ ոք չի կարող հարկադրվել որևէ միության մեջ մտնելու[2]։

Միավորումներ կազմելու իրավունքի ամրապնդման և տարածման համար տարբեր ժամանակներում մշակվել և ընդունվել են նաև այլ փաստաթղթեր։ Մասնավորապես կոնվենցիան Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին* փոփոխված 11-րդ արձանագրությամբ, որտեղ Առաջին բաժնի 11-րդ հոդվածում ասված

  1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության և այլոց հետ միավորվելու ազատության իրավունք՝ ներառյալ իր շահերի պաշտպանության համար արհմիություններ ստեղծելու և դրանց անդամակցելու իրավունքը։
  1. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Սույն հոդվածը չի խոչընդոտում օրինական սահմանափակումներ նախատեսել զինված ուժերի, ոստիկանության և պետական վարչակազմի մեջ մտնող անձանց կողմից այդ իրավունքների իրականացման նկատմամբ[3]։

Հայաստանի Սահմանադրության մեջ նույնպես տեղ են գտել միավորումներ կազմելու իրավունքի վերաբերյալ դրույթներ։ Մասնավորապես` ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 25-րդ  և 26-րդ հոդվածներում նշվում է հետևյալը.

  • Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք։
  • Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու և դրանց անդամագրվելու իրավունք։
  • Այս իրավունքները կարող են սահմանափակվել զինված ուժերում և իրավապահ մարմիններում ծառայողների նկատմամբ։
  • Մարդուն չի կարելի հարկադրել անդամագրվել որևէ կուսակցության կամ միավորման:Քաղաքացիները ունեն խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու իրավունք[4]։

Քաղաքացիների միավորումներ կազմելու իրավունքներ խմբագրել

Քաղաքացիներն իրավունք ունեն ինքնակամ ստեղծել հանրային կազմակերպություններ առանց պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների թույլտվության։ Հիմնադրված հանրային կազմակերպությունները պետք է սահմանված ձևով գրանցվեն և ձեռք բերեն իրավաբանական կարգավիճակի իրավունք։ Այսպիսի միավորումները կարող են գործել նաև առանց պետական գրանցման, սակայն այդ դեպքում չեն ունենա իրավաբանական կարգավիճակ։ Հանրային կազմակերպությունը ստեղծվում է քաղաքացիների ընդհանուր շահերը պաշտպանելու և ապագայի տեսլականին հասնելու համար և անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից` բոլորը հավասար են օրենքի առաջ[5]։

Հանրային կազմակերպությունների գործունեությունը հիմնված է կամավորության, հավասարության, ինքնակառավարման և օրինականության վրա։ Նրանց գործունեությունը պետք է լինի թափանցիկ, իսկ անդամների և ծրագրերի մասին փաստաթղթերը` հանրային[5]։

Հանրային կազմակերպությունների անդամներն իրավունք ունեն ընտրելու և ընտրվելու կազմակերպության կառավարաման և վերահսկման մարմիններում, ինչպես նաև վերահսկել հասարակական կազմակերպության ղեկավարների գործունեությունը` կանոնադրության համաձայն։ Նրանք ունեն իրավունքներ և պարտականություններ, որոնք սահմանված կարգով չկատարելու դեպքում կարող են հեռացվել Հանրային կազմակերպությունների կազմակերպության կազմից[5]։

Արգելվում է այն հանրային կազմակերպությունների հիմնադրումն ու գործունեությունը, որոնց նպատակը կամ գործունեությունը ուղղված է բռնությամբ սահմանադրական համակարգի փոփոխմանը, պետության անվտանգության խաթարմանը, զինված խմբավորումների ստեղծմանը, սոցիալական, ռասսայական, ազգային կամ կրոնական ատելության հրահրմանը[5]։

Հավաքների ազատություն խմբագրել

Առաջին հատվածում նշված երեք փաստաթղթերի մեջ ամրագրված է մարդու միավորումներ կազմելու իրավունքը, որի իրացման հիմնական միջոցներից է ազատ հավաքներ կազմակերպելը, հավաքներին մասնակցելը և այլն։

