Կանադան Առաջին համաշխարհային պատերազմում

Կանադան Առաջին համաշխարհային պատերազմում ներգրավվեց 1914 թվականի օգոստոսի 5-ին, երբ Կանադայի գեներալ-նահանգապետ արքայազն Արթուրը հաստատեց Գերմանիայի կայսրության և Կանադայի միջև պատերազմական իրավիճակի մասին լուրը։ Կանադան՝ որպես Բրիտանական կայսրության մի մաս, մասնակցեց պատերազմին Անտանտի կողմից։ 7 միլիոնանոց երկրից պատերազմի ժամանակ բանակում ծառայում էին 360 հազար կանադացիներ։ Կանադական զորքերը կռվում էին գերմանական զորքերի դեմ և դրսևորեցին իրենց որպես ամենամարտունակ միացյալ դաշնակից զորքերն Արևմտյան ճակատում։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը կանադական ստորաբաժանումներն անվանեց «հարվածային զորքեր»։ Պատերազմից հետո Կանադան քվեարկելու ձայն ստացավ Փարիզի խաղաղության վեհաժողովին, ինչպես նաև վերջանականապես ստացավ անկախ պետության կարգավիճակ։ Դրա հետ մեկտեղ պատերազմի ընթացքում սուր ներքաղաքական ճգնաժամ էր նկատվում երկրում[1]։

Ռոբերտ Բորդեն, Կանադայի վարչապետ, պետության 1-ին համաշխարհային պատերազմին մասնակից լինելու ակտիվ կողմնակից

Նյուֆաունդլենդը, լինելով ինքնավար դոմինիոն և չհանդիսանալով Կանադայի մաս, նույնպես մասնակցություն ունեցավ Առաջին համաշխարհային պատերազմին։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար ձևավորվեց Թագավորական նյուֆաունդլենդական գունդ։

Պատերազմ և զորահավաք

խմբագրել

1914 թվականի օգոստոսի 4-ին Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային, քանի որ գերմանական զորքերը ներխուժեցին Բելգիայի չեզոք տարածք։ Հաջորդ օրը Մեծ Բրիտանիայի բոլոր դոմինիոնները հաստատեցին իրենց մասնակցությունը Գերմանիայի դեմ պատերազմում՝ Մեծ Բրիտանիայի կողմից։ Կանադական կառավարությունը վարչապետ Ռոբերտ Բորդենի հետ մեկտեղ պատերազմին մասնակցելու համար հանձնարարեց ձևավորել կանադական ռազմական հրամանատարություն[2]։

Խաղաղ ժամանակ կանադական բանակը մոտ 3000 զինծառայող ուներ։ Պատերազմը սկսվելու հետ մեկտեղ Կանադայի կառավարությունը երկրում զորահավաք հայտարարեց։ Երկու ամսվա ընթացքում կանադական զինված ուժերի շարքերը համալրեցին մոտ 32 հազար զինվոր ու սպա։ Տղամարդկանցից բացի բանակում ներառվեցին նաև 3000 կանադացի կին, որոնք նույնպես մեկնեցին ճակատ, որպես բուժքույրեր, խոհարարներ և այլն։ Հաճախ սևամորթները խտրականության էին ենթարկվում։ Կանադացի 50 սևամորթ, որոնք ցանկություն հայտնեցին ինքնակամ մեկնել ճակատ, զորահավաքի կետում մերժում ստացան[3]։

  Այս պատերազմը ձեզ համար չէ, տղանե՛ր, սա սպիտակների պատերազմ է։  

Այնուամենայնիվ, սևամորթներից կազմված որոշ առանձին ստորաբաժանումներ ձևավորվեցին։ Ինչպես նաև զինված ուժեր հավաքեցին Կանադայի բուն բնակիչներին։ Ընդհանուր առմամբ կանադական բանակի շարքեր համալրեցին մոտ 3500 բնիկ կանադացիներ։

Երկրի տնտեսությունը թույլ էր տալիս բանակին ապահովել միայն մի քանի ամիս։ Ենթադրվում էր, որ պատերազմը շարունակական բնույթ չի կրելու և կավարտվի 1914 թվականի վերջին։ Կամավորների առաջին զորահավաքից անմիջապես հետո երկրում համազգեստի և զինամթերքի պակաս սկսվեց։ Քանի որ Կանադայի արդյունաբերությունը բավականին զարգացած չէր, արդյունաբերական սարքավորման մի մասը ստիպված էին ներկրել ԱՄՆ-ից[4]։

