Թեմական դպրոցը հոգևոր ուսումնական հաստատություն է Անդրկովկասում։ Ցարական կառավարության՝ 1836 թվականին հրապարակած «Կանոնադրության» («Պոլոժենիե») հիման վրա ռուսահայ յուրաքանչյուր թեմ պետք է ունենար իր թեմական դպրոցը։ Այդպիսի դպրոցներ են բացվել Թիֆլիսում (1837 թվականին Ներսիսյան դպրոցն ստացել է թեմականի կարգավիճակ), Երևանում (1837 թ.), Շուշիում (1838 թ.), Աստրախանում (1838 թ.), ավելի ուշ՝ Նոր Նախիջևանում (1880 թ.), Շամախիում (1884 թ.)։ Թեմական դպրոցների նյութական միջոցները գոյացել են թեմի եկեղեցական կալվածքների եկամուտներից, նվիրատվություններից, ունևոր ծնողների զավակներից գանձվող ուսման վարձից։

1836 թվականի «Պոլոժենիե»-ն

Թեմական դպրոցները հիմնադրման սկզբնական շրջանում

խմբագրել

Սկզբնապես թեմական դպրոցը եղել է երեքդասյա, ունեցել գիշերօթիկ բաժիններ, թեմական որդեգիրներ։ Ուսումնական ծրագրերում ընդգրկվել են կրոնական առարկաներ՝ Հին և Նոր կտակարանների պատմություն, քրիստոնեության վարդապետություն, Հայ եկեղեցու պատմություն, ավանդվել են նաև ընդհանուր, Հայոց և Ռուսաց պատմություն, հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու, ֆրանսերեն։ Կադրերի և դասագրքերի պակասության պատճառով որոշ առարկաներ դասավանդվել են ռուսերեն։ Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցու նախաձեռնությամբ թեմական դպրոցների համար ընդունվել է կանոնադրություն (1859 թվականին՝ Շուշիում, 1861 թվականին՝ Ներսիսյան և Երևանի դպրոցներում)։

Թեմական դպրոցը 1860-1880-ական թվականներին

խմբագրել

Թեմական դպրոցը, ունենալով համեմատաբար տևական կյանք, դարձել է ժամանակի (1860–1870 թվականներ) լուսավորական շարժմանը ուղղություն տվող կենտրոն, հասարակական տարբեր խմբավորումների ու հոսանքների պայքարի ասպարեզ։ Ազգային վերածննդի ընթացքը դպրոցը մոտեցրել է ժողովրդին՝ ընդգծելով նրա ժողովրդական, աշխարհիկ բնույթը։ Ընդլայնվել են դպրոցի շրջանակները, մեծացել ուսման ծավալն ու դասարանների թիվը, մուտք են գործել բնական գիտությունները, որոնք էլ պայմանավորել են նրա բազմակողմանի հանրակրթական ուղղությունը։ 1869 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին ընդունել է ընդհանուր կանոնադրություն, կարևորել ժողովրդի՝ աշխարհականներից ու հոգևորականներից ընտրած հոգաբարձության դերը, որի նախագահը եկեղեցու հսկողությունն ապահովող թեմական առաջնորդն էր։

1884–1886 թվականներին թեմական դպրոցների նշանակությունն ավելի է մեծացել, քանի որ դրանք, ինչպես և Գևորգյան ճեմարանը այդ շրջանում, եղել են միակ ուսումնական հաստատությունները, որոնք պատանիներին տարրականից բարձր հայեցի կրթություն տալու հնարավորություն են ունեցել։ 1886 թ.-ին Մակար Ա Թեղուտցին թեմական դպրոցի մակարդակը բարձրացնելու նպատակով հաստատել է միասնական նոր ծրագիր։ Վերացվել են նախապատրաստական դասարանները, ստեղծվել է վեցդասյա կազմ (լրիվ միջնակարգ)։ Կրոնական մի քանի առարկաներից բացի ավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, ֆրանսերեն, ընդհանուր, հայոց, ռուսաց պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ձայնագրություն և այլն։ Նկատելիորեն ավելացել է աշակերտների թիվը, ուսուցիչների մեծ մասն ունեցել է բարձրագույն կրթություն։

Ներսիսյան դպրոցը

խմբագրել
 
Ներսիսյան դպրոցը

Թեմական դպրոցի և արևելահայ կրթական ողջ համակարգում բացառիկ դեր է կատարել Ներսիսյան դպրոցը։ Այստեղ են ծնունդ առել մանկավարժական առաջադեմ մտքերն ու գործերը, այստեղից են հայ պատանիները մեկնել բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Այս առաջընթացին մեծապես նպաստել է լուսավորիչ, մանկավարժ Ստեփանոս Նազարյանի տեսչական գործունեությունը (1869–1871 թթ.) Ներսիսյան դպրոցում։ 1836 թվականին բացվել է հինգերորդ դասարան, 1877 թվականին՝ վեցերորդ, 1878 թվականին՝ յոթերորդ, որը Ա. Մանդինյանի նախաձեռնությամբ դարձել է մանկավարժական դասարան, իսկ 1881–1885 թվականներին Ա. Բահաթրյանի ղեկավարությամբ ուսուցիչներ է պատրաստել ազգային դպրոցների համար։ 1880-ական թվականների կեսին դպրոցն արդեն լրիվ միջնակարգ էր (կոչվել է նաև դպրանոց կամ սեմինարիա), որտեղ սովորել է մոտ 500 աշակերտ։ Այստեղ հայ ազգային դպրոցի որոշակի համակարգ ձևավորելու գործում անգնահատելի են Պ. Շանշյանի մանկավարժական եռանդուն գործունեությունն ու նորամուծությունները։ Նա մտցրել է հայոց լեզվով դասավանդում, արգելել ծեծը, աշխուժացրել ստեղծագործական մթնոլորտը։ Պերճ Պռոշյանը նրա տեսչական գործունեության շրջանը համարել է ոսկեդար։