Խաղաղ հավաքների ազատությունը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է, որից կարող են օգտվել և որը կարող են  կազմակերպել անհատներ, խմբեր, չգրանցված միավորումներ, իրավաբանական անձինք  և այլ տեսակի կազմակերպություններ։ Հավաքները կարող են ծառայել տարբեր նպատակների` այդ թվում ներկայացնել  տարակարծությունը և  արտահայտել փոքրամասնության կարծիքը։ Խաղաղ հավաքների ազատությունը կարող է լինել կարևոր ազդակ մշակույթի պահպանման և զարգացման համար, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների պահպանման գործընթացում։ Խաղաղ հավաքների ազատության պաշտպանությունը հանդիսանում է հույժ կարևոր գործոն հանդուրժող և բազմակարծիք հասարակություն ունենալու համար, որտեղ կարող են կազմավորվել խմբեր  տարբեր   պահանջմունքի, ավանդույթների կամ  գործունեության տարբեր ձևերի[8[6]]:

Իրենց կարծիքն արտահայտելու, ինչպես նաև հասարակության համար կարևոր խնդիրների քննարկման համար խաղաղ և առանց զենքի հավաքների իրավունքը հանդիսանում է պետության ժողովրդավարության չափանիշներից մեկը[7]։

Պետք է նշել, որ ցանկացած հավաք պետք է ունենա խաղաղ բնույթ, էթնիկական, ռասսայական կամ կրոնական ատելություն հրահրելու կոչերն անընդունելի են, իսկ կազմակերպիչները պետք է ներդնեն մեծ ջանքեր, որպեսզի հավաքների անցկացման ժամանակ պահպանվի կարգուկանոն, այդ թվում նաև համագործակցեն պետական լիազոր մարմինների հետ[7]։

Ուղեցույցների և բացատրական մեկնաբանությունների մեջ <<խաղաղ հավաքների ազատություն>> տերմինից զատ  հաճախ նախընտրությունը տրվում է << խաղաղ հավաքների իրավունք>> տերմինին։ Դրանով ընդգծվում է, որ հավաքների իրավունքի հիմքում ընկած է ազատության ավելի հիմնավոր հասկացություն, որի էությունն այդ իրավունքի  իրացումն է` առանց որևիցե միջամտության։ Հավաքներին մասնակցությունը պետք է լինի բացառապես ինքնակամ։

Խաղաղ հավաքներ կարող են կազմակերպվել տարբեր նպատակներով, որոնցից են` տեսակետների արտահայտումը և ընդհանուր շահերի պաշտպանությունը, տոնակատարությունները, հիշատակի միջոցառումները, բողոքի ցույցերը և այլն։ Խաղաղ հավաքների ազատությունը կարող է ունենալ ինչպես խորհրդանշական, այնպես էլ գործնական նշանակություն և կարող է հանդիսանալ կարևոր ազդակ մշակույթի պահպանման և զարգացման, ինչպես նաև փոքրամասնությունների ինքնության պահպանման գործընթացներում։ Դրան ավելացնում են նաև այլ իրավունքներ և ազատություններ, ինչպիսիք են միավորումների ազատությունը, պետության տարածքում կապեր հաստատելու և պահպանելու իրավունքը,  մտքի , խղճի, կրոնի  և խոսքի ազատությունը։  Հավաքների ազատությունը ունի հիմնարար նշանակություն անձի զարգացման, ինքնաիրացման և արժանապատվության համար, ինչպես նաև հասարակության առաջընթացի և բարգավաճման համար[8]։

