Հոլոքոստը Լատվիայում, նացիստների ու տեղացի կոլաբորացիոնիստների կողմից Լատվիայի հրեաների համակարգված հալածանքներն ու ոչնչացումը Գերմանիայի կողմից երկրի օկուպացման ընթացքում, նացիստների ու նրանց դաշնակիցների կողմից իրականացվող հրեաների ոչնչացման քաղաքականության մի մասը։

Լատվիայում զոհվել է ընդհանուր առմամբ լատվիացի 70 հազար[1][2] և այլ երկրներից բերված 20 հազար հրեա[3][4]։ Պատմաբանների կարծիքով՝ Հոլոքոստը վերապրել է 300-1000 լատվիացի հրեա, ինչպես նաև նրանք, որոնք գտնվել են խորհրդային բանակում կամ տարհանվել են Խորհրդային Միություն[5][6]։ Սպանվել է նախքան պատերազմը Լատվիայում ապրող հրեաների 89,5 %-ը[7]։

Հրեաները նախապատերազմյան Լատվիայում խմբագրել

Նախքան պատերազմն անցկացված մարդահամարի տվյալների համաձայն՝ 1935 թվականին Լատվիայում բնակվում էր 93 479 հրեա, որոնցից 43 672 մարդ՝ Ռիգայում։ Գոյություն են ունեցել հրեական կուսակցություններ, մշակութային, կրոնական, բժշկական, կրթական ու այլ ազգային կազմակերպություններ։ Տպագրվել են թերթեր իդիշով ու եբրայերենով, հրեաներն ընտրվել են Լատվիայի խորհրդարանի՝ Սեյմի պատգամավոր[8]։ Լատվիայի Հանրապետության կառավարության անդամ է եղել հրեա հայտնի հասարակական գործիչ և գիտնական-իրավագետ Պաուլ Մինցը։

1940 թվականին՝ Լատվիայի՝ Խորհրդային Միության կազմում ընդգրկվելուց հետո, հրեական կազմակերպությունները փակվել են։ Խորհրդային իշխանությունները բացասաբար են վերաբերվել եբրայերենին ու կրոնական ավանդույթների ցանկացած դրսևորման։ Հրեաները կրել են նաև էական տնտեսական վնասներ. մասնավոր ձեռնարկություններն ազգայնացվել են[8]։

1941 թվականի հունիսի 14-ին իրականացվել են զանգվածային բռնաճնշումներ, ինչի արդյունքում ԽՍՀՄ հեռավոր շրջաններ՝ հիմնականում այսպես կոչված ուղղիչ-աշխատանքային ճամբարներ ու «հատուկ բնակավայրեր» է ուղարկվել, տարբեր տվյալներով, 14 428-ից մինչև 14 476 մարդ, որոնց շուրջ 12-13%-ը եղել են հրեաներ։ Բռնաճնշումների ենթարկված 1771 հրեաների վերաբերյալ կան անհատական արխիվային փաստաթղթեր։ Արտաքսվել են սինոնիստական ու ոչ կոմունիստական այլ կազմակերպությունների անդամները, կրոնական գործիչները և ձեռնարկատերերը։ Ճամբարներում տեղավորված կալանավորների կեսը մահացել է սովից, հիվանդություններից ու իրենց ուժերից վեր աշխատանքից, իսկ կենդանի մնացածները փրկվել են գերմանացի նվաճողների ու նրանց դաշնակիցների կողմից ոչնչացվելուց[8][9][10][11]։

Պատերազմի ընթացքում խմբագրել

Բռնազավթում խմբագրել

Գերմանիայի՝ Խորհրդային Միության վրա հարձակվելու պահին Լատվիայում բնակվում էր 90 հազար հրեա[4]։ 1941 թվականի հունիսի 22-ին Գերմանիայի՝ ԽՍՀՄ վրա հարձակվելուց և Կարմիր բանակի նահանջելուց հետո հազարավոր հրեա փախստականներ հեռացել են արևելք։ Նրանցից շուրջ հինգ հազարը զոհվել է ռազմական գործողությունների ընթացքում, իսկ շուրջ 15-16 հազարը կարողացել է հասնել Խորհրդային Միության չգրավված տարածքներ։ Լատվիայի մնացած հրեաներն ընկել են գերմանացիների տիրապետության տակ, և գրեթե բոլորը զոհվել են[12]։

Կազմակերպված ձևով տարհանվել է հրեաների մի փոքր մասը միայն, քանի որ տրանսպորտը տրամադրվել է միայն կոմունիստական, կոմերիտմիության ու պետական ղեկավարության գործիչների տեղափոխման համար։ Մյուսները հեռացել են տարերայնորեն, իրենց ուժերով։ Գոյություն ունեն մի շարք վկայություններ, որ խորհրդային զորքերը լատվիացի փախստականներին թույլ չեն տվել անցնել խորհրդա-լատվիական հին սահմանը և նրանց ստիպել են վերադառնալ[13][14][15]։

