Մալենա (ֆիլմ)
«Մալենա» (իտալերեն՝ Malèna), 2000 թվականի իտալական դրամա է։ Գլխավոր դերերում են Մոնիկա Բելուչին և իտալացի սկսնակ դերասան Ջուզեպե Սուլֆարոն։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Ջուզեպպե Տորնատորեն է։ Ֆիլմի սցենարը գրվել է իտալացի սցենարիստ Լուչիանո Վինցենզոնիի նույնանուն պատմվածքի հիման վրա։
Երկիր | Իտալիա[1] Գերմանիա[1] |
---|---|
Ժանր | դրամա, ռոմանտիկ ֆիլմ և կինոկատակերգություն |
Թեմա | Երկրորդ համաշխարհային պատերազմ, Պատանեկություն[1] և ինքնաբացահայտում[1] |
Թվական | 2000 և մարտի 1, 2001[2] |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Ջուզեպե Տորնատորե |
Պրոդյուսեր | Հարվի Վայնշտեյն |
Սցենարի հեղինակ | Ջուզեպե Տորնատորե և Լուչիանո Վինչենցոնի |
Դերակատարներ | Մոնիկա Բելուչի, Ջուզեպպե Սուլֆարո, Լուչիանո Ֆեդերիկո, Գաետանո Արոնիկա, Գաբրիելլա Դի Լուցիո, Անջելո Պելեգրինո, Paola Pace?, Ժիլբերտո Իդոնեա, Պիպո Պատավինա, Ջովաննի Մարտորանա, Նոամ Մորգենշտերն, Լուչիա Սարդո, Կլաուդիո Կաստրոջիովանի, Ֆաբրիցիո Ֆերական, Դոմենիկո Ջենարո, Ջովաննի Ֆեբրարո, Conchita Puglisi?, Aurora Quattrocchi?, Orio Scaduto? և Vanni Bramati? |
Օպերատոր | Լայոշ Կոտաի |
Երաժշտություն | Էնիո Մորիկոնե |
Պատմվածքի վայր | Սիցիլիա |
Նկարահանման վայր | Կատանիա, Սիրակուզա և Մարոկկո |
Կինոընկերություն | Medusa Film և Miramax Films |
Տևողություն | 109 ± 0 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սյուժե
խմբագրելՖիլմի դեպքերը զարգանում են 1940 թվականին, երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Իտալիան մտնում է պատերազմի մեջ։ Մալենայի ամուսինը՝ Նինո Սկորդիան, մեկնում է զինվորական ծառայության։ Մալենան վշտանում է և փորձում է հաշտվել բաժանման փաստի հետ, երբ փոքրիկ քաղաքը, որտեղ նա վերջերս էր տեղափոխվել բնակվելու, փորձում է հաշիվ տեսնել տեղացի բոլոր տղամարդկանց՝ ներառյալ 12-ամյա Ռենատոյի ուշադրության և կրքոտ հայացքների կենտրոնում գտնվող գեղեցիկ կնոջ հետ։ Չնայած գյուղացիների բամբասանքներին՝ Մալենան, այնուամենայնիվ, շարունակում է հավատարիմ մնալ իր ամուսնուն։ Ռենատոն ուժեղ տարվում է Մալենայով և սկսում է երազել նրա մասին ձեռնաշարժության ժամանակ։
Լուռ, ապշեցուցիչ գեղեցկությամբ անծանոթուհին օրերից մի օր ստանում է իր ամուսնու սպանության մասին լուրը։ Ռենատոն հետևում է Մալենային, որը տանջվում է մենությունից և վշտից։ Իտալական գյուղաքաղաքի ժողովրդի կողմից Մալենան հալածվում է, քանի որ տեղացի անհրապույր, նախանձ կանայք սկսում են ամենաստոր բաները ենթադրել նրա մասին լոկ նրա գեղեցկության պատճառով։
Պարբերաբար Մալենան այցելում է իր հորը՝ լատիներենի գրեթե խուլ դասախոսին և օգնում է նրան տնային գործերով։ Երբ հոր ձեռքն է ընկնում բանսարկու բովանդակությամբ անստորագիր նամակը դստեր անբարոյական վարքի մասին, հոր և դստեր հարաբերությունները կտրուկ ընդհատվում են։
