Հասմիկ Թորոսյան

հայ օպերային երգչուհի

Հասմիկ Թորոսյան (29 Սեպտեմբեր, 1983, Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի (սոպրանո)։

Հասմիկ Թորոսյան
Ծնվել էԵրևան, Հայաստան
Մասնագիտությունօպերային երգչուհի և կատարողուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ (2004) և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (2010)
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Հասմիկ Թորոսյանը ծնվել է Երևանում։ 2004 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, իսկ 2010 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 2004-2009 թվականներին երգել է սուրբ Գեղարդավանքի երգեցիկ խմբում։ 2011 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի[1]։

2012 թվականին հրավիրվել է ԱՄՆ (Միննեսսոտա)` «Հարավային լույսեր» երաժշտական փառատոնում կատարելու Նեդդայի դերերգը` Լեոնկավալոյի «Պայացներ» օպերայում։ 2013 թվականին առաջին անգամ հանդես է եկել բրիտանական Գլայնբուրն օպերային թատրոնում, որտեղ հրավիրվել է կատարելու Նորինայի դերերգը «Դոն Պասքուալե» և Ադինայի դերերգը Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերաներում[1]։

2014 թվականին Հասմիկ Թորոսյանին հրավիրում են Իտալիա` սովորելու Ռոսսինիի ակադեմիայում` Ալբերտո Զեդդայի ղեկավարությամբ։ Իտալիայում առաջին անգամ բեմ է դուրս գալիս Պեզարո քաղաքում՝ Ռոսսինիի անվան օպերային թատրոնում՝ «Ճանապարհորդություն դեպի Ռեիմս» օպերայում կատարելով Կորինայի դերերգը, որից հետո՝ 2015 թվականին, հրավեր է ստանում Զեդդայի և «Ռոսսինի Օպերա Փառատոն»-ի կողմից՝ Ռոսսինիի «Լա Գազետա» օպերայում հանդես գալու Լիզետայի դերերգով[1]։

2015 թվականին հանդես է եկել նաև Նոր Զելանդիայի «Ֆեստիվալ օպերա» փառատոնում, որտեղ Դոնիցետտիի «Սիրո ըմպելիք» օպերայում կատարել է Ադինայի դերերգը։ Նույն թվականին ելույթ է ունեցել «Փարիզի ազգային նվագախմբի» հետ՝ դիրիժոր Միխայիլ Յուրովսկու ղեկավարությամբ, որտեղ համերգային կատարումով հանդես է եկել Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն» օպերայում` կատարելով Մարֆայի դերերգը։ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-ամյակի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ, կատարել է Մոցարտի «Ռեքֆիեմ»-ը[1]։

Համագործակցում է նաև Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան)։ Վարպետության դասեր է ստացել Թերեզա Բերգանցայից, Միրելա Ֆրենիից, Գրեիս Բամբրիից և Խուան Դիեգո Ֆլորեսից[1]։

Համերգներով շրջագայել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Գերմանիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ավստրիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Հարավային Կորեայում, Չեխիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Դուբայում, Լիբանանում, Թուրքիայում[1]։

Դերերգեր խմբագրել

Հեղինակ Օպերա Դեր
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Իդոմենեոս, Կրետեի արքա Իլիա
Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ Կախարդական սրինգ Գիշերային Թագուհի
Ջակոմո Պուչինի Ջանի Սկիկի Լաուրետա
Ջակոմո Պուչինի Ծիծեռնակ Լիզետ
Ջակոմո Պուչինի Բոհեմ Մուզետտա
Ջոակինո Ռոսսինի Սևիլյան սափրիչ Ռոզինա
Ջոակինո Ռոսսինի Ամուսնական մուրհակ Ֆաննի
Ջոակինո Ռոսսինի Ճանապարհորդություն դեպի Ռեիմս Կորինա
Ջոակինո Ռոսսինի Գազետա Լիզետտա
Գաետանո Դոնիցետի Լյուչիա դի Լամերմուր Լուչիա
Գաետանո Դոնիցետի Դոն Պասքուալե Նորինա
Գաետանո Դոնիցետի Սիրո ըմպելիք Ադինա
Ջուզեպպե Վերդի Տրավիատա Վիոլետտա
Ռուջերո Լեոնկավալո Ծաղրածուներ Նեդդա
Արմեն Տիգրանյան Անուշ Անուշ

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների հանրապետական մրցույթի առաջին կարգի մրցանակ` ոսկե մեդալ (2008)
  • ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակ` ոսկե մեդալ (2009)
  • Մոսկվայի 16-րդ «Գեղեցիկ ձայն» միջազգային մրցույթի առաջին կարգի մրցանակ (2010)
  • Հռոմի «Musica Sacra» միջազգային մրցույթի առաջին կարգի մրցանակ (2011)
  • ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագիր, 2017[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Հասմիկ Թորոսյան». opera.am (ամհարերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 4-ին.
  2. «ՀՀ մշակույթի նախարարության պարգևներ - ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ». mincult.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 6-ին.