Երևանի թեմական դպրոցը

խմբագրել

Երևանի Թեմական դպրոցն աշխուժություն է ապրել 1872 թվականից՝ Խորեն Ստեփանեի տեսչության շրջանում։ 1876 թվականին նորընտիր հոգաբարձության կազմում ընտրվել են բանիմաց և գործունյա անձինք, տեսուչ է հրավիրվել Ս. Բեգնազարյանը։ Նա բացել է չորրորդ դասարան, մտցրել մի շարք նոր առարկաներ, սահմանել աշակերտական համազգեստ, աշխուժացրել գրադարանի գործունեությունը։ Չնայած այս ամենին, դպրոցը մնացել է թերի միջնակարգի մակարդակին. միայն 1877–1878 ուսումնական տարում ունեցել է վեցդասյա կազմ՝ լրիվ միջնակարգի կարգավիճակ։

Շուշիի թեմական դպրոցը

խմբագրել
 
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին

Շուշիի դպրոցի զարգացման համար մեծ նշանակություն է ունեցել Պետրոս Շանշյանի գործունեությունը (1863–1864 թթ.)։ Նա կարողացել է եվրոպական լավագույն սկզբունքները ներդնել գավառական Շուշի քաղաքում։ Վերելքի տարիներ են եղել նաև Մ. Պլուզյանի տեսչության օրոք (1870–1873 թթ.)։ Նա հատուկ ուշադրություն է նվիրել հայկաբանությանը, բարելավել հայոց լեզվի ուսուցումը, խրախուսել աշակերտների գրական փորձերը։ Մ. Պլուզյանին փոխարինած Խ. Ստեփանեն Շուշի է փոխադրել «Հայկական աշխարհ» պարբերականը։ Որոշակի քայլեր են արվել նաև Վ. Պապաջանյանի, ապա և բժիշկ Բ. Աղասարյանի տեսչության շրջանում։ Բարելավվել է բնական գիտությունների դասավանդումը, դպրոցը ձեռք է բերել լաբորատոր սարքավորումներ ու գործիքներ, ավելացել է աշակերտների թիվը։ 1880 թվականին Շուշի է հրավիրվել Սեդրակ Մանդինյանը։ Նա կազմակերպել է մանկավարժական հինգերորդ դասարան, որը հաջորդ տարում տվել է իր շրջանավարտները։ 1878–1879 ուսումնական տարում բացվել է վեցերորդ դասարան, և Շուշիի դպրոցը նույնպես դարձել է լրիվ միջնակարգ։

Շամախու դպրոցը

խմբագրել

Թեմականի անուն է կրել նաև Շամախու դպրոցը, սակայն չի կարողացել բարձրանալ ծխականի մակարդակից, իսկ 1896 թվականից պաշտոնապես դասվել է ծխական դպրոցների շարքը՝ շարունակելով գոյատևել թեմի աղքատիկ եկամուտներով։ 1896 թվականին Շամախու հայերը 400-ից ավելի ստորագրություններով նամակ են հղել Հայոց կաթողիկոսին՝ խնդրելով վերականգնել իրենց «միակ մխիթար հույս ու ապավեն» Թեմական դպրոցը։ Սակայն Մկրտիչ Ա Վանեցին մտադիր էր իր նշանակությունը կորցրած Շամախուց թեմի կենտրոնը տեղափոխել Բաքու։ Ցարական իշխանությունները խափանել են ինչպես կաթողիկոսի մտադրությունը, այնպես էլ Թեմական դպրոցներ բացելու հայերի հետագա փորձերը։

Նոր Նախիջևանի թեմական դպրոցը

խմբագրել

1880 թ.-ին Թեմական դպրոցների շարքը համալրվել է Նոր Նախիջևանի ուսումնական հաստատությամբ։ Քաղաքային դուման 1881 թվականին որոշել է հնդկահայ մեծահարուստ Մ. Բաբաջանյանի կտակած դրամագլխի տոկոսները հատկացնել նորաբաց Թեմական դպրոցին։ Թեմական դպրոցներում դասավանդել են Գաբրիել Պատկանյանը, Ստեփանոս Նազարյանը, Ա. Մանդինյանը, Ա. Բահաթրյանը, Պ. Շանշյանը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Կոմիտասը, Մակար Եկմալյանը, Երվանդ Շահազիզը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանը, Ստ. Լիսիցյանը, Ս. Բեգնազարյանը և հայ մշակույթի ուրիշ երախտավորներ, որոնք համառ պայքար են մղել հանուն ազգ. առանձնահատկությունների, լեզվի ու ոգու պահպանման։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո Թեմական դպրոցներն իրենց տեղը զիջել են միջնակարգ դպրոցներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո:  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 166