Հավաքների ազատությունը նույնպես համարվում է ժողովրդավարության հիմքերից մեկը։ Խաղաղ հավաքներին մասնակցելու խթանումը օգնում է ապահովել, որ   հասարակության տարբեր անդամները կարողանան արտահայտել իրենց ընդհանուր կարծիքը։ Խաղաղ հավաքների ազատությունը հանդիսանում է ժողովրդավարության ձևերից մեկը։ Այն խթանում է համագործակցության զարգացմանը ինչպես քաղաքացիական հասարակության ներսում, այնպես էլ  քաղաքացիական հասարակության , քաղաքական գործիչների և կառավարության միջև։ Հավաքները հիմնականում ուղղված են լինում արտաքին աշխարհին, իսկ այն երկրներում, որտեղ ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակ է կամ խիստ վերահսկողության ներքո, հավաքների ազատությունը կենսական անհրաժեշտություն ունի նրանց համար, ովքեր փորձում են ուշադրություն հրավիրել ներքին խնդիրների վրա։ Հավաքների հաղորդակցական ներուժը ընդգծում է, թե հավաքների ազատությունը ինչքան կարևոր է փոփոխությունների խթանման և դրանց իրականացման համար։ Հատկապես, պետությունները պետք է ընդունեն, որ հավաքների ազատությունը ունի խոր և երկարատև դրական հետևանքներ։ Քանզի, հավաքների ազատության պաշտպանության համար արված ֆինանսական ծախսերը կլինեն շատ ավելի քիչ, քան ռեպրեսիվ հավաքների ժամանակ առաջացած անկարգությունների հետևանքները վերացնելու ծախսերը[8]։

Ազատ հավաքներ կազմակերպելու հնարավորությունը բխում է ոչ միայն ժողովրդավարության շահերից, այլ նաև մեծ նշանակություն ունի հանդուրժող հասարակություն ունենալու համար, որտեղ կարող են գոյություն ունենալ խմբեր, որոնք ունեն տարբեր  հետաքրքրություններ, ինչպես նաև հնարավոր լինի անհամատեղելի համոզմունքների, վարքի և սկզբունքների  տարբեր դրսևորումներ[8]։

Կազմակերպություններ խմբագրել

Կազմակերպությունը ինստիտուցիոնալ բնույթի արհեստական միավորում է, որը հասարակության մեջ զբաղեցնում է որոշակի տեղ և ունի նպատակային գործառույթ։ Այս իմաստով կազմակերպությունը հանդես է գալիս որպես կարգավիճակ ունեցող սոցիալական հաստատություն։ Կազմակերպությունը հանրային  կառույց է, որն ունի որոշակի նպատակ, գործունեության հստակ կառուցվածք և սահմանված կանոնակարգ։ Կազմակերպությունը բնութագրվում է 4 հիմնական հատկանիշներով.

  1. Կազմակերպությունը հանրային կառույց է. բոլոր կազմակերպությունները կազմված են մարդկանցից կամ մարդկանց խմբերից։ Կազմակերպության հիմնաքարը մարդիկ են և այն պարտականությունները, որոնք վերցնում են իրենց վրա։ Հիմնական կազմակերպչական գործառույթներն իրականացնելու համար մարդիկ մտնում են որոշակի փոխհարաբերությունների մեջ։
  2. Գլխավոր նպատակին հասնելու համար կազմակերպություններն ունեն մշակված  քայլեր, որոնք ցանկացած կազմակերպության  գոյության իմաստն են։ Կազմակերպությունը և նրա բոլոր անդամները փորձում են ունենալ հաջողություններ և դրանցով իրականացնել իրենց առաքելությունը։ Անդամների առանձին նպատակները կարող են տարբերվել ընդհանուր նպատակից, իսկ կազմակերպությունը կարող է ունենալ մի քանի գլխավոր նպատակ, հանուն որի գոյություն ունի։
  3. Կազմակերպությունն ունի գործունեության հստակ կառուցվածք, որը ապահովում է նրա ընդհանուր կենսագործունեությունը։ Կազմակերպության խնդիրները բաժանվում են տարբեր մասերի, որոնցից յուրաքանչյուրն ունի իր գործունեության շրջանակը։ Գործունեության շրջանակի նեղացումը տալիս է բարձր արդյունավետություն։ Նախագծումը թույլ է տալիս համակարգել և կառավարել տարբեր աշխատանքային կոլեկտիվների և խմբերի աշխատանքը։
  4. Կազմակերպությանը անդամակցելու համար կա հստակ սահմանված կարգ։ Կազմակերպության անդամները պատասխանատու են աշխատանքի արդյունքների համար[9]։

Ընդհանուր առմամբ կազմակերպությունները բաժանվում են երկու մասի՝ կոմերցիոն և հանրային։ Կոմերցիոն են համարվում այն կազմակերպությունները, որոնց գործունեության հիմնական նպատակը շահույթ ստանալն է։ Կոմերցիոն կազմակերպությունները կարող են ստեղծվել հետևյալ ձևերով.

