Լուսավորականությունը սոցիալական, գաղափարական շարժում է, որը պայքարում է ֆեոդալիզմի, կաթոլիկական եկեղեցու դեմ, բարձրացնում գիտության և գիտելիքի դերը հասարակության մեջ։ Այն սկսվել է տասնյոթերորդ դարում՝ սկիզբ դնելով բանականության հաղթարշավին։ Մի կողմից այն «հանում էր մարդուն անչափահասության վիճակից», բարձրացնում անհատի դերը, իսկ մյուս կողմից, ինչպես նշում է Ադորնոն. «ձգտում էր կործանել առասպելները և երևակայությունը գիտելիքի միջոցով»։ Սակայն, ինչպես իրավացիորեն շարունակում է Հաբերմասը. «Լուսավորականությունը կարելի էր համարել հաջողված, եթե արմատներից հեռանալը դառնար ազատում ( իմա` առասպելից - Ն. Մ.)»։ Այնինչ, ներկայիս համաշխարհային պատմությունը փաստում է, որ մեկ առասպելն իրական դառնալով, սկիզբ է դնում մեկ այլ առասպելի, տեղի է ունենում հեռացում արմատներից և ընդլայնվում է համաշխարհայնացման սահմանները։ Եթե մինչև լուսավորականության շրջանը առասպելը երևակայության ծնունդ էր, ապա լուսավորականությունից սկսած և մինչև այսօր` գիտելիքի։ Ըստ էության, գիտությունների զարգացումը (կենսաբանություն, մեխանիկա, ֆիզիկա) կասկածի է ենթարկում առասպելականը՝ տեղ տալով փաստարկված գիտելիքին, որն անհասկանալին դարձնում է հասկանալի՝ մարդուն ազատելով հեղինակապաշտությունից։ Արդյունքում ձևավորվում է քաղաքացիական գիտակցություն՝ կրոնական ինքնությունից անցում կատարելով քաղաքացիական ինքնությանը։ Անգլիայում լուսավորականության ներկայացուցիչներն են՝ Ջ. Լոկը, Ա. Կոլինզ, Ֆրանսիայում՝ Վոլտեր, Դիդրո, Ռուսո, Մոնտեսքյոն։ Լուսավորականությունը մեզ մոտ սկսվել է շատ ավելի ուշ, տասնութերորդ դարի սկզբին։ Մխիթարյան միաբանությունը լուսավորության տարածման սկզբնավորողներից մեկն է։ Ունենալով կաթոլիկների հովանավորությունը՝ մխիթարյանները հրատարակում էին գրքեր, կատարում ուսումնասիրություններ։ Հրատարակված գրքերից է Հ.Մ. Չամչեանի «Պատմություն հայոց» երեք հատորները, Հ. Ղ. Ինճիճեանի «Հնախոսութիւն հին Հայաստանեայց աշխարհի», «Դարապատում», «Ստորագրութիւն հին Հայաստանեայց»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 690