Կունծիկ աբեղա
Կունծիկ աբեղա (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), Թոնդրակյան շարժման ղեկավար 10-րդ դարի վերջին և 11-րդ դարի սկզբին։ Ապրել է Մանանաղի գավառի Շիրնի բերդաքաղաքի մոտ գտնվող համանուն ագարակում։ Թոնդրակյան գաղափարախոսությունը ուսանել է աղվանքցի մի աբեղայից և իր հերթին քարոզել Մանանաղիում։ Թոնդրակեցիների մեջ է ներգրավել ազնվականուհիներ Հրանույշին, Կամարա ն Ախնի քույրերին, իշխան Վրվեռին և նրանց աջակցությամբ 10-րդ դարի վերջին թոնդրակյան համայնքներ կազմակերպել Աղյուսո ու Կաշե գյուղերում։ 11-րդ դարի սկզբին նրանց ոտքի է հանել աշխարհիկ ու հոգևոր կալվածատերերի դեմ և ավերել գավառի մի շարք եկեղեցիներ ու սրբավայրեր։ Ի պատասխան՝ Սամվել եպիսկոպոսի գլխավորությամբ գավառի ավատատերերը այրել ու ոչնչացրել են վերոհիշյալ գյուղերը և հալածել թոնդրակեցիներին։ Դրանից հետո Կունծիկ աբեղայի մասին տեղեկություններ չկան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 15)։ |