Հասարակագիտության, մարդաբանության և լեզվաբանության մեջ ստրուկտուրալիզմը (անգլ.՝ structuralism` կառուցվածքաբանություն) մեթոդաբանություն է, որը ենթադրում է, որ մարդկային մշակույթի տարրերը պետք է հասկանալ ավելի լայն, գերակշռող համակարգի կամ կառուցվածքի հետ փոխհարաբերությունների միջոցով։ Այն կիրառվում է բացահայտելու համար կառուցվածքները, որոնք հիմքն են այն բոլոր բաների, ինչ մարդիկ անում են, մտածում, ընկալում և զգում։ Այլ կերպ, ինչպես ամփոփում է փիլիսոփա Սիմոն Բլեքբուրնը, ստրուկտուրալիզմը «համոզմունք է, ըստ որի` մարդկային կյանքի երևույթները հասկանալի չեն, եթե չենք ուսումնասիրում դրանք իրենց փոխհարաբերությունների միջոցով։ Այս հարաբերությունները կազմում են մի կառուցվածք, և մակերեսային երևույթների տեղական տատանումների հետևում առկա են վերացական կառուցվածքի հաստատուն օրենքներ»[1]։

Ստրուկտուրալիզմը Եվրոպայում զարգացել է վաղ 1900-ական թվականներին, Ֆերդինանդ դը Սոսյուրի կառուցվածքային լեզվաբանության մեջ, իսկ հետագայում Պրահայի[2], Մոսկվայի[2] և Կոպենհագենի լեզվաբանության դպրոցներում։ 1950-ականների վերջին և 1960-ականների սկզբին, երբ կառուցվածքային լեզվաբանությունը լուրջ մարտահրավերների առաջ էր կանգնած Նոամ Չոմսկիի նմանների կողմից, այդպիսով կորցնելով իր կարևորությունը, հումանիտար գիտությունների մի շարք գիտնականներ իրենց համապատասխան ուսումնասիրության ոլորտներում սկսում են կիրառել Սոսյուրի գաղափարները։ Ֆրանսիացի մարդաբան Կլոդ Լևի Ստրոսը թերևս առաջին գիտնականն էր, որ համատարած հետաքրքրություն առաջացրեց ստրուկտուրալիզմի նկատմամբ[1]։

Ստրուկտուրալիստական դատողականության եղանակը կիրառվել է տարբեր բնագավառներում, ներառյալ մարդաբանությունը, հասարակագիտությունը, հոգեբանությունը, գրաքննադատությունը, տնտեսագիտությունը և ճարտարապետությունը։ Ստրուկտուրալիզմի հետ ասոցացվող ամենահայտնի մտածողներից են եղել Կլոդ Լևի Ստրոսը, լեզվաբան Ռոման Յակոբսոնը և հոգեվերլուծաբան Ժակ Լականը։ Որպես մտավորական շարժում, ստրուկտուրալիզմը սկզբնական շրջանում համարվել է էքզիստենցիալիզմի ակնհայտ ժառանգորդ[3]։ Սակայն, 1960-ականների վերջին ստրուկտուրալիզմի մի շարք հիմնական դրույթներ հարձակման են ենթարկվում մի նոր ալիքի կողմից, որը հիմնականում կազմված էր ֆրանսիացի մտավորականներից, ինչպիսիք են փիլիսոփա և պատմագիր Միշել Ֆուկոն, փիլիսոփա Ժակ Դերիդան, մարքսիստ փիլիսոփա Լուիս Ալթհուսերը և գրաքննադատ Ռոլան Բարտը։ Թեև իրենց աշխատանքների տարրերը անխուսափելիորեն կապ ունեն ստրուկտուրալիզմի հետ և ազդված են դրանից, այդ տեսաբանները սովորաբար համարվում են պոստստրուկտուրալիստներ։ 1970-ականներին, ստրուկտուրալիզմը քննադատության է ենթարկվում իր ծայրահեղական և ոչ պատմական լինելու համար։ Չնայած դրան` ստրուկտուրալիզմի շատ կողմնակիցներ, ինչպիսին էր Լականը, շարունակում են ազդեցություն բանեցնել մայրցամաքային փիլիսոփայության վրա, և ստրուկտուրալիզմի պոստստրուկտուրալիստական քննադատությունների շատ հիմնարար ենթադրություններ շարունակությունն են ստրուկտուրալիզմի[4]։

