Համաշխարհային բանկ

(Վերահղված է World Bankից)

Համաշխարհային բանկ, միջազգային ֆինանսական կազմակերպություն[3], որը զարգացող երկրներին վարկ է տրամադրում ենթակառուցվածքային հիմնական ծրագրեր իրականացնելու համար։ Իր զարգացման ճանապարհին Համաշխարհային բանկը կրել է բազմաթիվ կառուցվածքային փոփոխություններ, այդ պատճառով էլ «Համաշխարհային բանկ» տերմինի տակ տարբեր փուլերում հասկացվել են տարբեր կազմակերպություններ։

Համաշխարհային բանկ
Изображение логотипа
Տեսակմիջազգային ֆինանսական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1]
ՀապավումWB, BM, BM, BM և BM
ԿարգախոսWorking for a World Free of Poverty
Հիմնադրվածդեկտեմբերի 27, 1945
Գլխադասային գրասենյակWorld Bank Headquarters, Վաշինգտոն, ԱՄՆ
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն, արաբերեն, ֆրանսերեն և իսպաներեն
Գլխավոր քարտուղարԱջայ Բանկա
ՂեկավարԿրիստալինա Գեորգիևա[2]
Կայքworldbank.org

Սկզբից Համաշխարհային բանկը նույնականացվում էր Զարգացման և վերակառուցման միջազգային բանկի հետ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆինանսական աջակցություն էր ցուցաբերում Արևմտյան Եվրոպային և Ճապոնիային։ Ավելի ուշ՝ 1960 թվականին, ստեղծվեց Միջազգային զարգացման ասոցիացիա, որն իր վրա էր վերցնում այդ բանկի քաղաքականության հետ կապված գործառույթների մի մասը։

Ներկայումս «Համաշխարհային բանկ» փաստացի նշանակում է երկու կազմակերպություն.

  • Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ
  • Զարգացման միջազգային ասոցիացիա։

Տարբեր ժամանակներում Համաշխարհային բանկի խնդիրները լուծելու համար դրանց են միացել ևս երեք կազմակերպություն[4].

  • Միջազգային ֆինանսական կորպորացիան
  • Ներդրումների երաշխավորման բազմակողմանի գործակալությունը
  • Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնը

Բոլոր հինգ կազմակերպությունները մտնում են Համաշխարհային բանկի կազմակերպությունների խմբի մեջ և կոչվում են Համաշխարհային Բանկի Խումբ։ Առանձին դեպքերում «Համաշխարհային բանկ» ասելով նախկինի պես նկատի են ունենում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը, որը մինչ օրս Համաշխարհային բանկի գուծունեության հիմքն է կազմում։

Պատմություն

խմբագրել
 
Մեծ Բրիտանիայի նարկայացուցիչ Ջոն Մեյնարդ Քեյսը (աջից) և ԱՄՆ-ի նարկայացուցիչ Գարրի Դեքստեր Ուայթը՝ Բրետտոն-Բուդսկոյի կոնֆերանսում

1944 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած Բրետտոն-Բուդսկոյի կոնֆերանսի արդյունքում ստեղծված Համաշխարհային բանկը հանդիսանում է երկու խոշոր ֆինանսական կազմակերպություններից մեկը (Միջազգային արժույթային ֆոնդի հետ միասին)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 44 երկրի պատվիրակներ՝ այդ թվում Խորհրդային Միության, քննարկում էին տնտեսության վերականգնման և կարգավորման հարցերը։

Խորհրդային Միությունը կոնֆերանսի ակտիվ մասնակիցներից մեկն էր հանդիսանում, սակայն արդյունքում հրաժարվեց Համաշխարհային բանկի և Միջազգային արժութային ֆոնդի մասնակցությունից, քանզի կանոնադրության համաձայն՝ որոշումների կայացման գործում դեր չուներ, ի տարբերություն ԱՄՆ-ի։

Իր գործունեության սկզբնական շրջանում՝ 1945-1968 թվականներին Համաշխարհային բանկը չէր իրականացնում ակտիվ վարկավորում փոխառուների նկատմամբ բարձր պահանջների արդյունքում։ Առաջին նախագահ Ջոն ՄակԿոյլի ղեկավարությամբ, որպես առաջին վարկառու ընտրվեց Ֆրանսիան. նրան տրվեց վարկ 250 մլն. ԱՄՆ դոլլարի չափով։ Ընդ որում, Ֆրանսիային վարկի տրամադրման պայման էր կառավարությունում կոմունիստների կոալիցիային չմասնակցելը։ Երկու այլ թեկնածուներ (Լեհաստանը և Չիլին) աջակցություն չստացան։ Հետագայում Համաշխարհային բանկը ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում Արևմտյան Եվրոպայի երկրների վարկավորման գործում, որն ակտիվ վերականգնեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավերված տնտեսությունը, իրագործելով Մարշալի պլանը։ Այս ծրագրի ֆինանսավորուման հիմնական մասը իրականացնում էր Համաշխարհային բանկը։

