Հայոց անձնանունների բառարան

Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյանի հինգհատորյա աշխատությունը իր տեսակի մեջ եզակի երևույթ, որտեղ հավաքված և ուսումնասիրված են 5–10-րդ դարերում հայ մատենագրության մեջ հիշատակված բոլոր անձնանունները։ Տպագրվել է 1942-1962 թվականներին Երևանի պետական համալսարանի հրատարակչությունում։

Հայոց անձնանունների բառարան
ՀեղինակՀրաչյա Աճառյան
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբառարան
Բնօրինակ լեզուհայերեն
Երկիր Հայկական ԽՍՀ
ՀրատարակիչԵրևանի պետական համալսարան
Հրատարակման տարեթիվ1942
Թվային տարբերակnayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=35
Հրաչյա Աճառյան

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Բառարանում ընդգրկված են հայ ազգի ամենահին ժամանակներից մինչև 1500 թվականը ատյաններում հիշատակված ցանկացած հայկական կամ հայերի կողմից օգտագործված անձնանունները, 1500-1700 թվականների պատմության և գրականության համար կարևոր դեմքերի, ինչպես նաև կաթողիկոսների, պատրիարքների, նշանավոր ճանապարհորդների և այլ անուններ։ 1700 թվականից այս կողմ Էջմիածնի, Աղթամարի, Սսի կաթողիկոսների և Երուսաղեմի ու Կոստանդնուպոլսի պատրիարքների անունները նաև անուններ, որոնք նոր են կամ անսովոր, նրանց կրողների անունը ևս նշված է բառարանում[1]։

Ներկայացված նյութերը խմբագրել

  1. Անունը
  2. Սեռը (արական, իգական)
  3. Ստուգաբանությունը
  4. Համապատասխան ձևերը մի քանի այլ լեզուներով,
    1. խաչով նշված են հայկական ծագում ունեցող անունները,
    2. աստղանիշով նշված են օտար ծագում ունեցող անունները,
    3. եթե չի նշված ապա անծանոթ է։
  5. Համառոտ, տվյալ անունը կրող հայտնի մարդկանց մասին (մինչև 1500 թվականը նշված է գրականության մեջ հիշատակված ցանկացած անձ)։

Օգտագործված նյութեր խմբագրել

  • Երեմիա Վարդապետ (Մեղրեցի), «Բառագիրք Հայոց» 1698
  • «Հայկազեան բառարան» Վենետիկի Մխիթարյան միաբանություն, 2-րդ հատոր՝ նվիրված է հատուկ անուններին։ Այստեղ թե տեղանունները և թե անձնանունները բացատրվում են հանգամանորեն, նշված են անվան ծագումը, ճիշտ տառադարձությունը[2]։
  • Հայնրիխ Հյուբշմանը իր «Armenische Grammatik» մոնումենտալ գրքում քննության է առել հայերենում տեղ գտած պարսկերեն, եբրայերեն, արաբերեն և այլ ծագում ունեցող անձնանունները և մեծ մասամբ դրանք ստուգաբանել[3]։
  • Justi, Iranisches Namenbuch (Marburg 1895)
  • Bailly, Dictionare grec-francais, 6 ed. Paris
  • Quicherat et Daveluy - Dictionnaire latin-francais, Paris
  • Gesenius - Hebraisches und aramaisches Handworterbuch, Leipzig, 1921
  • Կամուս, Համատարած անդունդք ծովու, Բ տպ, Պոլիս 1250 թրք, և արբ,

