Լեոնիդ Գայդայ
Լեոնիդ Իովիչ Գայդայ (ռուս.` Леонид Иович Гайдай, հունվարի 30, 1923[1], Svobodny, Amur Governorate, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 1993[1], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական կինոռեժիսոր, դերասան և սցենարիստ: ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1989 թ.), Վասիլև եղբայրների անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1970 թ.):
ԿենսագրությունԽմբագրել
Լեոնիդ Գայդայը ծնվել է Ամուրի մարզի Սվոբոդնի քաղաքում ` երկաթուղային ծառայողի ընտանիքում և ուներ մեկ եղբայր և մեկ քույր: Նրա ավագ եղբայրը հայտնի բանաստեղծ և լրագրող Ալեքսանդր Գայդայն է: Նույն 1923 թվականին, նրանց ընտանիքը տեղափոխվել է Չիտա, իսկ այնուհետև Իրկուտսկ, որտեղ հաստատվել են երկաթուղային Գլազկովո ավանում: Լեոնիդը սովորել է Իրկուտսկի երկաթուղային դպրոցում, որն ավարտելով 1941 թվականին, ցանկացել է կամավոր մեկնել ռազմաճակատ, սակայն նրան չեն ընդգրկել` կապված տարիքի հետ:
Այնուհետև աշխատանքի է անցել Իրկուտսկի դրամատիկական թատրոնում, որտեղ այդ տարիներին տարհանվել էր նաև Մոսկվայի երգիծանքի թատրոնը: Լեոնիդին բախտ էր վիճակվել դիտելու բոլոր ներկայացումները և նույնիսկ նրանց հետ մեկնել հյուրախաղերի:
1941 թվականի աշնանը նա զորակոչվեց բանակ: Սկզբում ծառայել է Մոնղոլիայում, այնուհետև ուղևորվել է Կալինինյան ճակատ և ծառայել հետախուզությունում: 1942 թվականի դեկտեմբերի 14-ին, Ենկինո գյուղի համար մղվող մարտի ժամանակ նռնակներ է նետել հակառակորդի կրակակետի վրա, ոչնչացրել երեք գերմանացու, մասնակցել գերիներին բռնելու գործողությանը, որի համար պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով: Մարտերից մեկի ժամանակ, հակահետևակային ականի պայթյունի պատճառով ծանր վիրավորվել է, որից հետո որպես հետագա մարտական գործողությունների համար ոչ պիտանի, ուղևորվել է հոսպիտալ: 1943 թվականից մինչև 1944 թվականի հունվար ամիսը` բուժվել է հոսպիտալում:
1947 թվականին ավարտել է Իրկուտսկի մարզային դրամատիկական թատրոնի թատերական ստուդիան, որտեղ աշխատում էր լուսարար, իսկ հետո նաև դերասան: 1949-1955 թվականներին սովորել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: 1955 թվականից արդեն «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր էր:
Ստեղծագործական աշխատանքըԽմբագրել
1956 թվականին թողարկվել է Լեոնիդ Գայդայի առաջին` «Երկար ճանապարհ» կինոնկարը: Չնայած այդ ֆիլմը կատակերգություն չէր, սակայն հայտնի ռեժիսոր Միխայիլ Ռոմը երիտասարդ ռեժիսորի մեջ նկատել էր կատակերգականի հանդեպ տաղանդ և խորհուրդ էր տվել աշխատել այդ ուղղությամբ:
Երկու տարի անց էկրան բարձրացավ երգիծական «Փեսացուն այն աշխարհից» (1958 թ.) կինոնկարը, որը քիչ մնաց ճակատագրական լիներ Լեոնիդ Գայդայի համար: Ֆիլմի խմբագրումից և ղեկավարությանը ոչ հաճո տեսարանները հեռացնելուց հետո, ֆիլմից մնաց համարյա կեսը: Չնայած «Մոսֆիլմ»-ի տնօրեն Իվան Պիրևի բարեհոգի վերաբերմունքին` Լեոնիդ Գայդայի նկատմամբ, այնուամենայնիվ երիտասարդ ռեժիսորը փաստացի զրկվեց ռեժիսորական աշխատանքից: Միայն 1960 թվականին, երբ նա նկարահանեց գաղափարապես «ճիշտ» «Երեք անգամ կենդանացածը» կինոնկարը, նրան ներեցին:
Այնուհետև Լեոնիդ Գայդայը 1961 թվականին նկարահանեց իր կարճամետրաժները` «Բարբոս շունը և անսովոր մրցավազքը» և «Օղի թորողները» ֆիլմերը: Այս կինոնկարները ռեժիսորին ճանաչում բերեցին: 1962 թվականին Լեոնիդ Գայդայը էկրանավորեց Օ. Հենրիի երեք նովելները` իր «Գործարար մարդիկ» ֆիլմի շրջանակներում: Երեք տարվա ընդմիջումից հետո, նա հերթականությամբ բեմադրեց երեք կինոնկար, որոնք դարձան ժողովրդի կողմից սիրված ֆիլմեր` ««Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները» (1965 թ.), որը գրավել է 1965 թվականի կինովարձույթի առաջին տեղը, ինչպես նաև «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» (1966 թ.) և «Ադամանդե ձեռքը» (1968 թ.) կինոնկարները: Ի դեպ «Ադամանդե ձեռքը» կինոկատակերգությունը 1995 թվականին ճանաչվել է 100 տարվա ընթացքում նկարահանված հայրենական ամենալավ կատակերգությունը` հաղթելով հեռուստադիտողների հարցումներով և պարգևատրվել է Ռոսիա 1 հեռուստաալիքի ցմահ «Ոսկե տոմս» մրցանակով:
1970-ական թվականներին Լեոնիդ Գայդայը էկրանավորել է ռուս հեղինակների դասական ստեղծագործություններ: 1981-1988 թվականներին «Ֆիթիլ» կինոամսագրի համար նկարահանել է բազմաթիվ սյուժեներ: Այդ տարիներին նկարահանված մի քանի նոր ֆիլմերը` հանդիսատեսի կողմից համարյա աննկատ մնացին: Լեոնիդ Գայդայի վերջին ֆիլմը` 1992 թվականին նկարահանված «Դերիբասովսկայայում լավ եղանակ է, կամ Բրայթոն-Բիչում կրկին անձրևներ են գալիս» կինոնկարն էր:
Անձնական կյանքըԽմբագրել
Շուրջ 40 տարի Լեոնիդ Գայդայի կողակիցը եղել է նրա համարյա բոլոր ֆիլմերում նկարահանված, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Նինա Գրեբեշկովան: Նրանք ունեն մեկ դուստր` Օքսանան և թոռնուհի` Օլգան:
Լեոնիդ Գայդայը մահացել է 1993 թվականի նոյեմբերի 19-ին, Մոսկվայում ` թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայից: Թաղված է Մոսկվայի Կունցևսկի գերեզմանատանը:
ՖիլմագրությունըԽմբագրել
Ստորև բերված են և ռեժիսորական, և դերասանական աշխատանքները.
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1955 | Լյանա | Ляна |
1956 | Երկար ճանապարհ | Долгий путь |
1958 | Քամի | Ветер |
1958 | Փեսացուն այն աշխարհից | Жених с того света |
1960 | Երեք անգամ կենդանացածը | Трижды воскресший |
1961 | Ճանապարհին | В пути |
1961 | Բարբոս շունը և անսովոր մրցավազքը | Пёс Барбос и необычный кросс |
1961 | Օղի թորողները | Самогонщики |
1962 | Գործարար մարդիկ | Деловые люди |
1965 | «Ի» գործողությունը և Շուրիկի մյուս արկածները | Операция «Ы» и другие приключения Шурика |
1966 | Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները | Кавказская пленница, или Новые приключения Шурика |
1968 | Ադամանդե ձեռքը | Бриллиантовая рука |
1971 | 12 աթոռ | 12 стульев |
1973 | Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը | Иван Васильевич меняет профессию |
1975 | Չի կարող պատահել | Не может быть! |
1977 | Ինկոգնիտո Պետերբուրգից | Инкогнито из Петербурга |
1978 | Փողոցներով կոմոդ էին տանում | По улицам комод водили |
1980 | Լուցկու հետևից | За спичками |
1982 | Սպորտլոտո-82 | Спортлото-82 |
1985 | Վտանգավոր է կյանքի համար | Опасно для жизни! |
1989 | Մասնավոր խուզարկու կամ «Կոոպերացիա» գործողությունը | Частный детектив, или Операция «Кооперация» |
1992 | Դերիբասովսկայայում լավ եղանակ է կամ Բրայթոն-Բիչում կրկին անձրևներ են գալիս | На Дерибасовской хорошая погода, или На Брайтон-Бич опять идут дожди |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.