1968-1980 թվականներին Համաշխարհային բանկի գործունեությունը ուղղված էր զարգացող երկրների աջակցմանը։ Ավելացվեցին տրամադրվող վարկերի ծավալները և կառուցվածքը, ընդգրկելով տնտեսագիտության տարբեր ճյուղեր՝ ենթակառուցվածքից մինչև հասարակական հարցերի լուծում։ Այդ շրջանում Համաշխարհային բանկի ղեկավար Ռոբերտ Մակնամարան կառավարման տեխնոլոգիական ոճ բերեց նրա գործումեության մեջ, քանզի ղեկավարման փորձ ուներ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում և նախագահի փորձ Ֆորդ ընկերությունում[5]։ Մանկամարան ենթադրյալ վարկառու-պետությունների մասին տեղեկության տրամադրման նոր համակարգ մշակեց, որը հնարավորություն տվեց կրճատել վարկերի տրամադրման մասին որոշում կայացնելու ժամանակը։

1980 թվականին Համաշխարհային բանկի կառավարման պաշտոնում Մանկամարային փոխարինեց Կլաուզենը, այդ ժամանակվա ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի առաջադրմամբ։ Այդ ընթացքում վարկերը հիմնականում տրամադրվում էին երրորդ աշխարհի երկրներին։ 1980-1989 թվականներին հատկանշական էր երրորդ աշխարհի տնտեսության զարգացմանն ուղղված վարկավորումը. որպեսզի նվազեցվեր իրենց վարկերից կախվածությունը։ Այդպիսի քաղաքականությունը բերեց հասարակական խնդիրների լուծման համար տրվող վարկերի կրճատմանը։

1989 թվականից Համաշխարհային բանկի քաղաքականությունը էապես փոփոխոթյուններ կրեց տարբեր ոչ պետական կազմակերպությունների քննադատության ազդեցությամբ, մասնավորապես շրջապատող միջավայրի պահպանության հետ կապված։ Արդյունքում տարբեր նպատակների համար տրամադրվող վարկերի սպեկտրն ընդլայնվեց։

Նպատակներ և խնդիրներ

խմբագրել
  Համաշխարհային բանկի գործունեության նպատակն է ազգաբնակչության բոլոր շերտերի շահերից բխող կայուն գլոբալիզացիային նպաստելը, աղքատության մասշտաբների կրճատումը, առանց շրջակա միջավայրը վնասելու տնտեսական աճի խթանումը, ինչպես նաև մարդկանց համար նոր հնարավորությունների ստեղծումն ու նրանց հուսադրումը։
- Ռոբերտ Բ. Զելիկ, Համաշխարհային Բանկի նախագահ[6]
 

Ներկայումս Հազարամյակի հռչակագրի համաձայն Համաշխարհային բանկի գործունեությունը կենտրոնացված է հազարամյակի զարգացման նպատակների իրականացմանը[7]։ Երրորդ հազարամյակի անցումային ժամանակաշրջանում ՄԱԿ-ի հովանու ներքո ձևակերպվեցին ութ նպատակակետեր, որոնց նվաճմանն էլ պետք է ուղղվեն միջազգային կազմակերպությունների ջանքերը։ Հազարամյակի զարգացման նշանակակետերը պետք է նվաճվեն 2015 թվականին և ներառում են հետևյակը.

  1. աղքատության և սովի վերացում
  2. համընդհանուր տարրական կրթության ապահովում
  3. տղամարդկանց և կանանց հավասարության խրախուսում և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում
  4. մանկական մահացության կրճատում
  5. մայրության պաշտպանության բարելավում
  6. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ տարվող պայքար
  7. շրջակա միջավայրի կայուն զարգացման ապահովում
  8. զարգացման նպատակով գլոբալ գործընկերության ձևավորում

Լուծելով մարդկության զարգացման գլոբալ խնդիրները, Համաշխարհային բանկը, գործածելով ԶՎՄԲ (Զարգացման և Վերակազմավորման Միջազգային Բանկ)-ի կրեդիտների տրամադրման մեխանիզմը վարկավորում է միջին եկամուտ ունեցող երկրներին՝ իրենց շուկաներին համապատասխանող տոկոսադրույքներով։ Համաշխարհային բանկի մեկ այլ ֆինանսական կազմակերպություն՝ ԶՄԱ (Զարգացման Միջազգային Ասոցիացիա)-ն վարկավորում է ցածր եկամուտ ունեցող երկրներին՝ նվազագույն տոկոսադրույքներով կամ առանց տոկոսների։