  • Տնտեսական ընկերակցություններ և ընկերություններ
  • Արտադրական կորպորատիվներ
  • Պետական և համայնքային միավորված ձեռնարկություններ[10]։

Հանրային կազմակերպությունների նպատակը շահույթ ստանալը և դրա շրջանակն ընդլայնելը չէ։ Հանրային կազմակերպությունները լինում  են հետևյալ տեսակների՝ հասարակական, կրոնական կազմակերպություններ, բարեգործական հիմնադրամներ և այլն[10]։

Հանրային  կազմակերպություններ խմբագրել

Քաղաքական համակարգում կարևոր տեղ են զբաղեցնում հանրային կազմակերպությունները, որոնց հիմնական տեսակներից են հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները, երիտասարդական և մանկական միավորումները, հիմնադրամները, մասսայական շարժումները, մասնագիտական խորհուրդները, կրոնական կազմակերպությունները, սպորտային և այլ կամավորական միավորումները, ստեղծագործական խորհուրդները և այլն։

հասարակական կազմակերպությունը մարդկանց միավորում է, որի հիմնական նպատակը միավորված քաղաքացիների ընդհանուր գործունեությունն է՝ ուղղված ընդհանուր շահերի պաշտպանությանն ու նպատակին հասնելուն[11]։

հասարակական շարժումը բաղկացած է անդամներից, որոնք հանրային կազմակերպության անդամ չեն, և ունի սոցիալական, քաղաքական և այլ հանրօգուտ նպատակներ[11]։

հասարակական հիմնադրամների նպատակը կամավոր ներդրումների հիման վրա կամ  այլ օրինական ճանապարհներով ֆոնդ ստեղծելն է՝ հանրային և սոցիալական խնդիրներ լուծելու համար[11]։

քաղաքական կուսակցությունները արտահայտում են իրենց անդամների քաղաքական կամքը, մասնակցում են կառավարման մարմինների ձևավորմանը և իրականացմանը՝ այդ մարմիններում ընտրված ներկայացուցիչների միջոցով։ Կուսակցություններն իրավունք ունեն ներկայացուցչական մարմիններում առաջադրել թեկնածուներ, անցկացնել ընտրապայքարներ, ձևավորել  խմբակցությունները[20[11]]:

կրոնական կազմակերպությունը ֆիզիկական անձանց կամավոր միավորում է, որը ստեղծվում է կրոնի տարածման համար՝ ստանալով իրավաբանական անձի կարգավիճակ, որի նպատակն է՝ կրոնի դավանումը և կրոնական ծեսերի պահպանումն ու կատարումը, կրոնի ուսուցումն ու կրոնական դաստիարակությունը։ Կրոնական կազմակերպության կարևորագույն նպատակը կազմակերպության անդամների մեջ հստակ նպատակների, արժեքների և իդեալների ձևավորումն է[11]։

Արհմիություններ խմբագրել

Արհեստակցական միությունները  հասարակական միավորումներ են, որոնք փոխկապակցված են ընդհանուր արդյունաբերական, մասնագիտական շահերով։ Նրանց գործունեության հիմնական նպատակը միության անդամների սոցիալական և աշխատանքային իրավունքներն ու շահերը ներկայացնելն ու պաշտպանելն է։ Որպես հանրային կազմակերպություն, արհմիությունները հիմնված են կամավոր անդամակցության վրա[12]։

Արհմիությունների հիմնական խնդիրը աշխատողների շահերի և իրավունքների պաշտպանումն է աշխատանքում։ Այս նպատակով էլ արհմիություններ ստեղծվել են և նրանցում ընդգրկվել և ընդգրկվում թն աշխատողներ, թոշակառուներ, հիմնական, միջին և մասնագիտական կրթություն ստացողներ և այլ խմբերի ներկայացուցիչներ[12]։