Անձնանունների ստուգաբանումը խմբագրել

Աճառյանը հայկական անձնանունները ըստ ծագման բաժանում է 15 խմբի[4]։

  • Նախահայկական, օրինակ՝ Արամ, որը ծագում է Խալդյան Արամե թագավորի անունից
  • Անծանոթ, օրինակ՝ Հայկ, Արմենակ, Արամայիս, Ամասիա, Հարմա, Արա, Դարդոս և այլն, որոնք հիշատակվում են Մովսես Խորենացու Հայոց Պատմության Ա գրքում, և որոնց հայկական ծագումը ապացուցված չէ։
  • Բուն հայկական, օրինակ՝ Արձան, Տիրայր, Այրուկ, Աստղիկ, Գյուտ, Թաթուլ, Թոռնիկ, Իշխան, Զարմայր, Առնակ և այլն։ Կան նաև կենդանիների և թռչունների անվանումներով անուններ, որոնք հիմնականում ուժի, գեղեցկության և քնքշության արտահայտություններ են և միայն հեռավոր կապ կարող են ունենալ տոտեմիզմի հետ։ Օրինակ՝ Այծեմնիկ, Առյուծ, Արտույտ, Գառնիկ, Եզնիկ, Աղավնի, Արծվիկ և այլն։
  • Պահլավական, օրինակ՝ Վարդան, Բագրատ, Ատրներսեհ, Դրաստամատ, Զարեհ, Սեպուհ, Զոհրապ, Խոսրով, Խոսրովիդուխտ, Համազասպ, Գիսակ, Գուրգեն, Անուշ, Աշխեն, Արշակ, Սանատրուկ, Տրդատ, Վռամշապուհ և այլն, որոնք պարթևական ազդեցության արդյունք են։ Դրանց մեծ մասը ստուգաբանված է, որպես հասարակ անուններ, ինչպես՝ Աշխեն՝ «թուխ», Անուշ՝ «անմահ», Գուրգեն՝ «գայլի ձագ», Տրդատ՝ «Տիր աստծո տված»։
  • Ասորական, օրինակ՝ Աբգար, Եղիշե, Գադիշո և այլն, որոնք եկել են Հայաստանում Քրիստոնեություն ընդունումից հետո, բայց ասորական ազդեցությունը կարճ եղավ և հայերի մոտ պահպանվեցին միայն մեկ-երկու անձնանուն (Աբգար, Եղիշե)։
  • Եբրայական, անուններ, որոնք եկել են Քրիստոնեության հետ, օրինակ՝ Ադամ, Եվա, Աբել, Աբրահամ, Սեթ, Սահակ, Դանիել, Գաբրիել, Եսայի, Հակոբ, Զաքարիա, Սողոմոն և այլն։ Եբրայական անունները հայերին անցել են Աստվածաշնչի թարգմանության միջոցով, որը կատարվել է հունարենից և այդ պատճառով հայերեն տառադարձման մեջ դրանք կրում են հունարենի ազդեցությունը։
  • Հունական, այս անձնանունները արդյունք են հայ-հունական դարավոր կապերի և հելենիստական մշակույթի ազդեցության։ Առավել տարածված անուններից են՝ Անաստաս (հարություն), Ղևոնդ (առյուծ), Վասիլ (թագավոր), Գևորգ (երկրագործ), Գրիգոր (արթուն), Կիրակոս (տերունի), Հռիփսիմե (անկյալ), Ստեփան (պսակ)։
  • Արաբական, հայերը արաբներից քիչ թվով անուններ վերցրել են արաբական տիրապետության ժամանակաշրջանում, օրինակ՝ Աբլխարիպ (Ղարիբի հայր), Աբուսահլ (Սահլի հայր), Մլեհ (սիրուն, գեղեցիկ)։ Այժմ սրանք գործածական չեն։
  • Լատինական, այս անունները հայերի մոտ տարածում են գտել Կիլիկիայի Հայկական Թագավորության ժամանակաշրջանում։ Դրանցից են՝ Անտոն (առաջնորդ), Լևոն (առյուծ), Հեթում (ըստ Աճառյանի Օտոն Ա-ից), Ալիս, Զաբել և այլն։