 
Ռազմական շքերթ Տորոնտոյում, 1915

Կանադական էքսպեդիցիոն կորպուսի ձևավորում

խմբագրել

Կանադական 1-ին դիվիզիայի 33 հազար զինվոր և սպա 1914 թվականին նավերով Անտլանտյան օվկիանոսով ուղարկվեց Անգլիա։ Անգլիա հասնելուց մի քանի ամիս անց կանադական ստորաբաժանումները ուղարկվեցին Արևմտյան ճակատ՝ գերմանական զորքերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

1915 թվականին Եվրոպա եկավ կանադական երկրորդ դիվիզիան։ 1914 թվականին ժամանած 1-ին և կանադական 2-րդ դիվիզիաներից ձևավորվեց Կանադական էքսպեդիցիոն կորպուս։ 1915 թվականի դեկտեմբերին ճակատ եկավ կանադական 3-րդ դիվիզիան, որը նույնպես մտավ կորպուսի կազմի մեջ։ 4-րդ դիվիզիան Կանադայից եկավ Ֆրանսիա 1916 թվականի օգոստոսին։ Բացի այդ ստորաբաժանումներից, կանադական հրամանատարությունը որոշում ընդունեց 5-րդ դիվիզիայի ստեղծման մասին։ Սակայն, այդ դիվիզիայի կազմավորումը չավարտվեց, այլ դրա անձնակազմն ուղարկվեց արդեն իսկ գոյություն ունեցող կանադական զորքերի շարքերը համալրելու համար։

Պատերազմի վերջին փուլում կանադական զինվորական կազմավորումները, ավստրալիական դիվիզիաների հետ մեկտեղ, համարվում էին առավել մարտունակ միավորված դաշնակցային զորքերն Արևմտյան ճակատում։

Մասնակցություն ռազմական գործողություններին

խմբագրել

Նև-Շապելի ճակատամարտ

խմբագրել

Կանադական զորքերի առաջին ճակատամարտը դարձավ Նև-Շապելի օպերացիան։ Բրիտանական հրամանատարությունը պլանավորում էր զինվորական երկու կորպուսների ուժով ճեղքել գերմանական պաշտպանությունն այդ գյուղի մոտ։ Կանադական զորքերը ճեղքման ընթացքում ակտիվ մասնակցություն չեն ունեցել, հիմնական դերը գրավման ժամանակ խաղացին Հնդկական կորպուսի և զինվորական 4-րդ կորպուսի միավորումը[5]։

1915 թվականի մարտի 7-ին կանադական հրետանին կարճ՝ 35 րոպեանոց հրետանական զորավարժություն իրականացրեց, ինչից հետո բրիտանական զորքերն անցան հարձակման և գրավեցին Նև-Շապել գյուղը և գերմանական ակոսների առաջին գիծը։

Սակայն, անգլիացիների հետագա հարձակումները հաջողությունների չբերեցին։ Գերմանացիներն այդ ընթացքում վերականգնեցին պահեստները և համառորեն դիմադրում էին։ Հարձակման անհաջողության գլխավոր պատճառներից մեկը անգլիական 1-ին բանակի հրամանատար գեներալ Ֆրենչն անվանեց կանադացիների հրետանային թույլ պատրաստվածությունը։ Կրակոցները չափազանց կարճ և թույլ էին՝ գերմանական պաշտպանությունը ճշնելու համար։ Նև-Շապելի ճակատամարտի ընթացքում բրիտանացիները մոտ 13 հազար զոհ և վիրավոր տվեցին[6]։

Իպրի ճակատամարտ

խմբագրել

1915 թվականի ապրիլին կանադական 1-ին դիվիզիայի ստորաբաժանումներն ուղարկվեցին դաշնակցային զորքերի պաշտպանության կարևորագույն հատված՝ Իպրի բլուր։ Դաշնակցային զորքերի պաշտպանական գիծը Ֆլանդրիայում մեծ նշանակություն ուներ պատերազմող կողմերի համար, այդ իսկ պատճառով ապրիլի վերջին գերմանական հրամանատարությունը հարձակման պլան մշակեց Իպրի բլուրը վերացնելու և Իպր քաղաքը գրավելու նպատակով։ Օպերացիան իրագործելու նպատակով գերմանացիները մտադիր էին մեծ քանակությամբ թունավոր նյութեր կիրառել։ Ապրիլի 22-ին հրետանային հզոր նախապատրաստությունից հետո անգլիական 5-րդ կորպուսի դիրքերի վրա 180 հազար կգ քլոր բաց թողնվեց։ Դեղնականաչավուն գազի ամպը հասավ ֆրանսիացիների և անգլիացիների բանակի խրամատները։ Զինվորները, որոնք գազից պաշտպանվելու հարմարանքներ չունեին, խեղդվում և մահանում էին։ Մյուսները դա տեսնելով՝ երկյուղից լքում էին իրենց դիրքերը և նահանջում։

