Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը
Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը (ռուս.՝ Иван Васильевич меняет профессию), խորհրդային կինոկատակերգություն, որը նկարահանվել է ռեժիսոր Լեոնիդ Գայդայի կողմից` 1973 թվականին, Միխայիլ Բուլգակովի «Իվան Վասիլևիչ» պիեսի հիման վրա։ Ֆիլմը դարձել է 1973 թվականի խորհրդային կինովարձույթի առաջատարը և ունեցել ավելի քան 60 մլն. հանդիսատես:
Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը ռուս.՝ Иван Васильевич меняет профессию | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | հումորային ֆանտաստիկա, ֆանտաստիկ ֆիլմ, կինոկատակերգություն, կինոֆանտաստիկա, արկածային ֆիլմ, երաժշտական ֆիլմ և երաժշտական կատակերգություն |
Թեմա | ճանապարհորդություն ժամանակով |
Հիմք | Ivan Vasilievich? |
Թվական | սեպտեմբերի 21, 1973[1] |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Լեոնիդ Գայդայ |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Գայդայ և Վլադլեն Բախնով |
Դերակատարներ | Ալեքսանդր Դեմյանենկո[2], Յուրի Յակովլև, Լեոնիդ Կուրավլյով[2], Վլադիմիր Էտուշ[2], Լեոնիդ Գայդայ, Միխայիլ Պուգովկին[2], Սավելի Կրամարով, Նատալյա Սելեզնյովա, Նատալյա Կրաչկովսկայա, Նատալյա Կուստինսկայա և Սերգեյ Ֆիլիպով |
Օպերատոր | Սերգեյ Պոուլյանով |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 88 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
ՍյուժենԽմբագրել
Նախաբան
Ֆիլմն սկսվում է որպես սև-սպիտակ: Գյուտարար Ալեքսանդր Տիմոֆեևը (Շուրիկ) ստեղծել էր ժամանակի մեքենա: Այն գործի դնելու փորձարկումներն ավարտվում են պայթյունով և Շուրիկի ուշագնացությամբ:
Շուրիկի տեսիլքները
Տեսիլքներն սկսվելուն պես ֆիլմը դառնում է գունավոր: Շուրիկի կինոդերասանուհի կինը` Զինան, նկարահանումներից տուն վերադառնալով, ամուսնուն հայտնում է, որ լքում է նրան: Նրա նոր սիրեկանը կինոռեժիսոր Յակինն է, ում հետ նա պետք է մեկնի Գագրա:
Այդ ընթացքում, բնակարանային գող, կրկնահանցագործ Ժորժ Միլոսլավսկին թափանցում է Շուրիկի հարևան, ատամնաբույժ Անտոն Շպակի բնակարան և գողություն անում:
Շենքի լիազոր-կառավարիչ Իվան Բունշայի ներկայությամբ Շուրիկը ոչ մեծ հզորությամբ փորձարկում է ժամանակի մեքենան, որի արդյունքում Շպակի և Շուրիկի բնակարանների միջնապատն անհետանում է: Զարմացած Ժորժ Միլոսլավսկին մտնում է Շուրիկի բնակարան, հետաքրքրվում մեքենայով, քանի որ այն կարող էր վերացնել պատերը: Շուրիկն ավելացնում է հզորությունը և պատի մեջ բացվում է ցարական արքունիքը: Գահին նստած է Իվան Ահեղը, նրա կողքին գրագիր Ֆեոֆանն է: Տեսնելով նորեկներին և նրանց չարքերի տեղ դնելով, Ֆեոֆանը վազում է պահապանների ետևից, իսկ Իվան Ահեղը, վախենալով Շուրիկի սև կատվից, վազում է դեպի նրա բնակարան: Արդյունքում իրարանցում է սկսվում: Ստրելեցներից մեկի կողմից նետած սակրը Միլոսլավսկին նետում է ետ, սակայն այն դիպչում է ժամանակի մեքենային և այն խափանվում է` թողնելով Իվան Ահեղին ժամանակակից աշխարհում, իսկ Իվան Բունշային և Ժորժ Միլոսլավսկուն` Իվան Ահեղի ժամանակներում:
Փրկվելով պահակախմբից, Միլոսլավսկին նկատում է, որ Բունշան շատ նման է Իվան Ահեղին և ստիպում է նրան հագնել ցարական հագուստ, իսկ ինքը հագնում է իշխանի շորեր:
20-րդ դարում Շուրիկը բացատրում է ցարին, թե ինչ է պատահել և խնդրում է սպասել` մինչև ինքը խանութից գնի նոր տրանզիստորներ: Իվան Ահեղը մնալով բնակարանում, սովորում է օգտվել ժամանակակից կենցաղային պիտույքներից և ներքաշվում է ժամանակակից տարբեր մարդկանց հետ բախումների մեջ:
Ցարական ժամանակաշրջանում նույնպես հանդարտ չէ: Բունշան ցանկանում է շվեդներին հանձնել Կեմի իշխանական մարզը, սակայն Միլոսլավսկին չի թողնում դա անել: Ճաշի ժամանակ Բունշան հարբում է, զորքը մոտենում է արքունիքին և փորձում է գերի վերցնել ինքնակոչներին: Սակայն վերջապես սկսում է աշխատել Շուրիկի ժամանակի մեքենան և Բունշան ու Միլոսլավսկին վերադառնում են 20-րդ դար: Իվան Ահեղը չի հասցնում վերադառնալ իր ժամանակները, նրան բռնում են միլիցիայի աշխատակիցները: Բունշան ինքնակամ հանձնվում է միլիցիային, քանի որ «անօրինական» կերպով ժամանակավորապես կատարել է ցարի պարտականությունները: Լսելով այդ, Իվան Ահեղը հարձակվում է Բունշայի վրա: Նրանց` երկուսին էլ համարում են հոգեկան հիվանդ և զսպաշապիկներ հագցրած ուղեկցում են Ուլյանա Անդրեևնայի մոտ: Վերջինս երկուսին էլ համարում է իր ամուսին` մտածելով, որ ինքն էլ է խելագարվել:
Միլոսլավսկին, հագնելով Շուրիկի սպիտակ խալաթը, փորձում է բժշկի տեսք ընդունած փախչել, սակայն միլիցիոներները հասկանում են, որ հանցագործ Միլոսլավսկին իրենց ձեռքերում է: Իրարանցման պահին Իվան Ահեղը փախչում է շտապ օգնության ավտոմեքենայից և Շուրիկի օգնությամբ վերադառնում իր ժամանակները:
Վերջաբան
Ֆիլմը կրկին դառնում է սև-սպիտակ: Շուրիկը ուշքի է գալիս, բարձրանում է հատակից և չի հասկանում, թե ինչ է պատահել: Դռան թակոցից նա սթափվում է, բացում է դուռը, որտեղ Բունշա ամուսիններն էին և բողոքում էին շենքը հոսանքազրկելու համար: Շուտով վերադառնում է նաև Զինան: Շուրիկը հարցնում է նրան Յակինի և Գագրա մեկնելու մասին: Զինան զարմացած պատասխանում է, որ ոչ մի ռեժիսոր Յակին չկա: Վերջապես Շուրիկը հասկանում է, որ ամեն ինչ պարզապես իրեն թվացել է:
Դերասանական կազմԽմբագրել
Դերակատար | Կերպար |
---|---|
Ալեքսանդր Դեմյանենկո | Ալեքսանդր Տիմոֆեև (Շուրիկ) |
Յուրի Յակովլև | Իվան Բունշա, Իվան Ահեղ |
Լեոնիդ Կուրավլյով | Ժորժ Միլոսլավսկի |
Սավելի Կրամարով | Ֆեոֆան |
Նատալյա Սելեզնյովա | Զինա |
Նատալյա Կրաչկովսկայա | Ուլյանա Անդրեևնա |
Վլադիմիր Էտուշ | Անտոն Շպակ |
Միխայիլ Պուգովկին | Կարպ Յակին |
Սերգեյ Ֆիլիպով | Շվեդիայի դեսպանը |
Նատալյա Կուստինսկայա | դերասանուհի |
Նկարահանող խումբԽմբագրել
Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Վլադլեն Բախնով, Լեոնիդ Գայդայ | սցենարիստ |
Լեոնիդ Գայդայ | ռեժիսոր |
Սերգեյ Պոլույանով, Վիտալի Աբրամով | օպերատոր |
Ալեքսանդր Զացեպին | կոմպոզիտոր |
Լեոնիդ Դերբենյով | երգերի տեքստը |
ԵրգերըԽմբագրել
Թիվ | Երգի անվանումը | Երգիչները | Տևողությունը |
---|---|---|---|
1 | Звенит январская вьюга | Նինա Բրոդսկայա | 03:00 |
2 | Маруся | Բորիս Կուզնեցով, Լև Պոլոսին | 02:23 |
3 | Вдруг, как в сказке, скрипнула дверь… | Վալերի Զոլոտուխին | 02:29 |
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Գոյություն ուներ նաև կինոնկարի կարճամետրաժ և համր տարբերակը` «Սև ձեռնոցներ» վերնագրով, որը ԽՍՀՄ-ում վաճառվում էր ընտանեկան դիտումների համար: Այնտեղ կային դրվագներ, որոնք չէին ընդգրկվել ֆիլմի լիամետրաժ տարբերակում: Հատկապես տարբերվում էր վերջավորությունը, որտեղ Ժորժ Միլոսլավսկին փախչում է երթուղային նավակով` երկու աղջիկների ուղեկցությամբ: Երբ նավակը անցնում է կամրջի տակով, պարզվում է, որ նրա կողքին, աղջիկների փոխարեն նստած են միլիցիոներները: