Էտրուսկյան արվեստ, էտրուսկների արվեստ, որ ընդգրկում է մ. թ. ա. IX-II դարերը:

Էտրուսկյան ձի, մոտ մ. թ. ա. VI: Բարձրություն՝ 20 սմ, վերականգնված տարբերակ

Էտրուսկյան արվեստի շուրջ գիտական շրջանականերում երկար ժամանակ գերիշխել է պաշտոնական այն մոտեցումը, որը ժխտել է դրա ինքնուրույն գոյությունը: Այդպիսի սկզբունային մոտեցումը էտրուսկների գեղարվեստական յուրօրինակ ժառանգության հանդեպ պայմանավորված է եղել այդ ժողովրդի ծագման խնդիրների շուրջ առկա ոչ միանշանակ տեսակետներով, էտրուսկների լեզվի առեղծվածայնությամբ, ինչպես նաև 18-19-րդ դարերում գեղագիտության մեջ առկա «հելլենակենտրոնությամբ»: «Հելլենակենտրոնությունը» չափանիշ էր համարում հին հունական արվեստի գլուծխգործոցները և էտրուսկների ու հին հույների համեմատության մեջ երկրորդական նշանակություն էր տալիս էտրուսկյան մշակույթի գործերին: Էտրուսկների վառ ինքնաբավությունն ու նրանց արվեստում «հակադասական ոգին» ըստ արժանվույն գնահատվել են միայն 20-րդ դարում[1]: Էտրուրիայի արվեստի թարմությունը, կենդանությունը հստակ տարորոշվում են՝ չնայած հունական ազդեցությանը և տարածքային զգալի տարբերությանը, որն առաջացել էր էտրուսկյան ժողովուրդներին լայն ինքնավարություն տալու արդյունքում: Էտրուսկների արվեստի ինքնատիպության հիմքում նրանց առանձնահատուկ աշխարհընկալումն է: Բնությանն ավելի մոտ էտրուսկները խորհրդանշական ձևով արվեստի յուրաքանչյուր գործի վերագրել են մոգական, կրոնական գործառույթներ, այդ պատճառով էլ նրանց արվեստն ավելի մոտ է Փոքր Ասիայի, Փյունիկիայի և Սիրիայի մշակույթին, քան հունական դասական արվեստին[2]:

ԲնութագիրԽմբագրել

 
Սարկոֆագ, մոտ 150—130

Էտրուսկների մշակույթի առաջին հուշարձանները վերաբերում են մ. թ. ա. 9-րդ դարի վերջին և 8-րդ դարի սկզբին: Էտրուսկյան քաղաքակրթության ձևավորման փուլն ավարտվել է մ. թ. ա. 2-րդ դարում, իսկ Հռոմը եղել է նրա ազդեցության տակ մինչև մ. թ. ա. 1-ին դարը[3]:

Էտրուսկյան քաղաքակրթությունը հիմնականում քաղաքային բնույթ է ունեցել: Հզոր պատերով քաղաքաները գտնվել են միմյանցից ոչ հեռու՝ Տիբեր և Առնո գետերի հովիտներում: Դրանցից են եղել Արեցոն, Կորտոնան, Կլուզիումը, Պերուջան, Չերվետերեն, Տարկվինիան: Նրանք երկար ժամանակ պահպանել են իտալական առաջին բնակավայրերի իրենց արխաիկ մշակույթը՝ առանձնահատուկ հետաքրքրություն դրսևորելով մահվան ու հանդերձյալ կյանքի նկատմամբ: Այդ պատճառով էտրուսկյան արվեստը զգալիորեն ավելի կապված է եղել դամբարանների ձևավորման հետ՝ ընդ որում ելնելով այն դրույթից, որ դրանցում եղած իրերը պետք է պահպանեն կապը ռեալ կյանքի հետ[3]:

Դամբարաններն ունեցել են տան տեսք: Դրանց միջոցով մահացածը հնարավորություն է ստացել շարունակելու իր գոյությունը[3]:

Հունական արվեստի ազդեցությունը զգացվում է էտրուսկյան արվեստի ողջ գոյության ընթացքում, սակայն այդ ազդեցությունը նկատելի է միայն արտաքին ձևերի վրա, քանի որ երկու մշակույթների աշխարհընկալումը շատ տարբեր է եղել:

  Արվեստը, որն առաջին հերթին ներկայացնում է մահը, ոչ այնքան կրոնին է առնչվում, որքան ենթագիտակցությանը, սակայն քանի որ ենթագիտակցությունը սնահավատության մութ տարածք է, ապա էտրուսկյան արվեստը երբեք մինչև վերջ չի կորցնում իր կապը առօրյա կյանքի հետ: Այլ կերպ ասած՝ դա արվեստ չէ, որը համարվում է մի ամբողջ մշակույթի ավարտ, օրինակ՝ դասական մշակույթի, այլ առօրյա, պրակտիկ կյանքի ծնունդ է, այնպիսի կյանքի, որին բնորոշ է մահվան նկատմամբ վախը, որից հարկ է լինում օրեցօր սահմանազատել քեզ: Այդ նույն պատճառով էտրուսկյան արվեստը խորը նատուրալիստական բնույթ ունի: Ավելին, հենց էտրուսկյան արվեստի առնչությամբ կարելի է առաջին անգամ կիրառել այդ եզրը: Էտրուսկների մշակույթը նատուրալիստական է, քանի որ մահից փրկվելու պայքարը գոյության իրականությունն է, և արվեստի միջոցով իրականությունը շարունակություն է ունենալու՝ չնայած չգոյության ոչ ռեալ սարսափելի միջավայրին: Սրանով է բացատրվում այն հանգամանքը, թե ինչու էտրուսկյան արվեստը, չնայած հունական արվեստի ձևերի լայն կիրառմանը, իր էությամբ հակադասական է: Ավելին, այն հակադասական առաջին ուղղությունն է, որ լայնորեն կիրառվել է հռոմեական արվեստում, ներթափանցել միջնադար և ավելի ուշ դարաշրջաններ՝ դառնալով հավերժական դասական իդեալիզմի մշտական հակաթեզը[3]:
- Ջ. Արգան, Իտալական արվեստի պատմություն
 


ՃարտարապետությունԽմբագրել

 
Էտրուսկյան տաճարի ռեկոնստրուկցիա
 
Կոզայի տաճարի ակրոպոլիսի ռեկոնստրուկցիա, մոտ՝ մ. թ. ա. 100 թվական

Էտրուսկների ճարտարապետությունը բավական զարգացած է եղել: Ամենից լավ պահպանվել են քաղաքային պատերը և դամբարանները:

Էտրուսկների քաղաքակրթության մեջ տաճարները մեծ նշանակություն չեն ունեցել: Հնագույն ժամանակներից էտրուսկների կրոնական ծիսակարգում կիրառվել են բաց սրբատեղիները. տաճարների շինությունը սկսվել է ավելի ուշ: Ամենահին շինությունը թվագրվում է մ. թ. ա. 6-րդ դարին: Էտրուսկներն իրենց սրբավայրերը կառուցել են փայտից ու կավից, այդ պատճառով էլ դրանք չեն պահպանվել և դրանց մասին պատկերացում կարելի է կազմել Վիտրուվիոսի տրակտատի և տաճարների թրծակավե հիմքի հիման վրա:

Տաճարները կառուցվել են ցածր սյուներով բարձր հիմքերի վրա: Դրանք իրենց տեսքով հիշեցնում են դորիական տաճարներ: Կենտրոնական սրահը ավելի մեծ է եղել եզրայիններից, իսկ մուտքի դուրս ցցված հատվածը հենվել է երկու շարք սյուների վրա: Տանիքները ծածկվել են կղմինդրով: Ծածկի եզրերին անտեֆիքսներ ու կերպարային ռելիեֆներ են եղել: Ֆրիզին պատկերվել են աստվածների կամ մարդկանց կերպարներ, իսկ ավելի ուշ դրանք զարդարվել են ծաղկային նախշերով: Թրծակավը ներկվել է վառ գույներով[3]:

Հասարակ շինությունները շքեղորեն ներկվել են: Անտեֆիքսներն ու ռելիեֆները, որոնք թաքցրել են փայտյա սյուները, ինչպես նաև ճակտոնազարդերը, որոնք պարզ ձևերից աստիճանաբար ձեռք են բերել քանդակային կոմպոզիցիաների տեսք[3]: Տաճարների շինարարության ժամանակ էտրուսկները հազվադեպ են քար կիրառել՝ դրանք օգտագործելով միայն հիմքի մեջ:

Էտրուսկների շինարարական տաղանդը լավագույնս դրսևորվել է քաղաքային պատերի ու դարպասների կառուցման մեջ: Դրանցից են, օրինակ, Պերուջայի և Վոլատերայի պատերն ու դարպասները[3]: Մ. թ. ա. 8-6-րդ դարերում կեղծ կամարների ու սյուների համար օգտագործվել է քարի շարում, իսկ գլանաձև ծածկերն ի հայտ են եկել հելլենիզմի ժամանակաշրջանում: Էտրուսկյան ամենահին ամրությունը Պոջիո Բուկոյի հողապատնեշն է (մ. թ. ա. 7-րդ դար):

Էտրուսկները եղել են տեղի ոչ կարծր տեսակի քարերի մշակման ու դրանք իրար միացնելու վարպետներ: Էտրուսկյան ճարտարապետության ձեռքբերումներից է քարե սալերը իրար վրա կիպ շարելը, որի վրա հենվել են կամարածածկերը: Կամարածածկը հետագայում դարձել է հռոմեական մշակույթի բնորոշ տարր[3]:

Էտրուսկների գլխավոր դամբարանները գտնվում են Օրվիետոյում, Տարկվինիայում, Կիուզիում, Չերվերտերեում: Մահացած մարդկանց էտրուսկները սովորաբար թաղել են հենց հողում, իսկ դրա վրա կոնաձև հողաթումբ են ձևավորել՝ դրանք շրջապատելով քարերով: Դիակիզումից հրաժարվելուց հետո էտրուսկները սկսել են մահացածներին թաղել հողում: Եղել են նաև քարանձավային թաղումներ, օրինակ՝ Սովանում: Դրանք սովորաբար բաղկացած են մի քանի շինություններից՝ հարթ կամ երկթեք տանիքով: Ամրության համար դրանց լրացուցիչ հենարաններ են հարմարեցվել: Պատերը հաճախ ներկվել են: Չերվերտերեի՝ նկարազարդ ռելիեֆով հենարանները զարդարվել են կենդանիներ, զենք ներկայացնող բազմագույն պատկերներով[3]:

Էտրուրիայի տները կառուցվել են չթրծված աղյուսից, իսկ հիմքերը լցրել են գետի քարերով: Տները հավանաբար եղել են միահարկ: Էտրուսկներն օգտագործել են հարթ կղմինդր:

Սուտրիում պահպանվել է էտրուսկյան ժայռափոր ամֆիթատրոն:

ԳեղանկարչությունԽմբագրել

 
Ֆրեսկոյի դրվագ Տրիկլինիայի դամբարանից, մոտ՝ մ. թ. ա. 470 թվական

Էտրուսկյան ֆրեսկոներում ամենից հետաքրքիրն այն է, որ դրանք պահպանվել են: Դրան նպաստել է էտրուսկների՝ ժայռափոր դամբարանները նկարազարդելու ավանդույթը: Իր ոճով էտրուսկյան գեղանկարչությունը աղերսներ ունի սկահակների զարդարման հետ: Հանդիպում են նաև բնակելի տների նկարազարդումներ: Դրանցից ամենահինը թվագրվում է մ. թ. 6-րդ դարին:

Էտրուսկների գեղանկարչությունը սերտորեն առնչվում է թաղման ծիսակարգի ճարտարապետությանը: Իր տեխնիկայով այն ֆրեսկոյի տարատեսակ է: Թեման հանգուցյաի երկրային կյանքի սյուժեներն են՝ ծիսական տեսարաններ երաժիշտների, պարողների հետ, որսի տեսարաններ, դիցաբանական սյուժեներ (հունական սկահակազարդարդարումից կամ Հունաստանից ժամանած նկարիչների աշխատանքներ): Այս պատկերների նպատակադրումը դրանց բնականությունն է: Շեշտադրված են պատկերվող կերպարների միմիկան, գունային հագեցվածությունը: Նկարչի գունագեղությունը նպատակ է հետապնդել հաղթելու դամբարանի խավարը, անել այնպես, որ հանգուցյալը տեսնի պատկերները, ինչի համար դրանք շեշտադրվել են: Գեղարվեստական սկիզբը երկրորդական պլան է մղվել, կերպարները հստակորեն տարորոշվում են ֆոնին, եզրագծերը հստակ սահմանազատված են, ժեստերը` չափազանցված, գույները` խտացված: Մ. թ. ա. 5-րդ դարում ուժեղացել է հունական դասական արվեստի ազդեցությունը. եզրագծերը ավելի մեղմ են դարձել՝ նպաստելով ձևի պլաստիկայի արտահայտմանը, գույները դարձել են պակաս վառ, կերպարների շարժումները՝ ավելի ազատ: Սակայն պահպանվել է ոգին. նկարներն արտահայտում են կորսված իրականությունը[3]:

Ֆրեսկոներ են հայտնաբերվել Վեյի և Չերվերտերիի դամբարաններում, սակայն գեղանկարչության խոշորագույն կենտրոնը եղել է Տարկվինիա քաղաքը: Այնտեղի ոչ մեծ դամբարանը վկայում է, որ արդեն մ. թ. ա. 7-րդ դարում էտրուսկները դամբարանները նկարազարդել են: Ֆրեսկոների ոճը նմանակում է սկահակազարդարման երկրաչափական ոճը: Վեյում գտնվող Կամպանայի դամբարանում պատկերված է երիտասարդ՝ ձիու վրա, որը առաջ է տանում տղամարդը, իսկ մնացած տարածությունը լցված է զարդանախշերով, կենդանիների և դիցաբանական հրեշների կերպարներով:

Նկարազարդումների մեծ մասն արված է ֆրեսկոյի տեխնիկայով: Պատերը խոնավացվել են, ծածկել ծեփածոյով, որի վրա փայտով արվել են պատկերների ուրվագծերը: Եզրագծերը ներկվել են: Վաղ շրջանի ֆրեսկոներում գլուխն ու ոտքերը պատկերված են կիսապատկերով, իսկ ուսերը՝ դիմահայաց:

Առաջին ֆրեսկոներից են Ցլերի դամբարանի ֆրեսկոները (մ. թ. ա. 540-530 թվականներ): Այստեղ նկարազարդված է մի պատը: Ճակտոնի տակ պատկերված են երկու ցուլեր, նաև էրոտիկ պատկերներ: Գլխավոր սալին հունական էպոսից հատված է. Աքիլլեսը սպասում է Տրոյայի արքա Պրիամոսի որդուն:

Այս շրջանից ի հայտ են գալիս հրաշալի նկարազարդումներ, որոնցից են Տրիկլինիայի դամբարանի ֆրեսկոները. դրանք թվագրվում են մ. թ. ա. 470 թվականին: Դռան մուտքից աջ և ձախ ձիավորների կերպարներ են, դռան դիմացի պատին՝ խնջույքի երեք սրահ: Կողմնային պատերին պատկերված են հինգ պարողներ և երաժիշտներ: Կերպարների ժեստերը ներդաշնակ են, շարժումները՝ շքեղ:

Ուշ դասական շրջանի պատկերները (մ. թ. ա. 4-րդ դար) տարբերվում են սյուժեների փոփոխությամբ և աշխատանքի տեխնիկայով: Երևում է հեռանկարը, դիրքերը մտացածին են: Այդպիսի պատկերների օրինակ են Գոլինայի դամբարանի ֆրեսկոները: Զվարճությանը փոխարինելու է գալիս մելանխոլիան: Նոր զգացմունքն արտահայտված է Օրկայի դամբարանում պատկերված կնոջ հայացքում: Մռայլ տրամադրությունը պահպանվում է նաև հելլենիստական շրջանում: Նկարազարդված վերջին դամբարաններից մեկը գտնվում է Տարկվինիայում: Տիփոնի մարմինը լարված է. այն պատկերված է մեծ վարպետությամբ, ինչը համապատասխանում է հելլենիստական ավանդույթներին:

ՔանդակագործությունԽմբագրել

Քանդակագործությունը, չնայած դրա հիմքում վախճանաբանության դրույթի առկայությանը, այլ կերպ է կապված էտրուսկյան հասարակության ռեալ աշխարհին: Բացի հանգուցյալների պաշտամունքից՝ պլաստիկան ունեցել է այլ գործառույթներ ևս. գոյություն է ունեցել դեկորատիվ խոշոր պլաստիկա և փոքր պլաստիկա տան միջավայրի ձևավորման համար: Թաղման ծիսակարգում քանդակները եղել են կանոպաների և սարկոֆագների տեսքով: Վիլլանովյան մշակույթում գերիշխել են երկրաչափական կրկնվող ձևերը, որոնք եղել են թրծակավե և բրոնզե առարկաների վրա: Երկրաչափական ոճը, որը դրսևորվել է մ. թ. ա. 7-րդ դարից, Էտրուրիա է բերել Հունաստանի և արևելյան միջերկրածովյան շրջանի իրերի բազմազանությունը: Ազդեցությունը եղել է շատ ուժեղ: Էտրուսկները կրկնօրինակել են, յուրացրել, խառնել զարդանախշերը, մինչև ստացել են իրենց ոճը[3]:

Սակայն մ. թ. ա. 7-րդ դարի քանդակների մի տեսակ եղել էլ տեղի վարպետների ձեռքբերումը. դա հուղարկավորման՝ մարդկային գլխի տեսք ունեցող զամբյուղն է (կանոպա)՝ կավից կամ բրոնզից, որ ունի կափարիչ: Գրեթե նույն ժամանակաշրջանում ի հայտ են եկել այդ քանդակները: Մոտ մ. թ. ա. 600 թվականին Էտրուրիայում սկսվել է արխաիկ դարաշրջանը, որը շարունակվել է մինչև մ. թ. ա. 475 թվականը:

Մ. թ. ա. 7-րդ դարին են առնչվում Կլուզիումայի կանոպաները: Անոթը կրկնօրինակում է մարդկային մարմինը՝ իհարկե սխեմատիկորեն: Ձեռքերը ներկայացնում են բռնակները, կափարիչի գլուխը հանգուցյալի ինքնատիպ դիմակն է կամ նրա դիմապատկերը: Դրանք պատրաստվել են թրծակավից կամ մետաղից: Այս պլաստիկան վերաբերում է միջերկրածովյան հնագույն շրջանին[3]:

Քարե քանդակներԽմբագրել

Քարե քանդակները ձևավորվել են որպես մահարձաններ: Մ. թ. ա. 6-րդ դարի ընթացքում էտրուսկները յուրացրել են հունական սկահակազարդարումը, սակայն Էտրուրիայի քաղաքներում արվեստը եղել է խիստ յուրօրինակ. դա հատկապես վերաբերում է քարե խորաքանդակներին:

Բրոնզե քանդակներԽմբագրել

Էտրուսկներն ավելի մեծ հաջողության են հասել բրոնզի հետ աշխատանքում: Կամպանիայում պատրաստվել են բրոնզե զամբյուղներ՝ զարդարված կերպարներով: Բրոնզը կիրառել են կահույքի, հայելիների, մարտակառքերի պատրաստման ժամանակ:

Թրծակավե քանդակներԽմբագրել

Էտրուսկների պատրաստած թրծակավե իրերը նույնպես բարձրակարգ են եղել: Հատկանշական է Չերվետերիի սարկոֆագը, որը վերաբերում է մ. թ. ա. 520 թվականին: Այն զարդարված է ամուսնական զույգի պատկերով: Իսկական գլուխգործոց է Վեյիի՝ չորս քանդակներից բաղկացած քանդակախումբը, որը թվագրվում է մ. թ. ա. 500 թվականին:

Մ. թ. ա. 6-րդ դարում դրսևորվել է հոնիական քանդակագործության ազդեցությունը: Էտրուսկ քանդակագործ Վուլկան (արխաիկ շրջանի միակ քանդակագործը, որի անունը հայտնի է) կամ նրա շրջապատից մեկը ստեղծել է Ապոլլոնի թրծակավե քանդակը, որը որպես զարդարանք է ծառայել տաճարի մուտքի համար: Հոնիական ազդեցությունը նկատելի է նյութի մշակման մեջ, որը լավ փոխազդեցության մեջ է լույսի հետ: Ի հայտ է գալիս լուսաստվերային ավելի կտրուկ հակադրություն: Կապիտոլիական գայլը նույնպես բնորոշվում է հոնիական ազդեցությամբ. մարմնի նուրբ մշակում, մորթու ոճավորված պատկերում, լույսի ու ստվերի խաղ: Մ. թ. ա. 5-րդ դարում Արեցոյի Քիմեռը մատնանշում է հոնիական ազդեցությունը, որն իր արտահայտչականության և լակոնիկ գծերի շնորհիվ գերազանցում է այդ հակադրությունը[3]:

ՍարկոֆագներԽմբագրել

Էտրուսկյան քանդակագործության յուրօրինակ դրսևորում են սարկոֆագները, որոնք սովորաբար թրծված կավից են պատրաստել: Դրանց կափարիչին պատկերվել է հանգուցյալի կիսապառկած կերպարը շատ հաճախ կնոջ հետ: Կերպարները, հատկապես նրանց դեմքերն ունեցել են մեծ նմանություն հանգուցյալի հետ: Այդ նմանությունն աստիճանաբար ավելի նատուրալիստական ու անհամեստ բաց է դարձել: Ֆիզիկական թերությունները, հիվանդության նշաններն ու ծերությունը բացահայտ պատկերվել են[3]:

Մ. թ. ա. 4-րդ դարից սարկոֆագների թեմատիկայում ու ճակատային ռելիեֆում նկատելի է դառնում հելլենիստական և էտրուսկյան արվեստների կապը, սակայն էտրուսկների դիմանկարային նատուրալիզմը միտված էր կերպարը դետալներով պատկերելուն, այն հնարավորինս իրականությանը մոտ ներկայացնելուն, նյութականացմանը: Հանգուցյալի կենսակերպը ընդգծվել է առավելագույնս, դրա համար նրան պատկերել են խնջույքներում: Էտրուսկյան դիմանկարներում հոգեբանական որոնումների կնիքը բացակայում է: Միակ հոգսը կենցաղի շոշափելիությունն ու կենսական լինելն է: Դա նկատելի է ուշ շրջանի մի քանդակում՝ «Օրատորում»: Այն օժտված է հռոմեական արժանապատվությամբ, ընդ որում առկա են էտրուսկյան մշակույթի ուշ շրջանին բնորոշ տագնապն ու մելանխոլիան[3]:

Սկահակների նկարազարդումԽմբագրել

 
Ալկեստիդայի բաժանումը Ադմետոսից

Մ. թ. ա. 6-5-րդ դարերում Հին Հունաստանի իտալական գաղութների ազդեցությամբ զարգացել է էտրուսկյան սկահականկարազարդումը կարմիր գույնով, որոնց սյուժեները ինչպես հունական, այնպես էլ սեփական էտրուսկյան դիցաբանությունից են վերցված:

ԶարդանախշԽմբագրել

Էտրուսկյան զարդանախշը ներկայացված է կտավներին: Էտրուսկները սիրել են պատկերել խաչեր և շրջանակներ[4]: Եռանկյունների ֆրիզը էտրուսկ նկարիչների նախընտրած զարդանախշային մոտիվներից է: Հանդիպում են նաև ալիքների տեսքով զարդանախշեր[5]:

ԳլիպտիկաԽմբագրել

 
Սերդոլիկից բազմակերպար բզեզաքար, մ. թ. ա. V դար: Պատկերված են Ադրաստը, Թիդեոսը, Պոլինիոսը, Պարթենոպեուսը և Ամփիարիուսը, Ֆիլիպ ֆոն Շտոշի հավաքածու, Բեռլինյան անտիկ հավաքածու

