Ածականի համեմատության աստիճաններ
Ածականի համեմատության աստիճաններ, քերականական կարգ, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը[1]։ Ցույց են տալիս, թե ինչ չափով է դրսևորվում տվյալ հատկանիշը առարկայի մեջ՝ այլ առարկայի նույն հատկանիշի համեմատությամբ կամ հարաբերությամբ։
Հայերենում, ինչպես նաև շատ օտար լեզուներում ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։
Դրական աստիճան
խմբագրելԴրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և արտահայտում է բացարձակ հատկանիշ, հատկանիշ առանց համեմատության։
Դրական աստիճանը քերականական որոշ աշխատություններում համեմատության աստիճան չի համարվում, այսինքն՝ ընդունվում է համեմատության երկու աստիճան՝ բաղդատական ու գերադրական[2]։ Սակայն քանի որ դրական աստիճանն ածականի ուղիղ, ելակետային ձևն է, և բաղդատականն ու գերադրականն արտահայտում են հարաբերական հատկանիշ սրա համեմատությամբ ու հարաբերությամբ, այդ պատճառով էլ դրականը համեմատության աստիճանների մեջ կարող է մտնել որպես հակադրության եզր, որպես զրո եզր[3]։
Բաղդատական աստիճան
խմբագրելԲաղդատական աստիճանը ցույց է տալիս հատկանիշի առավել կամ պակաս դրսևորումը առարկայի կամ առարկաների մեջ՝ այլ առարկայի կամ առարկաների նույն հատկանիշի համեմատությամբ։ Օրինակ՝ Երևանը մեծ քաղաք է։ Մոսկվան ավելի մեծ քաղաք է։
Բաղդատական աստիճանն ունի երեք դրսևորում՝ առավելական բաղդատական, նվազական բաղդատական ու հավասարական բաղդատական։
Առավելական բաղդատականը կազմվում է արակական ածականի ուղիղ ձևին առադրելով ավելի բառը (ավելի հզոր), համեմատվող գոյականի բացառական հոլովն առադրելով որակական ածականի ուղիղ ձևին (սիրուց հզոր), քան նախադրության միջոցով և այլն։
Հավասարական բաղդատականն արտահայտում է երկու կամ ավելի առարկաների միևնույն հատկանիշի հավասար աստիճանը, օրինակ՝ Մեր քաղաքը նույնքան գեղեցիկ է, որքան Երևանը։ Հավասարական բաղդատականը կազմվում է պես, նման, չափ, ինչպես, որպես կապերի ու կապվող բառի առադրումով ածականի ուղիղ ձևին (օրինակ՝ Մահվան չափ դառն էին այդ րոպեները։), հավասարաչափ, նույնչափ և նման բառերի ու կապակցություների առադրմամբ ածականի ուղիղ ձևին (օրինակ՝ Երկուսն էլ հավասարաչափ արժանի էին այդ մրցանակին։):
Նվազական բաղդատականը ցույց է տալիս հատկանիշի նվազ կամ պակաս լինելը և արտահայտվում է ածականի ուղիղ ձևին առադրելով պակաս, նվազ, քիչ, մի փոքր, մի քիչ և նման բառեր, չափ, պես, նման կապերի ու նրանց խնդիրների առադրմամբ որակական ածականով արտահայտված բաղադրյալ ստորոգյալի ժխտական ձևերին (օրինակ` Ձիու չափ արագավազ չէ։):
Գերադրական աստիճան
խմբագրելԱծականի գերադրական աստիճանը ցույց է տալիս, որ տվյալ առարկայի կամ առարկաների մեջ հատկանիշը դրսևորվում է ամենաբարձր չափով։ Ժամանակակից հայերենում գերադրական աստիճանը լինում է երկու տեսակ` բացարձակ և հարաբերական գերադրական ձևերի։
- Բացարձակ գերադրական աստիճանը ցույց է տալիս նույն հատկանիշների շարքում տվյալ հատկանշի գերազանցությունը այլ առարկաների հանդեպ։ Գերադրականի այս աստիճանը հատկանիշի գերազանցությունը վերցնում է ինքնին, ավելի ճիշտ՝ այլ առարկաների նույն հատկանիշի հետ ոչ ուղղակի համեմատությամբ։ Օրինակ՝ մեծագույն, շատ գեղեցիկ և այլն։
- Հարաբերական գերադրական աստիճանը ցույց է տալիս այդ հատկանիշի լիակատար գերազանցությունը այլ առարկաների նույն հատկանիշի նկատմամբ, օրինակ՝ ամենախոշոր, ամենալավ և այլն[1]։
