Ինկվիզիցիայի սրբազան գրասենյակի տրիբունալ (իսպ.՝ Tribunal del Santo Oficio de la Inquisición) կամ Իսպանական ինկվիզիցիա (իսպ.՝ Inquisición española), քննչական ու դատական հատուկ մարմին, որ ստեղծվել է 1478 թվականին Ֆերդինանդ II Արագոնցու և Իզաբելա I Կաստիլացու կողմից։ Նախատեսված է եղել հպատակների շրջանում կաթոլիկ հավատը պահպանելու և ամրապնդելու, ինչպես նաև Հռոմի պապի ազդեցության տակ գտնվող միջնադարյան ինկվիզիցիան փոխարինելու համար։ Սկզբնական շրջանում ինկվիզիցիան հիմնականում աշխատում էր նոր հպատակների, հատկապես հրեաների, մուսուլմանների, ստիպողաբար կաթոլիկություն ընդունածների շրջանում կանոնիկ հավատն ապահովելու համար։ Նոր մարմինը գտնվում էր իսպանական միապետության անմիջապական վերահսկողության տակ[1]։ Այն վերջնականապես լուծարվել է միայն 1834 թվականին՝ Իզաբելլա II-ի կառավարման շրջանում։

Իսպանիայում «Սրբազան տրիբունալի» կնիքը

Պատմություն

խմբագրել
 
Սուրբ Դոմինիկը հրադատության ժա մանակ (Պեդրո Բերուգետեի նկար), 1490-ական թվականներ)

Ինկվիզիցիան իսպանական հողերում ձևավորվել է 13-րդ դարում որպես Ֆրանսիայի հարավում հերետիկոսների դեմ պայքարի միջոցի արձագանք։ Նոր թափով այն վերածնվել է 15-րդ դարի վերջին, երբ ստեղծվել է նոր կազմակերպություն` ձեռք բերելով քաղաքական մեծ նշանակություն։

Իսպանիայում բարենպաստ պայմաններ էին առաջացել ինկվիզիցիայի զարգացման համար։ Ոչ քրիստոնյաները, հատկապես հրեաներն ու մավրերը, շատ էին տարածվել այն տեղերում, որոնք Պիրենեյան թերակղզու կաթոլիկ արքաները գրավել էին մավրերից։ Հրեաները և նրանց կրթությունը յուրացրած մավրերը համարվում էին բնակչության առավել լուսավորված, ստեղծագործ ու արտադրողական հատվածը։

Իսպանիայում, ինչպես և եվրոպական այլ երկրներում, 12-րդ դարում հաստատվում է իրավաբանական դոկտրինա, համաձայն որի հրեաները միապետության հետ կապված էին առանձնահատուկ կապերով, որը ենթադրում էր մի կողմից նրա անձնական պաշտպանություն, մյուս կողմից` նրանց նվիրվածությունն ու ֆինանսական վճարումները։ Հրեաների կատարած հանցագործությունների դիմաց վճարված փոխհատուցումների մեկ երրորդը անփոփոխ կերպով անցնում էր արքունիքին, և հրեական համայնքը հարկեր էր վճարում միայն արքայական գանձարանին և ոչ թե քաղաքային[2]։ Սակայն արքաները չէին կարող անտեսել եկեղեցու, ինչպես նաև տեղի քաղաքային իշխանությունների վերաբերմունքը հրեաների դրության նկատմամբ, այնպես որ արքայական օրենսդրության մեջ է մտնում եկեղեցական դրույթները հրեաների սեգրեգացիայի մասին (հրեաներին առանձնացնում էին առանձին թաղամասերում, սահմանափակում էին նրանց պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունը, հրեաները տարբերակիչ նշաններ պետք է կրեին իրենց հագուստներին)[2]։

Արդեն 14-րդ դարի վերջին հրեաներն ու մավրերը ստիպված քրիստոնեություն էին ընդունում զանգվածային սպառնալիքների ազդեցությամբ, քանի որ ժողովրդի մեջ լուրեր էին տարածվում հրեաների կողմից (մավրերի և նույնիսկ ֆրանսիացի աքսորյալների հետ համատեղ) ջրհորները թունավորելու դավադրություն կազմակերպելու, ժանտախտ տարածելու մասին։ Դրանով հանդերձ բացառված չէր, որ շատերը գաղտնի շարունակում էին դավանել իրենց նախնիների հավատքը։ 14-15-րդ դարերում ռավինները կոնվերսոն համարում էին պարտադրված` իրենց շարունակելով համարել Իսրայելի ժողովրդի մի մասը[2]։

 
«Կաթոլիկ արքաների աստվածամայր» (Պեդրո Բերուգետեի նկար, մոտ 1493 թվական։ Սուրբ Աստվածամոր առաջ խոնարհվել են Ֆերդինանդն ու Իզաբելան, Ֆերդինանդ արքայի թիկունքում եկեղեցական է` Թոմաս Տորկվեմադայի դեմքով)

Որպես քրիստոնա վերամկրտված կոնվերսոների գործունեության ոլորտները հիմնականում հրեաներին բնորոշ ոլորտներն էին` առևտուր, ֆինանսներ, հարկերի հավաքագրում, հողերի կառավարում, սակայն առաջացել էին և ինստիտուտներ, որտեղ հրեաների մուտքը սահմանափակված կամ ընդհանրապես արգելված էր։ Դրանք էին եկեղեցական հիերարխիան, դատարանները, համալսարանները, պալատական միջավայրը[2]։ Վերամկրտվածների հարստության ու իշխանության աճը Իսպանիայում բացասական արձագանք է ստանում հատկապես ազնվականության ու քաղաքային միջին դասի շրջանակներում։ Արդյունքում ձևավորվում են հակասեմական դավադրության տեսություններ։ Ասում էին, որ իբր կոնվերսոները մանրամասն մշակված ծրագրի մի մաս էին կազմում, որի միջոցով հրեաները ներսից փորձում են քանդել իսպանական ազնվականությունն ու կաթոլիկ եկեղեցին[3]։

Համակարգված հետապնդումներն այս կասկածելի քրիստոնյաների նկատմամբ ինկվիզիցիայի կողմից սկսվում են Կաստիլիայի ու Արագոնի` մեկ միապետության մեջ միավորվելու ժամանակաշրջանից, երբ Ֆերդինանդ II Արագոնցին և Իզաբելա I Կաստիլացին վերակազմակերպեցին ինկվիզիցիոն համակարգը։

1478 թվականին Հռոմի պապ Սիքստոս IV-ը կոնդակ է ուղարկում, որը թույլ էր տալիս կաթոլիկ արքաներին սեփական ինկվիզիցիան հաստատել։ 1480 թվականին նշանակվում են առաջին ինկվիզիտորները, իսկ 1481 թվականին Սևիլիայում կատարվում է առաջին հրադատությունը։

1488 թվականին հաստատվում է ղեկավար մարմինը` Գերագույն գլխավոր ինկվիզիցիան (Consejo de la Suprema y General Inquisición) կամ Սուպրեման, որը բաղկացած էր 6-10 անդամներից, որոնց նշանակում էր արքունիքը։ Սուպրեման ղեկավարում էր գլխավոր ինկվիզիտորը (1507-1518 թվականներին եղել է երկու գլխավոր ինկվիզիտոր` Կաստիլիայի և Արագոնի), որին նշանակում էր արքան և հաստատում Հռոմի պապը։ Իսպանական ինկվիզիցիայի առաջին գլխավոր ինկվիզիտորներն են եղել Դոմինիկյան միաբանության անդամ Թոմաս դե Տորկվեմադան (1493-1498) և դոմինիկյան արքեպիսկոպոս Դիեգո դե Դեսան (1498-1506)։ Նրանք երկուսն էլ աչքի են ընկել «նոր քրիստոնյաներին» հետապնդելու բուռն ջանքերով, չնայած տարածված լուրերի համաձայն` երկուսն էլ հրեական ծագում են ունեցել[4]։