Միայն կանադական 1-ին դիվիզիայի ստորաբաժանումներն էին պահում իրենց դիրքերը, քանի որ նրանց հաջողվեց մեկուսացնել գազի ազդեցությունը, դեմքին՝ մեզի մեջ թաթախած, վիրակապեր դնելով։ Ապրիլի 24-ին գերմանական հրամանատարությունը կանադացիների դեմ նոր հարձակում ձեռնարկեց, թեժ մարտերի արդյունքում կանադական դիվիզիայի մոտ 6000 զինվոր շարքից հանվեց (այսինքն յուրաքանչյուր 3-րդը)։ Կանադական զորքերը ունեցան 2000 զոհ։

Դրա հետ կապված դաշնակիցների զորքերում ճեղքվածք առաջացավ 3.5 կմ հեռավորությամբ։ Սակայն, շուտով անգլիական և ֆրանսիական հրամանատարությունն արագ տեմպերով ձգեցին վտանգավոր գոտի պահեստայինների լրացուցիչ խմբեր։ Հանդիպական մարտեր սկսվեցին, գերմանացիներին հետագա օրերի ընթացքում հաջողվեց մեծացնել ճեղվածքը։ Սակայն, հանկարծակիության էֆեկտը սպառվեց, անգլիական և ֆրանսիական զինվորներն արդեն իսկ ապահոված էին պաշտպանության պարզագույն միջոցներով[7]։

 
Կանադացի գերիներ, փետրվար 1916

Սոմի ճակատամարտ

խմբագրել

Կանադական զորքերը մասնակցում էին դաշնակիցների համար կարևորագույն Սոմի ճակատամարտին։ Սոմի վրա հարձակումը պլանավորված էր գերմանական զորքերի ուշադրությունը շեղելու և ֆրանսիական Վերդեն ամրոցի վրա ճնշումը թուլացնելու նպատակով։ Սակայն, անգլիական զորքերի կորուստները Սոմում գերազանցեցին ֆրանսիացիների՝ Վերդենի ճակատամարտում ունեցած կորուստներին. Սոմում զոհվեց, վիրավորվեց և գերեվարվեց բրիտանական բանակի 419 654 զինվոր[8]։

Կանադական զորքերը կռվում էին Սոմում հուլիսից մինչև նոյեմբեր։ Սոմի ճակատամարտում մասնակցում էր կանադական 4-րդ դիվիզիան, որն այն ժամանակ հասավ Արևմտյան ճակատ։ Կանադական զորքերի վրա դրվեց Կուրսելետ գյուղի գրավումը։ 1916 թվականի սեպտեմբերի 15-ին կանադական զորքերը բրիտանական բանակի մյուս ստորաբաժանումների և տանկերի աջակցությամբ սկսեցին գերմանացիների դիրքերի վրա հարձակումը գյուղից դեպի արևմուտք։ Տանկերի միջոցով հարձակվողներին հաջողվեց գրավել գյուղը[9]։

Կանադական զորքերը կռվում էին Սոմում մինչև նոյեմբերի կես, երբ կանադական 4-րդ դիվիզիայի ստորաբաժանումները տեղափոխվեցին Վիմի շրջան։ Սոմի ճակատամարտում կանադական զորքերը 24 029 զինվոր կորցրին՝ սպանված, վիրավոր և գերված։ Կանադական ստորաբաժանումները կարևոր դեր խաղացին Սոմի ռազմական գործողությունների ժամանակ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Լլոյդ Ջորջը նշում էր կանադական զորքերի դերը Սոմի ճակատամարտում։

 
Կանադացի զինվորները և տանկը Վիմի ճակատամարտում

Վիմի ճակատամարտ

խմբագրել

1917 թվականին դաշնակցային հրամանատարությունը պլանավորեց հզոր հարձակումներ իրականացնել մարտական բոլոր կետերում՝ պատերազմը վերջնականապես ավարտին հասցնելու նպատակով։ Բրիտանական զորքերը պետք է հարձակվեին Արևմտյան ճակատում՝ Արրասի շրջանում, ֆրանսիցիները պետք է լայնամասշտաբ հարձակում սկսեին Էնե գետի վրա, իտալացիները Սոչա գետի հովտում, ինչպես նաև պլանավորվում էր ռուսական բանակի հարձակումը Արևելքում[10]։