Ընդհանուր ակնարկ խմբագրել

«Ստրուկտուրալիզմ» տերմինը նկարագրում է որոշակի փիլիսոփայական/գրական շարժում կամ ժամանակահատված։ Տերմինը հայտնվել է ֆրանսիացի մարդաբան Կլոդ Լևի Ստրոսի աշխատանքներում և Ֆրանսիայում ծնունդ է տվել «ստրուկտուրալիստական շարժմանը», որը ազդեցություն է ունեցել այնպիսի գրողների մտածողության վրա, ինչպիսիք են Լուիս Ալթհուսերը, հոգեվերլուծաբան Ժակ Լականը, ինչպես նաև ազդել է Նիկոս Պուլանցասի կառուցվածքային Մարքսիզմի վրա. թվարկվածներից շատերը հրաժարվել են իրենց շարժման մասնիկ համարել։

Ստրուկտուրալիզմի ծագումը կապված է Ֆերդինանդ դը Սոսյուրի լեզվաբանության աշխատանքների, ինչպես նաև Պրահայի և Մոսկվայի դպրոցների լեզվաբանության հետ։ Հակիրճ`Սոսյուրի կառուցվածքային լեզվաբանությունը առաջ է բերում երեք կապակցված հասկացություն[1]։

  1. Սոսյուրը պնդում էր, որ լեզվի (լեզվախոսության իդեալականացված վերացարկման) և խոսքի (լեզվախոսության, որ կիրառում ենք առօրյա կյանքում) միջև առկա է տարբերություն։ Նա պնդում էր, որ «նշանը» բաղկացած է և ՛ «նշանակյալից»` վերացական հասկացությունից և մտքից, և ՛ «նշանակիչից»` ընկալված ձայնային կամ տեսողական պատկերից։
  2. Քանի որ տարբեր լեզուներ միևնույն առարկան կամ հասկացությունը նկարագրելու համար ունեն տարբեր բառեր, չկա իմաստալից պատճառ, թե ինչու է հատուկ նշան օգտագործվում տրված նշանակիչը արտահայտելու համար։ Հետևաբար, այն «կամայական» է։
  3. Նշանները, հետևաբար, իրենց իմաստը ստանում են այլ նշանների հետ փոխհարաբերությունների և հակադրությունների արդյունքում։ Ինչպես նա է նշում. «լեզվի մեջ կան միայն տարբերություններ` առանց դրական եզրույթների»[5]։

Ստրուկտուրալիզմի կողմնակիցները պնդում են, որ մշակույթի որևէ ոլորտ ընկալելի է կառուցվածքի միջոցով` ձևավորված լեզվի վրա, որը տարբերվում է և ՛իրականության , և ՛ գաղափարների կամ երևակայականի կազմությունից, կամ այլ կերպ ասած` «երրորդ չափումից»[6]։ Լականի հոգեվերլուծական տեսության մեջ, օրինակ, «խորհրդանշականի» կառուցվածքային կարգը տարբերվում է «Իրականից» և «Երևակայականից»; նմանապես, Ալթհուսերի Մարքսիստական տեսության մեջ, արտադրություն կապիտալիստական մեթոդի կառուցվածքային կարգը տարբերվում էր իրական, փաստացի գործոններից, որոնք ներգրավված էին դրա հարաբերություններում, ինչպես նաև գաղափարախոսական ձևերից, որոնցում այդ հարաբերությունները ընկալվում են։