Զուգահեռաբար, պատերազմի պատճառով դրությունը հետզհետե վատթարանում է։ Քաղաքը ռմբակոծում են, Մալենայի հայրը մահանում է։
Նրա համար սկսվում է դժվար ժամանակաշրջան. արդյունքում նա մնում է առանց դրամական միջոցների։ Տեղացի ատամնաբույժի կինը նրա դեմ դատական գործ է հարուցում, սակայն Մալենային արդարացնում են։ Միակ տղամարդը, որով նա միամտորեն հրապուրվում է, բանակում ծառայող սպան էր, որը հեռանում է դատական գործի արդյունքում։
Մալենայի թշվառությունը, վերջ ի վերջո, նրան ստիպում է հանձնվել և տրվել քաղաքի ագահությանն ու չարակամությանը. նա դառնում է մարմնավաճառ՝ իրականացնելով կանանց պատկերացումներն իր մասին։
Երբ գերմանական բանակը մտնում է քաղաք, Մալենան կենակցում է նաև գերմանացիների հետ։ Տեսնելով նրան գերմանացի երկու սպաների ուղեկցությամբ՝ Ռենատոն ուշաթափվում է։
Նրա մայրը և գյուղի այլ ծեր կանայք կարծում են, որ տղան սատանայի ձեռքն է ընկել, և «դևերից» ազատելու նպատակով նրան տանում են եկեղեցի։ Հայրը, սակայն, հասկանում է, որ տղան տանջվում է կրքից, և տանում է պոռնկատուն։ Ռենատոն սեռական շփում է ունենում մարմնավաճառ կնոջ հետ, նրա փոխարեն, սակայն, պատկերացնելով Մալենային։
Պատերազմի ավարտից հետո գյուղի կանայք, միավորելով իրենց ողջ ատելությունն ու նախանձը, ծեծի են ենթարկում Մալենային, ինչից հետո նա լքում է քաղաքը և հեռանում Մեսինա։ Մի քանի օր անց, ի զարմանս բոլորի, քաղաք է վերադանում Նինո Սկորդիան՝ Մալենայի ամուսինը։ Նա իր տունը գտնում է պատերազմի արդյունքում տեղահանված թշվառներով բնակեցված։ Ռենատոն նրան ուղղված անանուն նամակում պատմում է Մալենայի հետ կատարվածը։
Նինոն մեկնում է Մեսինա, որպեսզի գտնի Մալենային։ Մեկ տարի անց նրանք վերադառնում են հայրենի քաղաք։ Ապշահարված Մալենայի հանդգնությունից՝ գյուղացիներն սկսում են հարգանքով դիմել նրան՝ սինյորա Սկորդիա։ Մալենան չէր կորցրել իր գեղեցկությունը, սակայն նրա գեղեցկությունն այլևս վտանգ չէր ներկայացնում տգեղ կանանց համար, քանի որ նկատելի էին նրա աչքերի շուրջ հայտնված կնճիռներն ու երբեմնի սլացիկ կազմվածքի փոփոխությունը։
Ֆիլմի վերջին տեսարանում Ռենատոն ափամերձ ճանապարհի վրա օգնում է Մալենային գետնից հավաքել նարիջները, որոնք ընկել էին նրա մթերքով լի տոպրակներից։ Նարինջները հավաքելով և մեկնելով կնոջը՝ տղան դիմում է նրան. «Buona fortuna, Signora Malena»(«Բարին ընդ Ձեզ, սինյորա Մալենա») և հեծանվով հեռանում է՝ վերջին անգամ ետ շրջվելով և նայելով իրենից հեռացող Մալենային։ Երբ այս տեսարանն աստիճանաբար անհետանում է էկրանից, լսվում է արդեն հասուն Ռենատոյի ձայնը, որը պատմում է. «Ես երբեք չեմ մոռացել Մալենային, նույնիսկ այսքան տարիներ անց, և բոլոր աղջիկներից, որոնք ինձ խնդրում էին հիշել իրենց, միայն Մալենային է, որ հիշում եմ, բայց նա այդ մասին ինձ չէր խնդրել...»։ Արդյո՞ք Մալենան երբևէ իմացել է իր հանդեպ Ռենատոյի տածած զգացմունքների մասին։ Դիտորդի համար սա կմնա հանելուկ։
