Գործիական հոլով
Գործիական հոլով (լատին․՝ casus instrumentalis), ցույց է տալիս անձ կամ առարկա, որի միջոցով կամ որով կատարվում է գործողությունը։
Օրինակներ
խմբագրելԼեզու | Ուղղական հոլովաձև | Գործիական հոլովաձև |
---|---|---|
Հայերեն | մարդ | մարդով |
Ռուսերեն | человек | человеком |
Ուկրաիներեն | людина | людиною |
Չեխերեն | člověk | člověkem |
Լատվիերեն | cilvēks | ar cilvēku |
Գործածություն
խմբագրելԺամանակակից հայերենում գործիական հոլովաձևը կազմվում է ուղղական կամ սեռական հոլովաձևերից՝ ով կամ բ վերջավորությունների ավելացմամբ։ Վերջինս ավելանում է Ա ներքին հոլովման պատկանող բառերին[1]։
Գործիական հոլովաձևով դրված բառը նախադասության մեջ կարող է լինել՝
- Միջոցի անուղղակի խնդիր - Հրաշագործ էին և զանազան ավետարաններ, նարեկներ, որոնք գրված էին սուրբ մարգերի գրիչով: (Րաֆֆի)
- Ներգործող անուղղակի խնդիր - Չնայելով որ Արագածը, Արայի լեռը և նույնիսկ Եռաբլուրը պատած էին դեռ ձյունով, այնուամենայնիվ Անբերդու գավառը ծածկվել էր կանաչով։ (Մուրացան)
- Սահմանափակման անուղղակի խնդիր - Դեռ չէր դադարել ծերունի Սպարապետի համհարզը լինելուց, թեպետ տարիքով պակաս չէր նրանից: (Մուրացան)
- Տեղի պարագա - Դատաստանից փախածները նրա մոտ էին ծածկվում, սարերով անցնող ավազակային խմբերը նրա հարկի տակ էին ապաստան գտնում։ (Հովհաննես Թումանյան)
- Ժամանակի պարագա - Սակայն ամաչկոտ Արեգակն այժմ էլ Մարդուց էր քաշվում ցերեկով շրջել: (Հովհաննես Թումանյան)
- Ձևի պարագա - Նա հրամայում է ինձ՝ հեռանալ արքայական գահից, փառքերից, պերճությունից և քաշվել, առանձնանալ մի անապատ, լալ այնտեղ իմ մեղքերը և խստամբեր ճգնությամբ քավել նրանց։ (Մուրացան)
- Հիմունքի պարագա - Մյուսը` Հուսիկը սպանվեցավ եկեղեցում Տիրան թագավորի հրամանով, որի փեսան էր: (Րաֆֆի)
- Նպատակի պարագա - Նա կարևոր գործով էր եկել քաղաք:
- Միասնության պարագա - Քո ամբողջ ազգով անց պիտի կենաս իմ թրի տակով:
- Չափի պարագա - Ճանապարհը լայնացրին կես մետրով:
- Որոշիչ - Բրնձով փլավ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002