  • Հայ կրոնական անունները սկզբում քրիստոնեական օտար անունների թարգմանություններն էին, ինչպես՝ Առաքել (հունարեն՝ Ապոստալ), Հարություն (հունարեն՝ Անաստաս), Աստվածատուր (հունարեն՝ Թեոդորոս), Խաչիկ (հունարեն՝ Ստավրի), Մխիթար (եբրայերեն՝ Սեթ)։ Դրան զուգընթաց ստեղծվել են նոր նմանակերտ անձնանուններ, օրինակ՝ Համբարձում, Զատիկ, Գալուստ, Մարգար, Կարապետ, Մկրտիչ, Ավետիս․ Ավագ, Մաքրուհի, Սրբուհի, Տիրուհի և այլն։
  • Հայ ժողովրդական անուններ, որոնք գործածվել են շինական ժողովրդի շրջանում և պահպանվել են առ այսօր։ Դրանք արտահայտել են մարդու արտաքին և ներքին բարեմասնությունները։ Օրինակ՝ Վարդիթեր, Հնազանդ, Համեստ, Քնարիկ, Հրանուշ, Պատվական, Գեղուհի, Լուսիկ, Փայլակ, Արփենիկ, Ազնիվ և այլն։
  • Սելջուկ-թաթարական տիրապետության ժամանակ հայերը քիչ թվով անձնանուններ են փոխառել, օրինակ՝ Ասլան (առյուծ), Ջիվանշիր (մատաղ առյուծ), Հախնազար (աստվածատես), Թամամ (կատարյալ) և այլն։ Դրանցից պահպանվել են բացառապես մեկ-երկուսը։
  • Եվրոպական անունները փոխառվել են ֆրանսերենից, իտալերենից, գերմաներենից և անգլերենից։ Սկզբում բացառապես գործածական էին արևմտահայերի, հիմնականում կաթոլիկների մոտ (Ժոզեֆ, Վալենտին, Ալբերտ, Էդուարդ, Վիկտորիա, Էժեն, Վերժին, Ադոլֆ, Ռուդոլֆ և այլն)։ Ծանոթությունը եվրոպական մշակույթի հետ իր հետ բերեց անձնանունների մեծ հոսանք։ Շատ գործածական դարձան՝ Էմմա, Էլենորա (կարճ՝ Նորա), Ջուլիետա, Օֆելյա, Նապոլեոն, Համլետ, Հենրի և այլն։
  • Ռուսական անձնանունները հայոց լեզվի մեջ ներթափանցել են նոր ժամանակներում։ Դրանցից շատերը վաղուց ունեն հայերեն տարբերակներ, սակայն օգտագործվում են ռուսերեն կամ դրան մոտ ձևով, օրինակ՝ Նիկոլայ (Նիկողայոս), Գեորգի, Եգոր (Գևորգ), Իվան (Հովհաննես) և այլն։ Երբեմն նմանահնչյուն տառի առկայության դեպքում օգտագործվում է ռուսական անձնանուններ, որպես հայկական անվան համարժեք, թեև դրանք մեկը մյուսի թարգմանությունը չեն, օրինակ՝ Մկրտիչը դառնում է Նիկիտա, Հարությունը՝ Արտեմ կամ Արտյոմ, Մարտիրոսը՝ Մարտին, Արշակը՝ Արկադի, Վաղարշակը՝ Վոլոդյա և այլն։ Տարածված են նաև ռուսական փաղաքշական անունները, օրինակ՝ Միշա (Միքայել), Սաշա (Ալեքսանդր), Մաշա (Մարիամ), Լիզա (Եղիսաբեթ), Կոլյա (Նիկողայոս)։
  • Հայ ազգային անունները արդյունք են ինքնագիտակցության զարթոնքի։ Դրանք նորաստեղծ անուններ են՝ Հայաստան, Արմեն, Արմենուհի, Արաքսի, Մասիս, Արարատ, Սևան, Հայկուհի, Ազատ, Սիրանուշ, Հրազդան, Հրայր, Հրաչուհի, Հայկազն, Հայկարամ, Ռազմիկ և այլն[5]։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայոց անձնանունների բառարան», (առաջաբան) 1942-1962, Երևան
  2. «Բառարան յատուկ անուանց», Վենետիկ, 1769
  3. Կարապետ Դուրգարյան, Անվանագիրք, 1985 Երևան
  4. «Հայոց անձնանունների բառարան» 1942-1962, Երևան
  5. Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան