Լեզուների եվրոպական օր, տոն, որը նշվում սեպտեմբերի 26-ին։ Այն հռչակվել է Եվրոպայի Խորհրդի կողմից (և Եվրոպական Միության աջակցությամբ) լեզուների եվրոպական տարվա ընթացքում՝ 2001 թվականի դեկտեմբերի 6-ին[1]։ Օրվա հիմնական նպատակն է խրախուսել տարբեր լեզուների ուսումնասիրությունը և յուրացումը ինչպես դպրոցներում, այնպես էլ դրանցից դուրս՝ մարդու ամբողջ կյանքի ընթացքում։ Ընդ որում եվրոպական լեզուներ հասկացությունը դիտարկվում է ավելի լայն իմաստով, քան միայն Եվրամիության անդամ պետությունների պաշտոնական լեզուների ամբողջականությունը[2]։

Քարտեզ, որը ցույց է տալիս Եվրոպայի բնիկ ժողովուրդների լեզուների տեղաբաշխումը

Նպատակներ

խմբագրել

Որպես Եվրոպական Միության պաշտոնական լեզվական քաղաքականություն՝ նշվում է, որ այս օրվա հիմնական նպատակն է պահպանել և զարգացնել լեզուները, այդ թվում՝ փոքրերը։ Այդ նպատակին հասնելու եղանակներից է մեկից ավելի օտար լեզվի ուսումնասիրությունը և շարունակական յուրացումը նաև հասուն տարիքում։ Ընդգծվում է մի քանի օտար լեզու սովորելու անհրաժեշտությունը[3][4]։

Լեզուների եվրոպական օրվա հիմնական նպատակներ

խմբագրել
  • Ուշադրություն հրավիրել լեզուների յուրացման խնդրի նկատմամբ՝ միջմշակութային և միջլեզվային փոխըմբռնման մակարդակի բարձրացման համար,
  • Եվրոպայի լեզվաբանական և մշակութային բազմազանության հարստության ընդգծում,
  • տարբեր լեզուների ուսումնասիրության խրախուսում ինչպես դպրոցում, այնպես էլ մարդու ողջ կյանքի ընթացքում։

Հատկանշական փաստեր

խմբագրել

Եվրոպայի տարածքում հաշվարկվում է 225 բնիկ լեզու, որոնցից ավելի քան 2/3-ը մեռած լեզուներ են կամ լեզուների փոքրամասնության աստիճանական ձուլման արդյունքում հայտնվել են անհետացման եզրին (օրինակ Իռլանդական և այլ կելտական լեզուները)[5]։

2009 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ռուսաստանի տարածքում 136 լեզու ճանաչեց վտանգված[6]։

Մյուս կողմից, 20-րդ դարի երկրորդ կեսից եվրոպական լեզվական պատկերը զգալիորեն հարստացել է, երբ զանգվածային տնտեսական և քաղաքական ներգաղթի արդյունքում եվրոպական բոլոր երկրներում, հատկապես՝ մայրաքաղաքներում, լսելի դարձան այլ ժողովուրդների լեզուները։ Եվրոպայի խոշորագույն մեգապոլիսում՝ Մոսկվայում, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում, ներկայումս բազմաթիվ են ուկրաինական, մոլդովական, ղրղզական, ուզբեկական, տաջիկական, անգլիական, ֆրանսիական, չինական, վիետնամական և մոլորակի շատ այլ լեզուների կրողները։ Գերմանիայում նկատելի է թուրքերենը, Շվեդիայում և Ֆրանսիայում՝ արաբերենը, Լոնդոնում վերջին հարցումների համաձայն՝ ապրում են 336 լեզվի կրողներ, այդ թվում՝ նաև հինդի, ուրդու, աֆրիկյան տարբեր լեզուներ և այլն։ Սակայն շատ հաճախ երրորդ կարգի երկրներից ներգաղթյալների հոսքը հանգեցնում է ազգային փոքրամասնությունների բնիկ լեզուների վատթարացմանը, քանի որ ներգաղթյալները սովորաբար փորձում են տիրապետել միայն տնտեսապես առավել «շահավետ» գերիշխող լեզվին՝ տանը օգտվելով իրենց մայրենի լեզվից և անտեսելով մյուսները։ Այսպես, Իռլանդիայում ներգաղթյալների հոսքը անուղղակիորեն հանգեցնում է իռլանդական լեզվի հետագա անկմանը՝ անգլերենի հաշվին, իսկ Ֆինլանդիայում՝ շվեդերենի անկմանը՝ ֆիննականի հաշվին։

Ժամանակակից Եվրոպայի լեզվական վիճակագրություն

խմբագրել

Եվրոպայի ամենատարածված լեզուն (որպես մայրենի լեզվի կրողների թվաքանակով) ռուսերենն է ինչպես աշխարհագրական առումով, այնպես էլ՝ տարածքային (Ռուսաստանի եվրոպական մասում ապրում է ավելի քան 105 միլիոն մարդ)։ Ռուսերենի՝ 15-40 միլիոն կրող, ներառյալ երկլեզու, հաշվարկվում է Ուկրաինայում, 6-10 միլիոն՝ Բելառուսում։ Ընդհանուր առմամբ, ավելի քան 150 միլիոն եվրոպացիներ ռուսերենը համարում են իրենց մայրենի լեզուն։

Դրան հաջոդում է գերմաներենը՝ մոտ 95 միլիոն, ֆրանսերենը` 66 միլիոն, անգլերենը` 63 միլիոն, իտալերենը` 60 միլիոն, իսպաներենը և լեհերենը` շուրջ 40-ական միլիոն և ուկրաիներենը` շուրջ 25-30 միլիոն կրող[7]։

Ընթացիկ միտումներ

խմբագրել

Եվրոպայում որպես օտար լեզուներ, որոնց տիրապետում են եվրոպացիները, առանձնացնում են՝ անգլերեն (38%), գերմաներեն (15%), ֆրանսերեն (14%), ռուսերեն (7%), իսպաներեն (5%), իտալերեն (3%):

Ռուսերենի նկատմամբ հետաքրքրության զգալի անկումից հետո նկատվում է հետաքրքրության նոր ալիք, որը դրսևորվում է հիմնականում Լեհաստանում, Բուլղարիայում և այլ երկրներում։ Վերջին տարիներին անգլերենի պահանջարկը կայունացել է բարձր մակարդակի վրա, փոքր-ինչ նվազել է հետաքրքրությունը գերմաներեն, ֆրանսերեն և հատկապես իտալերեն լեզուների նկատմամբ։ Դրան զուգահեռ էականորեն աճել է հետաքրքրությունը իսպաներենի և ավելի քիչ՝ պորտուգալերենի նկատմամբ։

Ավանդաբար արևմտյան և հարավային եվրոպացիները թույլ են ուսումնասիրում սլավոնական լեզուները (բացառությամբ ռուսերենի) և ուգրո-ֆիննական լեզուները։ Վերջիններս սովորաբար ընկալվում են որպես բարդ` հնդեվրոպական լեզուների հետ նմանության բացակայության պատճառով[8]։

Մեծանում է նաև մի շարք ոչ հնդեվրոպական խոշոր լեզուների գրավչությունը` չինարեն, արաբերեն, թուրքերեն, կորեերեն։

Խնդիրներ և հակասություններ

խմբագրել

Չնայած լեզու սովորելու ընդհանուր խթանմանը՝ տնտեսական և հատկապես քաղաքական իրողությունները հաճախ հակասում են լեզվի ուսուցման խթանման հայտարարություններին։ Այսպես, Կատալոնիան (Իսպանիա) կոշտ վարչական միջոցառումների շնորհիվ կարողացավ բարելավել կատալաներենի իմացությունը ինչպես կատալոներենով խոսող, այնպես էլ դրանով չխոսող բնակչության շրջանում։ Բացի այդ, այս ինքնավար մարզում բարձրագույն կրթությունը այժմ կարելի է ձեռք բերել անգլերենով, մինչդեռ իսպաներենով հնարավոր չէ, թեև այն պաշտոնական լեզու է համարվում Իսպանիայում։

Բելգիական Ֆլանդրիայում ևս նմանատիպ իրավիճակ է նկատվում, որտեղ ֆրանսալեզու կրթությունը ամբողջությամբ դուրս է մղվել 1960-ականների վերջին, բայց ֆրանսերենը շարունակում է մնալ Բելգիայի թագավորության երկու պաշտոնական լեզուներից մեկը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. European Year of Languages: Parliamentary Assembly Recommendation 1539 (2001)
  2. «Recommendation 1539 (2001) Final version: European Year of Languages». assemby.coe.int. 2001. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.
  3. «European Day of Languages 2012 / Journée européenne des langues 2012». Ecml.at. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  4. "European Day of Languages". «European Day of Languages». News.google.com. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. «Europeans and their Languages» (PDF). Ec.europa.eu. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  6. Интернет-журнал «Новая Политика» — ЮНЕСКО: 136 языков в России находятся на грани исчезновения. Արխիվացված 2017-09-26 Wayback Machine
  7. «Presidency Conclusions; March 2002» (PDF). Ue.eu.int. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. Ирена Братоев. СОЦИАЛЬНЫЙ ОПЫТ ПРИГРАНИЧЬЯ: ИССЛЕДОВАНИЕ ЕВРОРЕГИОНА НЕЙСЕ-НИСА-НЫССА Արխիվացված 2010-09-25 Wayback Machine

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեզուների եվրոպական օր» հոդվածին։