Գործունեության տեսակներ և ուղղություններ

խմբագրել

Համաշխարհային բանկի կազմում գտնվող երկու սերտորեն կապակցված կառույցները՝ Զարգացման և վերակազմավորման միջազգային բանկը (ԶՎՄԲ) և Զարգացման միջազգային ասոցիացիա (ԶՄԱ)-ն ցածր տոկոսադրույքներով, զրոյական տոկոսադրույքով կամ դրամաշնորհների տեսքով փոխատվություն են տրամադրում այն երկրներին, որոնց ընդհանրապես կամ շահավետ պայմաններով հասանելի չեն կապիտալի միջազգային շուկաները։ Ի տարբերություն այլ ֆինանսական կառույցների՝ Համաշխարհային բանկը շահույթ չի հետապնդում։ ԶՎՄԲ-ն գործում է շուկայական հիմքերով, վայելում է կրեդիտային բարձր հեղինակություն, որը նրան թույլ է տալիս միջոցներ ձեռք բերել ցածր տոկոսներով, որպեսզի զարգացող երկրների շարքին դասվող իր հաճախորդներին ցածր տոկոսադրույքներով ապառիկներ տրամադրի։ Այս գործունեության հետ կապ ունեցող գործառնական ծախսերը բանկը փակում է ինքնուրույն՝ այդ նպատակով չօգտագործելով արտաքին ֆինանսավորման աղբյուրները։

Յուրաքանչյուր երեք տարին մեկ Համաշխարհային բանկի խումբը մշակում է «Համաշխարհային բանկի Խմբի գործունեության ռազմավարությունը» շրջանակային փաստաթուղթը, որը գործածվում է որպես երկրի հետ համագործակցության հիմք։ «Ռազմավարությունն» օգնում է համաձայնեցնել բանկի ծրագրերը յուրաքանչյուր փոխառու երկրի զարգացման կոնկրետ ծրագրերի հետ՝ ինչպես փոխառությունների տրամադրման, այնպես էլ վերլուծական և խորհրդատվական ծառայությունների հարցում։ «Ռազմավարության» մաս են կազմում նախագծեր և ծրագրեր, որոնք առավելագույն կերպով կարող են ազդեցություն ունենալ աղքատության հիմնախնդրի լուծման համար և նպաստել սոցիալ-տնտեսական դինամիկ զարգացմանը։ Մինչ Համաշխարհային բանկի տնօրենների խորհրդի քննարկմանը ներկայացնելը, «Ռազմավարությունը» քննարկվում է փոխառու երկրի կառավարության և այլ հետաքրքրված կառույցների հետ։

Դրամական միջոցների մոբիլիզացում

խմբագրել

ԶՎՄԲ-ի կողմից զարգացող երկրներին տրամադրվող փոխառությունները հիմնականում ֆինասավորվում են բաժնետոմսերի վաճառքի հաշվին, որոնք համաշխարհային ֆինանսական շուկաներում իրենց հուսալիությամբ միջազգային վարկանիշային սանդղակում զբաղեցնում են «AAA» բարձրագույն մակարդակ։ Վարկավորումից ԶՎՄԲ-ն ստանում է ոչ այնքան մեծ շահույթ։ ԶՎՄԲ-ն շահույթի զգալի մասի աղբյուրը սեփական կապիտալն է։ Այն գոյանում է բազմաթիվ տարիների ընթացքում կուտակված ռեզերվներից և Համաշխարհային բանկի 184 անդամ-պետություններից որպես վճար ստացված միջոցներից։ Ստացված շահույթը ԶՎՄԲ-ն օգտագործում է գործառնական ծախսերը ծածկելու նպատակով, մասնակի փոխանցում է ԶՄԱ-ին և օգտագործում է պետությունների պարտավորությունների բեռը թեեթևացնելու համար[8]։

ԶՄԱ-ի աշխարհի ամենաաղքատ պետությունների ֆինանսավորման խոշորագույն աղբյուրը հանդիսացող ռեսուրսները 3 տարին մեկ համալրվում են 40 պետություն-դոնորների կողմից՝ անտոկոս պարտավորությունների և գրանտների տեքով։ ԶՄԱ-ն լրացուցիչ միջոցները ստանում է 35-40 տարով անտոկոս վարկեր մարող պետությունների մարումների չափով։ Այդ միջոցները հետագայում կրկին օգտագործվում են վարկեր տրամադրելու համար։ Համաշխարհային բանկի վարկային գործարքներից մոտ 40 տոկոսը բաժին է ընկնում ԶՄԱ-ին։

Վարկեր

խմբագրել

Գործելով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Զարգացման միջազգային կազմակերպության միջոցով՝ Համաշխարհային բանկը տալիս է երկու հիմնական տեսակի վարկեր՝ ներդրումային և զարգացման նպատակով։

Ներդրումային վարկերը տրամադրվում են ապրանքների, աշխատանքի և ծառայությունների արտադրության ֆինանսավորման նպատակով՝ տարատեսակ ոլորտներում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում։

Զարգացման նպատակով տրվող վարկերը (նախկինում՝ վարկեր կառուցվածքային վերափոխումների համար) տրամադրվում են քաղաքական և ենթակառուցվածքային բարեփոխումների նպատակով հատկացվող ֆինանսական ռեսուրսների ճանապարհով։

Վարկառուի կողմից նախագծի ֆինանսավորման հայտը գնահատվում է այնպես, որ համոզվածություն առաջանա, որ տվյալ նախագիծը ընդունելի է տնտեսական, ֆինանսական, սոցիալական և բնապահպանական հարաբերություններում։ Բանակցությունների ընթացքում բանկը և վարկառուն համաձայնեցնում են նախագծի շրջանակներում լուծվելիք զարգացման առաջադրանքները, նախագծի բաղադրիչները, սպասվող արդյունքները, նախագծի իրականացման արդյունավետության գնահատման ցուցանիշները և իրականացման պլանը, ինչպես նաև փոխառու միջոցների տրամադրման ժամանակացույցը։ Նախագծի իրականացման ընթացքում բանկը հետևում է միջոցների օգտագործմանը և գնահատում՝ նախագծերի իրականացման արդյունքները։ Չմարված փոխառությունների մեկ-քառորդ մասը կառավարվում են տարբեր երկրներում բանկի մշտական ներկայացուցչություններում աշխատող տնօրենների կողմից։ Բանկի անձնակազմի մոտ 30%-ը աշխատում են մշտական ներկայացուցչություններում, որոնց թիվը ամբողջ աշխարհում հասնում է 100-ի։

Զարգացման միջազգային կազմակերպության երկարաժամկետ վարկերը անտոկոս են, սակայն վերջիններիս համար գանձվում է որոշակի կոմիսիոն վճար՝ տրամադրվող միջոցների 0,75%-ի չափով։ ԶՄԿ-ի կողմից միջոցների պահուստավորման համար գանձվող վճարը կազմում է վարկի չօգտագործված մասի 0-0,5%-ը. 2006 թվականի ֆինանսական տարում այս վճարը սահմանված էր 0․33%-ի սահմաններում։ ՎԶՄԲ-ի ֆինանսական պրոդուկտների, ծառայությունների, տոկոսադրույքների և գանձվող վճարների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ Համաշխարհային բանկի գանձապետական դեպարտամենտի կայքէջից։ Գանձապետարանը ղեկավարում է ՎԶՄԲ-ի կողմից իրականացվող բոլոր տեսակի փոխառությունների և վարկավորումների գործընթացները, ինչպես նաև կատարում է գանձապահի գործառույթներ՝ սպասարկելով Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող այլ ստորաբաժանումներին։

Գրանտեր

խմբագրել

Համաշխարհային բանկն իրականացնում է ֆինանսական աջակցություն գրանտերի տեսքով։ Գրանտերը նպատակ ունեն աջակցել նախագծերին` խթանելով նորամուծությունները, համագործակցությունը կազմակերպությունների և տեղի շահագրգիռ կողմերի միջև։ Վերջին տարիներին Զարգացման միջազգային ասսոցիացիայի գրանտերը, որոնք կառավարվում են ուղղակիորեն կամ գործընկերային համագործակցության շրջանակներում, օգտագործվել են հետևյալ նպատակներով`

  • Պարտքի բարձր ցուցանիշ ունեցող երկրների պարտքային բեռի թեթևացում
  • Զրամատակարարման և ջրահեռացման համակարգերի արդյունավետության բարձրացում
  • Աջակցություն իննունիզացիայի և վակցինացիայի ծրագրեին` նպատակ ունենալով նվազեցնել ինֆեկցիոն հիվանդություններով (այնպիսի, ինչպես մալարիան է) հիվանդացության մակարդակը
  • Պայքար ՄԻԱՎ/ԶԻԱՀ պանդեմնիայի դեմ
  • Աջակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպմանը
  • Զերմոցային գազերի արտանետումների կրճատմանն ուղղված խթանների ստեղծում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Global Research Identifier Database — 2015.
  2. Kristalina Georgieva Appointed Chief Executive Officer of IBRD/IDA
  3. «About Us». World Bank. 2008 թ․ հոկտեմբերի 14. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. ЧАВО о Всемирном банке
  5. Ford company
  6. Проекты и цели Всемирного банка
  7. Всемирный банк. Цели(չաշխատող հղում)
  8. Операции Всемирного банка(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Համաշխարհային բանկ» հոդվածին։