Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաղ (այլ կիրառումներ)

Թաղ, (ճարտարապետության մեջ), տարածական կառուցվածք, կորընթարդ մակերեսով ծածկ։ Կիրառվում է հիմնականում գոգավորությամբ դեպի վեր։ Ինչպես և կամարը, առավելապես աշխատում է սեղմման, ուղղահայաց և հրման հորիզոնական ճիգերը հաղորդելով հենարաններին (վերջինը որոշ կառուցվածքներում կարող է բացակայել կամ մարվել իր իսկ մարմնի մեջ)։

Կառուցման համաչափական տարրերը խմբագրել

Թաղի համաչափական հիմնական տարրերն են՝ թռիչքը (երկու հենարանների միջև եղած հեռավորությունը), վերելքի սլաքը (առավել բարձր կետի ուղղահայաց հեռավորությունը հենման մակերեսից)։

Ըստ համաչափության ստորաբաժանվում են՝

  1. բարձրասլաք (սլաքի հարաբերությունը թռիքին մեծ է 1/2-ից),
  2. ցածրասլաք (նույն հարաբերությունը տատանվում է 1/4 – 1/2-ի միջև),
  3. տափարակ (հարաբերությունը փոքր է 1/4-ից) թաղերի։

Հիմնականում լինում են՝

 
Գլանաձև
 
Խաչային
 
Հայելային
 
Առագաստային
  • գլանային (ընդլայնական կտրվածքում ներկայացնում է շրջանագծի, էլիպսի կամ կոնագծի մաս, հենվում է զուգահեռադիր պատերին՝ հեծանակապ կամ կամարակապ սյունաշարերին, որոնք և իրենց վրա են կրում հրման և ծանրության ուժերը),
  • գոցված և խաչային (առաջինը ստացվում է կիսաշրջանաձև կտրվածքի երկու գլանային թաղերի ուղղահայաց փոխհատումից առաջացած մարմնի ներքին մակերեսներից, մյուսը՝ արտաքին մակերեսներից),
  • հայելային (ստացվում է գոցված թաղից՝ նրա վերին մասը հարթությամբ հատելու միջոցով),
  • առագաստային (ստացվում է գմբեթի երկու զույգ հակադիր մասերը հարթ մակերեսով հատելու միջոցով)։

Հիմնական ձևերի բազմաթիվ տարատեսակները պայմանավորված են դրանց կտրվածքների կորերի տարբերությամբ և թաղակագմ առանձին տարրերի զանազան, համակցությամբ (սլաքային, սահող, խարսխաթաղ ևն)։ Առանձնահատուկ են ջլաղեղային թաղերը (տես Գոթական ոճ)։ Հնագույնները, այսպես կոչված, «կեղծ» թաղերն են, որ ստացվում են հորիզոնական շարքերի դեպի վեր հետզհետե առաջ բերելու միջոցով։ Դրանցում հրման ուժերը բացակայում են։ Թաղ կիրառվել է հնագույն ժամանակներից և սկզբում գլխավորապես կառուցվել աղյուսից ու քարից։ Այնքանով, որքանով քարի ծռման աշխատելու հնարավորությունները սահմանափակ են, թաղի (որտեղ քարն աշխատում է սեղմման) կիրառումը հնարավոր դարձրեց առանց հենարանների ավելի մեծ թռիչքներ ծածկել։ XIX դ. 2-րդ կեսից թաղեր ստեղծվում էին մետաղական կառուցվածքներից։ XX դ. ստեղծվեցին միաձույլ, հավաքովի երկաթբետոնե, նրբապատ թաղանթատիպ և այլ կառուցվածքների թաղեր։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 127