Ռիգան պկուպացվել է 1941 թվականի հուլիսի 1-ին, իսկ Լատվիայի ողջ տարածքը՝ մինչև հուլիսի 8-ը[16]։ Լատվիայի տարածքում օկուպացիոն իշխանություններն ստեղծել են «Լատվիա» գլխավոր կոմիսարիատը (գերմ.՝ Generalbezirk Lettland) Օստլանդ ռայսկոմիսարիատի կազմում։ Օստլանդի ղեկավար Հենրիխ Լոզեի շտաբ-բնակարանը գտնվում էր Ռիգայում։ Գլխավոր կոմիսարիատը գլխավորում էր Օտտո-Հենրիխ Դրեխսլերը։ Այն բաժանված էր վեց շրջանների, որոնք ղեկավարում էին գեբիտկոմիսարները։ 1941 թվականի օգոստոսին «Լատվիա» գլխավոր կոմիսարիատի անվտանգության ոստիկանության և անվտանգության ծառայության ղեկավար է նշանակվել ՍՍ օբերֆյուրեր Վալտեր Շրյոդերը։ 1941 թվականի աշնանից ոչնչացման զանգվածային ակցիաների անցկացումը ողջ տարածաշրջանում ընդհանրապես և Լատվիայում մասնավորապես ղեկավարել է ՍՍ օբերգրուպենֆյուրեր Ֆրիդրիխ Եկելնը։ Եկելնին աշխատանքի նշանակելով Օստլանդի ռայխկոմիսարիատում՝ Հիտլերը նրան տվել է միակ ուղղակի հանձնարարությունը՝ ոչնչացնել հրեաներին Ռիգայի գետտոյում[17]։

Մերձբալթիկայում հրեաների ոչնչացումը հանձնարարված էր А այնզատցխմբին, որի հրամանատարն էր ոստիկանության գեներալ-մայոր և ՍՍ բրիգադֆյուրեր Վալտեր Շտալեկերը։ 2 այնզատցթիմը գործում էր Լատվիայի տարածքում, իսկ նրա բաժանմունքները տեղակայված էին Լիեպայայում, Ռիգայում և Շաուլյայում։ 1941 թվականի վերջին թիմը վերակազմակերպվել է ու բաժանվել «Լատվիա» գլխավոր շրջանի անվտանգության ոստիկանության և անվտանգության ծառայության տարածաշրջանային թիմերի[18]։

Մի շարք խնդիրների, այդ թվում նաև հրեաների ոչնչացման համար նվաճողներն ստեղծել են ոստիկանական ու ռազմական զարաբաժանումներ տեղի բնակիչներից, մասնավորապես Լատիշական օժանդակ ոստիկանությունը, ոստիկանական գումարտակներն ու ՍՍ լատիշական կամավորական լեգեոնը։ Նրանք բոլորը ենթարկվում էին գերմանական անվտանգության ոստիկանությանն ու անվտանգության ծառայությանը։ Այդ պաշտոնական ենթակառուցվածքներից բացի գերմանական հատուկ ծառայությունների վերահսկողության տակ 1941 թվականի ամռանը գործում էին այսպես կոչված «ինքնապահպանության» խմբերը (լատիշ․՝ Pašaizsardzības spēki), որոնք սովորաբար ղեկավարում էին լատվիական բանակի նախկին սպաներ կամ 1940 թվականի հունիսին փակված այզսարգների ռազմականացված կազմակերպության ղեկավարները[19]։ Գլխավոր կոմիսարիատի շրջանակներում ստեղծվել է նաև Լատվիական խամաճիկային ինքնավարությունը Օսկարս Դանկերսի ղեկավարությամբ[20]։

Ոչնչացման ընթացք խմբագրել

Կոտորածներ և զանգվածային գնդակահարություններ 1941 թվականին խմբագրել

 
Լատվիական ոստիկանական 21-րդ գումարտակի անդամները Լիեպայայի մոտակա լողափում հավաքում են հրեաներին ոչնչացման համար, 1941 թվականի դեկտեմբերի 15
 
А այնզատցխմբի հաշվետվություն-քարտեզ

Լատվիացի հրեաների սպանություններ սկսվել են գերմանական զորքերի՝ Լատվիա մտնելուց անմիջապես հետո. արդեն հունիսի 23-ին Գրոբինյա քաղաքում A այնզատցխմբի զորաբաժանման (EK 1a) կողմից սպանվել է 6 հրեա[21]։ Հրեական բնակչության ոչնչացումը շարունակվել է 1941 թվականի ողջ ընթացքում և մինչ 1942 թվականի սկիզբ լատվիացի հրեաների մեծ մասը սպանված էր։ Գնդակահարություններին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև լատվիացի կոլաբորացիոնիստները։

Հրեաների կոտորածները, ծեծերն ու ծաղրանքներն սկսվել են հուլիսի 1-ին, երբ գերմանական բանակը մտել է Ռիգա։ Զանգվածային սպանություններն սկսվել են 1941 թվականի հուլիսի 4-ին Ռիգայում տեղի ունեցած կոտորածով, որբ կոլաբորացիոնիստների կողմից ոչնչացվել է 20 սինագոգ և սպանվել շուրջ 5 հազար հրեա[22]։ Օկուպացիայի առաջին օրերին Ռիգայում անցկացվել են այսպես կոչված «գիշերային ակցիաներ», որոնց ընթացքում զինված անձանց խմբերը ներխուժել են հրեաների բնակարաններ, թալանել, տարել տղամարդկանց, որոնց հաճախ գնդակահարել են Բիկերնիեկի անտառում[23]։ Մինչև հուլիսի 11-ն այսպես կոչված «ինքնապահպանության» կոլաբորացիոնիստներն ու նրանց միացած մարդկանց կողմից սպանվել է շուրջ 7 հազար հրեա։ Հուլիսի 8-ին, երբ վերմախտն օկուպացրել է Լատվիայի ողջ տարածքը, լատվիական զինված ջոկատների «ինքնագործունեությունը» դադարեցվել է, հետագայում դրանք լուծարվել են, իսկ ցանկացողներն ընդգրկվել են «օժանդակ ոստիկանության» (շուցմանշաֆտ) կազմում, որը գտնվում էր գերմանական իշխանությունների ղեկավարության ներքո[24]։

Հուլիսի կեսերին սկսվել է հրեաների ոչնչացումը գավառներում[23]։ Շտալեկերը կազմել է հաշվետվություն, որում նշել է այնզատցխմբի կողմից հունիսի վերջիս մինչև հոկտեմբերի 15-ը սպանված հրեաների թիվը։ Մասնավորապես հաշվետվության մեջ նշված էր, որ տեղի կոլաբորացիոնիստները մեծ օգնություն են ցույց տալիս հրեաների ոչնչացման գործում։ Հաշվետվությանը կցված № 8 հավելվածում նված թվերի համաձայն՝ տվյալ ժամանակաշրջանում Ռիգայում ու նրա շրջակայքում, Ելգավայում, Լիեպայայում, Վալմիերայում և Դաուգավպիլսում սպանվել է 31 868 հրեա։ Ռիգայի հրեաների զանգվածային գնդակահարություններ անցկացվել են հուլիսի-սեպտեմբեր ամիսներին Բիկերնիեկիում, նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 8-ին՝ Ռումբուլայում։ Մինչև 1941 թվականի վերջը Լատվիայում սպանվել է շուրջ 62 հազար հրեա[25]։

«Պերկոնկրուստի» նախկին անդամ Մարտինշ Վագուլանսը Ելգավայից ստեղծել է «լատիշական անվտանգության ծառայության» ցանց, որ բաժանմունքներ ուներ Ելգավայի շրջանում, Բաուսկում, Տուկումսում, Եկաբպիլսում։ Նրա կազմում ներառվել են նախկին այզսարգեր և ոստիկաններ։ Մինչ հուլիսի վերջ նրա գլխավորությամբ հարյուր մարդ սպանել է 300 հրեա, որոնցից հարյուրին՝ Ելգավայում։ Օգոստոսի սկզբին Վագուլանսի խումբը գնդակահարել է 1550 հրեաների Եգլավայում, ինչից հետո, ի տարբերություն Արայսի խմբի, Վագուլանսի խումբը կազմալուծվել է, իսկ նրա անդամներն ընդգրկվել են «Շուցմանշաֆտ» ոստիկանական օժանդակ կառույցի կազմում[26][27]։

Խտրականություն և գետտոների ստեղծում խմբագրել

 
Գերմանական ագիտացիոն պաստառ լատվիերենով. «Հրեաները մեզ չեն վերաբերում»

1941 թվականի օգոստոսի 13-ին գերմանական իշխանությունները հրապարակել են այսպես կոչված «Ժամանակավոր կանոններ հրեաների նկատմամբ վերաբերմունքի մասին»։ Դրանցում ներկայացվել են հրեաներին վերաբերվելու ձևերը, որոնց շարքում առանձնացվել են մաքրարյուն հրեաներն ու նրանց մինչև չորրորդ սերունդները, ինչպես նաև հուդայականություն ընդունած և հրեաների հետ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ամուսնացած անձինք։ Այդ կանոնների համաձայն՝ հրեաները պարտավոր էին կրել վեցաթև դեղին աստղեր, նրանց արգելված էր քայլել մայթերով, օգտվել հասարակական տրանսպորտից, այցելել հասարակական վայրեր, սպորտային կամ մշակութային միջոցառումների, կատարել անասունների ծիսական սպանդ, պահել ռադիոընդունիչներ ու գրամեքենաներ[28]։

Հուլիսի 26-ին ստեղծվել է գետտո Դաուգավպիլսում[29]։ Օգոստոսի 23-ին Հենրիխ Լոզեի հրամանով ստեղծվել է Ռիգայի գետտոն։ Մինչ հոկտեմբերի 25-ն ավարտվել է Ռիգայի հրեաների հարկադիր տեղավորումը գետտոյում. գետտոյում գտնվել է 29602 մարդ։ Նախապես այն շրջապատվել է փշալարով, ապա վեցմետրանոց ցանկապատով։ Յուդենրատը գլխավորել է փաստաբան Մ. Էլյաշևը։ Նոյեմբերի 26-ին գետտոյի տարածքը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկում պահվել են աշխատունակ կալանավորները, որոնք տիրապետում էին տարբեր մասնագիտությունների, որոնք այդտեղ տեղավորվել են առանց ընտանիքի անդամների։ Գետտո ստեղծվել է նաև Լիեպայայում։

Մինչ 1941 թվականի հոկտեմբեր Լատվիայում կենդանի էր 40 հազար հրեա, որոնք հիմնականում գտնվում էին երեք գետտոներում՝ Ռիգայի, Դաուգավպիլսի ու Լիեպայայի[30]։

Մնացած հրեաների ոչնչացում խմբագրել

Ֆրիդրիխ Եկելնի հրամանով 1941 թվականի նոյեմբերի 30-ին ու դեկտեմբերի 8-ին ոչնչացվել է Ռիգայի գետտոյի 24-25 հազար կալանավոր։ Անմիջականորեն գնդակահարություններով զբաղվել է 12 մարդ, որոնց Եկելնը բերել էր Ուկրաինայից։ Դեկտեմբերի 15-ին և 16-ին ոստիկանական 21-րդ գումարտակը ոչնչացրել է Լիեպայայի գետտոյի կալանավորներին՝ 2749 հրեայի[30]։

Օտարերկրացի հրեաների ոչնչացումը Լիտվայում խմբագրել

1941 թվականի վերջին և 1942 թվականի սկզբին Լատվիա է տարհանվել շուրջ 20 հազար հրեա Գերմանիայից, Ավստրիայից, Չեխիայից ու եվրոպական այլ երկրներից։ Նրանցից շատերը տարվել են Ռիգայի գետտո, և բոլորը ոչնչացվել են նացիստների կողմից[31]։ Որոշ աղբյուրներ ենթադրում են, որ օտարերկրացի հրեաների թիվը եղել է ավելի մեծ՝ շուրջ հիսուն հազար[32]։

Համակենտրոնացման ճամբարներ խմբագրել

Օկուպացիոն իշխանությունները Լիտվայի տարածքում կազմակերպել են մի շարք համակենտրոնացման ճամբարներ, մասնավորապես՝ Սալասպիլսը, Յունգֆերնհոֆը և Կայզերվալդը։

Թաղումների հիմնական վայրեր խմբագրել

Լատվիայում (ըստ Նացիստական հանցագործությունների հետաքննության արտակարգ հանձնաժողովի տվյալների) ուսումնասիրված վայրերում թաղվածների ընդհանուր թիվը գնահատվել է 300 հազար մարդ։ Այդ թվում[17]՝

  1. Բիկերնիեկի անտառ – 46 500
  2. Ռումբուլա անտառ – 38 000
  3. Դրեյլինու անտառ – 13 000
  4. Երկաթուղային կայարան «Շկիրոտավա» – 450
  5. Զիեպնիեկու-Կալնս – 39 500
  6. Ուղղափառների գերեզմանատուն – 1 500
  7. Լյութերական գերեզմանատուն – 400
  8. Գերեզմանատան փողոց (Կապու) – 800
  9. Բիշու-Մույժա – 4650
  10. Պարանի ֆաբրիկա – 13 900
  11. Հրեական նոր գերեզմանատուն – 14 500
  12. Հրեական հին գերեզմանատուն – 6 000
  13. Պանցիրյան զորանոցներ «Յատալագ-350» – 15 000
  14. Սալասպիլսի ճամբարներ – 101 100
  15. Ուղղափառական գերեզմանատուն, Վառնո փողոց – 500
  16. Ժամկետային բանտ – 3 500
  17. Բալոժի – 1 000

Նացիստական քարոզչություն խմբագրել

 
Սգո հայտարարություն նացիստական «Տևիա» թերթում, որ ՆԳԺԿ կողմից կատարված սպանությունները վերագրում է հրեաներին

Նացիստների քաղաքականության մեջ ու պրակտիկայում կարևոր դեր է ունեցել հակասեմական քարոզչությունը։ Օկուպացիայի հենց սկզբից Յոզեֆ Գեբելսի անձնական հրամանով Լատվիա է ժամանել քարոզչության հարցերով մասնագետների խումբ, որը կոչվել է Riga-Gruppe և զբաղվել է Թերթերի հրատարակիչների խորհրդի կազմակերպմամբ, որ պետք է գրաքննության ենթարկեր բոլոր քաղաքացիական հրատարակությունները։ Նացիստները քարոզչությանը մասնակից են դարձրել նաև մի շարքա պրոֆեսիոնալ լրագրողների ու սիրողական մակարդակի հրատարակիչների[33]։

Հակասեմական քարոզչության առաջին քայլն սկսվել է 1941 թվականի հունիսի 22-ի արևածագից առաջ, երբ Քյոնիգսբերգում ռադիոյով սկսել է լատվիերեն հաղորդում, թեև այն հրեաների ոչնչացման ուղղակի կոչեր չի արել[34]։

Օկուպացիայից հետո մեծ ջանքեր են գործադրվել, որպեսզի կոմունիստների կողմից կատարված սպանությունները վերագրվեն հրեաներին։ Այդ նպատակով հրեաներին ստիպում էին հանել թաղված մարմինները՝ դրանով իսկ նրանց կապելով այդ սպանությունների հետ։ Օկուպացիայի առաջին շաբաթների ընթացքում նացիստական հրատարակությունների գլխավոր լուրերում ներկայացվում էին գերմանական բանակի հաղթական երթն ու կիսաքայքայված մարմինները ապաշիրիմումների վայրերում[34]։

Հակահրեական տրամադրությունները սրվել են հրեաների՝ որպես չեկիստների մասին լուրեր տարածելով ու նրանց կոմունիստների հետ կապելով։ Նացիստական մամուլում գերակշռողը եղել է «ժիդոբոլշևիզմ» (լատիշ․՝ žīdiskais boļševisms) բառը[34]։ Բնակչության շրջանում հրեաների նկատմամբ ատելություն առաջացնելու նպատակով խորհրդային բռնաճնշումների մասին հիշատակելիս նշվում էր, որ նրանց զոհվելու մեղավորը հրեաներն են։ Օգտագործվել են այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «...սպանվել է ժիդերի ու կոմունիստների կողմից», «...չեկայում ժիդ մարդասպանի ձեռքով սպանվել է»։ Այնուամենայնիվ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատում (Լատվիական ԽՍՀ) երբևէ աշխատած հրեաների թիվը, որոնց ազգանունները նշվում էին, չէր գերազանցում վեցը, որոնց թվում էր նաև Ա. Նովիկսը, որը լատիշ էր Ռեզեկնեից[35]։

Կոլաբորացիոնիստների դերը խմբագրել

Լատվիացի պատմաբանները կարծում են, որ Լատվիայի բնակիչների՝ նացիստական օկուպացիոն իշխանությունների հետ համագործակցությունը մեծ մասամբ պայմանավորված էր խորհրդային նախկին օկուպացիայի ու երկրի անկախության վերականգնման հույսերի հետ։ Ընդ որում՝ պատմաբանները հատուկ ուշադրություն են դարձնում Կարմիր բանակի զորամասերի հեռանալու և նացիստական զորքերի կողմից երկրի օկուպացման միջև ընկած ժամանակաշրջանին[36][37]։

Լատվիական ազգայնական կազմակերպությունների անդամները, որոնք գտնվում էին անօրինական կարգավիճակում, իրենց մասին հայտարարել են Կարմիր բանակի հեռանալուց անմիջապես հետո։ Արդեն 1941 թվականի ամռանը Լատվիայում իրականացվել են հրեաների կոտորածներ։ Նաև «միաժամանակ ձերբակալվել են ազգային փոքրամասնությունների հարյուրավոր ներկայացուցիչներ, հատկապես հրեաներ, «բոլշևիկների նկատմամբ համակրանքի» պատճառով»[38]։

Պատմաբանների մի մասը կարծում է, որ այդ ժամանակաընթացքում իշխանությունների բացակայության պայմաններում լատվիացիները «առանց նացիստների ներկայության ու իմացության գնդակահարել են հրեաներին»։ Այսպես, Յադ Վաշեմ ինստիտուտից դոկտոր Արոն Շնեերը պնդում է, թե «օկուպացիայի առաջին օրերից սկսվել են հրեաներին թալանելը, ծաղրելն ու սպանությունները տեղի բնակիչների, հիմնականում լատիշների կողմից[4]։ Մյուսները ենթադրում են, որ ազգայնականները հենց սկզբից գործել են գերմանական հատուկ ծառայությունների ղեկավարությամբ և ոչ մի անիշխանություն չի եղել։ Ըստ պրոֆեսոր Ի. Ֆելդմանիսի՝ երկրորդ տեսակետն աստիճանաբար ավելի մեծ տարածում է գտնում պատմաբանների շրջանում[36]։

Լատվիայի հրեաների ոչնչացման գործում հատուկ դերակատարում են ունեցել, այսպես կոչված, Արայսի խմբի կոլաբորացիոնիստները[39], ծայրահեղ ազգայնական «Պերկոնկրուստս» կազմակերպության անդամները, ինչպես նաև բազմաթիվ նախկին ոստիկաններ, լատվիական բանակի զինվորականներ, այզսարգներ և ուսանողական միությունների անդամներ[26][40]։

Ըստ պատմաբան Անդրիևս Էզերգայլիսի՝ գնդակահարություններ իրականացնող թիմերի կազմում նոր մարդկանց ներգրավման մեջ որոշիչ դեր է խաղացել ընչաքաղցությունը։ Հետպատերազմյան շրջանի վկայություններում որպես դրանցում մասնակցության ամենատարածված միջոց նշվել է՝ «ընկերոջից լսեցի աշխատանքի մասին»։ Ոչ ոք չի ասել, թե դա արել է հրեաների նկատմամբ ունեցած ատելության պատճառով[41]։ Մյուս կողմից՝ Էզերգայլիսը ներկայացնում է նաև մեջբերումներ գերմանացի մի շարք պետական պաշտոնյաների խոսքերից, որոնք հաստատում են, թր կոլաբորացիոնիստները հրեաներին զանգվածաբար ոչնչացրել են նրանց հանդեպ ունեցած ատելության պատճառով, սակայն նշում է նաև, որ դրանում մեծ դեր ուներ գերմանական ազդեցության գործոնը, որ արտացոլվել է առաջին հերթին Շտալեկերի հաշվետվություններում[42]։ Իսրայելցի պատմաբան Դանիել Ռոմանովսկին գրում է, թե լատվիական կոլաբորացիոնիստական ոստիկանության շրջբաժինների գրեթե բոլոր ղեկավարները ներգրավվել են հրեաների սպանությունների իրականացման գործում[26]։

Լատվիացի պատմաբանները նշում են նաև, որ գոյություն ունի Հոլոքոստը ՍՍ լատվիական լեգեոնի հետ կապելու միտում։ Սակայն, ինչպես գրում է Ֆելդմանիսը, լեգեոնն ստեղծվել է 1943 թվականին՝ մեկ տարի անց նրանից հետո, երբ արդեն ոչնչացված էին Լատվիայի գրեթե բոլոր հրեաները։ Լեգեոնը ցեղասպանությանը չի մասնակցել, թեև նրա կազմում ներառվել է նաև նրանց մի մասը, որոնք նախկինում զբաղվել են հրեաների ոչնչացմամբ[36]։

