Բացել գլխավոր ցանկը

Հրեական հարցի վերջնական լուծում

Հրեական հարցի վերջնական լուծում (գերմ.՝ Endlösung der Judenfrage), Երրորդ ռայխի քաղաքականությունը հրեաների նկատմամբ: «Վերջնական լուծում» մեղմասության տակ ենթադրվում էր Եվրոպայի հրեաների զանգվածային ոչնչացումը: Այդ որոշումը եղել է գերմանացի նացիոնալ-սոցիալիստների ռասայական հակասեմականության տրամաբանական շարունակությունը[1][2][3]:

Բովանդակություն

Հարցի պատմությունԽմբագրել

Հրեական հարցը՝ որպես հրեաների ու ոչ հրեաների գոյակցության թեմա, գոյություն է ունեցել երկար ժամանակ ու դեռևս գոյություն ունի: Տարբեր ժամանակներում տարբեր քաղաքական գործիչներ առաջարկել են դրա լուծման զանազան եղանակներ: Ռաուլ Հիլբերգը նացիստների քաղաքականությունը դիտարկել է որպես քրիստոնեական հակասեմականության շարունակություն[4].

Քրիստոնյա միսիոներները ասում էին մեզ (հրեաներին), ըստ էության, հետևյալը. դուք իրավունք չունեք ապրել մեր մեջ որպես հրեաներ: Նրանց փոխարինելու եկած աշխարհիկ ղեկավարները հայտարարում էին. դուք իրավունք չունեք ապրել մեր մեջ: Վերջապես, գերմանացի նացիստները որոշեցին. դու իրավունք չունեք ապրելու... Հետևաբար, նացիստները մի կողմ չեն նետել անցյալը, այլ հիմնվել են դրա վրա: Բայց նրանք չեն սկսել այդ գործընթացը, նրանք միայն ավարտել են այն:

«Վերջնական լուծում» տերմինը Գերմանիայի ապագա ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը հրեաների վերաբերյալ առաջին անգամ օգտագործել է 1919 թվականին գերմանական բանակի հրամանատարությանն ուղղված նամակում: Հիտլերը գրում է, թե հրեաները, որոնց ինքը համարում է «ռասայապես ոչ լիարժեք», պետք է ունենան սահմանափակ իրավունքներ, և կոչ է անում հատուկ օրենք մշակել օտարածինների վերաբերյալ: «Այդ օրենքի վերջնական նպատակն է հրեական հարցի վերջնական լուծումը»: Իսրայելցի պատմաբան Սաուլ Ֆրիդլենդերի կարծիքով՝ նամակը վկայում է, որ այդ հարցը Հիտլերին հետաքրքրել է դեռ երիտասարդ տարիքում[5]:

Բռնի արտագաղթԽմբագրել

Նացիստների քաղաքականությունն իր սկզբնական փուլում ուղղված էր հրեաների զանգվածային արտաքսմանը նացիստների տիրապետության տակ գտնող երկրներից: 1938 թվականի նոյեմբերի 24-ին ՍՍ-ի «Das Schwarze Korps» թերթում տպագրված «Հրեաներ, ի՞նչ է լինելու հետո» (գերմ.՝ Juden, was nun) հոդվածում գրված էր[6].

Պլանը պարզ է. վերջնական առանձնացում, լիակատար անջատում: Ի՞նչ է նշանակում սա: Սա նշանակում է հրեաներին ջնջել ոչ միայն գերմանական ժողովրդի տնտեսության ոլորտից... Սա նշանակում է շատ ավելին: Ոչ մի գերմանացի չպետք է ապրի նույն տանիքի տակ հրեաների հետ:

Այդ նպատակով Ավստրիայի անշլյուսից հետո Վիեննայում ստեղծվել է «Հրեական արտագաղթի կենտրոնական բյուրո» Ադոլֆ Այքմանի ղեկավարությամբ: Հրեաների արտագաղթը վերահսկվում էր ՍՍ և գեստապոյի կողմից: Մինչև 1938 թվականի վերջը Ավստրիայից հեռացել է 45000 հրեա, իսկ Գերմանիայից 145000 հրեա: Բռնի արտագաղթի բարձրակետն է դարձել այսպես կոչված Զբոնշչինյան վտարումը 1938 թվականի հոկտեմբերի վերջին, երբ լեհական անձնագրեր ունեցող 17 հազար գերմանացի հրեաներ ձերբակալվել են ու բռնի արտաքսվել լեհական սահմանով[7]: 1939 թվականի հունվարի 24-ին Գերմանիայից հրեաների արտաքսումն ամեն կերպ ու ամեն գնով արագացնելու նպատակով ստեղծվել է «Հրեական արտագաղթի հարցերով կայսերական կենտրոնական ծառայությունը »[8]:

Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը Գերմանիայից, Ավստրիայից ու Չեխոսլովակիայից հեռացել է 350 հազարից[9] մինչև 400 հազար[10] հրեա: 1932-1939 թվականներին[11] Պաղեստին ներգաղթած 235 հազար հրեաներից մոտավորապես 60 հազարը եղել են Գերմանիայից[12]:

Պատերազմի սկիզբ և ռեզերվացիաների ստեղծման պլաններԽմբագրել

Լեհաստանի օկուպացիայից հետո գերմանական վերահսկողության տակ են հայտնվել շուրջ 2 մլն լեհաստանաբնակ հրեաներ: Այդ պատճառով գերմանացիներն սկսել են վերանայել «հրեական հարցի» լուծման նկատմամբ վերաբերմունքը: 1939 թվականի սեպտեմբերի 21-ին Բեռլինում Ռեյնհարդ Հեյդրիխի ղեկավարությամբ անցկացվել է ժողով «Հրեական հարցը օկուպացված տարածքներում» թեմայով: Ժողովի արձանագրություններն ուղարկվել են այնզատցխմբերի ղեկավարներին: Նրանք պետք է գյուղերի ու փոքր բնակավայրերի հրեաներին հավաքեին երկաթուղու մոտ գտնվող խոշոր քաղաքներում: Երրորդ ռայխի տարածքում գտնվող հրեաներն ու գնչուները պետք է տեղափոխվեին Լեհաստան[13]: Արտագաղթի խրախուսումը պատերազմի սկսվելուց հետո չի դադարել, սակայն այլ երկիր տեղափոխվելու հնարավորությունները (բացառությամբ մի կարճ ժամանակահատվածի, երբ Լեհաստանի բաժանման ժամանակ ԽՍՀՄ հետ սահմանը բաց էր) գրեթե հավասարվել են զրոյի[14]:

Նացիստները դիտարկել են հրեական խոշոր արգելաբնակավայրեր ստեղծելու մի քանի տարբերակներ Լյուբլինում և նույնիս Մադագասկարում[15]: Սակայն մի շարք պատճառներով այդ պլանները չեն իրագործվել. պատերազմի շարունակվելն անհնար է դարձրել «Մադագասկարի պլանի» իրականացումը, իսկ խոշոր արգելաբնակավայրի ստեղծումը փոխարինվել է մեծ քաղաքներում առանձին գետտոների ստեղծմամբ: 1940 թվականի վերջին սկսվել է արտագաղթի խրախուսումից հրաժարվելու քաղաքականությունը:

Զանգվածային ոչնչացումԽմբագրել

 
Ռեյնհարդ Հեյդրիխի նամակը գերմանացի դիվանագետ Մարտին Լյութերին «վերջնական լուծման» վերաբերյալ, 26 փետրվարի, 1942

1941 թվականի հունիսի 22-ին Գերմանիայի՝ ԽՍՀՄ վրա հարձակվելուց հետո ոստիկանությունն ու այնզատցխմբերն սկսել են խորհրդային հրեաների ոչնչացումը զանգվածային գնդակահարությունների միջոցով: Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում և Ուկրաինայում նրանց էապես օգնել են տեղի կոլաբորացիստները:

1941 թվականի աշնանը հրեաների ոչնչացման համար սկսել են օգտագործվել գազվագենները՝ մեքենաներ, որոնց թափքերում կատարվում էր ուղևորների թունավորում շմոլ գազով:

1941 թվականի աշնանը Հայնրիխ Հիմլերը գեներալ Օդիլո Գլոբոչնիկին հանձնարարել է սկսել հրեաների ոչնչացումը գեներալ-նահանգապետության տարածքում: Այդ ծրագրի շրջանակներում սկսվել է երեք համակենտրոնացման ճամբարների շինարարությունը, որ նախատեսված են եղել կալանավորների ոչնչացման համար: Դրանք են Բելժեցը, Սոբիբորը և Տրեբլինկան: 1942 թվականի մայիսին Չեխիայում Ռեյնհարդ Հեյդրիխի զոհվելուց հետո այդ պլանը կոչվել է Ռեյնհարդ գործողություն:

Զանգվածային ոչնչացման մանրամասն ծրագրի վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է 1942 թվականի հունվարի 20-ին Վանզեի կոնֆերանսում: Դիտեր Վիսլիցենին 1946 թվականի հունվարի 3-ին՝ Նյուրնբերգի դատավարության ընթացքում կատարված հարցաքննության ժամանակ, պնդել է, թե «վերջնական լուծման» քաղաքականության շրջանակներում հրեաների պլանավորված ոչնչացումն սկսել է 1942 թվականին[16]:

Հետագայում որպես մահվան ճամբարներ ծառայել է նաև Մայդանեկի համակենտրոնացման ճամբարը, իսկ 1942 թվականի գարնանը Հիմլերի հրամանով Օսվենցիմ II (Աուշվից-Բիրկենաու) համակենտրոնացման ժամբարը նույնպես վերածվել է մահվան ճամբարի: Օսվենցիմում ոչնչացվել է շուրջ 1,3 միլիոն կալանավոր, այդ թվում շուրջ 1,1 միլիոն հրեա[17]: Մահվան ճամբարներում ընդհանուր առմամբ սպանվել է 2,7 միլիոն հրեա[2]:

ԱրդյունքներԽմբագրել

«Հրեական հարցի վերջնական լուծման» քաղաքականության արդյունքում Եվրոպայում զոհվել է շուրջ 6 միլիոն հրեա: Աղետի և հերոսականության Յադ Վաշեմ իսրայելական թանգարանի ջանքերով հայտնի է 4 միլիոն զոհերի ինքնությունը[18]:

Նացիստական եղեռնի արդյունքում անկում է ապրել ու մարել իդիշի մշակույթը՝ որպես արևմտաեվրոպական հրեաների ապրելակերպի ու շրջապատող աշխարհի ընկալման միջոց[19][20][21][22]: Դրա հետ միասին այդ իրադարձությունները հանգեցրել են տարբեր երկրներում ապրող հրեաների ազգային ինքնագիտակցության բարձրացմանը: Դա նպաստել է փրկված հրեաների մոբիլիզացմանն ու նոր շունչ է տվել սիոնիստական շարժմանը, ինչի արդյունքում շուտով ստեղծվել է Իսրայել պետությունը հրեաների պատմական հայրենիքում՝ Պաղեստինում[23][24][25]:

ՊատմագրությունԽմբագրել

Հոլոքոստի պատմության առանցքային բանավիճային թեմաներից մեկը հրեաների զանգվածային ոչնչացման վերաբերյալ որոշման ընդունման ձևն ու ժամանակն է: Երկար տարիներ շարունակվում է գիտական բանավեճն այսպես կոչված «ֆունկցիոնալիստների» ու «ինտենցիոնալիստների» միջև, թե արդյոք հրեաների ոչնչացումն ի սկզբանե եղել է Հիտլերի ծրագրերում կամ աստիճանաբար զարգացել է հակասեմական քարոզչության առանձին ակցիաներից մինչև զանգվածային ոչնչացում, բայց նախապես ծրագրված չի եղել[26]:

Դեռ 1939 թվականի հունվարի 30-ին Հիտլերը Ռայխստագում ելույթ ունենալիս ասել է, որ եթե հրեաները Եվրոպան ներքաշեն պատերազմի մեջ, ապա «պատերազմի արդյունքը կլինի ոչ թե աշխարհի բոլշևիկացումը և հետևաբար հրեականության հաղթանակը, այլ հրեական ռասայի ոչնչացումը Եվրոպայում»: Որոշ աղբյուրներ այդ խոսքը համարում են ապացույց այն բանի, որ նացիստները պատրաստ էին հրեաների զանգվածային ոչնչացմանը[27]:

Հրեաների զանգվածային ոչնչացման որոշման ընդունման ստույգ ամսաթվի մասին վկայող փաստաթուղթ չի պահպանվել։ Այնուամենայնիվ, պատմաբանների մի մասը համոզված են, որ այդպիսի փաստաթուղթ գոյություն է ունեցել և ընդունվել է 1941 թվականի գարնանը կամ ամռան սկզբին։ Մասնավորապես պրոֆեսոր Դան Միխմանը կարծում է, որ դա կարող էր լինել Հիտլերի բանավոր գաղտնի հրամանը[28]։ Նա հղում է կատարում գերմանացի պատմաբան Մարտին Բրոշատին, որ ուսումնասիրել է Գերմանիայի կառավարման համակարգը «Հիտլերի պետությունը» գրքում։ Այդպիսի հրամաններ Հիտլերն սկսել է տալ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսելուց անմիջապես հետո։ Համանման կարծիքի կողմնակից է պատմաբան Հելմուտ Կրաուզնիկը։ Այլ գիտնականներ (մասնավորապես Ռաուլ Հիլբերգը և հենց Մարտին Բրոշատը) ենթադրում են, թե այդպիսի փաստաթուղթ հայտնվել է ավելի ուշ կամ ընդհանրապես գոյություն չի ունեցել, սակայն նման դիրքորոշումը չի նշանակում, թե նրանք ժխտում են գերմանացիների՝ հրեաների զանգվածային ոչնչացման քաղաքականությունը[29]։

Միխմանի կարծիքով՝ հրեաների զանգվածային ոչնչացման որոշմանը նացիստները հանգել են Լեհաստանի օկուպացիայից հետո, որի հրեա բնակչությունը գերազանցում էր 3 միլիոնը։ Արտագաղթի գաղափարից հրաժարվելն սկսել է 1940 թվականի աշնանը[30]։ Վոլֆգանգ Բենցը, հղում կատարելով համեմատաբար վերջերս գտնված և 1940 թվականի դեկտեմբերով թվագրվող մի փաստաթղթի «Հրեական հարցի լուծում» կետին[31], այն մեկնաբանում է որպես 5,8 մլն հրեաների ոչնչացման որոշում[32]։

Թիմոտի Սնայդերը կարծում է, որ անհրաժեշտէ վերանայել Հոլոքոստը ոչ միայ Բեռլինի տեսանկյունից, այլև ելնելով Գերմանիայի ու Խորհրդային Միության միջև սեղմված Կենտրոնական Եվրոպայի առանձնահատկություններից, որտեղ կենտրոնացած էր Եվրոպայի հրեաների մեծ մասը։ Նա ենթադրում է, թե Հիտլերը երբեք չի բացառել հրեաների համընդհանուր ֆիզիկական ոչնչացման հնարավորությունը, բայց դա չի էլ համարել անխուսափելի։ Հրեաների արտաքսումից անցումը նրանց համընդհանուր ոչնչացման սկսվել է, ըստ Սնայդերի, 1941 թվականի երկրորդ կեսին․ դրա համար պատճառ է հանդիսացել այն, որ Հիտլերը չհասավ իր սպասած հաջողությանն Արևելյան ռազմաճակատում, ինչը թույլ կտար կործանել ԽՍՀՄ-ը՝ որպես պետություն և նրա արևմտյան հատվածը վերածել Գերմանիայի ագրարային գաղութի, դրանով իսկ լուծելով կենսական տարածության հարցը, իրականացնել հրեաների արտաքսումն Ուրալից այն կողմ և ավելի շատ ժամանակ հատկացնել սլավոնական բնակչության ոչնչացմանը[33]։

Գերմանացի պատմաբան Պետեր Լոնգերիխը ենթադրում է, թե չնայած 1941 թվականին իրականացված զանգվածային գնդակահարություններին՝ հրեաների ընդհանուր ոչնչացումն սկսվել է 1942 թվականի գարնան վերջին[34]։

