Զգացմունքների դաստիարակություն

«Զգացմունքների դաստիարակություն» (ֆր.՝ L'Éducation sentimentale), Գյուստավ Ֆլոբերի վերջին վեպը, որ հրատարակվել է նրա կենդանության օրոք[1]։ Այն համարվում է դաստիարակչական վեպի գրական ավանդույթների կրող, հագեցած է սատիրական, պատմական, սոցիալ-հոգեբանական և ինքնակենսագրական մոտիվներով։ Համարվում է 19-րդ դարի՝ ամենամեծ ազդեցությունն ունեցած վեպերից մեկը և բարձր է գնահատվել Ֆոբերի այնպիսի ժամանակակիցների կողմից, ինչպիսիք են Ժորժ Սանդը[2] և Էմիլ Զոլան[3], սակայն քննադատության է ենթարկվել Հենրի Ջեյմսի կողմից[4]։

Զգացմունքների դաստիարակություն
ֆր.՝ L'Éducation sentimentale
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրrealist novel?
Ձևվեպ
ՀեղինակԳյուստավ Ֆլոբեր
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուֆրանսերեն
Գրվել է1869
ՏեսարանՓարիզ
ՆախորդՍալամբո
ՎիքիքաղվածքԶգացմունքների դաստիարակություն
 L'Éducation sentimentale

Սյուժե

խմբագրել

Վեպի գործողություններն սկսվում են 1840 թվականին և շարունակվում 1848 թվականի հեղափոխական հուզումների և Նապոլեոն III-ի իշխանության գալու ֆոնին։ Վեպի սյուժեի կենտրոնում բավականին ապահովված ընտանիքից սերող մի երիտասարդ է՝ Ֆրեդերիկ Մորոն, որը շոգենավով Փարիզից (որտեղ նա սովորել է իրավունք) իր հայրենի Սենի Նոժան մեկնելիս սիրահարվում բալզակյան տարիքի ամուսնացած կնոջ՝ Մարիա Առնուին։

Նոժանում նա հանդիպում է մանկության ընկեր և իր հետ նույն քոլեջում սովորած Շառլ Դելորիեին, որին երկու տարի չէր տեսել։ Նախկինում Ֆրեդերիկը ցանկացել է հայտնի գրող դառնալ, իսկ Շառլը տարված է եղել մետաֆիզիկայով և մտածել է «փիլիսոփայական ընդարձակ համակարգ, որը կարող է ամենալայն կիրառությունն ունենալ», իսկ այժմ զբաղվում է սոցիալական տնտեսությամբ։ Լինելով աղքատ ընտանիքից ՝ Շառլը ստիպված է եղել կիսատ թողնել իր կրթությունը և ծառայել որպես դպիր գավառում։ Ֆրեդերիկն էլ սկսել է վեպ հորինել Վալտեր Սքոթի ոճով, որտեղ հերոսն ինքն էր, իսկ հերոսուհին՝ տիկին Առնուն, բայց թողել է գրելը պատշաճ ոգեշնչման ու հաստատակամության բացակայության պատճառով։

Հետագայում ընկերները միասին բնակություն են հաստատում Փարիզում՝ Ֆրեդերիկի մոտ, և Շառլը փորձում է նրան համոզել՝ թողնել տիկին Առնուի մասին մտքերը, որի հետ հարաբերությունները և որի նկատմամբ տածած կիրքը մեծապես խոչընդոտում են այլ կանանց հետ հարաբերությունների հաստատմանը։ Սակայն նրա կրքի առարկան հավատարիմ է մնում ամուսնական և մայրական պարտքին։ Ֆրեդերիկը կյանքում իր տեղը իր գտնում. մեծ ժառանգություն ստանալով՝ նա ծույլ կենսակերպ է վարում, ճամփորդում, այդպես էլ չի ամուսնանում, չնայած ունենում է մի քանի սիրավեպեր․ «Բայց առաջին սիրո անմար հուշը գունաթափում էր նոր սերը, և կրքի սրությունը, զգացումի ողջ հմայքը կորչում էր։ Նրա մտքի հպարտ ձգտումները նույնպես խլացել էին։ Տարիներն անցնում էին, և նա համակերպվել էր մտքի անգործության, սրտի քարացածության հետ»։

1867 թվականի մարտին Ֆրեդերիկը տեսնում է տիկին Առնուին, որն այցելում է նրան դրամական պարտքը վերադարձնելու պատրվակով։ Այդ ժամանակ նա ծերացող ամուսնու հետ ապրում էր Բրետանում՝ խնայողության նկատառումներով։ Այդ հանդիպման ժամանակ նրանք վերադառնում են ընդհանուր հիշողություններին՝ հանգելով այն եզրակացության, որ սիրել են միմյանց և թեև չեն պատկանել միմյանց, միևնույն ժամանակ երջանիկ են եղել։ Չնայած նրանց վերջնական բաժանմանը, փոխադարձ խոստովանությունների արդյունքում Ֆրեդերիկը որոշակի գոհունակություն է ստանում․ «Նա ոչնչի համար չէր զղջում։ Նա պարգևատրվել էր բոլոր նախկին տառապանքների համար»։

Ավելի ուշ Ֆրեդերիկը հանդիպում է նաև Դելորիեի հետ, որի հետ հարաբերություններն ավելի վաղ ընդհատվել էին նրանց բնավորության անհամապատասխանության, քաղաքական հայացքների և սոցիալական կարգավիճակների տարբերության պատճառով։ Ֆրեդերիկը, վատնելով ստացած կարողության կեսից ավելին, վարում է բարեպաշտ բուրժուայի կյանք։ Շառլը, փոխելով բազմաթիվ մասնագիտություններ և զբաղմունքներ, աշխատում էր որպես արդյունաբերական ձեռնարկության իրավախորհրդատու։ Երկուսն էլ եկել են այն եզրակացության, որ նման ապագայի և կյանքի մասին չէ («երկուսի մոտ էլ այն չի հաջողվել, և նրա մոտ, ով երազում էր սիրո մասին, և նրա մոտ, ով երազում էր իշխանության մասին») նրանք միասին նախկինում մտածում էին։ Իրենց հույսերի չիրականացման համար նրանք մեղադրում էին ճակատագրի պատահականությանը, բնավորության գծերին, իրենց ծննդյան հանգամանքներին ու ժամանակին։ Ընկնելով երիտասարդական հիշողությունների գիրկը և հիշելով իրենց երիտասարդության մի զավեշտական դրվագ՝ նրանք համաձայնում են, որ դա լավագույնն է, ինչ նրանք ունեցել են կյանքում։

Ստեղծման պատմություն

խմբագրել

Առաջին «Զգացմունքների դաստիարակություն»

խմբագրել

1843 թվականի փետրվարին Ֆլոբերն սկսել է գրել «Զգացմունքների դաստիարակություն» վեպը, որի վրա աշխատանքն ավարտել է 1845 թվականի հունվարի 7-ին։ Նրա վաղ շրջանի մի շարք ստեղծագործությունների հետ միասին այս վեպը նույնպես նրա կենդանության օրոք չի տպագրվել։ Հետագայում գրողը դրան նորից չի անդրադարձել․ նրա նամակագրությունից հայտնի է, որ այդպիսի (ոչ լիովին արտահայտված) մտադրություն նա ունեցել է, բայց այն շարունակություն չի ունեցել[5]։ 1852 թվականին Ֆլոբերն իր ընկերուհուն՝ Լուիզա Կոլեին գրել է, որ այդ գիրքը համարում է գրչի առաջին փորձ, միևնույն ժամանակ, իր կարծիքով, ինքն այդտեղ անհաջողություն է կրել․ «Չէի վերափոխի, բայց մտածում եմ, որ հիմա կգրեի ավելի լավ։ Այնտեղ կա կիրք, բայց կարող էր լինել ավելի շատ ընդհանրացում»[6]։

Այդ վեպն առաջին անգամ հրատարակվել է 1910 թվականին և հետագայում բազմիցս վերահրատարակվել, այդ թվում նաև առանձին հրատարակություններով։ Ըստ նախկինում տարածված և հակասական տեսակետի՝ այն դիտարկվել է միայն որպես Ֆլոբերի՝ հասուն տարիքում գրված համանուն վեպի առաջին խմբագրություն, սակայն ժամանակակից ուսումնասիրողները խուսափում են այն կոչել 1869 թվականի նույնանուն վեպի «տարբերակ» կամ «խմբագրությունW՝ ընդունելով առաջին ստեղծագործության լիովին ինքնուրույն բնույթը[7][8][9]։ Չնայած ընդհանուր վերնագրին՝ ներկայում ֆլոբերագետներն այդ երկու վեպերը դիտարկում են որպես ինքնուրույն գրքեր, իսկ ֆրանսիական գրականագիտության և գրահրատարակության մեջ ավանդույթ է ձևավորվել գրողի առաջին խոշոր ստեղծագործությունը կոչել «1845 թվականի «Զգացմունքների դաստիարակություն» (գրքի վրա աշխատանքն ավարտելու տարեթվով) կամ «Առաջին «Զգացմունքների դաստիարակություն» (ֆր.՝ Première éducation sentimentale)[10]։ Վեպի ռուսերեն առաջին հրատարակության (2005 թվական) նախաբանում ռուս գրականագետ և թարգանիչ Սերգեյ Զիկինը գրել է գրականության ոլորտում նման երևույթի եզակիության մասին[7]

  Լինում է և բավական հաճախ, որ գրողը վերահրատարակում է իր նույն գիրքը տարբեր անվանումներով։ Խիստ բացառիկ է հակառակ դեպքը, երբ նույն վերնագրով լույս են տեսնում նույն հեղինակի երկու տարբեր ստեղծագործություններ։ Ֆլոբերի «Զգացմունքների դաստիարակությունը» հենց այդպիսի բացառություն է։
 

Նման տեսակետ է հայտնել նաև Բորիս Ռեիզովը՝ նշելով, որ Ֆլոբերի առաջին վեպը «ընդհանուր ոչինչ չունի նույն վերնագրով 1869 թվականին տպագրված վեպի հետ»[11]։ Գրականագետ Տ. Սոկոլովան գրել է, որ «այդ երկու վեպերից յուրաքանչյուրն ինքնուրույն ստեղծագործություն է, որ ունի իր սյուժեն, իր կերպարները՝ իրենց յուրահատուկ բնավորություններով ու ճակատագրերով»[12]։ Ֆրանսիական քննադատության մեջ «Առաջին «Զգացմունքների դաստիարակությունը» դիտարկվում է որպես Ֆլոբերի առաջին խոոր աշխատանքն ու պատանեկան տարիքին վերաբերող վերիջին ստեղծագործությունը, որպես վարպետորեն ավարտված տեքստ, որում արտացելվել է մեծագույն տաղանդի կայացումը[13]։

Երկրորդ «Զգացմունքների դաստիարակություն»

խմբագրել
 
Պիեռ Ֆրանսուա Էժեն Ժիրո, Գյուստավ Ֆլոբերի դիմանկարը (շուրջ 1856)

1862 թվականի մարտին Ֆլոբերը, խոսելով իր գրական նախագծերի մասին, Գոնկուր եղբայրներին ասել է, որ ի թիվս այլ մտահղացումների իրեն հետաքրքրում է վեպը՝ որպես ժանր․ «Նա դեռ կցանկանար գրել երկու-երեք ոչ մեծ վեպեր՝ ոչ բարդ, շատ պարզ․ ամուսին, կին, սիրեկան»[14]։

Նոր վեպի վրա աշխատանքը շարունակվել է շուրջ յոթ տարի և ավարտվել 1869 թվականի մայիսին։ Գրողի այդ ժամանակաշրջանի նոթատետրերում պահպանվել են ուրվագրեր ու գրքի պլանը «Տ-ն Մորո (վեպ)» խորագրով։ 1863 թվականին Միշել Լևին (ֆր.՝ Michel Lévy)՝ Ֆլոբերի «Սալամբո» պատմական վեպի հրատարակիչը, նրա հետ պայմանագրում իրեն է վերապահել գրողի հաջորդ ստեղծագործության հրատարակումն այն պայմանով, որ այդ ստեղծագործությունը պետք է նվիրված լինի ժամանակակից կյանքին։

 
Ֆլոբերի ամառանոցը Կրաուսում՝ Ռուանի մոտ, որտեղ նա գրել է իր գրքերի մեծ մասը (ներկայում այն գրողի թանգարանն է

1864 թվականի սկզբից գրողն սկսել է ուսումնասիրել մեծ քանակով տարատեսակ գրականություն՝ նվիրված վեպի պատմական հիմքին ու համայնապատկերին (1840 թվականի սեպտեմբերի կեսեր – պետական հեղաշրջում 1851 թվականի դեկտեմբերին)։ Ֆլոբերը մանրամասն ուսումնասիրել է 1847-1848 թվականների մամուլը։ «Ես խեղդվում եմ հին թերթերի մեջ»,– հայտնել է նա իր զարմուհի Կարոլինա Կոմմանվիլին 1865 թվականի փետրվարին[5]։

«Փարիզյան վեպի» վրա աշխատելիս Ֆլոբերն իր համար սովորական բծախնդրությամբ ու բարեխղճությամբ որոշ ժամանակ հաճախել է դեպուտատների պալատի գրադարան, դիմել անհրաժեշտ ուղեցույցների ու մեկնաբանությունների համար, ուսումնասիրել տարբեր հիմնարկությունների ու ծառայությունների կառուցվածքը, ծանոթացել բորսայական խաղին։ Այսպես, ազդեցիկ քննադատ Շառլ Օգյուստեն դը Սենտ-Բյովին գրած նամակում գրողը նրան խնդրել է իրեն տեղեկություններ տալ այդ տարիների «նեոկաթոլիկական շարժման» վերաբերյալ[15]․ «Ես, բնականաբար, պետք է իմանամ ամեն ինչ և աշխատանքին ձեռնամուխ լինելուց առաջ՝ շոշափել ժամանակի ոգին»[5]։ 1866 թվականի նոյեմբերին Ժորժ Սանդը մեկ շաբաթ հյուրընկալվել է Գուստավի՝ Կրուասում գտնվող կալվածքում, որտեղ նրա խնդրանքով մանրամասն պատմել է «48 թվականի մարդկանց» ու իրադարձությունների մասին՝ նշելով նրանց «ավելի շուտ բարի հոգին, քան խելքը»[5]։ Վեպի վրա աշխատանքը դանդաղ է առաջ գնացել գրողի հայտնի մանրախնդրության, դետալներին, ժամանակաշրջանի ոգուն և նրա գեղագիտական սկզբունքներին հավատարիմ մնալու հակման պատճառով։ Այսպես, 1864 թվականի հոկտեմբերին նա հայտնել է, որ յոթ շաբաթ լարված աշխատանքի արդյունքում գրել է միայն տասնհինգ էջ[16]։ 1866 թվականի դեկտեմբերին Ֆլոբերը Ժորժ Սանդին գրել է․ «․․․ամբողջ երկու օր չարչաչվում եմ մի պարբերության վրա, և ինձ մոտ ոչինչ չի ստացվում։ Երբեմն ես ուզում եմ լացել»։

Գրողի՝ դետալների ջանասիրաբար մշակման և մանրախնդրության մասին մանրամասն գրել է Էմիլ Զոլան, որը նշել է, որ Ֆլոբերն իր գրքերի վրա աշխատել է որպես «բենեդիկտական»։ Նրա կարծիքով՝ «բացառիկ բարեխղճությունը» Ֆլոբերի տաղանդի առավել բնութագրական առանձնահատկություններից է[17]

Եթե նա պետք է նկարագրի ինչ-որ տեղանք, նա ինքը կուղևորվի այդտեղ և նույնիսկ կապրի այնտեղ մի որոշ ժամանակ։ Այդպես եղել է «Զգացմունքների դաստիարակության» առաջին գլխի դեպքում, որն սկսվում է Սենով Փարիզից Մոնտերո շոգենավով կատարվող ճանապարհորդության նկարագրությամբ․ Ֆլոբերը հաղթահարել է այդ ամբողջ ճանապարհը կաբրիոլետով, քանի որ շոգեքարշներ այնտեղ վաղուց չկան։ Նույնիսկ այն դեպքերում, երբ նա պետք է տա մտացածին նկարագրություն, նա սկսում է որոնել տեղանք, որը հարմար կլիներ որպես երևակայական բնապատկեր, և կհանգստանա միայն այն ժամանակ, երբ իսկապես գտնի բնության անկյուն, որը մերձավորապես հիշեցնում է այն, որը ներկայանում է իր պատկերացման մեջ։

— Էմիլ Զոլա, Գյուստավ Ֆլոբեր

1868 թվականի մայիսին Ֆլոբերը Ժորժ Սանդի համար կարդացել է դեռ անավարտ ստեղծագործությունը, ինչից հետո վերջինս դրա մասին իր օրագրում գրել է․ «Ինձ հմայեցին երեք հարյուր հրաշալի էջերը»։ 1869 թվականի մայիսի 23-ին Ֆլոբերը գրել է իր զարմուհի Կորոլինային, որ վեպն ավարտվել է, և մնում է միայն կարգի բերել ձեռագիրը․ «Ես այնքան գերհոդնած եմ, որ հազիվ են ուժերս հերիքում քեզ գրելու։ Այժմ, երբ վեպն ավարտված է, ես տեսնում եմ, թե ինչքան եմ հոգնել»։ Վեպի վերջնական տարբերակը գրողն ավարտել է 1869 թվականի նոյեմբերին։

Համարվում է, որ վեպի վերնագրում հղում կա Լորենս Սթեռնի «Սենտիմենտալ ճանապարհորդություն Ֆրանսիայում և Իտալիայում» (1768) գրքին և նշում նրա՝ դաստիարակչական վեպի ավանդույթին ու ժանրին պատկանելու մասին։ Մաքսիմ Դյուկանը Ֆլոբերին առաջարկել է վեպն անվանել «Միջակ մարդիկ» (ֆր.՝ Les gens médiocres)[18]։ Ֆլոբերն ինքը գրել է, որ իսկական անունը պետք է լիներ «Անհաջողակները» (ֆր.՝ Les fruits secs), բայց ի վերջո թողել է «Զգացմունքների դաստիարակություն»՝ ավելացնելով ենթավերնագիր՝ «Երիտասարդ մարդու պատմությունը»[11]։ Համարվում է, որ Ֆլոբերի մոտ «Սենտիմենտալ դաստիարակություն» վերնագիրը նշանակում է ոչ միայն «զգացմունքայնության ձևավորում», այլև «դաստիարակություն զգացմունքների ազդեցությամբ»[7]։ Վերնագրի վերաբերյալ Մարսել Պրուստը՝ Ֆլոբերի ստեղծագործության գնահատողներից մեկը, իր «Ընդդեմ Սենտ-Բյովի» էսսեների ժողովածուում գրել է․ «…վերագիրն այնքան գեղեցիկ է իր հաստատունությամբ, ի դեպ, պակաս հարմար չէ նաև «Տիկին Բովարիին», բայց այնքան էլ ճիշտ չէ քերականության տեսանկյունից»՝ նկատի ունենալով այն, որ այդ տեսանկյունից պետք է գրել «L’Education des sentiments», ոչ թե «սենտիմենտալ դաստիարակություն»[7]։ Էմիլ Զոլան վեպը կոչել է Ֆլոբերի «ամենաանձնական գիրքը»։ Ըստ գրողի կենսագիրների՝ վեպում որոշակիորեն արտացոլվել է ինքնակենսագրական նյութը և անձնական մոտիվներ, իսկ Ֆրեդերիկ Մորոյի ու Սոֆի Առնուի հարաբերությունները մասամբ գեղարվեստական արտացոլումն են Ֆլոբերի ու Էլիզա Շլեզինգերի՝ երաժշտական հրատարակիչ Մորիս Շլեզինգերի հարաբերությունների, որի հետ գրողը ծանոթացել էր 1836 թվականին, և որը վեպում հիշատակվել է Շ սկզբնատառով[19]։

Հրապարակում

խմբագրել
 
Սեբաստյեն Շառլ Ժիրո, Մաթիլդայի ճաշասենյակը (1854)

Վեպն առաջին անգամ հրապարակավ ընթերցվել է 1869 թվականին արքայադուստր Մաթիլդա Բոնապարտի մոտ։ Այն արժանացել է հիացական արձագանքների այդ բարձրաշխարհիկ սալոնում, ուր այցելում էին հայտնի գրողներ, և գնահատվել է որպես Ֆլոբերի նոր նշանակալի ձեռքբերում։ Վստահ լինելով այդ աշխատանքի հաջողությանը՝ նրա հրատարակիչ Լևին, ստանալով ձեռագիրը, նույնիսկ առանց կարդալու միանգամից ուղարկել է շարելու, սակայն հետագայում գրողի ցանկությամբ կատարել է բազմաթիվ ուղղումներ[5]։ Նույն թվականին լույս տեսած վեպի առաջին հրատարակությունն արժանացել սառը ընդունելության, և տպագրվել է ընդամենը մի քանի հարյուր օրինակ։ Վեպի նոր հրատարակությունում, որը լույս է տեսել 1880 թվականին, Ֆլոբերը կատարել է տարբեր տեսակի բազմաթիվ ուղղումներ[1][16]։

Քննադատություն և գնահատականներ

խմբագրել

Վեպի հրատարակումից հետո քննադատներն այն ընդունել են հիմնականում անբարյացակամությամբ։ Օրինակ՝ մամուլում նշել են, որ վեպը չունի կապակցված պատում, այլ բաղկացած է մասնատված դրվագներից, որոնցում գործում են միմյանց նման կերպարներ, ընդ որում՝ նրանք գրեթե ոչ մի կապ չունեն միմյանց հետ։ Գրողին մեղադրել են միզանտրոպիայի, բարոյական դատողությունից հրաժարվելու, ոճի և կոմպոզիցիայի օրենքները չհասկանալու մեջ, այսինքն՝ հենց այն բանի համար, ինչով բնութագրվում և գնահատվում է գրողի ստեղծագործության ոճն ու առանձնահատկությունները[20]։

Ֆլոբերն ինքը 1869 թվականի դեկտեմբերի 3-ին Ժորժ Սանդին ուղղված նամակում հայտնել է, որ իրեն «թունդ հայհոյում են մամուլում» և «անվանում են տխմար և խաբեբա»[5]։

Բարբե դ’Օրեվիլյիի հոդվածը («Կոնստիտյուսիոնել») այս ժանրի օրինակելի նմուշներից է, իսկ փառավոր Ֆրանցիսկ Սարսեի երկը, թեև նույնքան կոպիտ չէ, ոչ մի կերպ չի զիջում նրան։ Այս պարոնները կոչ են անում բարոյականության և իդեալականի։ Անբարյացակամ արձագանքներ են եղել նաև «Ֆիգարոյում» և «Պարի Ժուռնալում», Սեզենի և Դյուրանտի հեղինակները։ Ես խորապես թքած ունեմ նրանց վրա։ Եվ այնուամենայնիվ, ինձ զարմացնում է նման ատելությունն ու անբարեխղճությունը։ Բայց «Տրիբյունը», «Պեին» և «Օպենյոն Նասիոնալը» ինձ երկնքից վեր են բարձրացրել․․․

Բացի այդ, նույն նամակում Ֆլոբերը հիասթափված նշում է ընկերների և ծանոթների խուսափողական արձագանքը, որոնց նա բաժանել է հեղինակային օրինակներն իր ընծայագրով․ «նրանք վախենում են վարկաբեկել իրենց և խոսում են ինձ հետ ամեն ինչի մասին, միայն թե ոչ այդ մասին»[5]։

Դ’Օրվիլյին իր հոդվածում գրել է․ «Թվում է, թե «Զգացմունքների դաստիարակության» հեղինակը հասունացնում է իր ստեղծագործությունները, որոնք այնքան դանդաղ ու դժվար են դուրս գալիս նրանից, հղիության նկատմամբ կռապաշտական վերաբերմունքով, նրա ժամկետը երկարացնող և հանգուցալուծումը դժվարացնող ավելի շատ են, քան մայրերի մոտ... վեպի բնորոշ հատկանիշը, որն այսպես անհաջող կոչվել է «Զգացմունքների դաստիարակություն», գռեհիկությունն է, նախևառաջ գռեհիկությունը, որը վերցված է այն առվից, որտեղ այն երկար մնացել է բոլորի ոտքերի տակ»[21]։ Այդ արտահայտության («ասես ես կեղտոտում եմ այն առուն, որտեղ լվացվում եմ») վերաբերյալ Ֆլոբերը Սանդին գրել է, թե այն իրեն ընդհանրապես չի վհատեցնում[5]։

Ժորժ Սանդը՝ Ֆլոբերի ընկերուհին, որի հետ նա ակտիվ նամակագրական կապ է ունեցել[22], վեպում տեսել է ճշմարտացի պատկերումը «այլասերված բուրժուազիայի» և « քառասնական թվականներին ռոմանտիկ ձգտումների ավարտի, երբ նրանք կոտրվել են՝ բախվելով բուրժուական իրականությանը»[19]։ Նա նշում է ստեղծագործության օրիգինալ մտահղացումը, Ֆլոբերի ճշգրտությունը դետալների և բնավորության պատկերման, բառերի ընտրության մեջ, բայց քննադատում է նրան պեսիմիզմի, բարոյական դասի բացակայության, հիասթափության և անզորության զգացումի համար, որը սիրավեպն առաջացնում է ընթերցողի մոտ․ «Ես հետագայում շատ էի մտածում այդ մասին՝ ինքս ինձ հարցնելով, թե ինչու այսպիսի հիանալի գրված և լուրջ ստեղծագործությունը հանդիպեց իր հանդեպ այդքան թշնամական վերաբերմունքի։ Այդ թերությունը կայացել է գործող անձանց՝ իրենց վրա աշխատելու բացակայության մեջ։ Նրանք միշտ ենթարկվում են փաստերին և չեն փորձում տիրել նրանց»[23]։

Քննադատ Թեոդոր դե Բանվիլը գրել է, որ այս վեպում Ֆլոբերին «վիճակված էր կանխագուշակել այն, ինչ կառաջանա միայն շատ ավելի ուշ՝ վեպ առանց վիպական հնարքների, տխուր, աղոտ, խորհրդավոր, ինչպես ինքը կյանքն է, և ընթացող հանգուցալուծումներով այնքան ավելի սարսափելի, որ նյութապես դրանցում դրամատիկական ոչինչ չկա»[24]։

Էմիլ Զոլան վեպին մի քանի գրախոսականներ է նվիրել նրա հրատարակություններից անմիջապես հետո, մասնավորապես, 1869 թվականի նոյեմբերի 28-ին «La Tribune» թերթում և 1879 թվականի դեկտեմբերի 9-ին «Le Voltaire» ամսագրում։ «Գուստավ Ֆլոբերը որպես գրող» մանրամասն հոդվածում (1875), որը ընդգրկված է «Նատուրալիստ վիպագիրները» ժողովածուում, ֆրանսիացի նատուրալիստների առաջնորդը Ֆլոբերին դասում է այդ հոսանքը ներկայացնող գրողների շարքին և «Զգացմունքների դաստիարակությունը» համեմատում է «Տիկին Բովարիի» հետ, սակայն, նրա կարծիքով, «Դաստիարակությունը» ավելի հեռուն է գնում Ֆլոբերի ամենահայտնի վեպից և պատկերում է մի ամբողջ սերնդի կյանք. «սա ինձ հայտնի բոլոր վեպերից միակ իսկապես պատմական վեպն է, վեպ, որը ճշմարտացորեն, ստույգ և լիարժեք վերստեղծում է անցած ժամանակները, ընդ որում՝ իրադարձությունները զարգանում են միանգամայն բնական․ ոչ ոք չի ուղղորդում նրանց ընթացքը»[17]։ Զոլան նշել է, որ «Զգացմունքների դաստիարակության» հեղինակը հրաժարվել է սյուժեի և կոմպոզիցիայի ավանդական կառուցումից՝ ավանդական կենտրոնական դրամատիկ կոլիզիայի առկայությամբ, ձգտելով պատկերել «կյանքն օրեցօր, այնպիսին, ինչպիսին որ այն կա», աննշան իրադարձությունների իր շարունակական հոսքի մեջ, որոնք սովորաբար չեն գրավում գրողների ուշադրությունը, որոնցից ի վերջո ձևավորվում է «բարդ և սարսափելի դրամա»[17]։

Ոչ մի նախապես պատրաստված դրվագ, ընդհակառակը, փաստերի թվացյալ աններդաշնակությունը, իրադարձությունների սովորական ընթացքը, կերպարները, որոնք բախվում են, հետո անհետանում են և նորից հայտնվում, և այսպես այնքան ժամանակ, մինչև չասեն իրենց վերջին խոսքը,– ճնշվելով խառնաշփոթի մեջ, ինչպես անցորդները, որոնք դեսուդեն են գնում մայթին։ Սա մեր գրականության ամենայուրօրինակ, համարձակ և դժվար իրագործելի կոնցեպցիաներից մեկն է, որը բնավ չի տառապում խիզախության պակասից։ Գուստավ Ֆլոբերն անշեղորեն և մինչև վերջ հավատարիմ է մնացել իր պլաններին և աշխատել է այն կրքոտ նպատակասլացությամբ ու կամքով, որը կազմել է նրա տաղանդի ուժը։

Գի դը Մոպասանը, որը կրել է Ֆլոբերի ուժեղ ազդեցությունը և նրան համարել է իր գրական ուսուցիչը[25]՝ նշելով, որ Ֆլոբերի համար բնութագրական է, որ իր գրքերի էջերում ստեղծվող կյանքի պատկերը «խոհուն ընթերցողին համակում է անսփոփ վհատությամբ», գրել է․ «Ընթերցելով այդ մռայլ, անուրախ վեպը՝ յուրաքանչյուր ոք անհանգիստ հարցնում է իրեն, թե արդյոք նա ինքն էլ նրա տխուր կերպարներից մեկը չէ, այնքան շատ անձամբ վերապրած և ճնշող-տխուր բան կա այս վեպում»։ Մոպասանի հիշողությունների համաձայն՝ Ֆլոբերը նրան ասել է, որ լրիվ հիմնավորմամբ կարող էր այդ վեպին «Անհաջողակներ» անվանումը տալ, որպեսզի հասկանալի դարձնի նրա հիմնական միտքը[26]։

Սոմերսեթ Մոեմը, նշելով, որ ֆրանսիական քննադատության մեջ վեպը համարվում է գրական գլուխգործոց, չնայած դրան, գրում է, որ իր տեսանկյունից այն «խճճված է և ծանր է ընթերցվում»[27]։ Շատ ուսումնասիրողների նման Մոեմը կարծում էր, որ դրանում առկա են վառ արտահայտված ինքնակենսագրական մոտիվներ. «Նրա հերոսը՝ Ֆրեդերիկ Մորոն, մասամբ Ֆլոբերի դիմանկարն է, ինչպիսին գրողն է տեսել իրեն, իսկ մասամբ էլ Մաքսիմ դյու Կանի դիմանկարը, ինչպիսին նա տեսել է իր ընկերոջը, բայց այդ մարդիկ բոլորովին նման չէին իրար, որպեսզի արդյունքում հաջող խառնուրդ ստացվի։ Հերոսը դուրս է եկել անհամոզիչ և բոլորովին անհետաքրքիր»[27]։ Դրական կողմերի թվում անգլիացի գրողը նշել է վեպի սկիզբը, որը, նրա կարծիքով, հիանալի է, իսկ վերջին ժամադրության տեսարանի եզրափակիչ մասում «կա իր հզորությամբ եզակի մի տեսարան, որտեղ տիկին Առնուն (Էլիզա Շլեզենժեր) և Ֆրեդերիկը (Ֆլոբեր) բաժանվում են»[27]։

Բազմաթիվ և հակասական գնահատականներ են տրվել Ֆլոբերի վեպին նաև Ռուսաստանում[28]։ Իր «Էմիլ Զոլան Գուստավ Ֆլոբերի մասին» հանգամանալից հոդվածում Գ. Լարոշը փորձում է ընդհանրություններ գտնել ֆրանսիացի գրողի ստեղծագործության և ռուս գրականության միջև՝ նշելով առաջինի ոճական վարպետությունը. Լարոշը վեպում համահնչություն է գտնում «ավելորդ մարդու» թեմային ու գրական կերպարին, իսկ Ֆլոբերի աշխարհայացքը մոտ է համարում ռուս դասական Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությանը։ Նրա կարծիքով՝ Ֆլոբերի վեպը մոտ է «Մեռած հոգիներին», որովհետև երկու վեպերում էլ համադրվում են քնարականությունը և երգիծանքը, կան ընդհանուր գեղարվեստական հնարքներ և մի շարք աննշան կերպարներ[29]։

Ֆրանսիացի վիպասանի ստեղծագործության ուսումնասիրող Բորիս Ռեիզովը վեպում գտել է Բալզակի ստեղծագործության միջնորդավորված ազդեցությունը, ինչպես նաև հակասություններ նրա փիլիսոփայությանև գեղագիտության հետ։ Նրա կարծիքով, չնայած Ֆլոբերն իրեն ժամանակակից հասարակությունն ընկալել է որպես «Մարդկային կատակերգություն» վիպաշարի գաղափարների և կերպարների աշխարհի միջոցով, Բալզակի ազդեցությունը իր կրտսեր ժամանակակցի վրա հատուկ ձևով է․

Ֆլոբերն ընդունել է հասարակական հիվանդության նրա ախտորոշումը և նույնիսկ նրա ստեղծած կերպարները, բայց նա ոչնչացրել է այն հմայքը, որով Բալզակը շրջապատել է իր ապաբարոյականներին, փաստել նրանց ներքին ոչնչությունը և ծաղրել նրանց քաղքենիական հայացքները։ Նա պնդել է նրանց կարիերայի անիմաստությունը և անհնարինությունը, նա դուրս է բերել նրանց բալզակյան պատմությունները։ Դա Բալզակի անվիճելի ազդեցությունն էր և նրա նույնքան անվիճելի պսակազրկումը»[1]։

Ռեիզովի կարծիքով՝ այս վեպը լիարժեք իրավունքով կարելի է համարել պատմական, բայց ոչ առումով, ինչպես այն հասկանում էին նախկինում։ Վեպի պատմականությունը հասարակական հոգեբանության, ժամանակակից բարքերի պատկերման մեջ է, իսկ դրա գործողությունները կախված չեն քաղաքական իրադարձություններից. «Հերոսը չի մասնակցում դրանց, և դրանք քիչ են անդրադառնում նրա հոգեբանության վրա»[1]։

Ֆրանսիացի ստրուկտուրալիստ Ժերար Ժենետը նշել է, որ Ֆլոբերն ինքը այդ գիրքը համարել է իր գեղագիտական անհաջողությունը՝ կապված վեպի գործողության հագեցվածության, հեռանկարի, կառուցվածքի բացակայության հետ։ Սակայն այն որակները և առանձնահատկությունները, որոնք գրողը դասել է թերությունների շարքում, Ժենետը համարում է վեպի արժանիքներ, քանի որ դրանք առաջնային նշանակություն ունեն ժամանակակից գրականության համար։ Այսպես, նրա խոսքով, այստեղ «առաջին անգամ իրականացվում է ապադրամատիզացիա, գուցե նույնիսկ վեպի դեռոմանիզացիա, որտեղից սկիզբ կառնի ողջ նորագույն գրականությունը»[20]։