Օգնություն հրեաներին խմբագրել

Ըստ տարբեր տվյալների՝ նացիստական օկուպացիայից Լատվիայի ազատագրման ժամանակ նրա տարածքում կենդանի էր մնացել 300-ից մինչև 1000 հրեա։ Նրանցից շատերը փրկվել էին Լատվիայի այլ բնակիչների օգնության շնորհիվ։ 2016 թվականի հունվարի 1-ի տվյալներով՝ Իսրայելի Աղետի և հերոսականության Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից աշխարհի արդարակյացի կոչման է արժանացել Լատվիայի 135 բնակիչ։ Դրանք այն ոչ հրեաներն են, որոնք Հոլոքոստի ժամանակ փրկել են հրեաներին՝ վտանգի ենթարկելով իրենց ու իրենց հարազատների կյանքը[43]։ Աշխարհի արդարակյացի կոչման արժանացած ամենահայտնի լատվիացին Ժանիս Լիպկեն է, որ իր կնոջ՝ Իոհաննայի հետ միասին փրկել է 56 հրեայի։

Հայտնի մարդկանցից հրեաների փրկությանը մասնակցել է դերասան Յանիս Օսիսը, որ իր բնակարանում թաքցրել է գիտնական, բժիշկ Վ. Գոլդբերգին, ինչպես նաև ճարտարապետության պրոֆեսոր (օկուպացիայի ժամանակ եղել է Լատվիական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանը) Արթուր Կրումինշը, որի ընտանիքը Ռիգայի կենտրոնում գտնվող իր բնակարանում 1941 թվականի դեկտեմբերից մինչև 1944 թվականի հոկտեմբեր թաքցրել է հայր և որդի Պրեսներին[44][45]։

Պատերազմից հետո խմբագրել

1946 թվականի հունվարի 26-ից Ռիգայում անցկացվել է դատավարություն գերմանացի մի շարք ռազմական ու ստիկանական ղեկավարների նկատմամբ, որոնք մեղադրվում էին ԽՍՀՄ խաղաղ բնակչության զանգվածային սպանություններ կատարելու մեջ։ Գերմանացի յոթ նախկին գեներալներ ու սպաներ՝ Ֆրիդրիխ Եկելնը, Զիգֆրիդ Ռուֆը, Ալբրեխտ Դիժոն ֆոն Մոտետոնը, Ֆրիդրիխ Վերթերը, Բրունո Պավելը, Հանս Կյուպելը և Ալեքսանդր Բեկինգը, դատապարտվել են մահապատժի և հրապարակայնորեն կախաղան են հանվել 1946 թվականի փետրվարի 3-ին[46]։

Մեկ այլ դատավարություն տեղի է ունեցել Ռիգայում 1961 թվականին։ Այդ ժամանակ դատարանի առաջ կանգնել են 18-րդ ոստիկանական գումարտակի ինը անդամներ, որոնք մասնակցել էին զանգվածային սպանությունների Լատվիայի, Բելառուսիայի ու Լեհաստանի տարածքներում։ Նրանցից հինգը դատապարտվել է գնդակահարության[47]։

Հոլոքոստի ուսումնասիրում խմբագրել

Հոլոքոստի մասին առաջին հոդվածը Լատվիայում գրվել է լատվիացի գրող Աննա Սաքսեի կողմից 1944 թվականի դեկտեմբերին՝ դեռ պատերազմի ժամանակ։ Խորհրդային Միությունում այդ թեմային նվիրված առաջին ուսումնասիրության հրատարակությունը՝ պատմաբան Էդգար Բլյումֆելդի՝ 1966 թվականին տպագրած Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը նվիրված գրքի «Հիտլերյան օկուպացիոն ռեժիմը Լատվիայում» գլուխն է։ 1980-ական թվականների վերջին հրատարակվել է լատիշական ծագմամբ ամերիկացի պատմաբան Անդրիևս Էզերգայլիսի գիրքը։ Վերջինս ժխտում է հրեաների՝ բոլշևիկների հետ համագործակցության մասին միֆը՝ դա համարելով նացիստական քարոզչության արդյունք, որոնք ձգտում էին խորհրդային ռեժիմի դաժանությունը ներկայացնել որպես Հոլոքոստում լատվիացիների մասնակցության արդարացում[48]։

Հոլոքոստի թեմայով իրական գիտական ուսումնասիրությունները Լատվիայում սկսվել են 1998 թվականից հետո Լատվիայի Հանրապետության նախագահին կից պատմաբանների հանձնաժողովի կողմից[49], որի անդամ է եղել Ռիգայի գետտոյի նախկին կալանավոր Մարգերս Վեստերմանիսը։

Հոլոքոստից փրկված լատվիացի մի շարք հրեաներ տպագրել են իրենց հուշերն այդ դեպքերի վերաբերյալ։ Նրանցից առավել հայտնի են Մաքս Կաուֆմանը[50], Ֆրիդա Միխելսոնը[51], Ալտեր Ռիտովը, Էլմար Ռիվոշը, Էլլա Մեդալիեն և Մեիր Լևենշտեյնը։

Ժամանակակից Լատվիայում խմբագրել

 
Լիտվայի բարձրաստիճան պաշտոնյաներն ու հրեական համայնքի ղեկավարները հրեա ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը

Ի տարբերություն այլ երկրների, որտեղ Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը նշվում է հունվարի 27-ին, Լատվիայում Հրեա ժողովրդի ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է հուլիսի 4-ին, քանի որ 1941 թվականի այդ օրը Լատվիայում տեղի են ունեցել զանգվածային կոտորածներ։ Այդ օրը սովորաբար իջեցվում են պետական դրոշները, իսկ երկրի նախագահը մասնակցում է զանգվածային սպանությունների վայրերում անցկացվող միջոցառումներին[52]։