Սուպրեմայի գործառույթը ինկվիզիցիայի տրիբունալի վերահսկումն էր, տեղական իշխանությունների ազդեցության սահմանափակումը, ընդհանուր կանոնների սահմանումը և ֆինանսների կառավարումը, տուգանքների վճարումը պատիժների մեղմացման դիմաց. այդ միջոցները բաշխվել են ինկվիզիցիայի և թագավորական գանձարանի միջև։ Առաջին տրիբունալները բացվել են 1480-ական թվականներին Անդալուզիայում (Սևիլիայում և Կորդովայում), որտեղ կոնվերսոների ու հրեաների խտությունն առավել մեծ էր։ Դրանից հետո 15-16-րդ դարերում բացվել են ևս ինը տրիբունալներ Կաստիլիայի թագավորությունում (Տոլեդո, Լյերենե, Մուրսիա, Վալյադոլիդ, Կուենկա, Լաս Պալմաս դե Գրան Կանարիա, Լոգրոնիո, Գրանադա, Սանտյագո դե Կոմպոստելա), չորսը` Արագոնում (Սարագոսա, Վալենսիա, Բարսելոնա և Մալյորկա), ինչպես նաև Սիցիլիայում և Սարդինիայում։ 16-րդ դարի երկրորդ կեսին տրիբունալներ են բացվել Նոր աշխարհում` Լիմայում և Մեխիկոյում (1569), Նոր Կարթագենում (1609)[4]։

Հերետիկոսներից բռնագրավված գույքը ընդգրկվել է ֆոնդում, որից միջոցներ են տրամադրվել ինկվիզիցիոն տրիբունալների ու արքայական գանձարանի համար։ Դրանք միաժամանակ հանդիսացել են պապական ու արքայական գանձարանների հարստացման աղբյուր։ 1484 թվականին Տորկվեմադան Սևիլիայում նշանակել է իսպանական ինկվիզիցիոն տրիբունալների ընդհանուր համագումար, որտեղ մշակվել է կոդեքս, որով կարգավորվում էր ինկվիզիցիոն գործընթացը։

Այդ ժամանակից ի վեր Իսպանիայում հերետիկոսներից ու ոչ քրիստոնյաներից մաքրման գործընթացը արագ առաջ է ընթացել, հատկապես 1492 թվականին, երբ Գրանադայի գրավումից ոգեշնչված` կաթոլիկ արքաները որոշում են ընդունել Իսպանիայից հուդայականներին դուրս քշելու մասին, որոնց թիվն այդ տարիներին Կաստիլիայում հասնում էր մոտ ութ հազարի[5]։ Այս որոշումը հրեաներին, որոնք չէին ուզում լքել Իսպանիան, բացի կաթոլիկություն ընդունելուց` այլ որոշում չէր թողնում։ Ֆերդինանդն ու Իզաբելան իրենց որոշման մոտիվ էին համարում հուդայական հրեաների` քրիստոնյա վերամկրտվելուց հետո վատ ազդեցությունը։ Խորհրդային պատմագրության մեջ հետապնդումների գլխավոր մոտիվ էր համարվում ոչ այնքան կրոնական մոլեռանդությունը, որքան արքայական իշխանության ցանկությունը ինկվիզիցիան օգտագործել Իսպանիայի պետական միասնությունը պարզեցնելու նպատակով և պետական եկամուտների ավելացումը դատապարտվածների ունեցվածքի բռնագրավման միջոցով[4][6]։ Ուրիշ պատմաբաններ նշել են սոցիալական լարվածության աճը, բուրժուազիայի շրջանում մրցակցության մեծացումը, Իսպանիայի առանձին քաղաքներում ազգային կոնֆլիկտների աճը բնակչության թվաքանակի աճի ֆոնին ամբողջ 15-րդ դարում[7]։

 
Թոմաս Տորկվեմադա

Թոմաս Տորկվեմադայի շրջանում, այցելելով այս կամ այն տեղանք, ինկվիզիտորները հռչակում էին «գթասրտության հրովարտակ»։ Դա 30-օրյա շրջան էր, որի ընթացքում ծպտյալ հուդայականները կարող էին ինքնակամ խոստովանել իրենց մեղքը և ապաշխարություն խնդրել։ Միևնույն ժամանակ այլ անձինք, որոնք տեղեկություն ունեին գաղտնի հուդայականություն դավանող քրիստոնյաների մասին, կարող էին նրանց մասին հայտնել տրիբունալին[3]։