Էտրուրիայում գլիպտիկան ի հայտ է եկել մ. թ. ա. 6-րդ դարի վերջին և միանգամից հասել է բարձր մակարդակի հույն ներգաղթյալների շնորհիվ, որոնք, Ստրաբոնի և Պլինիոս Ավագի թողած ժլատ տեղեկատվության համաձայն, դարձել են քարի վրա փորագրության՝ էտրուսկների առաջին ուսուցիչը: Էտրուսկ աշակերտները դրսևորել են պահպանողականություն և երկար ժամանակ պահպանել են հելլեն արխաիկ փորագրողների ոճական ավանդույթները՝ սերդոլիկից բացառապես փորագրելով բզեզաքարեր: Էտրուսկ փորագրողները իրենց ազատություն են թույլ տվել միայն միջատի կառուցվածքի դետալների պատկերման և շքեղ նախշազարդման մեջ: Ի տարբերություն հույների՝ էտրուսկները կիրառել են քանդակաքարերը նաև որպես կնիքներ. վաղ ժամանակաշրջանի էտրուսկյան սաթե բզեզաքարերը՝ լոնդոնյան և կոպենհագենյան հավաքածուներից, նախատեսված են եղել զարդարանքի համար: Ի տարբերություն հին հունական գլիպտիկայի՝ էտրուսկները քանդակաքարերին չեն թողել փորագրողների անունները, այլ պատկերվող կերպարի, այդ թվում՝ հին հունական դիցաբանական կերպարների, սակայն էտրուսկյան տարբերակով:

Էտրուսկյան գլիպտիկայում խիստ ոճի վառ օրինակ է բեռլինյան սերդոլիկե բզեզաքարը՝ բարդ կոմպոզիցիայով, որում պատկերված է հին հույն հինգ հերոսների խորհուրդը Թեբեի դեմ առաջին արշավանքի ժամանակ: Դրան առաջին անգամ ուշադրություն է դարձրել Յոհան Յոախիմ Վինկելմանը, որը կազմել է «Հանգուցյալ բարոն Ֆոն Շտոշի փորագիր քարերի» հիմնական գրացուցակը[6]:

Դասական ժամանակաշրջանում էտրուսկյան գլիպտիկան լեցուն է սեփական դիցաբանական կերպարներով, որոնց տարորոշումը երբեմն դժվարություն է ներկայացնում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. О. Я. Неверов Глава III. Геммы загадочных этрусков // Геммы античного мира / под ред. Н. А. Сидоровой. — 1-е. — М.: Наука, 1982. — С. 53—54. — 144 с. — («Из истории мировой культуры»). — 185 000 экз.
  2. Ж.-Н. Робер Искусство // Этруски = Les Étrusques / пер. с фр. С. Н. Нечаева. — М: Вече, 2007. — С. 253. — 368 с. — (Гиды цивилизаций). — 5 000 экз. — ISBN 978-5-9533-1931-7
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 Дж. К. Арган. История итальянского искусства. М., 2000. С. 54-59
  4. «Орнамент Древнего Рима»։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-26-ին։ Վերցված է 2014-05-30 
  5. Бронзовая этрусская скульптура юноши
  6. Вестник Европы: Соколова Е. В. О геммах в трудах И. И. Винкельмана. 2015

ԳրականությունԽմբագրել

  • Ильина Т. В. История искусств. Западноевропейское искусство. — 3-е изд.. — М.: Высшая школа, 2000. — 368 с.
  • Колпинский Ю. Д., Бритова Н. Н. Искусство этрусков и Древнего Рима. — М.: Искусство, 1982. — 175+342 ил. с. — (Памятники мирового искусства).
  • Соколов Г. И. Искусство этрусков и Древнего Рима. — 2-е изд.. — М.: Слово, 2002. — 208 с. — ISBN 5-85050-218-1
  • Этруски: италийское жизнелюбие / Пер. с англ. О. Соколовой. — М.: Терра, 1998. — 168 с. — (Энциклопедия «Исчезнувшие цивилизации»). — ISBN 5-300-01856-2

Արտաքին հղումներԽմբագրել