Ֆրոյդին և Սոսյուրին համադրելով` ֆրանսիացի (պոստ)ստրուկտուրալիստ Ժակ Լականը կիրառել է ստրուկտուրալիզմը հոգեվերլուծության մեջ, և այլ կերպով, Ժան Պիաժեն կիրառել է ստրուկտուրալիզմը հոգեբանության ուսումնասիրության մեջ։ Սակայն Ժան Պիաժեն, ում ավելի ճիշտ կլիներ համարել կոնստրուկտիվիստ, համարում է ստրուկտուրալիզմը «մեթոդ և ոչ դոկտրին», քանի որ իր համար «առանց կառուցելու`գոյություն չունի կառուցվածք, լինի դա վերացական, թե գենետիկ»[7]։

Չնայած ֆրանսիացի տեսաբան Լուիս Ալթհուսերը հաճախ ասոցացվում է կառուցվածքային սոցիալական վերլուծության հետ, որը նպաստել է «կառուցվածքային Մարքսիզմի» առաջացմանը, նման ասոցիացիան վիճարկվել է հենց Ալթհուսերի կողմից Կարդալով Կապիտալը իտալերենով երկրորդ հրատարակության նախաբանի մեջ։ Այդ նախաբանում Ալթհուսերը պնդում է հետևյալը.

Չնայած բոլոր նախազգուշական միջոցներին, որոնք մենք ձեռնարկել ենք «ստրուկտուրալիստական» գաղափարախոսությունից տարբերվելու համար... չնայած կատեգորիաների վճռական միջամտությանը, որոնք խորթ են «ստրուկտուրալիզմին»... տերմինաբանությունը, որը մենք օգտագործում էինք, շատ առումներով շատ մոտ էր «ստրուկտուրալիզմի» տերմինաբանությանը, երկիմաստություն չառաջացնելու համար։ Մի քանի բացառություններով... Մարքսի մեր մեկնաբանումը ընդհանուր առմամբ ճանաչվել և քննադատվել է, հարգելով ժամանակակից նորաձևությունը, ինչպիսին է «ստրուկտուրալիզմը»... Մենք հավատում ենք, որ չնայած տերմինաբանական երկիմաստությանը, մեր տեքստերի խորը միտումը չի կապնվի «ստրուկտուրալիստական» գաղափարախոսությանը[8]։

Հետագայում ֆեմինիստ տեսաբան Ալիսոն Ասսիտերը թվարկել է չորս գաղափար, որոնք, ըստ նրա, ընդհանուր են ստրուկտուրալիզմի տարբեր ձևերի համար։ Նախ, կառուցվածքը սահմանում է ամբողջության յուրաքանչյուր մասնիկի դիրքը։ Երկրորդ, յուրաքանչյուր համակարգ ունի կառուցվածք։ Երրորդ, կառուցվածքային օրենքները գործում են համատեղ գոյությամբ, և ոչ փոխարինմամբ։ Չորրորդ, կառուցվածքները «իրական բաներ» են, որոնք իմաստի մակերեսի կամ տեսքի հիմքն են կազմում[9]։

Լեզվաբանության մեջ խմբագրել

Ընդհանուր Լեզվաբանության դասընթացում վերլուծությունը կենտրոնանում է ոչ թե լեզվի կիրառության վրա (որը անվանում ենք խոսք), այլ դրա հիմքում ընկած համակարգի վրա։ Այս մոտեցումը ուսումնասիրում է, թե ինչպես են լեզվի տարրերը կապակցված իրար հետ ներկայում` համաժամանակորեն, այլ ոչ տարաժամանակորեն։ Սոսյուրը պնդում էր, որ լեզվական նշանները բաղկացած են երկու մասից.

