Լոռու ջրանցք, ջրանցք Հայաստանի Լոռու մարզում։ Լոռվա ջրանցքի՝ Լոռկանալի շինարարությունը ծրագրվել է դեռևս նախապատերազմյան շրջանում, սակայն պատերազմի պատճառով հետաձգվել է և մեկնարկել է 1943 թվականին, նպատակ ունենալով ոռոգելի դարձնել Ձորագետ-Դեբեդ գետերի Լոռվա Սարահարթի ձախափնյա դաշտերը։ Ջրանցքի շինարարությնունը սկսվել է Ագարակագետից, կամ Արխաշան գետակից և հասել մինչև Օձունի դաշտավայրեր։ Ըստ էության առաջին տասնամյակներում ջրանցքի ջրերը ոռոգել են Կողես, Յաղդան, Աղեգի, Արևածագ, ծաթեր, Այգեհատ, Արդվի, Օձուն, Ամոջ և Հագվի գյուղերի դաշտերի մի մասը։ Շահագործման է հանձնվել 1945 թվականին։ Ջրանցքը գրեթե ամբողջությամբփորվել է մարդկանց ձեռքի աշխատանքով։ Հազվադեպ տեղերում միայն հնարավոր է եղել փոքր քանակությամբ պայթեցումներ անել։ Պատերազմի պատճառով պայթուցիկ հայթայթելը դժվար էր։ Աշխատանքներում ներգրավված են եղել շահառու դարձող կոլտնտեսությունների կին և տղամարդ բանվորները, որոնք աշխատել են աշխատանքային պարհակով, անհատույց, իրենց հատկացված տեղամասերում, իրենց հիմնական աշխատանքի ժամերից դուրս։ Ծանր ու դաժան է եղել ջրանցքի շինարարությունը, քանի որ ողջ օրը աշխատելով կոլտնտեսության դաշտում կամ ֆերմաներում, ուշ երեկոյան կոլտնտեսականները ջրանցքի շինարարություն էին հասնում և ողջ գիշեր աշխատում էին, փորձելով կատարել տրված պլամնը։ Առավոտյան կրկին վերադառնում էին հիմնական աշխատանքին, այն էլ ոտքով։ 1958 թվականին ջրանցքը երկարացվել և ջրառը կատարվել է Ձորագետի Տաշիր վտակից, այս կերպ ոռոգելի դարձնելով նաև Ստեփանավանի տարածաշրջանի մի քանի գյուղերի հողերը։ Հետագա տարիներին ջրանցքի երկարությամբ պոմպակայաններ են տեղադրվել, ինչը հնարավորություն է տվել ոռոգելի դարձնել նաև ջրանցքի զրոյական կետից բարձր հողերը։ Մայր ջրանցքի երկարությունը 45,6 կմ է, ջրթողունակությունը՝ 2,5 մ³/վ։ Ջրառը կատարվում է պատվարային եղանակով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|