Քննադատությունը
խմբագրելՉնայած այն հանգամանքին, որ Եվրոպայում ֆիլմն, ընդհանուր առմամբ, մեծ հաջողություն ունեցավ, ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում այն լայնորեն քննադատվեց անչափահասի մասնակցությամբ սեռական գործողություններ պարունակող տեսարանների ցուցադրման պատճառով։ Ամերիկացիներն, ըստ երևույթին, դա չընդունեցին, քանի որ Հյուսիսային Ամերիկայում ֆիլմի դիստրիբյուտոր «Fine Line Features» ընկերությունը ֆիլմից կրճատեց ավելի քան 17 րոպե։
Հետաքրքիր է ընթերցել կինոքննադատների կարծիքները Միացյալ Նահանգներում և Մեծ Բրիտանիայում զգալի կրճատումներով ցուցադրված ֆիլմի մասին[3]։ Ահավասիկ, ֆիլմի ամփոփումներից մեկը.
«Մալենա» ֆիլմում տեղ են գտել պատանեկան խոսակցություններ սեռական հարաբերությունների, մերկ մարմնի, ձեռնաշարժության մասին, հոր կողմից որդուն պոռնկատուն տանելը, ինչպես նաև տեսարան, որտեղ մի խումբ տղաներ համեմատում են իրենց, այսպես ասած, տղամարդկային արժանիքները։ Մարդիկ, որոնք վիրավորվում են մտքի խորաթափանցությունից, մտավախության խնդիր չունեն։ Ֆիլմն իտալերեն լեզվով և անգլերեն ենթագրերով է... չնայած, Բելուչիի մարմինը վարժ խոսում է էսպերանտո լեզվով։ Վարկանիշը՝ R[4], 93 րոպե[5]։
Ամերիկացի կինոքննադատներից ամենախորաթափանցները ֆիլմի ռեժիսոր Ջուզեպպե Տորնատորեին համեմատում են Ֆեդերիկո Ֆելլինիի հետ [6][7], նշելով, որ վերջինս այս պատմությունը, թերևս, կներկայացներ ավելի հումորով, ավելի օրիգինալ, նրբիմաստ կամ բազմապլան տարբերակով։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես կներկայացներ այս ֆիլմի պատմությունն, օրինակ, հանրահռչակ և տաղանդավոր Տարանտինոն՝ իր յուրահատուկ և անկրկնելի ոճով։ Մալենային ծեծի ենթարկելու գործողությունն, օրինակ, Տարանտինոն կարող էր սկզբում ներկայացնել «Ռենատոյի կողմից», այնուհետեև՝ «Մալենայի կողմից»՝ տեսարանն, այդպիսով, վերածելով ծայրահեղ զվարճալի մի ատրակցիոնի։ Բարեբախտաբար, «Մալենա»-ն նկարահանելիս Տարանտինոն ներկա չէր, և դա արվեստասեր հանրությանը թույլ է տալիս վայելելու կինոարվեստի բոլորովին այլ ոճի՝ Ջուզեպե Տորնատորեի ձեռագրով այս գլուխգործոցը։ Բելուչիի՝ էսպերանտո լեզվին վարժ տիրապետող վայելչակազմ մարմնի վրա չկենտրոնանալու դեպքում կարելի է հանկատել և համոզվել, որ աշխարհի բոլոր լեզուներով խոսում է ֆիլմի ողջ տեսաժապավենը՝ ներառյալ արևոտ Սիցիլիայի ծովափնյա քաղաքում հասունացող տղայի սիրահարված, կրքոտ, միամիտ աչքերը («Ռենատո», Ջուզեպե Սուլֆարո) և տաղանդավոր երգահան Էնիո Մորիկոնեի կողմից ֆիլմի համար գրված զգայացունց երաժշտությունը։