Մեղադրյալը կարող էր լիովին արդարացվել հրապարակայնորեն ապաշխարելու դեպքում, չնայած դա հազվագյուտ երեևույթ էր։ Մահվանից առավել հաճախ կիրառվում էին տուգանքներ, գույքի բռնագրավում (այս դեպքում անհրաժեշտ էր հաստատել հանցագործության կատարման ժամանակը), ձերբակալություն, կամ սահմանում էին պաս ու ապաշխարություն` ստիպելով այդ ընթացքում կրել ապաշխարողի հատուկ հագուստ` սանբենիտո[1]։ Ճիշտ է, եթե մեղադրյալը ապաշխարանքից հետո հերետիկոսության կասկածով դարձյալ հայտնվում էր ինկվիզիցիայի ձեռքում, նրան փրկելն արդեն շատ դժվար էր, քանի որ նա կրկնահանցագործ էր համարվում[1]։ Եթե մեղադրյալը հրաժարվում էր ցուցմունք տալուց կամ չէր հայտնում իրեն հայտնի փաստերը, ինկվիզիտորները նրան կտտանքների էին դատապարտում (դրանք ինկվիզիտորների ստեղծած եղանակները չէին և կիրառվում էին աշխարհիկ դատարանների կողմից)։

Հրադատության ընթացքում հրապարակայնորեն կարդում էին մեղադրանքներ, մեղադրյալները ապաշխարանքի խոսքեր էին արտասանում, իրականցվում էին պատիժներ` սկսած տուգանքների նշանակումից մինչև մեղադրյալին խարույկի վրա այրելը։

Կաստիլիայում ինկվիզիցիան մեծ հռչակ ուներ բազմության շրջանում, որ հաճույքով վազում էր հրադատության, իսկ Տորկվեմադան մինչև իր մահը մեծ հարգանք էր վայելում։ Սակայն Արագոնում ինկվիզիցիան փորձեր է ձեռնարկում հակազդելու քրիստոնյա վերամկրտվելուն. սուրբ Պեդրո Արբուեսը` Սարագոսայի ինկվիզիցիոն դատարանի քարտուղարը, մորթվել է եկեղեցում 1485 թվականին, և այդ սպանությունը որպես առիթ օգտագործվել է ինկվիզիցիայի գործողությունների մասշտաբի մեծացման համար[8]։

Տորկվեմադայի հետևորդները` Դիեգո դե Դեսան և հատկապես կարդինալ Խիմենես դե Սիսներեսը, որ Տոլեդոյի արքեպիսկոպոսն էր, ավարտին հասցրին Իսպանիայի կրոնական միավորման գործը։ 1500 թվականին հրեա վերամկրտվածների նկատմամբ զանգվածային հիստերիան անկում է ապրում։ Խիմենես դե Սիսներոսը բարեփոխումներ է անում ինկվիզիցիայում` յուրաքանչյուր տրիբունալին հատկացնելով աշխարհիկ աստիճանավոր[1]։

Ինկվիզիցիայի առաջին պատմաբան Խուան Անտոնիո Լյորենտեն 19-րդ դարի սկզբին ենթադրում էր, որ 1481-1498 թվականների ընթացքում մոտ 8.800 մարդ է այրվել խարույկին, 90.00 մարդ է ենթարկվել եկեղեցական պատիժների ու գույքի բռնագրավման։ Բացի այդ` այրվել են խրտվիլակների ու նկարների տեսքով պատկերներ, 6.500 մարդ կախաղանից հետո այրվել է[9]։ Ավելի ուշ շրջանի պատմաբանները այս թվերը չափազանցված են համարել[10]։

Ժամանակակից հետազոտողները ավելի փոքր թվեր են ներկայացնում։ Այսպես` պրոֆեսոր Գ. Կեյմենը Թոմաս Տորկվեմադայի շրջանում (կազմակերպության պատմության ամենաարյունոտ շրջանն է) հաշվել է մահապատժի ենթարկված ընդհանուր առմամբ մոտ 1.500 մարդ, պրոֆեսոր Տ. Մեդենը գրում է 2.000 մարդու մասին Տորկվեմադայի տիրապետության շրջանում և մոտ նույնքան էլ մնացած տարիներին[1][3]։ Հաշվարկի դժվարությունը բացատրվում է այն հանգամանքով, որ տրիբունալի ոչ բոլոր արխիվներն են պահպանվել։ Հիմնական աղբյուրը Սուպրեմայի արխիվն է, որում ներկայացված են 16-17-րդ դարերի տեղական հաշվետվությունները։ Սակայն տրիբունալների հարցում ևս խնդիրներ կան, և որ գլխավորն է, այդ շրջանի տվյալները չի կարելի տարածել նախորդ և հաջորդ շրջանների վրա, քանի որ փոխվել են ինչպես ինկվիզիցիայի ակտիվության աստիճանը, այնպես էլ մահապատիժների քանակությունը[4]։

 
Ֆրանցիսկո Գոյա, «Հրադատություն», (1812-1819)

Գրանադայի անկումից մի քանի տարի անց մավրերը հալածանքների են ենթարկվում հավատի համար, չնայած 1491 թվականի կապիտուլյացիայի պայմանագրով երաշխավորվում էր նրանց դավանանքի ազատությունը։ 1502 թվականին Կաստիլիայի մավրերին և 1526 թվականին Արագոնի մավրերին պարտադրվում էր կա'մ փոխել հավատը, կա'մ լքել երկիրը։ Ինկվիզիցիան 1568 թվականից հատկապես զբաղվում էր մորիսկաներով (մկրտված մավրեր), որոնք ապստամբություն էին բարձրացրել Անդալուզիայում. այն ճնշվել էր երկու տարի անց, իսկ հետապնդումները շարունակվել են մինչև 1609 թվականին մորիսկաների վտարումը Իսպանիայից։

Բացի հրեական ու մուսուլմանական ծագման նոր քրիստոնյաներից` ինկվիզիցիան 16-17-րդ դարերում հետապնդում էր նաև բողոքականներին, որոնք մեծ թիվ չէին կազմում Իսպանիայում և հիմնականում կենտրոնացած էին Սևիլիայում և Վալյադոլիդում. «լուսավորյալների» միստիկ շարժումը (alumbrados) կասկածվում էր կախարդական պրակտիկա իրականացնելու և սատանայականության մեջ (վհուկներ, կախարդներ)։ 18-րդ դարում ինկվիզիցիայի զոհերի շարքերը լրացրին նաև լուսավորական աթեիստները և մասոնները։ Բացի այդ` ինկվիզիցիան զբաղվում էր կանոնիկ օրենքի այլ խախտումներով, որոնք անուղղակի առնչություն ունեին հերետիկոսությանը` երկկնություն, սեքսուալ հետամտություններ, ինչպես նաև լայն առումով աստվածանարգություն` Աստծո հասցեին անպատշաճ արտահայտություններից մինչև կանոնիկ օրենքի կամ ինկվիզիցիայի որևէ դրույթի ժխտում[4]։

Ինկվիզիտորները սկսել էին գրաքննադատների դեր կատարել. նրանք ունեին այնպիսի գրքեր տպագրելու արգելք, որոնցում հերետիկոսության որևէ դրսևորում կնկատվեր։ Իսպանական ինկվիզիցիան բողոքական քարոզիչների համար դարձել էր կատաղի ատելության առարկա[3]։ Այսպես, մոլի բողոքական անգլիացի պատմաբան Ջոն Ֆոքսը ինկվիզիցիայի սարսափներին է նվիրել իր նշանավոր «Տառապյալների գիրքը»[11]։ Հետագայում ինկվիզիցիայի մասին ուռճացված պատմություններ տարածել են խորհրդային պատմաբանները։

