Մարկոս Վիտրուվիոս Պոլիո (լատին․՝ Marcus Vitruvius Pollio, մ.թ.ա. I դար), հռոմեացի ճարտարապետ, ճարտարագետ, ճարտարապետության տեսաբան։ Եղել է ջրաբաշխության և ռազմական մեքենաշինության մասնագետ։

Վիտրուվիոս
լատին․՝ Marcus Vitruvius Pollio
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 80
ԾննդավայրՀռոմեական Հանրապետություն
Մահացել էմոտ մ. թ. ա. 15
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մայրենի լեզուլատիներեն
ԵրկերDe architectura?
Մասնագիտությունճարտարապետ և գրող
 Marcus Vitruvius Pollio Վիքիպահեստում

Նրա «Տասը գիրք ճարտարապետության մասին» (լատին․՝ De architectura libri decem) երկը ճարտարապետության մասին անտիկ ժամանակաշրջանից մեզ հասած միակ աշխատությունն է և, ըստ հեղինակի վկայության, գիրքը գրելու պահին ճարտարապետության մասին լատիներեն լեզվով գոյություն ունեցող միակ ուսումնասիրությունը։ Վիտրուվիոսը ձոնել է երկը Օկտավիանոս Օգոստոսին։

Հեղինակը ընդհանրացնում է հունական և հռոմեական ճարտարապետության փորձը, քննում է քաղաքաշինական, ճարտարագիտական-տեխնիկական ուղեկցող հարցերը և գեղարվեստական ընկալման սկզբունքները։

Աշխատությունում առաջին փորձն է արվել համադրելու գեղագիտական-փիլիսոփայական և տեխնիկական-շինարարական խնդիրները գործնական իմաստով։ Վիտրուվիոսը առաջադրել է ճարտարապետության տեխնիկական, գործառական և գեղագիտական միասնության գաղափարը, կառույցի նկատմամբ՝ «ամրություն, օգտակարություն և գեղեցկություն» սկզբունքը։

Դասական ճարտարապետության ընկալման՝ Վիտրուվիոսի ռացիոնալ տեսակետը մեծ ազդեցություն է ունեցել Եվրոպայում։

Վիտրուվիոսը տեղեկություններ է տալիս նաև այն մասին, որ տրակտատներ են գրել հույն ճարտարապետներ Իկտինոսը, Խերսիֆրոնը, Թեոդորոս Սամոսացին և ուրիշներ։

Նկարագրել է ուշ հելլենիստական շրջանի Ալեքսանդրիայի, Անտիոքի շենքերը, Փոքր Ասիայի, Հարավային Կովկասի, Հոնիայի տները, դասակարգել կառույցներն ըստ տիպերի, երկրների և ժողովուրդների, վեր հանել շինարարական տեխնիկայի տարբերությունները Արևմուտքում և Արևելքում։

Միջնադարում գրեթե մոռացության մատնված տրակտատը սկսած Վերածննդի դարաշրջանից և հատկապես կլասիցիզմի ժամանակաշրջանում ուսումնասիրվել է, թարգմանվել բազմաթիվ լեզուներով, մեծ նշանակություն ունեցել մասնավորապես օրդերների կանոնիկ ձևերի մշակման գործում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտրուվիոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։