Հայանուն նավեր

  • Կիլիկիահայերի մի զրույցի համաձայն, մ.թ.ա. առաջին դարում Հայոց Տիգրան Բ Մեծ արքայից արքան կառուցել է տվել «Նետ» անունով մի նավ, որը լողում էր Միջերկրական ծովում։
  • 19-րդ դարում Հնդկական օվկիանոսում և Պարսից ծոցում շրջում էին հնդկահայերի՝ «Հայկ», «Արամ», «Տիգրան» անուններով նավերը։
  • 19-րդ դարում Բիրմայում (այժմ՝ Մյանմա) հայերի կառուցած և հայ նավապետներ ունեցող նավերն ունեին այսպիսի անուններ. «Հայկ», «Արարատ», «Տիգրան», «Ջուղա» և այլն։
  • 19-րդ դարի վերջին Ֆրանսիայի Մարսել քաղաքում գործում էր շոգենավի Արամյան ընկերությունը, որն ուներ երկու շոգենավ՝ «Հայաստան» և «Արարատ» անուններով։
  • 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Կասպից ծովում (Բաքվի նավահանգիստ) գործում էին «Արմենիա», «Արմենակ», «Արարատ», «Անի», «Մասիս», «Արցախ», «Սևան», «Շուշանիկ», «Արաքս», «Վան», «Վասպուրական», «Արամյան» և հայկական այլ անուններով նավեր։
  • Բաքվի հայ նավթարդյունաբերող Պողոս Սարգսյանի այրին՝ տիկին Եղիսաբեթ Սարգսյանը, այնքան ջերմ «մշակական» էր, որ «Մշակ» (Թիֆլիսում լույս տեսնող օրաթերթ) թերթի հիմնադրի հանդեպ իր հարգանքն ու համակրանքը ցույց տալու համար Կասպից ծովում գործող իր սեփական շոգենավը մկրտել է «Գրիգոր Արծրունի» անունով։
  • Հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանը Սև ծովում գործող իր սեփական առագաստանավը կոչել էր «Հուսիկ»։ Հուսիկը (Նադեժդա) Մանթաշյանի դստրերից մեկի անունն էր։
  • Բնիկ տրապիզոնցի Երվանդ Գասպարյանը հայ մեծահարուստ Ալեքսանդր Մանթաշյանի «Բորժոմ» նավթատար նավի նավապետն էր մինչև 1918 թվականը։ Այնուհետև նա գալիս է Հայաստան և դառնում Սևանա լճում աշխատող «Աշոտ Երկաթ» անունով փոքր շոգենավի նավապետը։ Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպի հերոսը նույն ինքը Երվանդ Գասպարյանն է։
  • Ստեփան Շահումյանի անունով «Շահումյան» էր կոչվում Խորհրդային Միության ռազմանավերից մեկը, որը նախկին «Բիստրիյ» մարտանավն էր։
  • 1930-ական թվականներին Սևանա լճում գործում էր «Կոմսոմոլ» անունով ձկնորսանավը և «Մարտունի» անունով շոգենավը։ Այնուհետև սկսել է գործել «Զորավար Անդրանիկ» ձկնորսանավը։
  • 1956 թվականին ջրարկվել է հեռավորարևելյան ծովային նավատորմի շոգենավերից մեկը, որը կոչվում է «Երևան»։ Այս շոգենավը Վլադիվոստոկից ուղերթներ է կատարել Խաղաղ և Հնդկական օվկիանոսներում։
  • Հեռավորարևելյան ծովային նավատորմի նավերից է «Կամո» շոգենավը։
  • Կասպից ծովի նավերից մեկը կոչվում է շուշեցի ինժեներ-տեխնոլոգ, լենինյան մրցանակի դափնեկիր Զավեն Մելիք-Թանգիևի (Մելիք Թանգյան, 1905-1966) անունով։
  • Խորհրդային Միության սևծովյան նավերից է «Արմենիա» ջերմանավը։
  • Սևծովյան նավատորմիղի մեջ է մտնում «Լենինական» հեղուկանավը, որը կառուցվել է Ճապոնիայում և ջրարկվել 1964 թվականի մարտի 14-ին, Ճապոնական Այոյ քաղաքում։ Ծովագնացների ավանդույթով նավը ջուր իջեցնելուց հետո այն ցամաքի հետ կապող վերջին ճոպանը կտրում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչը, որը և դառնում է տվյալ նավի կնքամայրը։ «Լենինականի» կնքամայրը լինելու պատիվը վիճակվել է Ճապոնիայում խորհրդային դեսպանության աշխատակիցներից մեկի կնոջը՝ Վալենտինա Կոնստանտինովնա Ռավտինային, որի լուսանկարը փակցվել է նավի կապիտանի սրահում։
  • Խորհրդային օվկիանոսային նավերից է «Ալեքսանդր Վերմիշևը», որը ջրարկվել է 1970 թվականի մարտի 21-ին, Հարավսլավիայի Ռիեկա նավահանգստի նավաշինական գործարանում։ Ալեքսանդր Ալեքսանդրի Վերմիշևը (1879-1919) հայազգի հեղափոխական գործիչ էր, դրամատուրգ, բանաստեղծ, հրապարակախոս։ Հեղափոխական ոգով գրված նրա դրամաներից են «Սատանայի խրախճանքը», «Խրամատներում», «Պատանի Ռուսաստանը», «Դեկրետ», «Կարմիր ճշմարտություն»։ Սպանվել է 1919 թվականին, Ելց քաղաքում։ Ելց քաղաքի կայարանի շենքի վրա այժմ քանդակված են հետևյալ բառերը. «Այստեղ, պաշտպանելով կայարանը, 1919 թվականի օգոստոսի 31-ին կռվում էր կարմիր բանակային ջոկատը կոմիսար-գրող Ալեքսանդր Վերմիշևի հրամանատարությամբ։ Այս կռվում Վերմիշևը ծանր վիրավորվեց, բռնվեց և խոշտանգվեց սպիտակ գվարդիականների կողմից»։
  • Հայ գեներալ-մայոր, Խորհրդային Միության հերոս Հմայակ Բաբայանի անունով է կոչվել Կասպից ծովում «Գեներալ Բաբայան» տանկերը, որոնք կառուցվել են Աստրախանի նավաշինական գործարանում և ջրարկվել 1972 թվականին։
  • Հայկական անուններով Խորհրդային նավերից են «Հովհաննես Թումանյան», «Ավետիք Իսահակյան» շոգենավերը, «Արարատ», «Հակոբ Հակոբյան», «Սևան» հեղուկանավերը, «Նելսոն Ստեփանյան» օվկիանոսային ձկնորսանավը, «Ադմիրալ Իսակով» հածանավը։

Աղբյուրներ

խմբագրել