  1. «նշանակիչ» (բառի «ձայնային նմուշը» կա՛մ մտապատկերում (օրինակ, ինչպես մեկն իր համար ցածրաձայն արտասանում է բանաստեղծություն), կա՛մ իրականում, ցանկացած տեքստի ֆիզիկական իրականացումը որպես խոսքային ակտ։
  2. «նշանակյալ» (բառի հասկացությունը կամ նշանակությունը)

Սա բավականին տարբերվում էր այն մոտեցումներից, որոնք կենտրոնանում էին բառերի և դրանց նշանակած երևույթների հարաբերությունների վրա[10]։ Ստրուկտուրալիստական լեզվաբանության այլ հասկացություններից են հարացույցը, շարակարգը և արժեքը (չնայած այս հասկացությունները ոչ ամբողջությամբ էին զարգացած Սոսյուրի գաղափարներում)։ Կառուցվածքային «իդեալիզմը» լեզվական միավորների դասակարգում է (բառույթներ, ձևույթներ, և նույնիսկ կառույցներ), որոնք հնարավոր են հստակ դիրքով տրված լեզվական միջավայրում (օրինակ, տրված նախադասության մեջ), որը կոչվում է «շարակարգ»։ Հարացույցի յուրաքանչյուր անդամի տարբեր ֆունկցիոնալ դեր կոչվում է «արժեք» (ֆրանսերենում valeur ):

Սոսյուրի դասընթացը ազդեցություն ունեցավ շատ լեզվաբանների վրա Առաջին համաշխարհային պատերազմից Երկրորդ համաշխարհային պատերազմ ընկած ժամանակահատվածում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, օրինակ, Լեոնարդ Բլումֆիլդը զարգացրեց կառուցվածքային լեզվաբանության իր տարբերակը այնպես, ինչպես Լուի Ելմսլևը` Դանիայում և Ալֆ Սոմերֆելտը` Նորվեգիայում։ Ֆրանսիայում Անտուան Մեյեն և Էմիլ Բենվենիստը շարունակեցին Սոսյուրի նախագիծը, իսկ Պրահայի լեզվաբանական խմբակի անդամները, ինչպիսիք են Ռոման Յակոբսոնը և Նիկոլայ Տրուբեցկոյը, իրականացրին հետազոտություն, որը կարող էր և շատ ազդեցիկ լինել։ Սակայն, 1950-ական թվականներին Սոսյուրի լեզվաբանական հասկացությունները խիստ քննադատության են ենթարկվում և շուտով լքվում լեզվաբանների կողմից։

Պրահայի դպրոցի ստրուկտուրալիզմի ամենավառ և ամենակարևոր օրինակը կայանում է հնչույթաբանության մեջ։ Պարզապես լեզվախոսության մեջ գոյություն ունեցող հնչյունների ցուցակ կազմելու փոխարեն, Պրահայի դպրոցը ձգտում էր ուսումնասիրել, թե ինչպես էին դրանք կապակցված։ Նրանք վճռել են, որ լեզվի հնչյունների ցանկը կարող է վերլուծվել մի շարք հակադրությունների տեսանկյունից։ Այսպիսով, անգլերենի /p/ և /b/ հնչյունները ներկայացնում են տարբեր հնչույթներ, քանի որ կան դեպքեր, երբ դրանց միջև հակադրությունը միակ տարբերությունն է երկու տարբեր բառերի (օրինակ. 'pat' and 'bat'): Հնչյունները վերլուծելը հակասական առանձնահատկությունների տեսակյունից նաև բացում է համեմատական հորիզոն, օրինակ, դրա շնորհիվ պարզ է դառնում, որ ճապոնացիները դժվարություն ունեն տարբերելու /r/ և /l/ հնչյունները անգլերենում այն պատճառով, որ դրանք հակասական չեն ճապոներենում։ Հնչույթաբանությունը դառնում է ստրուկտուրալիզմի հարացուցային հիմքը մի շարք տարբեր ոլորտներում։

Գրականության տեսության և քննադատության մեջ խմբագրել

Գրականության տեսության մեջ ստրուկտուրալիստական քննադատությունը կապում է տեքստը ավելի մեծ կառուցվածքի հետ, որը կարող է լինել ժանրը, միջտեքստային մի շարք կապեր, ունիվերսալ պատմողական կառուցվածքի մոդել, կամ պարբերական նշանների կամ մոտիվների համակարգ[11][12]։ Ստրուկտուրալիզմը պնդում է, որ յուրաքանչյուր տեքստի մեջ պետք է լինի կառուցվածք, որը բացատրում է, թե ինչու է փորձառու ընթերցողներին ավելի հեշտ մեկնաբանել տեքստը, քան անփորձներին։ Այսպիսով, այն ամենը, ինչ գրված է, թվում է թե ենթարկվում է որոշակի կանոնների կամ "գրականության քերականության", որը մենք սովորում ենք ուսումնական հաստատություններում և որը պետք է բացահայտվի[13]։