Քրիստոֆեր Բրաունինգը կարծում է, որ գնդակահարության պլանից ընդհանուր ոչնչացման պլանին անցման մասին որոշումն ընդունվել է 1942 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Բրաունինգը համոզված է, որ այդ որոշումն ընդունվել է ոչ թե կայծակնային պատերազմի պլանի անհաջողության պատճառով 1941 թվականի վերջից 1942 թվականի սկիզբը, այլ Կիևի գրավումից, ինչպես նաև Բրյանսկի ու Վյազմայի մոտ խորհրդային զորքերի շրջապատումից հետո։ Նա ուղղակի կապ է տեսնում ռազմաճակատներում գերմանացիների հաղթանակների ու նացիստական ռասայական քաղաքականության ծայրահեղականացման մեջ[35]։

Բրաունինգը գրում է, թե այդ ժամանակաշրջանում կարելի է առանձնացնել նացիստական քաղաքականության փոփոխության չորս ամսաթվեր․

  • Սեպտեմբերի 18-ին Հիմլերը հայտարարել է Երրորդ ռայխի տարածքից հրեաներին անմիջապես արտաքսելու մասին, ինչը նախկինում պատերազմի ընթացքում տեղի չի ունեցել,
  • Հոկտեմբերի 15-ին առաջին «յուդենտրանսպորտը» մեկնել է Լիցմանստադտ,
  • Հոկտեմբերի 18-ին արգելվել է հրեաների արտագաղթը,
  • Նոյեմբերի 1-ին սկսվել է Բելժեց մահվան ճամբարի շինարարությունը։

Բրաունինգը ենթադրում է, որ այդ իրադարձությունների համընկնումը ժամանակի մեջ խոսում է այն մասին, որ հրեաների նկատմամբ նացիստական քաղաքականության որոշիչ շրջադարձի՝ հրեաներին արտաքսելուց նրանց համակարգված ոչնչացմանն անցնելու մասին։

Ընդ որում, Գերնհարդ Վայնբերգը կարծում է, որ ողջ Երկրորդ համաշխարհային պատերազմը Հիտլերի կողմից սկսվել է հանուն «ժողովրդագրական հեղափոխության», որում կարևոր տեղ էր զբաղեցնում ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում հրեաների լիակատար ոչնչացման գաղափարը[36]։