Անկախ այն հանգամանքից, որ ԱՄՆ-ում ֆիլմը չարժանացավ կինոքննադատների մեծամասնության հավանությանը, 2005 թ. արթ-հաուսի սիրահարների համար Հյուսիսային Ամերիկայում, այնուամենայնիվ, թողարկվեց հատուկ DVD։
ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում ցուցադրված տարբերակներ
խմբագրելՄիացյալ Նահանգներում ներկայացված ֆիլմից կրճատվել էին հիմնականում գլխավոր հերոսի՝ պատանու երազանքները ցուցադրող տեսարանները, որոնցում նա Մալենայի հետ սեռական կոնտակտի մեջ էր մտնում։ Էրոտիկ տեսարաններից, սակայն, չէր կրճատվել այն հատվածը, որտեղ տղան այցելում է պոռնկատուն և անկողին է մտնում արտաքնապես Մալենային նման մարմնավաճառ կնոջ հետ...
Գլխավոր դերերում
խմբագրել- Մոնիկա Բելուչի՝ Մալենա Սկորդիա
- Ջուզեպե Սուլֆարո՝ Ռենատո Ամորոզո
- Լուչիանո Ֆեդերիկո՝ Ռենատոյի հայրը
- Մաթիլդա Պիանա՝ Ռենատոյի մայրը
Երաժշտությունը
խմբագրելԵրգահան Էնիո Մորիկոնեի կողմից ֆիլմի համար գրված սաունդտրեկը արժանացել է Օսկար և Ոսկե Գլոբուս մրցանակներին։
Սաունդթրեք
խմբագրել- Inchini Ipocriti E Disperazione
- Malèna
- Passeggiata In Paese
- Visioni
- Nella Casa
- Malèna (End Titles)
- Linciaggio
- Orgia
- Il Ritorno
- Bisbigli Della Gente
- Ma L'Amore No
- Casino Bolero
- Altro Casino
- Visioni (Fantasie D'Amore)
- Cinema D'Altri Tempi
- Ipocrisie
- Pensieri Di Sesso
- Momenti Difficili
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 https://web.archive.org/web/20201106112726/https://europeanfilmawards.eu/en_EN/film/malena.13234
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=1846
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Rated R: Restricted-Under 18 requires accompanying parent or adult guardian. R18 certificate, a rating by the British Board of Film Classification usually signifying hardcore pornography
- ↑ ««'Malena': Bombshell in a bomb» By Paul Tatara, CNN.com Reviewer, January 4, 2001». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ Malena" Reviewed by George Perry, updated 5 March 2001
- ↑ MALENA movie review, by Jack Garner
Արտաքին հղումներ
խմբագրել- «Մալենա» ֆիլմի մասին «Miramax Films»-ի վեբկայքում Արխիվացված 2009-04-27 Wayback Machine
- Կինոքննադատ Ռոբ Բլեքուելդերի կարծիքը «Մալենա» ֆիլմի վերաբերյալ (անգլերեն)
- Movies: cincinnati.com Արխիվացված 2008-08-29 Wayback Machine
- Ֆիլմի սյուժեի մասին ֆիլմերի առցանց տվյալների բազայում (անգլերեն, ֆրանսերեն)
- Կինոքննադատ Ջոշ Հիլմենի կարծիքը «Մալենա» ֆիլմի մասին, ապրիլի 27, 2005 թ., BBC Արխիվացված 2008-05-27 Wayback Machine
- «Մալենա» ֆիլմի սյուժեն (անգլերեն հոդված*
- Malèna, DVD Times
- «Մալենա» ֆիլմի վերլուծությունը, «Variety News Service»