2004 թվականին Լատվիան դարձել է Լիտվայից հետո երկրորդ երկիրը[53] նախկին Խորհրդային Միության երկրների շարքում, որ անդամակցել է Հոլոքոստի հիշատակի հավերժացման ու ուսումնասիրման ոլորտում համագործակցության միջազգային կազմակերպությանը (ITF)[54]։

2005 թվականին Լատվիան պաշտոնապես ներողություն է խնդրել Հոլոքոստի զոհերից։ Ելույթ ունենալով Օսվենցիմի ազատագրման 60-ամյկին նվիրված միջոցառման ժամանակ՝ արտաքին գործերի նախարար Արտիս Պաբրիկսը ցավակցություն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ «Լատվիան չի կարողացել պաշտպանել այն մարդկանց, որոնք զոհվել են այդ հողում Հոլոքոստի ժամանակ»[52]։ 2007 թվականի հունվարին Պաբրիկսը սատարել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի՝ Հոլոքոստի ժխտումը դատապարտելու վերաբերյալ բանաձևը[55]։ Հոլոքոստի ժխտման համար քրեական պատժի նախատեսման և խորհրդային օկուպացիայի վերաբերյալ հարցերի քննարկման ժամանակ Պաբրիկսն ասել է, որ Հոլոքոստւ ժխտել կարող է միայն հիմարը, սակայն դեմ է հանդես եկել մարդկանց իրենց հայացքների համար պատժելուն[56]։

Ժամանակակից Լատվիայում դիտարկվում է պատերազմի տարիներին հրեական համայնքի կորցրած և մինչև 2011 թվականի սկիզբը պետությանը կամ տեղական ինքնավարություններին պատկանած ունեցվածքի վերադարձնելու կամ դրամական փոխհատուցում տալու հարցերը[57]։