Էկրանավորումներ

խմբագրել

Վեպը բազմիցս էկրանավորվել է․

  • 1962 – «Զգացմունքների դաստիարակություն», կինոֆիլմ, ռեժիսոր՝ Ալեքսանդր Աստրյուկ, գլխավոր դերում՝ Ժան Կլոդ Բրիալի,
  • 1973 – «Զգացմունքների դաստիարակություն», մինի սերիալ, ռեժիսոր՝ Մարսել Կրովեն, գլխավոր դերում՝ Ժան-Պիեռ Լեոն[30],
  • 1973 – «Ֆրեդերիկ Մորո։ Հեռուստատեսային ֆիլմ», ներկայացում, գլխավոր դերում՝ Լեոնիդ Ֆիլատով,
  • 2001 – «Ամեն գիշեր» (ֆր.՝ Toutes les nuits), գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է առաջին «Զգացմունքների դաստիարակություն» վեպի հիման վրա[31], ռեժիսոր՝ Էժեն Գրին, արժանացել է Լուի Դելլյուկի մրցանակի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Реизов Б. Г Флобер // Французский роман XIX века. — М.: Высшая школа, 1977. — С. 165—209.
  2. «George Sand's criticism of ''L'Education sentimentale''». Pagesperso-orange.fr. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  3. «Emile Zola's article on ''L'Education sentimentale''». Pagesperso-orange.fr. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  4. «Henry James's discussion of Gustav Flaubert». Pagesperso-orange.fr. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Флобер Г О литературе, искусстве, писательском труде. Письма. Статьи: в 2 томах. — М.: Художественная литература, 1984. — Т. 2. — С. 22—81. — 503 с.
  6. Флобер Г О литературе, искусстве, писательском труде. Письма. Статьи: в 2 томах. — М.: Художественная литература, 1984. — Т. 1. — С. 160. — 519 с.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Флобер Г Первое «Воспитание чувств» / пер. с фр. И. Васюченко, Г. Зингера; предисл. и примеч. С. Зенкина. — М.: Текст, 2005. — 381 с.
  8. Модина Г. И. Ранняя проза Гюстава Флобера: становление творческой индивидуальности писателя: диссертация … доктора Филологических наук: 10.01.2003 / Модина Г. И.; [Место защиты: ФГБОУ ВО Московский государственный университет имени М. В. Ломоносова], 2017. — с. 288. — 473 с.
  9. Модина Г. И Портрет Художника. Ранняя проза Гюстава Флобера : монография. — М.: ФЛИНТА: Наука, 2016. — 408 с. — ISBN 978-5-9765-2571-9
  10. Amélie Schweiger Portrait de jeune écrivain en artiste (La «première» Éducation sentimentale) // Romantisme. — 1986. — В. 54. — Т. 16. — С. 67–77. — doi:10.3406/roman.1986.4845
  11. 11,0 11,1 Реизов Б. Г Два романа Флобера (предисловие) // Флобер Г. Госпожа Бовари. Воспитание чувств. — М.: Эксмо, 2006. — С. 7—30. — 864 с. — ISBN 5-699-15281-4
  12. Соколова Т. В Комментарии к роману Г. Флобера «Госпожа Бовари» // Г. Флобер. Госпожа Бовари. Воспитание чувств.. — 1984. Архивировано из первоисточника 18 Մայիսի 2019.
  13. «Gustave Flaubert, La Première Éducation sentimentale | Éditions Sillage». editions-sillage.fr. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  14. Гонкур Э. и Ж. де Дневник. Записки о литературной жизни: Избранные страницы: в 2 т. — М.: Художественная литература, 1964. — Т. 1. — С. 338.
  15. Ամենավառ ներկայացուցիչը՝ Ֆելիսիտե Ռոբեր դը Լամեննե։
  16. 16,0 16,1 Флобер Г Собрание сочинений в пяти томах. — М.: Правда, 1956. — Т. 3. — С. 372—378.
  17. 17,0 17,1 17,2 Золя, Эмиль Гюстав Флобер // Собрание сочинений в 26-ти томах. — М.: Художественная литература, 1966. — Т. 25. — С. 437—470.
  18. 1868 թվականին ընթերցելով Դյուկանի «Կորուսյալ ուժեր» (ֆր.՝ Les Forces perdues) վեպը՝ Ֆլոբերը նշել է նրա մտահղացման նմանությունն իր վեպի հետ, չնայած իրականացված որոշակի պարզունակությամբ։
  19. 19,0 19,1 Флобер Г Примечания. Воспитание чувств // Воспитание чувств. Собрание сочинений в четырёх томах. — М.: Правда, 1971. — Т. 3. — С. 437—444.
  20. 20,0 20,1 Женетт Ж Моменты безмолвия у Флобера // Фигуры. — М.: Изд-во им. Сабашниковых, 1998. — Т. 1. — С. 217—234.
  21. Труайя, Анри Гюстав Флобер. — М.: Эксмо, 2005. — С. 444.
  22. Ֆլոբերը և Ժորժ Սանդը ծանոթացել են 1857 թվականին և ակտիվ նամակագրության են վարել 10 տարի՝ 1866 թվականից մինչև 1876 թվականը, երբ մահացել է Ժորժ Սանդը։
  23. Приложение к изданию: Флобер Г. Собрание сочинений: в 5 томах. — СПб.: Шиповник, 1915. — Т. 4. — С. 517—534.
  24. «Взошедший на башню: Флобер и его революция». Азбука. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.
  25. Ֆլոբերը երկար ժամանակ նամակագրություն է վարել Մոպասանի մոր հետ և նրան է ուղարկել «Սալամբո» և «Զգացմունքների դաստիարակություն» երկերի առաջին հրատարակությունները, որոնք, ըստ Լորա Մոպասանի, մեծ տպավորություն են թողել նրա որդու վրա և ազդել նրա՝ գրականությամբ զբաղվելու ձգտման վրա։
  26. Ги де Мопассан Гюстав Флобер (II) // Полное собрание сочинений в 12 т. — М.: Правда, 1958. — Том 11. — С. 199—248. — 447 с.
  27. 27,0 27,1 27,2 Моэм, У. Сомерсет Флобер и «Madame Bovary» // Искусство слова. О себе и о других. — М.: Художественная литература, 1989. — С. 211—235. — 399 с. — ISBN 5-280-00720-х
  28. Усова А. А Проблемы русской рецепции стилистических особенностей романа Флобера «Воспитание чувств» в середине XIX — начале XX в // Филология и лингвистика. — 2019. — № 1. — С. 6—11.
  29. Ларош Г. А Парижские письма. №2 // Избранные статьи: в 5 выпусках. Выпуск 5. — 1978: Музыка, 1978. — С. 257—267.
  30. Jean-Marc Doniak, Les fictions françaises à la télévision : 1945—1990, 15000 œuvres, Dixit, 1998, p. 448
  31. «Flaubert tout en finesse» (ֆրանսերեն). Libération.fr. 2001 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 18-ին.

Գրականություն

խմբագրել
  • Флобер Г. Первое «Воспитание чувств» / пер. с фр. И. Васюченко, Г. Зингера; предисл. и примеч. С. Зенкина. — М.: Текст, 2005. — 381 с.
  • Флобер Г. О литературе, искусстве, писательском труде. Письма. Статьи: в 2 томах. — М.: Художественная литература, 1984. — Т. 2.
  • Модина Г. И. Портрет Художника. Ранняя проза Гюстава Флобера : монография. — М.: ФЛИНТА: Наука, 2016. — 408 с.
  • Реизов Б. Г. Творчество Флобера. — М.: Гослитиздат, 1955. — 524 с.
  • Реизов Б. Г. Французский роман XIX века. — М.: Высшая школа, 1977.
  • Труайя А. Гюстав Флобер. — М.: Эксмо, 2005. — 444 с.
  • Усова А. А. Проблемы русской рецепции стилистических особенностей романа Флобера «Воспитание чувств» в середине XIX — начале XX в. // Филология и лингвистика. — 2019. — № 1. — С. 6—11.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զգացմունքների դաստիարակություն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զգացմունքների դաստիարակություն» հոդվածին։