Սև լեգենդ

խմբագրել
 
Արգելված հերետիկոսական գրքերի ցուցակ, Մադրիդ, 1583

Բացի բողոքականներից` լեգենդը հորինել են հրեաները և կոնվերսոները, որոնք արտագաղթել են Պիրենեյան թերակղզուց` ստեղծելով ինկվիզիցիայի զոհ-նահատակների պաշտամունք։ 18-րդ դարի լուսավորիչները ի դեմս ինկվիզիցիայի տեսնում էին միջնադարյան նախապաշարմունքների մարմնավորում, կաթոլիկ եկեղեցու դիկտատ, և վերջապես հենց իսպանացիները 19-րդ դարում հակված էին իրենց երկրի ռազմական ու քաղաքական անկումը բացատրել ինկվիզիցիայի մեղքերով (ի դեմս կոնվերսոների` բուրժուազիայի ոչնչացում, բողոքական երկրների հետ հարաբերությունների վատացում և այլն)[4]։

Ժամանակակից հետազոտողները (օրինակ` Է. Պիտերս, Գ. Կեյմեն) հակված են ժխտելու ինկվիզիցիայի մասին տարածված լեգենդները` իսպանական ժողովրդի նկատմամբ բռնություն (իրենք իսպանացիները մինչև 1820 թվականը չեն ընդվզել ինկվիզիցիայի դեմ), անսահման իշխանություն (այն ունեցել է մշտական ֆինանսական պրոբլեմներ, այլ իշխանությունների հետ կոնֆլիկտներ), այն, որ ինկվիզիցիոն գրաքննությունը խեղդել է մշակույթը (գրքերը տպագրության էին հայտնվում մեծ ուշացումով, օրինակ` Լոպե դե Վեգայի որոշ գործեր արգելվել են, բայց նրա մահից հարյուր տարի անց միայն գրաքննական ուղղումներն աննշան են եղել)[4]։ Ճիշտ չէ նաև, որ ինկվիզիցիան զբաղվել է վհուկների որսով. 16-17-րդ դարերում հենց իսպանական կրթված ինկվիզիտորները մասամբ չէին գտնում ապացույցներ վհուկների գիշերաժողովների մասին ժողովրդական պատմությունների, ամենակարող սև կախարդների, կախարդների կողմից մանուկների զոհաբերությունների մասին[3]։ Վհուկների առավել զանգվածային հետապնդումներ այդ դարաշրջանում կատարվել են ոչ թե Իսպանիայում և Իտալիայի պետություններում, այլ բողոքական երկրներում, որտեղ նրանց հազարներով այրել են խարույկների վրա կամ խեղդել սովորական աշխարհիկ դատարանների վճիռներով (Անգլիա և Շոտլանդիա, գերմանական պետություններ, Շվեյցարիա, Շվեդիա և այլն)[12]։

Իսպանական ինկվիզիցիան թափանցել է Նիդերլանդներ և Պորտուգալիա` օրինակ ծառայելով իտալական և ֆրանսիական ինկվիզիտորների համար։ Նիդերլանդներում այն հաստատել է Կառլոս V կայսրը 1522 թվականին։ Պորտուգալիայում ինկվիզիցիան մտցվել է 1536 թվականին և այնտեղից տարածվել Արևմտյան Հնդկաստանի պորտուգալական գաղութերում, որի կենտրոնը Գոան էր։ 16-րդ դարում ինկվիզիցիայի գործողությունները տարածվել են նոր բացահայտված ամերիկյան հողերում. կարմրամորթներին հարյուրներով տանջում էին ու այրում քրիստոնեությունից հեռանալու ու մարդկային զոհեր կատարելու համար[1]։

Ինկվիզիցիայի վերջ

խմբագրել

Կառլոս IV-ի կառավարման շրջանում, չնայած քաղաքական ռեակցիային, որ հրահրել էր Ֆրանսիական մեծ հեղափոխությունը, ինկվիզիցիայի անկում է նկատվում։ Տարածվում են Լուսավորականության գաղափարներն այն մասին, որ եկեղեցու մեծ ազդեցությունը խոչընդոտում է հասարակական առաջընթացը։ Պետական գործիչներ Մանուել Գոդոյն ու Անտոնիո Ալկալա Գալյանոն ակնհայտ թշնամաբար էին տրամադրված միջնադարյան հաստատությանը, որի մարմնավորումը միջազգային մակարդակով սև լեգենդներն էին Իսպանիայի մասին, իսկ դրանք այդ պահին չէին համապատասխանում երկրի քաղաքական շահերին։ Բացի դրանից` ինկվիզիցիայի արգելած գրքերը, միևնույն է, ազատ վաճառվում էին Սևիլիայի, Սալամանկայի և Վալյադոլիդի գրախանութներում։