Ստրուկտուրալիստական մեկնաբանության պոտենցիալ խնդիրն այն է, որ այն կարող է լինել չափազանց պարզեցնող, ինչպես մեկնաբանում է գիտնական Քեթրին Բելսին. «ստրուկտուրալիստական վտանգը՝ կործանելու բոլոր տարբերությունները»[14]։ Այսպիսի ընթերցման օրինակ կարող է լինել, երբ աշակերտը եզրակացնում է, որ Արևմտյան կողմի պատմության (West Side Story) հեղինակները ոչ մի «իրապես» նոր բան չեն գրել, քանի որ նրանց աշխատությունը ունի նույն կառուցվածքը, ինչ Շեքսպիրի Ռոմեո և Ջուլիետը։ Երկու տեքստերում էլ տղան և աղջիկը սիրահարվում են (իրենց միջև առկա խորհրդանշական կապով բանաձևը կլինի «Տղա + Աղջիկ») չնայած այն փաստին, որ նրանք պատկանում են երկու խմբի, որոնք ատում են միմյանց («Տղայի խումբ - Աղջկա խումբ» կամ «Հակամարտող ուժեր») և խնդիրը լուծվում է իրենց մահով։ Ստրուկտուրալիստական ընթերցումները կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչպես են մի տեքստի կառուցվածքները լուծում ներհատուկ պատմողական լարվածությունները։ Եթե ստրուկտուրալիստական ընթերցումը կենտրոնանում է մի քանի տեքսստերի վրա, ապա պետք է լինի ինչ-որ ձև, որով այդ տեքստերը միավորվում են ամբողջական համակարգում։ Ստրուկտուրալիզմի բազմակողմանիությունը այնպիսին է, որ գրաքննադատը կարող է նույն պնդումը կատարել երկու ընկերական ընտանիքների («Տղայի ընտանիք + Աղջկա ընտանիք») պատմության մասին, որոնք կազմակերպում են իրենց երեխաների ամուսնությունը, չնայած այն բանին, որը երեխաները ատում են իրար («Տղա - Աղջիկ») և հետո երեխաները ինքնասպանություն են գործում խուսափելու համար կազմակերպված հարսանիքից։ Արդարացումն այն է, որ երկրորդ պատմության կառուցվածքը «շրջադարձն» է առաջին պատմության կառուցվածքի. սիրո արժեքների և ներգրավված կողմերի երկու զույգերի միջև հարաբերությունները փոխված են տեղերով։

Ստրուկտուրալիստական գրաքննադատությունը պնդում է, որը «տեքստի գրական ծաղրանքը» կարող է հենված լինել միայն նոր կառուցվածքի վրա, այլ ոչ բնութագրի զարգացման առանձնահատկության և ձայնի, որով կառուցվածքը արտահայտված է։ Գրական ստրուկտուրալիզմը հաճախ հետևում է Վլադիմիր Պրոպի, Ալգիրդաս Ժուլիեն Գրեյմասի և Կլոդ Լևի Ստրոսի օրինակին` որոնելու հիմնարար խորը տարրեր պատմություններում, առասպելներում, և վերջերս անեկդոտներում, որոնք համախմբված են տարբեր ձևերով` ստեղծելու բազում տարբերակներ նախապատմության և նախաառասպելի։

Ստրուկտուրալ գրականության տեսության և Նորտրոպ Ֆրայի նախատիպային քննադատության միջև կա զգալի նմանություն, ինչը կապված է առասպելների մարդաբանական ուսումնասիրության հետ։ Որոշ քննադատներ փորձել են նաև այս տեսությունը կիրառել անհատական աշխատանքների համար, բայց անհատական գրականության մեջ եզակի կառուցվածքներ գտնելու ջանքերը հակասում են ստրուկտուրալիստական ծրագրերին և հարաբերվում են Նոր Քննադատությանը։

