Կամարի և Ախնի
Կամարա և Ախնի (ծն. և մահ. թթ. անհտ.), Թոնդրակյան շարժման XI դարի սկզբի գործիչներ։ Ազնվական կանայք, քույրեր, Բարձր Հայքի Մանանաղի գավառի հայ նշանավոր տոհմից (անունը հայտնի չէ)։ Շարժման մեջ են ներգրավվել Կունծիկ աբեղայի գործակից և իրենց տոհմակից Հրանույշի միջոցով։ Թոնդրակեցիներին են տրամադրել հայրենի տիրույթներից ժառանգություն ստացած Մանանաղիի Աղյուսո ու Կաշե գյուղագարակները, այնտեղ քարոզել թոնդրակյան գաղափարներ և կազմակերպել համայնքներ։ Այնուհետև շարժման մեջ են ներքաշել իշխան Վրվեռին և, Կունծիկ Աբեղայի գլխավորությամբ, գավառի մյուս թոնդրակեցիների հետ կործանել վերոհիշյալ ու հարևան Բազմաղբյուր (Խաչ) գյուղերի եկեղեցիներն ու սրբավայրերը։ Գավառի թեմակալ Սամվել եպիսկոպոսն ու ավատատերերը ճնշել են այդ ընդվզումը, հալածել թոնդրակեցիներին և նրանց վեց առաջնորդներին ձերբակալել ու աղվեսադրոշմել։ Հավանաբար այդ վեցի մեջ են եղել նաև Կամարան և Ախնին։ Դրանից հետո նրանց մասին տեղեկություններ հայտնի չեն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 199)։ |