Ինկվիզիցիան վերացվել է Նապոլեոնի ավագ եղբայր Ժոզեֆ Բոնապարտի իշխանության տարիներին (1808-1812)։ 1813 թվականին Կադիսի կորտեսի լիբերալ պատգամավորները պահանջում էին դրա լուծարումը։ Սակայն ինկվիզիցիան վերստեղծվում է Բուրբոնների իշխանության վերականգնումից հետո` Ֆերդինանդ VII-ի թագավորումից հետո (հուլիսի 1, 1814)։

Ինկվիզիցիան վերջնականապես վերացվել է 1834 թվականի հուլիսի 15-ին Ֆերդինանդ VII-ի այրի գահակալ Մարիա Քրիստինա Բուրբոն-Սիցիլիացու հրամանով, երբ Իզաբելա II-ը անչափահաս էր, և Ֆրանսիսկո Մարտինես դե լա Ռոսան տվել էր իր համաձայնությունը։

Դրսևորում մշակույթում

խմբագրել
  • Ամերիկա-իսպանական համատեղ «Գոյայի ուրվականներ» ֆիլմի գործողությունները ծավալվում են 19-րդ դարասկզբի իսպանական ինկվիզիցիայի շուրջ։
  • «Իսպանական ինկվիզիցիա» - բրիտանական հումորային հեռուստաակնարկների շարք
  • «Կրեդո մարդասպաններ» ֆիլմի (2016) իրադարձությունները վերաբերում են իսպանական ինկվիզիցիայի ժամանակաշրջանին։
  • Որոշ տվյալներով Assassin's creed:Destiny համակարգչային նոր խաղի սյուժեն հիմնված է 1489 թվականի` իսպանական ինկվիզիցիայի ժամանակաշրջանին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Henry Kamen The Spanish Inquisition: An Historical Revision. — Phoenix Press, 2000-01-01. — 369 с. — ISBN 9781842122051
  2. 2,0 2,1 2,2 2,3 Евреи и конверсо в христианской Испании (XIII–XV вв.) // История Испании. Том 1. С древнейших времен до конца XVII века. — М: Индрик, 2012.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Томас Ф. Мэдден (Thomas F. Madden). «Правда об испанской Инквизиции». www.unavoce.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Евреи, конверсо и инквизиция в Испании (конец XV–XVI в.) // История Испании. Том 1. С древнейших времен до конца XVII века. — М: Индрик, 2012.
  5. Кеймен Г 2. Начало западной империи // Испания: дорога к империи. — М: АСТ, 2007. — (Историческая библиотека (новая)). — ISBN 978-5-17-039398-5
  6. Григулевич И.Р. Инквизиция. — М.: АСТ, 2006.
  7. Бродель Ф. 1.2. Численность населения // Средиземное море и средиземноморский мир в эпоху Филиппа II. — 2003. — Т. 2. КОЛЛЕКТИВНЫЕ СУДЬБЫ И УНИВЕРСАЛЬНЫЕ СДВИГИ.
  8. DiCom Medios SL. «Arbués, Pedro de». Gran Enciclopedia Aragonesa Online (իսպաներեն). www.enciclopedia-aragonesa.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
  9. Хуан-Антонио Льоренте. «История испанской инквизиции». www.bibliotekar.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  10. Г. Ч. Ли История инквизиции в средние века. — М.: Ладомир, 1994. — ISBN 5862181040
  11. John Foxe. «The acts and monuments of the church, containing the history and sufferings of the martyrs ... with a preliminary dissertation .». archive.org. Վերցված է 2017 թ․ փետրվարի 24-ին.
  12. Brian P. Levack The Witch-hunt in Early Modern Europe. — Pearson Longman, 2006-01-01. — 364 с. — ISBN 9780582419018

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանական ինկվիզիցիա» հոդվածին։