Մարդու արհեստակցական միություններին անդամակցելու իրավունքը ամրագրված է օրենքով, որն ներառված է միավորումներ կազմելու իրավունքի մեջ։ Արհմիությունների իրավաբանական բարձր  կարգավիճակը փաստում է հասարակության համար դրա դերի և նշանակության կարևորության մասին։ Արհմիությունները կարգավորում են սոցիալական տարբեր նորմեր՝ բարոյականություն, էթիկա, ավանդույթներ, օրենքներ և այլն[12]։

Արհմիությունները քաղաքացիական հասարակության կարևոր տարրերից են, որոնք ներկայումս գտնվում են զարգացման փուլում։ Առանց քաղաքացիական հասարակության և արհմիությունների հնարավոր չէ ունենալ իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն[12]։

Իրականացնելով իր գործառույթը, արհմիությունը առաջնորդվում է իր հիմնական սկզբունքով՝ անկախ գործող իշխանություններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, գործատուներից, քաղաքական կուսակցություններից և այլ հասարակական միավորումներից։ Բացի այդ, արգելվում է վերոնշյալ կառույցներիի միջամտությունը արհմիությունների գործունեության, ինչը կսահմանափակի  նրանց իրավունքները կամ կխոչընդոտի գործունեությանը։

Արհմիությունների հարաբերությունները պետության և գործատուների հետ բնութագրվում է հետևյալ հատկանիշներով՝ անկախություն, անթափանցիկություն, անվերասկելիություն։ Անթափանցիկությունը ենթադրոում է, որ արհմիությունը պարտավոր չէ իր գործունեության մասին ներկայացնել հաշվետվություն։ Սակայն, որպես իրավաբանական կազմակերպություն արհմիությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն եկամուտների մասին։ Ինչ վերաբերում է անկախությանն ու անվերահսկելիությանը, ապա սրանք հնարավորություն են տալիս առանց խոչընդոտների գործունեություն ծավալել։

Արհմիությունների հիմնական իրավունքները ներառում են՝ աշխատողների սոցիալական և աշխատանքային իրավունքների ու ընդհանուր շահերի պաշտպանությունը, զբաղվածության ապահովման իրավունքը, բանակցություններ վարելու և պայմանագրել կնքելու իրավունքը, կոլեկտիվ վեճերի լուծմանը մասնակցելու իրավունք և այլ իրավունքներ[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Որո՞նք են քաղաքացիների քաղաքական իրավունքներն ու ազատությունները». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 25.07.2020-ին.
  2. [Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր, https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=1896, 18.07.2020, 14:30 «DocumentView»]. www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  3. [ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԱՐ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ * ՓՈՓՈԽՎԱԾ 11-ՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ, https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=20870 18.07.2020, 15:00 «DocumentView»]. www.arlis.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  4. «ԻՐՏԵԿ - Իրավական տեղեկատվական կենտրոն». www.irtek.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «ОБЩЕСТВЕННЫЕ ОРГАНИЗАЦИИ (ОБЪЕДИНЕНИЯ) И ИХ РОЛЬ В СТАНОВЛЕНИИ гражданского общества, Чулюкова С. А,». Արխիվացված է , օրիգինալից 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 19.07.2020 19:30-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  6. «Pуководящие принципы по свободе мирных собраний» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 14.07.2020, 15:38-ին.
  7. 7,0 7,1 «СВОБОДА МИРНЫХ СОБРАНИЙ ,» (PDF). Վերցված է 13.07.2020, 16:40-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Pуководящие принципы по свободе мирных собраний». Վերցված է 13.07.2020, 20:05-ին.(չաշխատող հղում)
  9. «Организация в теории организации и социологии» (PDF). Վերցված է 15.07.2020, 12:00-ին.
  10. 10,0 10,1 «ТЕОРИЯ ОРГАНИЗАЦИИ И ОРГАНИЗАЦИОННОЕ ПОВЕДЕНИЕ» (PDF). Վերցված է 14.07.2020, 18:00-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 «Экономика религиозных исламских организаций» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 19.07.2020, 15:00-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 «Пути повышения роли профессиональных союзов в современной России» (PDF). Վերցված է 17.07.2020, 16:00-ին.