Հրամայական եղանակ
Հրամայական եղանակի (լատին․՝ modus imperativus) բայաձևերը ցույց են տալիս գործողության կատարման հրաման, թելադրանք, կոչ, պատվեր, հորդոր, խնդրանք։ Պաղդասար Դպիրն այս եղանակն անվանել է աղաչական եղանակ[1]։
Հրամայական եղանակն ունի միայն եզակի ու հոգնակի թվերի երկրորդ դեմքի բայաձևեր։
Ժամանակակից հայերենում հրամայական եղանակի բայաձևերը կազմվում են ԻՐ, Ա և ՈՒ վերջավորություններով։ Հրամայական եղանակի հոգնակի բայաձևերը կազմվում են Եք վերջավորության միջոցով[2]։
Ա և Ե խոնարհման և կրավորական բայերի եզակի հրամայականը կազմվում է առաջին հիմքով, մյուս բայերինը՝ երկրորդ (կատարյալի) հիմքով։ Ա խոնարհման բայերի եզակի հրամայականը կազմվում է ա, պատճառական բայերինը՝ ու, իսկ Ե խոնարհման բայերինը՝ պարզ և սոսկածանցավոր, ինչպես նաև Ա խոնարհման սոսկածանցավոր բայերինը՝ իր վերջավորությամբ։
Եզակի թիվ | Հոգնակի թիվ |
---|---|
գրի՛ր | գրե՛ք |
հասի՛ր | հասե՛ք |
հեռացի՛ր | հեռացե՛ք |
կարդա՛ | կարդացե՛ք |
մոտեցրու՛ | մոտեցրե՛ք |
Օրինակ՝
- Գոտեպնդվեցե՛ք ատելությամբ վառ,
- Գոտեպնդվեցե՛ք ահեղ վրեժով... (Ավետիք Իսահակյան)
- Մի հավատար ստվերներին, հենվիր միայն քեզ վրա,
- Ատելու չափ սիրիր մարդկանց, բայց լավություն միշտ արա։ (Ավետիք Իսահակյան)
Արգելական հրամայական
խմբագրելԺխտական (արգելական) հրամայականը կազմվում է մի մասնիկով[3], օրինակ՝
- Դու մի՛ հավատա ժպտուն աչքերին,
- Շատ անգամ նըրանք ծաղիկներ են վառ՝
- Բուսած կորըստյան անդունդի ծերին... (Հովհաննես Թումանյան)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 8։
- ↑ Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։
- ↑ Սերգեյ Աբրահամյան, Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1975, էջ 171։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրամայական եղանակ» հոդվածին։ |