Այնուամենայնիվ, Հոլոքոստի թեման ժամանակակից Լատվիայում մնում է բանավեճերերի առարկա։ Հիմնական խնդիրը լատիշների մասնակցությունն է հրեաների ցեղասպանությանը։ Թեև այդ փաստը ստույգությունը ոչ ոք կասկածը չի ենթարկում, սակայն քննարկվում են լատիշների մասնակցության բնույթի ու մասշտաբների հարցերը, այսինքն՝ թե արդյոք դա եղել է կամավոր ու տարերային, թե լատիշները գործել են գերմանացիների ազդեցությամբ ու վերահսկողությամբ, ինչպես նաև այն, թե քանի լատիշ է մասնակցել Հոլոքոստի իրականացմանը[58]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լատվիա՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  2. «О ПРОЕКТЕ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 21-ին.
  3. Открытие музея Рижского гетто
  4. 4,0 4,1 4,2 Шнеер А. И. Լատվիայի հրեաների Հոլոքոստը ՅուԹյուբում՝ սկսած 40-րդ վայրկյանից։ Յադ Վաշեմի պաշտոնական ալիք
  5. Шнейдере И. Латвийские евреи и советский режим (1944-1953) // Евреи Латвии и Советская власть. 1928-1953. — Рига: Институт философии и социологии Латвийского университета, 2009. — С. 264-265. — 344 с. — ISBN 978-9984-624-80-8
  6. Залманович, 2008, էջ 68
  7. Залманович, 2008, էջ 51
  8. 8,0 8,1 8,2 Залманович, 2008, էջ 36-37
  9. Штейман И. Латвийские евреи в Советском Союзе и вооружённых силах СССР // Евреи Латвии и Советская власть. 1928-1953. — Рига: Институт философии и социологии Латвийского университета, 2009. — С. 227. — 344 с. — ISBN 978-9984-624-80-8
  10. «ČETRDESMITO GADU DEPORTĀCIJAS. STRUKTŪRANALĪZE» (լատվիերեն). vip.latnet.lv. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  11. Айварс Странга. «Латвия в XX веке в контексте европейской истории». «Вестник Европы» 2001, №2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 10-ին.
  12. Залманович, 2008, էջ 38
  13. Frank Gordon. Latvians and Jews Between Germany and Russia Արխիվացված 2011-08-10 Wayback Machine. — Memento, Stockholm, 1990, ISBN 91-8711408-9
  14. Штейман И. Латвийские евреи в Советском Союзе и вооружённых силах СССР // Евреи Латвии и Советская власть. 1928-1953. — Рига: Институт философии и социологии Латвийского университета, 2009. — С. 221-222. — 344 с. — ISBN 978-9984-624-80-8
  15. До 3 июля 1941 года действовало положение, по которому для пересечения старой советско-латвийской границы требовалось специальное разрешение. См. Прим. 2 на стр. 24 Михельсон Ф. «Я пережила Румбулу», 3 издание, Москва-Рига, 2011, ISBN 5-88832019-6
  16. Альтман И. А. Глава 5. Уничтожение евреев СССР. § 2. Уничтожение евреев в Прибалтике // Холокост и еврейское сопротивление на оккупированной территории СССР / Под ред. проф. А. Г. Асмолова. — М.: Фонд «Холокост», 2002. — С. 163-169. — 320 с. — ISBN 5-83636-007-7.
  17. 17,0 17,1 Калганов А. Дело № 2783: Военные преступления не забыты // Независимое военное обозрение, 12 мая 2000
  18. Чуев С. Г. Местные полицейские формирования // Спецслужбы Третьего Рейха. — Olma Media Group, 2003. — С. 30. — 449 с. — (Досье (Олма-Пресс).: Спецслужбы мира). — ISBN 9785765428313
  19. Залманович, 2008, էջ 40
  20. Бобе, 2006, էջ 249
  21. Stranga A. Holokausts vācu okupētajā Latvijā: 1941–1945 // HOLOKAUSTA PĒTNIECĪBAS PROBLĒMAS LATVIJĀ. — Rīga: Latvijas Vēstures institūts, 2008. — С. 22.
  22. «Рига, в Российской Еврейской Энциклопедии». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 19-ին.
  23. 23,0 23,1 Шнеер А. И. Шоа (Холокост) евреев Латвии ՅուԹյուբում՝ սկսած 190-րդ վայրկյանից
  24. Бобе, 2006, էջ 247, 283
  25. Бобе, 2006, էջ 244-247
  26. 26,0 26,1 26,2 Романовский Д. Коллаборанты и их роль в Холокосте в Латвии и Литве // Лехаим, октябрь 2000
  27. Шнеер А. И. Шоа (Холокост) евреев Латвии ՅուԹյուբում՝ սկսած 270-րդ վայրկյանից
  28. Залманович, 2008, էջ 59-61
  29. Бобе, 2006, էջ 254
  30. 30,0 30,1 Эзергайлис А. Команда Арайса // Век : журнал. — 1990. — В. 4 (1). — С. 34-42.
  31. Залманович, 2008, էջ 62-68
  32. Маргер Вестерман. «Послесловие историка — узника Рижского гетто» к статье А. Эзергайлиса «Команда Арайса»
  33. Залманович, 2008, էջ 53-59
  34. 34,0 34,1 34,2 Ezergailis A. Holokausts vācu okupētajā Latvijā 1941-1944. — Rīga: Latvijas Vēstures institūts, 1999. — С. 30—31. — ISBN 9984-601-02-1 (լատիշերեն)
  35. Ezergailis A. Holokausts vācu okupētajā Latvijā 1941-1944. — Rīga: Latvijas Vēstures institūts, 1999. — С. 86. — ISBN 9984-601-02-1 (լատիշերեն)
  36. 36,0 36,1 36,2 Фелдманис И. «Латышский легион: актуальные проблемы и решения исследований». Министерство иностранных дел Латвии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 17-ին.
  37. «О латышском добровольческом легионе СС». Министерство иностранных дел Латвии. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  38. «История латышских вооружённых формирований». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  39. «Холокост в Латвии, оккупированной Германией». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 20-ին.
  40. Шнеер А. И. Шоа (Холокост) евреев Латвии ՅուԹյուբում՝ սկսած 60-րդ վայրկյանից
  41. Ezergailis A. Holokausts vācu okupētajā Latvijā 1941-1944. — Rīga: Latvijas Vēstures institūts, 1999. — С. 88. — ISBN 9984-601-02-1 (լատիշերեն)
  42. Ezergailis A. «Six Versions of the Holocaust in Latvia» (անգլերեն). web.me.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 9-ին.
  43. «Праведники народов мира - по странам и национальной принадлежности спасителей. Статистика на 1 января 2016». Яд ва-Шем. 2016. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  44. Stradiņš, J. Totalitārie okupācijas režīmi pret Latvijas zinātni un akadēmiskajām aprindām (1940 - 1945) Արխիվացված 2009-07-07 Wayback Machine (լատիշերեն)
  45. Vestermanis, M. Pretdarbība holokaustam Latvijā (1940 - 1945) Արխիվացված 2011-05-18 Wayback Machine (լատիշերեն)
  46. Судебный процесс по делу о злодеяниях немецко-фашистских захватчиков на территории Латвийской, Литовской и Эстонской ССР. Рига ВАПП Книгоиздательство 1946 г. 188 с
  47. Бобе, 2006, էջ 280
  48. Aldis Purs. «The Holocaust in Latvia, 1941—1944: The Missing Center», Canadian Slavonic Papers 38, no. 3/4 (1996)
  49. Баркаган М. Предисловие // Уничтожение евреев Латвии 1941-1945. — 2. — Рига: Шамир, 2008. — С. 3-4. — 320 с. — ISBN 978-9984-9835-6-1
  50. Die Vernichtung der Juden Lettlands, Munich, 1947.
  51. «Я пережила Румбулу», Рига, 2005.
  52. 52,0 52,1 Гольд. М. (03.07.2009). «Латвия скорбит о жертвах Холокоста». Jewish News. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  53. «Holocaust Education, Remembrance, and Research in Lithuania» (անգլերեն). Task Force for International Cooperation on Holocaust Education, Remembrance, and Research. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  54. «Holocaust Education, Remembrance, and Research in Latvia» (անգլերեն). Task Force for International Cooperation on Holocaust Education, Remembrance, and Research. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
  55. «Министр иностранных дел Латвии поддерживает резолюцию ООН в отношении отрицания Холокоста». Министерство иностранных дел Латвийской Республики. 28.01.2007. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 8-ին.
  56. «Пабрикс против наказания за отрицание Холокоста и оккупации». DELFI. 19 января 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 2-ին.
  57. Евреи Латвии не претендуют на немедленный возврат утраченного имущества
  58. Valdis O. Lumans, Latvia in World War II (New York: Fordham University Press, 2006), p. 210

Գրականություն խմբագրել

Հուշեր խմբագրել

  • Gertrude Schneider, ed., The Unfinished Road: Jewish Survivors of Latvia Look Back (New York: Praeger Publishers, 1991

Արտաքին հղումներ խմբագրել