Պատմություն խմբագրել

1940-1950-ական թվականների ընթացքում էքզիստենցիալիզմը, ինչպիսին Ժան Պոլ Սարտրն էր առաջադրում, գերիշխող եվրոպական ինտելեկտուալ շարժում էր։ Ստրուկտուրալիզմը Ֆրանսիայում ճանաչում է ստացել էքզիստենցիալիզմից հետո, հատկապես 1960-ականներին։ Ստրուկտուրալիզմի սկզբնական հայտնիությունը Ֆրանսիայում հանգեցնում է դրա տարածմանը ամբողջ աշխարհում։

Ստրուկտուրալիզմը մերժում է մարդկային ազատության և ընտրության գաղափարը և փոխարենը կենտրոնանում է այն բանի վրա, թե ինչպես է մարդկային փորձառությունը և, հետևաբար, վարքագիծը որոշվում տարբեր կառույցների միջոցով։ Այս առումով ամենակարևոր նախնական աշխատանքը Կլոդ Լևի Ստրոսի 1949թ. հատորն էր` Ազգակցության տարրական կառույցները։ Լևի Ստրոսը ծանոթ էր Յակոբսոնի հետ, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում միասին աշխատել էին Նյու Յորքի Նոր դպրոցում, և նա գտնվում Էր ինչպես Յակոբսոնի ստրուկտուրալիզմի, այնպես էլ ամերիկյան մարդաբանական ավանդույթի ազդեցության տակ։ Տարրական կառույցներում նա ուսումնասիրում է ազգակցությունը կառուցվածքային տեսանկյունից և ցույց է տալիս, որ տարբեր սոցիալական կառույցներ իրականում ազգակցության մի քանի հիմնական կառուցվածքների վերափոխումներն են։ 1950-ականների վերջին նա հրատարակում է Կառուցվածքային մարդաբանությունը` էսսեների հավաքածու, որում նկարագրված է ստրուկտուրալիզմի իր ծրագիրը։

Մեկնաբանություններ և ընդհանուր քննադատություն խմբագրել

Ստրուկտուրալիզմը այսօր ավելի քիչ տարածված է, քան այլ մոտեցումներ, ինչպիսիք են պոստստրուկտուրալիզմը և դեկոնստրուկցիան։ Ստրուկտուրալիզմը հաճախ քննադատում էին այն բանի համար, որ այն ոչ պատմական է և նախապատվությունը տալիս է վճռորոշ կառուցվածքային ուժերին, այլ ոչ մարդկանց գործելու կարողությանը։ Քանի որ 1960-ականների և 1970-ականների քաղաքական ցնցումները (և հատկապես 1968թ.-ի մայիսին ուսանողական ապստամբությունները) սկսեցին ազդել ակադեմիական շրջանակների վրա, իշխանության և քաղաքական պայքարի հարցերը հայտնվեցին մարդկանց ուշադրության կենտրոնում[15]։

1980-ականներին, դեկոնստրուկցիան և դրա շեշտադրումը լեզվի հիմնարար երկիմաստության, այլ ոչ թե նրա բյուրեղյա տրամաբանական կառուցվածքի վրա, դարձան հայտնի։ Դարավերջին ստրուկտուրալիզմը դիտվում էր որպես պատմականորեն կարևոր մտքի դպրոց, բայց առավել ուշադրություն էր գրավում ոչ թե ստրուկտուրալիզմն ինքը, այլ այն շարժումները, որոնք նա ծնեց[16]։