Բրիտանական զորքերի օպերացիայի ժամանակ կարևոր դեր պետք է խաղային կանադական ստորաբաժանումները։ Պատերազմի ժամանակ առաջին անգամ կանադական բոլոր դիվիզիաները պետք է գործեին մեկ շրջանում։ Կանդական կորպուսը (հրամանատար Ջուլիան Բինգ) անգլիական բանակի ջոկատների և տանկերի հետ մեկտեղ պետք է ճեղքեին գերմանական պաշտպանությունը Վիմի լեռնաշղթայի մոտ և գրավեին այն։ Կանադական զորքերի այդ օպերացիան անգլիական բանակի հարձակման մի մասն էր Արևմտյան ճակատում։ 1917 թվականի ապրիլի 9-ին կանադական զորքերը սկսեցին հարձակումը հրետանային վերապատրաստում անցնելուց հետո։ Կանադական 1-ին, 2-րդ և 3-րդ դիվիզիաները բավականին հեշտությամբ գրավեցին գերմանական խրամատների առաջին գիծը։ Եվ միայն 4-րդ դիվիզիան բախվեց դաժան դիմադրության։

Կանադական դիվիզիաներին հաջողություն էր ուղեկցում։ Վարպետորեն աշխատելով հրետանու հետ՝ կանադացիները ապրիլի 12-ին լրիվությամբ գրավեցին Վիմի շրջանը։ Ապրիլի 12-ի օրվա վերջում մարտն ավարտվեց։ Կանդացիները 3598 զոհ և 7004 վիրավոր ունեցան։ Գերմանական զորքերը զգալի կորուստներ ունեցան՝ ունենալով միայն 4000 գերեվարված զինվոր[11]։ Գերմանական զորքերը չէին փորձում վերադարձնել գրավված դիրքերը և Վիմի լեռնաշղթան մնաց դաշնակիցների զորքի հսկողության տակ մինչև պատերազմի ավարտը[12]։

Վիմիի հաղթանակը դարձավ կանադական զենքի ամենագլխավոր հաղթանակներից մեկը պատմության մեջ։ Ինքնուրույն գործելով՝ կանադական զորքերը լրիվությամբ իրականացրին դրված խնդիրը։

Փաշենդեյլի ճակատամարտ

խմբագրել

Գարնանային հարձակումից հետո բրիտանական հրամանատարությունը որոշում կայացրեց ևս մեկ հարձակման օպերացիա իրականացնել 1917 թվականին, այս անգամ Ֆլանդրիայում՝ Իպրի մոտ[13]։ Դրա արդյունքում ճակատի այդ հատված նետվեցին կանադական կորպուսի բոլոր ստորաբաժանումները, որն այդ ժամանակ գլխավորեց կանադացի Արտուր Կարրին։ Կանադական զորքերին հրամայվեց երեք հարձակումներով ճեղքել գերմանական ճակատը Փաշենդեյլի լեռնաշղթայի մոտ[14]։

Առաջին հարձակումը սկսվեց հոկտեմբերի 26-ին, սկսված պատերազմները հաջողություն բերեցին հարձակվողներին։ Սակայն, հետագա օրերին գերմանական զորքերի հակահարվածների պատճառով կանադական ստորաբաժանումները ստիպված էին հետ նահանջել։ Երկրորդ հարձակումն սկսվեց հոկտեմբերի 30-ին՝ այն դիրքերը գրավելու նպատակով, որոնք չհաջողվեց վերահսկողության տակ վերցնել նախորդ հարձակման ժամանակ։ Բարենպաստ եղանակը և նյութատեխնիկական ապահովումը վերջին հարձակման ժամանակ իրենց արդյունքներն ունեցան[15]։ Նոյեմբերի 3-6 դաժան մարտերի ընթացքում գերմանական զորքերը ստիպված էին հետ նահանջել, իսկ կանադական ստորաբաժանումներին հաջողվեց գրավել Փաշենդեյլ գյուղը։ Դրանից հետո Փաշենդեյլի ճակատամարտն ավարտվեց։ 16 օրվա ճակատամարտի ընթացքում կանադական զորքերը տվեցին 15 654 զոհ, վիրավոր և գերի։ Նրանցից մոտ 4000 զոհ էին։

