Ժերմինյի-դե-Պրե, (ֆր.՝ Germigny-des-Prés), եկեղեցի, ճարտարապետական հուշարձան Լուարե դեպարտամենտի Օռլեանի շրջանում (Ֆրանսիա), Սյուլիից 13 կմ հեռու։

Պատմություն խմբագրել

Կարոլինգյան ճարտարապետության նշանավոր շինություններից։ 806–811-ին կառուցել է հայազգի ճարտարապետ Օդո լը Մեսսենը (Odo le Messin, d’origine armenienne), Օռլեանի եպիսկոպոս, կատալոնացի Թեոդուլֆի պատվերով։ Օդո լը Մեսսենը մինչ այդ կառուցել էր Ախենի Էքս–լա–Շապել պալատական մատուռը (ավարտվել է 806-ին)։

Ճարտարապետություն խմբագրել

Կենտրոնակազմ, քառաբսիդ, չորս գմբեթակիր մույթերով Ժերմինյի-դե-Պրեն բագարանատիպ է։ XIX դ. վերակառուցման պատճառով աղավաղվել է։ Արևելյան աբսիդի երկու կողերին ունեցել է չափերով ավելի փոքր կիսաշրջան խորաններ։ Ունի առագաստային փոխանցումներ, պայտաձև կամարներ, ամբողջովին ծածկված է թաղերի համակարգով։ Նման շինարարական համակարգը կազմում է ռոմանական ճարտարապետության հիմքը։

Ուսումնասիրություններ խմբագրել

Նրա նմանությամբ Իսպանիայի հյուսիսում X դ. կառուցվել է Ս. Միգուել դե Լինյո եկեղեցին։ Ըստ Հ. Ֆոսիյոնի՝ Ժերմինյի-դե-Պրեն և Ս. Միգուելը առնչվում են անծանոթ մի նախատիպի, որը ներշնչված է արևելյան մոդելից՝ Էջմիածնի հայկական կաթողիկեից[1]։ Ախենի պալատական մատուռը և Ժերմինյի-դե-Պրեն ճարտարապետորեն կապվում են հայկականին, իսկ գեղազարդումներով՝ բյուզանդականին (Ա. Տոտտի)։ Նույն տիպին են պատկանում՝ Սեն Ֆիլիբեր դը Գրանլյոն (836, Ատլանտյան Լուար, Ֆրանսիա), Սեն Բազիլ մատուռը (Բրյուժ) և Միլանի Սան Սատիրոն (869), Կոստանդին VII Ծիրանածնի պալատական մատուռը՝ Նեան (Բյուզանդիա), Սալոնիկի Պերիստերոնը, Կաստրոյի եկեղեցին, Աթոս լեռան Մեծ Լավրան (բոլորը IX դ.), Աթենքի Ս. Առաքելոցը (XII դ.):

Տես նաև խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Foeillon H., Art d’Occeident, P., 1947
  • Totti A., Germigny-des-Pres, Gien
  • Զարյան Ա. Կ., «Եվրոպայում բագարանատիպ կառույցների տարածման շուրջ», Հայկազեան Հայագիտական Հանդէս, հմ. 3, Բեյրութ, 1972 (հայերեն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Etchmiadzin». Armenian Studies Program California State University, Fresno. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 285