Որոշ հասարակագետներ և գիտնականներ խստորեն քննադատել են կառուցվածքաբանությունը և նույնիսկ ամբողջությամբ մերժել այն։ Ֆրանսիացի հերմենևտիկ փիլիսոփա Պոլ Ռիկյորը (1969) քննադատել է Լևի Ստրոսին այն բանի համար, որ նա մշտապես հատել է ստրուկտուրալիստական մոտեցման թույլատրելիության սահմանները, ինչի արդյունքում է եղել այն, ինչը Ռիկյորն նկարագրել է «Կանտություն` առանց այնկողմնային սուբյեկտի»[17]։

Մարդաբան Ադամ Կուպերը (1973) պնդում էր, որ «Ստրուկտուրալիզմը կարծես հազարամյա շարժման իմպուլս դարձավ, և որոշ հետևորդներ զգում էին, որ նրանք կույրերի աշխարհում տեսնելու գաղտնի հասարակություն են ստեղծել։ Փոխակերպումը միայն նոր հարացույցի ընդունումը չէր։ Այն գրեթե փրկության հարց էր»[18]։ Ֆիլիպ Նոել Պետին (1975), պնդելով, որ նշանագիտությունը չպետք է տեղ գտնի բնական գիտությունների շարքում, կոչ է արել հրաժարվել «պոզիտիվիստական» երազանքից, որը Լևի Ստրոսը երազել է նշանագիտության համար»[19]։ Կորնելիուս Կաստորիադիսը (1975) քննադատել է ստրուկտուրալիզմը, քանի որ այն անկարող էր բացատրել խորհրդանշանային միջամտությունը սոցիալական աշխարհում.[20] նա դիտարկում էր ստրուկտուրալիզմը որպես «իրատեսության» ուղղության տեսակ, և նա պնդում էր, որ հակառակ այն բանին, որ պաշտպանում են ստրուկտուրալիստները, լեզուն, և սիմվոլիկ համակարգերն ընդհանուր առմամբ, չեն կարող հանգել տրամաբանական կազմությունների՝ հիմք ունենալով հակադրությունների երկբևեռ տրամաբանությունը[21]։ Քննադատական տեսաբան Յուրգեն Հաբերմասը (1985) մեղադրում է ստրուկտուրալիստներին, ինչպիսին էր Ֆուկոն, պոզիտիվիստ լինելու մեջ. նա նկատել էր, որ թեև Ֆուկոն սովորական պոզիտիվիստ չէր, նա, այնուամենայնիվ, պարադոքսալ կերպով օգտագործում է գիտության գործիքները գիտությունը քննադատելու համար[22]։ Սոցիոլոգ Էնտոնի Գիդենսը (1993) մեկ այլ հայտնի քննադատ է. Գիդենսը իր տեսության մեջ նկարագրում է մի շարք ստրուկտուրալիստական թեմաներ, սակայն նա մերժում է ստրուկտուրալիզմի տեսակետը, ըստ որի` սոցիալական համակարգերի վերարտադրությունը պարզապես «մեխանիկական արդյունք է»[23]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Blackburn, Simon (2008). Oxford Dictionary of Philosophy, second edition revised. Oxford: Oxford University Press, p. 353, 978-0-19-954143-0
  2. 2,0 2,1 Deleuze, Gilles. 2002. "How Do We Recognise Structuralism?" In Desert Islands and Other Texts 1953-1974. Trans. David Lapoujade. Ed. Michael Taormina. Semiotext(e) Foreign Agents ser. Los Angeles and New York: Semiotext(e), 2004. 170–192. 1-58435-018-0: p. 170.
  3. Mambrol, Nasrullah (2016 թ․ մարտի 20). «Structuralism». Literary Theory and Criticism Notes. Վերցված է 2017 թ․ հունիսի 29-ին.
  4. John Sturrock (1979), Structuralism and since: from Lévi Strauss to Derrida, Introduction.
  5. F. de Saussure, Cours de linguistique generale, published by Charles Bally and Albert Sechehaye (Paris: Payot, 1916); English translation by Wade Baskin, Course in General Linguistics (New York: Philosophical Library, 1959), p. 120.
  6. Deleuze, Gilles. 2002. "How Do We Recognise Structuralism?" In Desert Islands and Other Texts 1953-1974. Trans. David Lapoujade. Ed. Michael Taormina. Semiotext(e) Foreign Agents ser. Los Angeles and New York: Semiotext(e), 2004. 170–192. 1-58435-018-0: p. 171–173.
  7. Jean Piaget, Le structuralisme, ed. PUF, 1968.