 
Կանադական զորքերը Արրաս- Կամբրեի ճանապարհին

100-օրյա հարձակում

խմբագրել

Պատերազմի վերջին օպերացիայի ընթացքում կանադական զորքերը կարևոր դեր խաղացին Անտանտի զորքերի վերջնական հաջողության մեջ։ Առաջին հարձակման օպերացիան, որին մասկացում էր կանադական կորպուսը, Ամիենի ռազմական օպերացիան էր։ 1918 թվականի օգոստոսի 8-ին կանադական զորքերը ֆրանսիական, անգլիական, նորզելանդական և ավստրալիական զորքերի հետ մեկտեղ ճեղքեցին գերմանական պաշտպանությունը Ամյենի մոտ և լրիվությամբ կատարեցին նրանց առջև դրված խնդիրը։ Գերմանական բանակը ծանր պարտություն կրեց։ Ամյենի մոտ հաջողության հասնելուց հետո կանադական ստորաբաժանումները տեղափոխվեցին Արրաս քաղաք։

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը կանադական կորպուսը մի շարք թեժ հարձակումներ իրականացրեց գերմանացիների դիրքերի վրա դյու-Նոր ջրանցքի մոտ։ Սեպտեմբերի 27-ին կանադական զորքերը ճեղքեցին Գենդենբուրգի գիծը և հասան Կամբրե քաղաք[16]։ Հետագայում կանադական զորքերը, հետապնդելով նահանջող գերմանացիներին, հասան Մոնսին։ Պատերազմի վերջին ժամանակահատվածի օպերացիայի արդյունքում կանադական զորքերը 46 000 զոհ, վիրավոր և գերի տվեցին։ Կանադացի վերջին զինվորը՝ Ջորջ Լոուրենս Պրեյսը, սպանվեց 1918 թվականի նոյեմբերի 11-ի՝ զինադադարի ուժի մեջ մտնելուց մի քանի վայրկյան առաջ[17]։ Նա համարվում է վերջին զինվորը, որը զոհվեց Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

 
«Նրանք կհաղթեն, եթե դուք ստորագրեք Հաղթանակի փոխառության համար»։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի կանադական քարոզչական ցուցանակ:

Իրավիճակը Կանադայում

խմբագրել

1917 թվականի քաղաքական ճգնաժամ

խմբագրել

Ֆրանսիալեզու և անգլալեզու կանադացիների միջև հակամարտությունը հասավ իր գագաթնակետին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Ֆրանսիա-կանադացիներն անհրաժեշտ չէին համարում անգլիական շահերի համար պատերազմել[18]։ Քանի որ կանադական բանակը կամավորական էր, իսկ կորուստները ճակատում աճում էին, Կանադայի վարչապետ Ռոբերտ Բորդեն առաջարկեց 1917 թվականին համընդհանուր զինվորական ծառայություն։ Այդ օրենքի դեմ արտահայտվեցին ֆրանսիա-կանադացիները Լորիեի գլխավորությամբ։ Խորհրդարանական ընտրությունների ընթացքում Բորդենի կուսակցությունը 153 տեղ ստացավ, իսկ Լորիեի լիբերալները ընդամենը՝ 82 տեղ։ Սակայն, ֆրանկոֆոն Քվեբեկը աջակցեց Լորիեին (այստեղ Բորդենի կուսակցությունն ընդամենը 3 տեղ ստացավ)։ Ֆրանսիա-կանադացիների և անգլո-կանադացիների միջև հակասությունները վերաճեցին Կանադայի խոշոր ներքաղաքական խնդրի։

Արտաքին առևտուր

խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Կանադան զգալիորեն մեծացրեց արտահանումը[19]։ Պատերազմից առաջ Անգլիայի հացի գլխավոր մատակարարները ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան և Ռուսաստանն էին։ Սակայն, Թուրքիայի կողմից նեղուցի փակումից հետո Ռուսաստանը դադարեցրեց մատակարարումը[20]։ Գերմանական նավատորմի գործողությունները կրճատեցին ցորենի ներկրումը Ավստրալիայից և Հնդկաստանից, ինչից հետո Կանադան դարձավ Մեծ Բրիտանիայի պարենամթերքի գլխավոր մատակարարը[21]։

Պարենամթերքից հետո Կանադան զբաղվում էր դաշնակցային եվրոպական երկրներ զինամթերք, տեխնիկա և այլ նյութերի մատակարարմամբ։ Այդպես պատերազմի 1 տարվա ընթացքում Կանադական թրթուրավոր մեքենաներ, ինքնաթիռներ, պայթուցիկ նյութեր, շոգեքարշներ, ներքին այրման շարժիչներ և այլ բաներ մատակարարեց։ Առաջին համաշխարհային պատերազմն արագացրեց արդյունաբերության ճյուղերի զարգացումը։ Արագ զարգանում էին քիմիական արդյունաբերությունը, լեռնա-մետալուրգիական արդյունաբերությունը (մեծացավ նիկելի ձուլումը), ցելյուլոզա-թղթային և այլ արդյունաբերություններ։ Օրինակ, 1915-1916 թվականներին կանադական գնացքաքարշային թիմը Ռուսաստան մատակարարեց մեծ թվով գնացքաքարշ։

Առաջին համաշխարհային պատերազմն ամենամեծ օգուտը բերեց ոչ թե եվրոպական պետություններին, այլ ԱՄՆ-ին, Ճապոնիային և Կանադային, որոնք հիմնական մատակարարներն էին եվրոպական պատերազմող երկների համար[22]։

Պատերազմի արդյունքներ

խմբագրել

Առաջին համաշխարհային պատերազմում կանադական զորքերը մոտ 56 639 զոհ, 149 732 վիրավոր և 3729 գերի ունեցան։ Առաջին համաշխարհային պատերազմը կարևորագույն դեր խաղաց Կանադայի համար։ Կանադան վերջնականապես ստացավ անկախություն և Փարիզի խաղաղության վեհաժողովում տեղ։ Գտնվելով հաղթողների ճամբարում՝ Կանադան զգալի շահույթ ստացավ իր իսկ համար[23]։ Ռազմական արդյունաբերությամբ էին զբաղվում երկրի 350 000 բնակիչներ, կանադական գործարաններում ավելի քան 66 միլիոն ռումբ արտադրվեց, երկրի տնտեսությունը կենդանացվեց։ Նոր աշխատավայրեր ստեղծվեցին, աճեց արտահանումը և ներդումները երկրում։ Կանադական հասարակության մի մասը միավորվեց հաղթանակի համար, չնայած 1917 թվականի քաղաքական ճգնաժամի, պատերազմը նպաստեց ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։ Միևնույն ժամանակ ֆրանկոֆոնների և անգլիալեզուների միջև անդուդը մեծացավ։

Բացի դրական կողմերից պատերազմը Կանադային շատ բացասական բան պատճառեց։ Աճեցին մաքսային սակագները։ Այդպես օրինակ դեռ 1914 թվականին երկրում մտցվեց ռազմական ժամանակաշրջանի մասին օրենք[24]։ Օրենքը գրաքննություն մտցրեց, թույլատրում էր արտաքսումներ և ձերբակալություններ։ Ավստրո-հունգարիայի 8579 քաղաքացիներ, որը Կանադայի հակառակորդն էր պատերազմի ժամանակ, բանտ նետվեցին։ Կառավարությունն ազգայնացրեց երկրի բոլոր երկաթուղիները, բացի խաղաղօվկիանոսայինից։ Պատերազմի ավարտին պետական պարտքի ընդհանուր գումարը 544 միլիոն դոլարից (1914 թվական) աճեց մինչև 2.5 միլիոն դոլարի (1919 թվական)։

Դրանից բացի 1917 թվականի քաղաքական ճգնաժամը սրեց ֆրանսիա-կանադացիների և անգլո-կանադացիների հակամարտությունը։ Ֆրանկոֆոն Քվեբեկը գրեթե միաձայն քվերակեց զինակոչի քաղաքականությանը, որին աջակցեցին երկրի անգլախոս շրջանները։ Քվեբեկը երկար տարիներ շարունակ վերածվեց անջատողականության կենտրոնի։ Առաջին համաշխարհային պատերազմը Կանադայի համար կարևորագույն նշանակություն ունի, և վեճերն այն մասին, թե ինչ դեր խաղաց պատերազմը Կանադայի համար չեն դադարում մինչ օրս։

Պատերազմ և կանադական համայնք

խմբագրել

20-րդ դարի սկզբին անգլո-կանադացիների մեծամասնությունն ազգային ինքնագիտակցության բավարար մակարդակ չունեին և իրենց անգլիացիներ էին համարում։ Նրանք կանադան համարում էին ինչպես Բրիտանական միասնական կայսրության մի մաս։ Միևնույն ժամանակ ֆրանսիա-կանադացիների մեծամասնությունը իրենց չէին նույնականացնում Բրիտանական կայսրության հետ։ Օրինակ, ֆրանսիա-կանադացիները ակտիվորեն բողոքում էին, երբ կանադական զորքը մասնակցում էր Հարավային Աֆրիկայում տեղի ունեցող պատերազմին 20-րդ դարի սկզբին։

