Աշխատանքի հիգիենա, հիգիենայի բաժին, որն ուսումնասիրում է մարդու աշխատանքային գործունեությունը, աշխատանքի ընթացքում օրգանիզմի կրած ազդեցությունները, մշակում է գործնական միջոցառումներ բարենպաստ և անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծելու, աշխատավորների առողջությունն ու աշխատունակությունը պահպանելու համար։ Աշխատանքի հիգիենան ուսումնասիրում է մարմնի և դրա տարբեր մասերի կատարած շարժումները, լարվածության աստիճանը, աշխատանքի ընթացքում օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական պրոցեսների տեղաշարժերը, աշխատավայրի հիգիենիկ պայմանները՝ օդի ջերմաստիճանը, խոնավությունը, շարժման արագությունը, ճնշումը և փոշոտվածությունը, ճառագայթային էներգիայի տարբեր տեսակները, աղմուկը, ցնցումը և այլն, դրանց ազդեցությունը օրգանիզմի վրա և դրանց վերացման միջոցները, արտադրական թույները աշխատանքային միջավայրի օդում, դրանց ազդեցությունը օրգանիզմի վրա, վերացման ուղիները, մշակում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների չափերը։

Խրամուղու բացում

Աշխատանքի հիգիենան օգտվում է ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիկայի, քիմիայի, կլինիկական բժշկության, վիճակագրության, տեխնիկայի և գիտության այլ բնագավառների գիտելիքներից և մեթոդներից։ Աշխատանքի հիգիենայի վերաբերյալ գիտական առաջին աշխատանքը տվել է իտալացի բժիշկ Բերնարդինո Ռամացինին, ով լույս է ընծայել «Դատողություններ արհեստավորների հիվանդությունների մասին» մենագրությունը (1700)։

Նախկին Խորհրդային Միության տարիներին, 1959 թվականին Հրազդանում հիմնադրվել է աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտները, իսկ 1961 թվականի մարտին այդ ինստիտուտը տեղափոխվել է Երևան և վերանվանվել Ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ Ն. Բ. Հակոբյանի անվան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 474