  8. Louis Althusser and Étienne Balibar. Reading Capital trans. Ben Brewster. London: NLB, 1970. p. 7.
  9. Assiter, Alison (1984 թ․ հունիս). «Althusser and structuralism». British Journal of Sociology. 35 (2): 272–296. doi:10.2307/590235. JSTOR 590235. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  10. Roy Suryo and Talbot Roosevelt, Landmarks in Linguistic Thought, 1st ed. [1989], pp. 178–179.
  11. Barry, P. (2002), 'Structuralism', Beginning theory: an introduction to literary and cultural theory, Manchester University Press, Manchester, pp. 39–60.
  12. Evgeny Slavutin, Vladimir Pimonov: ‘Plot Structure’. Flinta - Nauka, Moscow 2018
  13. Selden, Raman / Widdowson, Peter / Brooker, Peter: A Reader's Guide to Contemporary Literary Theory Fifth Edition. Harlow: 2005. p. 76.
  14. Belsey, Catherine. "Literature, History, Politics". Literature and History 9 (1983): 17–27.
  15. J. D. Marshall (ed.), Poststructuralism, Philosophy, Pedagogy, Springer, 2004, p. xviii.
  16. Alan Finlayson and Jeremy Valentine, Politics and post-structuralism: an introduction, Edinburgh University Press, 2002, p. 8.
  17. P. Ricœur. (2004), The Conflict of Interpretations: Essays in Hermeneutics (originally published in French in 1969 as Le conflit des interprétations: Essais d’herméneutique). Continuum, pp. 49, 78ff.
  18. Kuper, Adam (1973), Anthropologists and Anthropology: The British School 1922–72, Penguin, p. 206.
  19. Pettit, Philip (1975), The Concept of Structuralism: A Critical Analysis, University of California Press, p. 117.
  20. C. Castoriadis (1987), The Imaginary Institution of Society (originally published in French in 1975 as L'institution imaginaire de la société). Cambridge: Polity Press, p. 116–7.
  21. C. Castoriadis (1997), The Imaginary: Creation in the Social-Historical Domain. In: World in Fragments. Stanford: Stanford University Press, 3–18.
  22. Habermas, J. (1990), The Philosophical Discourse of Modernity (originally published in German in 1985 as Der Philosophische Diskurs der Moderne), MIT Press, 1990, p. 276.
  23. Giddens, Anthony (1993), New rules of sociological method: A positive critique of interpretative sociologies. Stanford, CA: Stanford University Press, p. 121.

Աղբյուրներ խմբագրել

  • Angermuller, J. (2015): Why There Is No Poststructuralism in France. The Making of an Intellectual Generation. London: Bloomsbury.
  • Élisabeth Roudinesco, Philosophy in Turbulent Times: Canguilhem, Sartre, Michel Foucault, Althusser, Deleuze, Derrida, Columbia University Press, New York, 2008.
  • Course in General Linguistics, Ferdinand de Saussure
  • Essais de linguistique générale, Roman Jakobson
  • The Elementary Structures of Kinship, Claude Lévi-Strauss
  • Structural Anthropology, Claude Lévi-Strauss
  • Mythologiques, Claude Lévi-Strauss
  • The Seminars of Jacques Lacan, Jacques Lacan
  • Reading Capital, Louis Althusser
  • S/Z, Roland Barthes
  • The order of things, Michel Foucault
  • À quoi reconnaît-on le structuralisme?, Gilles Deleuze (in: Histoire de la philosophie, Idées, Doctrines. Vol. 8: Le XXe siècle, Hachette, Paris 1973, pp. 299–335; edited by François Châtelet)
  • Claude Levi-Strauss: The Father of Modern Anthropology, Patrick Wilcken