Կանադան մինչև 1914 թվականը հետզհետե շարժվում էր դեպի լրիվ անկախություն։ Այպես օրինակ դեռևս 1909 թվականին Կանադայում ստեղծվեց արտաքին գործերի դեպարտամենտ։ Սակայն կանադական արտաքին քաղաքականությունը սերտ կապեր ուներ բրիտանացի դիվանագետների հետ, իսկ կանադական արտաքին քաղաքականությունը վարվում էր բրիտանական արտաքին քաղաքականության համահունչ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո 1919 թվականին կանադացի դիվանագետներն անկախ արտաքին քաղաքականություն էին վարում։ Կանադայի դանդաղ առաջընթացը դեպի անկախություն սկսվեց 20-րդ դարի սկզբին, իսկ առաջին համաշխարհային պատերազմն զգալիորեն արագացրեց այդ գործընթացը։

Պատերազմը նաև նպաստեց կանադացիների ազգային ինքնագիտակցության ձևավորմանը։ Բազմաթիվ պատմաբանների կարծիքով, պատերազմից հետո շատ անգլո-կանադացիներ իրենց արդեն ոչ թե անգլիացիներ, այլ կանադացի էին զգում։ Ճակատամարտում տեղի ունեցող հաղթանակները սկսեցին կանադական ազգայնամոլություն ձևավորել, իսկ Վիմի հաղթանակը որոշ կանադացիներ անվանում էին «Ազգի ծնունդ»։ Այնուամենայնիվ կա տեսակետ, որ Առաջին համաշխարհային պատերազմը, ընդհակառակը, ամրապնդեց անգլո-կանադացիների գիտակցությունը նրանում, որ նրանք Բրիտանական կայսրության մասն են կազմում։

Արդյունքում Առաջին համաշխարհային պատերազմը կարևորագույն հետևանքներ ունեցավ Կանադայի համար։ Հավանաբար, ներքաղաքական արդյունքներն ավելի կարևոր էին, քան արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները։

Հերոսներին նվիրված հուշակոթողներ

խմբագրել

Պատերազմն ավարտվելուց և կանադական կորպուսի վերակազմավորումից հետո 1919 թվականին ռազմական գործողությունների առաջին վետերանները սկսեցին վերադառնալ Կանադա։ Նրանց պատվին տարբեր տոնական միջոցառումներ և հանդեսներ էին կազմակերպվում, վետերանների կազմակերպություններ ստեղծվեցին։ Կանադայում, ինչպես և Բրիտանական նախկին կայսրության բոլոր պետություններում, նոյեմբերի 11-ը տոն օր է համարվում։ Այդ օրը նշվում է Հիշատակի օր։ Տոնական միջոցառումներ, շքերթներ են անցկացվում։ Նոյեմբերի 11-ի առավոտյան ժամը 11:00-ին Կանադայում դադարում է կյանքի բնականոն ընթացքը և բոլորը 2 րոպե լռությամբ պատվում են զոհվածների հիշատակը։ Այդ ավանդույթն ի հայտ եկավ 1919 թվականին[25]։ Գլխավոր տոնախմբությունները կազմակերպվում են Կանադայի ազգային զինվորական հուշահամալիրում Օտտավայում։ Ինչպես նաև տոն օրվա խորհրդանիշն է համարվում կարմիր կակաչը, որը խորհրդանշում է այն կանադացիների հիշատակը, որոնք զոհվեցին Ֆլանդրիայի արյունոտ մարտերի ժամանակ։

Ֆրանսիայում և Բելգիայում 9 հուշարձան կա, որոնք նվիրված են կանադացի զինվորներին։ Կանադական զորքի կարևորագույն մարտերի վայրում հուշահամալիրներ են կառուցված։ Օրինակ, Վիմիում, որտեղ արյունալի ճակատամարտ է տեղի ունեցել կանադական և գերմանական զորքերի միջև, տեղակայված է կանադական ազգային հուշակոթող Վիմի։ 5 հուշահամալիր գտնվում է Ֆրանսիայում, 4՝ Բելգիայում։ Բելգիայում, օրինակ, տեղակայված է Փաշենդեյլի հուշակոթողը[26]։

Կանադացի վերջին վետերանն Առաջին համաշխարհային պատերազմի Ջոն Բեբկոկը ծնված 1900 թվականին վախճանվեց 2010 թվականի փետրվարին[27]։ Ռազմական գործողությունների ժամանակ Բեբկոկը չէր մասնակցել, սակայն վետերանի մահից հետո Կանադայի վարչապետ Ստիվեն Հարբերը նշեց.

  Բեբկոկ մերօրյա միակ ականատեսն էր, ով իր գոյությամբ կապում էր Կանադայի պատմությունը «Մեծ պատերազմի» հետ։  

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Veterans Affairs Canada. 1916 — Prelude to the Somme Արխիվացված 2006-04-29 Wayback Machine. Canada and the First World War (անգլերեն)
  2. «Canada Enters the War» (անգլերեն). Veterans Affairs Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  3. «History of the Canadian Peoples, 1867-Presehhahnt», Alvin Finkel & Margaret Conrad, 1998 (անգլերեն)
  4. «Канада после Первой мировой войны». InToronto.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Canada and the First World War» (անգլերեն). Library and Archives Canada. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  6. 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը / խմբագրվել է Ի. Ի. Ռոստունովի կողմից. — 1975. — Т. 2. — С. 59.
  7. «On the Western Front. Ypres 1915» (անգլերեն). Veterans Affairs Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  8. Борис Урланис. «Первая мировая война (1914—1918 гг.)». Скепсис. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  9. 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը / խմբագրվել է Ի. Ի. Ռոստունովի կողմից. — 1975. — Т. 2. — С. 64—65.
  10. 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը / խմբագրվել է Ի. Ի. Ռոստունովի կողմից. — 1975. — Т. 2. — С. 330—331.
  11. Philip Gibbs. «All of Vimy Ridge Cleared of Germans» (անգլերեն). The New York Times. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  12. 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը / խմբագրվել է Ի. Ի. Ռոստունովի կողմից. — 1975. — Т. 2. — С. 336—337.
  13. 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը / խմբագրվել է Ի. Ի. Ռոստունովի կողմից. — 1975. — Т. 2. — С. 345—346.
  14. «:: CWGC:: The Ypres Salient». Second Passchendaele. Commonwealth War Graves Commission. n.d. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին. (անգլերեն)
  15. Michael Duffy. (22 августа 2009). «The Canadian Expeditionary Force: Central Ontario Regiment» (անգլերեն). First World War.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  16. 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը / խմբագրվել է Ի. Ի. Ռոստունովի կողմից. — 1975. — Т. 2. — С. 490—492.
  17. 1914—1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմի պատմությունը / խմբագրվել է Ի. Ի. Ռոստունովի կողմից. — 1975. — Т. 2. — С. 500—505.
  18. «November 11, 1918 — The Last Hours, The Last Man» (անգլերեն). nwbattalion.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  19. «Канада и Первая мировая война». Canada.ru. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  20. Шигалин Г. И. Военная экономика в Первую мировую войну. — М.: Воениздат, 1956. — С. 256.
  21. Шигалин Г. И. Военная экономика в Первую мировую войну. — М.: Воениздат, 1956. — С. 274.
  22. «Экономика Канады» (անգլերեն). CHASS. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.Экономика Канады Արխիվացված 2011-11-16 Wayback Machine(անգլերեն)
  23. Вадим Дамье. «Страны мира. Канада». Кругосвет. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  24. В. А. Раков. Паровозы серий Еф, Ес, Ек и Ел // Локомотивы отечественных железных дорог 1845—1955. — 1995. — С. 192—197.
  25. «День поминовения в Канаде». Calend.ru. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  26. «Memorials to Canadians' Achievements & Sacrifices» (անգլերեն). Veterans Affairs Canada. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.
  27. «Скончался последний канадский ветеран Первой мировой войны». РИА Новости. 19 февраля 2010. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 15-ին.

Մեկնաբանություններ

խմբագրել
  1. По данным переписи населения 1911 года население страны (без Ньюфаундленда) составляло 7 206 643 человека.
  2. Из них убито в бою 39 739, пропало без вести и впоследствии не были найдены 801, умерло от газовых атак 325, умерло от ран 13 340, умерло от болезней 3919, в плену умерло 397, несчастные случаи и самоубийства — 809.

Գրականություն

խմբագրել

Անգլերեն

  • R. C. Brown. Robert Laird Borden: A Biography. 2 vols. Toronto: Macmillan, 1975, 1980.
  • R. C. Brown and Ramsay Cook. Canada, 1896—1921. Toronto: McClelland and Stewart, 1974. standard survey
  • R. C. Brown:Canada and the WWI
  • Briton Busch:Canada and the Great War
  • Freeman-Nielsen:Far from Home
  • Bernd Horn:Canadian way of war
  • Nicholson: Canadian Expeditionary Force (1962)
  • Alexander Turner: Vimy Ridge 1917
  • Jonathan Vance:Death so Noble

Ռուսերեն

Արտաքին հղումներ

խմբագրել