Արտացոլումն արվեստումԽմբագրել

  • Շվեդական Sabaton The փաուեր մետալ խմբի Final Solution երգը նվիրված է հրեական հարցի վերջնական լուծմանը:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Վերջնական լուծում՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. 2,0 2,1 «Հրեական հարցի վերջնական լուծում»: Վերլուծություն, Հոլոքոստի ամերիկյան թանգարան
  3. Հրեական հարցի վերջնական լուծումը Յադ Վաշեմի կայքում
  4. Беркович Е. М.։ «: ХРИСТОС В ОСВЕНЦИМЕ (Кризис христианства после Холокоста)»։ vestnik.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-02-ին։ Վերցված է 2012-1-12 
  5. Завадский М.։ «Молодой Гитлер решил «еврейский вопрос»»։ Jewish.ru։ ФЕОР։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-23-ին։ Վերցված է 2011-7-16 
  6. Михман, ч. 3, 2001, էջ 17
  7. Михман, ч. 2, 2001, էջ 218-222
  8. Михман, ч. 2, 2001, էջ 235-236
  9. Արտագաղթեր՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  10. Yehuda Bauer. American Jewry and the Holocaust. Joint, Wayne State University Press, 1981, ISBN 0-8143-1672-7, p. 26
  11. «Пятая волна репатриации (1932—1939)»։ Израиль для вас։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 22 августа 2009 
  12. «От движения меньшинства к национальному движению. Пятая алия (1929—1939)»։ Методические материалы по истории сионизма։ Сохнут։ Արխիվացված օրիգինալից-ից 2011-08-20-ին։ Վերցված է 22 августа 2009 
  13. Михман, ч. 3, 2001, էջ 35-36, 43
  14. Михман, ч. 3, 2001, էջ 38-40
  15. Михман, ч. 3, 2001, էջ 44-52
  16. Стенограмма допроса Дитера Вислицени 3 января 1946 года
  17. Auschwitz-Birkenau — The number of victims(անգլ.)
  18. 65 лет спустя: Идентифицированы две трети жертв Холокоста.
  19. «В поисках идиша».
  20. The Encyclopedia of Jewish Life before and during the Holocaust. — Vol. 1—3. — New York — Jerusalem, 2001.
  21. Холокост как исторический и социальный феномен мировой истории.
  22. Маркус Д.։ «Холокост: индустрия воспоминаний?»։ Би-би-си։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-02-ին։ Վերցված է 2011-11-30 
  23. Маор И. Послесловие // Сионистское движение в России / авториз. сокр. пер. с иврита. — Иерусалим: Библиотека «Алия», 1977. — С. 439—442. — 448 с.
  24. Советско-израильские отношения. Сборник документов. — Т. 1. 1941—1953 гг. Кн. 2, май 1949—1953 гг. — С. 314—315, 320—321.
  25. Рои Я. Еврейская эмиграция из Советского Союза, 1948—1967 гг. / Еврейская эмиграция из России, 1881—2005 гг. Сб. мат-лов науч. конф. в Москве 10—12 декабря 2006 г. — М.: РОССПЭН, 2008. — С. 192.
  26. Richard V. Pierard. Holocaust Denial: What It Is and Why Evangelical Scholars Must Categorically Reject It(անգլ.) // Global Journal of Classical Theology. — Patrick Henry College, 2004. — В. 1. — Т. 4. — ISSN 1521-6055.
  27. «…Պատերազմի արդյունքը կլինի… հրեական ռասայի ոչնչացումը Եվրոպայում…». Յադ Վաշեմ
  28. Михман, ч. 3, 2001, էջ 57-59
  29. Фридлендер, Шауль. От антисемитизма к уничтожению: историография нацистской политики по отношению к евреям и попытка интерпретации. // Яд Вашем: исследования vol. 2. Иерусалим 2010. с. 31-76. (
  30. Михман, ч. 3, 2001, էջ 61-63
  31. «Доклад о расселении» (գերմ.՝ Vortrag über Siedlung), Dezember 1940, BA, NS 19/3979
  32. Бенц В. Масштабы Холокоста // А. Р. Кох, П. М. Полян. Отрицание отрицания, или Битва под Аушвицем : Сборник. — М.: Три квадрата, 2008. — С. 131. — ISBN 5-94607-105-X, ISBN 978-5-94607-105-5, ISBN 978-5-94607-105-X (ошибоч.).
  33. Timothy Snyder. The Causes of the Holocaust//Contemporary European History. — Volume 21. — Issue 02 (May 2012). — PP. 149—168.
  34. Peter Longerich, Politik der Vernichtung: Eine Gesamtdarstellung der nationalsozialistische Judenverfolgung (München: Piper, 1998)
  35. Кристофер Браунинг. По поводу моей книги «Истоки „окончательного решения“»: замечания об «окончательном решении», его предпосылках и важнейших последствиях
  36. "Two Separate Issues? Historiography of World War II and the Holocaust, " in David Bankier, Dan Michman, eds., Holocaust Historiography in Context: Emergence, Challenges, Polemics, and Achievements (Jerusalem: Yad Vashem, 2009), pp. 379—401

ԳրականությունԽմբագրել

  • Михман Д. Катастрофа европейского еврейства. — 1. — Тель-Авив: Открытый университет Израиля, 2001. — Т. 2. — ISBN 965-06-0233-X
  • Михман Д. Катастрофа европейского еврейства. — 1. — Тель-Авив: Открытый университет Израиля, 2001. — Т. 3. — ISBN 965-06-0233-X
  • Стефан Брухфельд, Пол А. Левин, Передайте об этом детям вашим. История Холокоста в Европе. 1933—1945 (альбом), 2000
  • Raul Hilberg, The Destruction of the European Jews (Yale University Press, 2003; originally published in 1961).
  • Christopher R. Browning: The Origins of the Final Solution. The Evolution of Nazi Jewish Policy, September 1939 — March 1942. With contributions by Jürgen Matthäus. Lincoln, University of Nebraska Press and Jerusalem, Yad Vashem 2004, ISBN 0-8032-1327-1.

Արտաքին հղումներԽմբագրել