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
- ամենա- նախածանցով (օրինակ` ամենակարճ). այս ածանցով (ի տարբերություն -ագույն վերջածանցի) գերադրական կարելի է կազմել որակական բոլոր ածականներով,
- -ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն),
- ամենից, բոլորից բառերի առադրությամբ ածականի ուղիղ ձևին,
- գոյականաբար գործածված ածականի հոգնակի թվի սեռական, բացառական հոլովների առադրմամբ նույն ածականի ուղիղ կամ գերադրական ձևերին (օրինակ` մեծերից մեծ, մեծերից մեծագույնը),
Գերադրական իմաստ է դրսևորվում այն դեպքում, երբ նախադասության ստորոգյալը ժխտական խոնարհման է, իսկ ածականը բաղդատական աստիճանի (օրինակ` Չկա դրանից ավելի հարմար տարբերակ։), կամ երբ նախադասությունն ունի հարցական բնույթի որևէ բառ, իսկ ածականը բաղդատական աստիճանի է (օրինակ` Ի՞նչ կա ջրից ավելի թանկ։):
Համեմատության թերի աստիճաններ
խմբագրելԼեզվաբանության մեջ երբեմն համեմատության թերի աստիճաններ են անվանվում այն ածական ձևերը, որոնց համեմատության աստիճանները կազմվում է տարբեր կերպ, բայց նույնիմաստ կամ համանիշ արմատներից։ Այսպես օրինակ՝ լատինիներեն՝ bonus, melior, melius կամ անգլերեն՝ good, better, best[1]:
Ածականի համեմատության աստիճանների կազմությունը
խմբագրելԱծականի համեմատության աստիճանները տարբեր լեզուներում տարբեր կազմություններ ունեն։
Լեզու | Դրական աստիճան (օրինակ) | Բաղդատական աստիճան | Քեր. մասնիկ + բաղդատական աստիճան | բաղդատական աստիճան + քեր. մասնիկ | Գերադրական աստիճան |
---|---|---|---|---|---|
Ռուսերեն | зелёный | -ее, -ей, более (зеленее, зеленей, более зелёный) | чем (зеленее), тем | (зеленее), чем | самый/наиболее (зелёный) + -ейш(ий)/-айш(ий) (зеленейший) |
Անգլերեն | green | -er, more (green)er | the (green)er, the… | (green)er, than… | the (green)est, the most … |
Գերմաներեն | grün | (grün)er | je (grün)er, desto (umso)… | (grün)er als… | am (grün)sten, der/die/das (grün)ste |
Ֆրանսերեն | vert | plus (vert) | plus (vert), plus… | plus (vert), que | le plus (vert) |
Իսպաներեն | verde | más (verde) | cuanto (verde) tanto | más (verde) que | el más (verde) |
Համեմատության աստիճաններ չունեցող ածականներ
խմբագրելՀամեմատության աստիճաններ ունենում են միայն որակական ածականները։ Սակայն դրանց մի մասն, իմաստով պայմանավորված, համեմատության աստիճաններ չի ունենում, օրինակ` ամուրի, ամուլ, ազաբ, անջատ, արու, էգ, դատարկ, զուրկ, լերկ, խորթ, խռով, հավասար, աշխետ, մունջ, որձ, հատուկ, որբ, ունայն, փուչ, լի, կույր, կաղ, մերկ, տկլոր, չբեր, ստերջ, այրի, հղի, բոբիկ և այլն։
Համեմատության աստիճաններ չեն ունենում նաև բաղադրյալ մի շարք ածականներ, այդ թվում`
- Երկու գոյականներից կազմված բարդ ածականները, հատկապես ձև, նման, կերպ բառերով կազմվածները, օրինակ` շրջանաձև, մարդակերպ և այլն։
- Կես և գույն բառերով կազմված ածականները, օրինակ` կիսաչոր, մանուշակագույն և այլն։
- -Անի ածանց ունեցող ածականների մի մասը, որոնք արտահայտում են նյութական առարկաների հատկանիշ, օրինակ` միվանկանի, երկգլխանի և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 5-6։
- ↑ А. Финкель, И. Баженов, Курс сов. русского литерат. языка, Киев, 1965, 15 323: Հ. Օհանյան, Ածական անունը ժամանակակից հայերենում, Երևան, 1962, էջ 31-34։
- ↑ Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու։ Ձևաբանություն, Երևան, 2002, էջ 134։